Ադրբեջանում հայ ռազմագերիներին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու զեկույցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սկսում էՙ ցավոտ տվյալներ ներկայացնելով: Բազմաթիվ են դեպքերը, ասում է, երբ հայ ռազմագերիներին զրկել են ջրից ու սննդից, եւ այն տրամադրել են դաժան ծեծից, նվաստացումից հետո: Պատասխանատվության են ենթարկվել բանտերի այն աշխատակիցներն ու զինծառայողները, որոնք փորձել են փոքր-ինչ լավ վերաբերվել հայ ռազմագերիներին: «Սնունդը գցել են հատակին, ստիպել այնտեղից ուտել: Գերուն պահել են սոված, սնունդը նրա աչքի առաջ աղբարկղն են նետել: Եղել են դեպքեր, որ ուտելու համար տասը վայրկյան են տվել: Թքել են սննդի մեջ, խփել վերքին, մատով սեղմել այն: Ստիպել են, որ խնդրեն, աղաչեն բժշկական օգնության ու սննդի համար: Ձմռանը ստիպել են պառկել ու քնել գետնին, պատուհանը բաց են թողել, որ ավելի ցուրտ լինի, ու սառը ջուր են լցրել նրանց վրա: Հատուկ դաժան են վերաբերվելՙ պարտադրել ադրբեջաներեն փաստաթղթեր ստորագրել: Ծաղրել են, թքել մարդու վրա, որպեսզի Ադրբեջանի նախագահին գովերգող եւ ՀՀ կառավարությանը նվաստացնող խոսքեր լսեն»,- նշվում է զեկույցում:Թաթոյանի վստահեցմամբ, իմանալուն պես, որ Կարմիր խաչը կամ ռուս խաղաղապահներն են այցելելու ռազմաագերիներին, ադրբեջանցիները պատրաստվել են դրան: Տեսակցությունների ժամանակ նախապես գերիներին տեղափոխել են նկուղային հարկեր, որպեսզի տեսանելի չլինեն: Բայց կոնկրետ փաստեր կան, որոնք մարդկային երեւակայության մեջ չեն տեղավորվում: Ադրբեջանում հայ գերիների ծեծի համար գործել են հատուկ ծեծող բրիգադներ. Թաթոյանի խոսքը իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն է լրացնում: Ադրբեջանը չի պահպանել պահանջը, որ ռազմագերիները պետք է պահվեն հատուկ ճամբարներում: Նրանց զրկել են ազատությունից եւ աշխարհի հետ կապը պահելու հնարավորությունից, ինչն ավելացնում է խոշտանգման հետքերը թաքցնելու հնարավորությունը:Սահակյանի տեղեկացմամբ, հայ ռազմագերիները Ադրբեջանի ռազմական ոստիկանության, քննչական մարմնի ու արդարադատության նախարարության մեկուսարանում են պարբերական ու պատժիչ ծեծի ենթարկվել: «Երեք գերատեսչությունների ղեկավարությունն ու աշխատակիցները ներգրավված են եղել այս ամենում: Կան իրավական մեխանիզմներ, որոնց միջոցով անմիջական կատարողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Եթե լինի հետեւողականություն, ապա պատժամիջոցները կարող են կիրառվել Ադրբեջանի հանդեպ,-նշում է Սիրանույշ Սահակյանըՙ մանրամասնելով,- 2020-ին ընդունված ակտերից մեկով, որը գործում է ԵՄ-ում, սահմանված են այն արարքները, որոնց առնչությամբ ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել: Փաստաթղթի համաձայնՙ պատժամիջոցների հասցեատեր են անձինք, կազմակերպություններն ու պետական մարմինները: Իսկ ԱՄՆ-ի ընդունած Մագնիտսկիի ակտի համաձայնՙ մարդու իրավունքների խախտումների դեպքում սանկցիաներ են կիրառվում: Նման կերպով կարող են սառեցվել անձի դրամական միջոցները, սահմանափակվել տեղաշարժի հնարավորությունները: Այս ակտի հիման վրա մի քանի հարյուր տարբեր պաշտոնյաներ սահմանափակումների են ենթարկվել»:Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը կոնկրետ օրինակովՙ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակչի մասին է խոսում, որին հուլիսի 26-ին գերեվարել էին Ադրբեջանի զինված ուժերը: Նա ընդամենը 4 ժամ է մնացել գերության մեջ, այնուհետ ռուս խաղաղապահների օգնությամբ նրան հայկական կողմին էին հանձնել: Բայց այդ կարճ ժամանակահատվածում անգամ անմարդկային վերաբերմունքի է արժանացել:«Ադրբեջանցի զինծառայողները նման անմարդկային վերաբերմունք նաեւ զոհված զինծառայողների, գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ են ցուցաբերել: Մեր զոհված տղաներից մեկիՙ հակառակորդի ձեռքին հայտնված հեռախոսից հերոսի մորը հաղորդագրություններ են ուղարկել: Օգտագործել են նրա օգտահաշիվը, հավանել մոր լուսանկարները եւ այլն»,- ընդգծում է Ստեփանյանը: |