Օգոստոսի 23-29-ին Երեւանում տեղի ունեցավ մեր մշակույթի պատմության մեջ աննախադեպ եւ շատ կարեւոր մի իրադարձությունՙ ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը: Կոչվում է «Summeet»ՙ անգլերեն «summer meetings»-ի (ամառային հանդիպումներ) կրճատ ձեւով: Այն խաղարկվում է հայերեն «սամիթ» բառի հետ, ուստիեւ փառատոնի խորհրդանշանը դարձավ այդ բույսի պատկերը: Փառատոնը կազմակերպել էին Պետերբուրգի «Քաննոն դանս» պարային տունը (տնօրենՙ Վադիմ Կասպարով ), Երեւանի «Սարեր» մշակութային ընկերակցությունը (նախագահՙ Էռնա Ռեւազովա ), Երեւանի կոնսերվատորիայի Օպերային ստուդիան (գեղարվեստական տնօրենՙ Հասմիկ Պապյան , տնօրենՙ Հայկ Վարդանյան ) եւ «Բալմանուկյան դանս փրոջեքթ» կազմակերպությունը (ղեկավարՙ Արման Բալմանուկյան ): Փառատոնին աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Յոթ օր շարունակ հայ պարասեր հանրությունը բացառիկ առիթ ունեցավ դիտելու ժամանակակից պարի բեմադրություններ, փերֆորմանսներ թանգարաններում եւ փողոցներում, լսել բանախոսություններ, մասնակցել տարբեր երկրներից ժամանած պարուսույցների վարպետության դասերի, դիտել պարային թեմաներով կինոնկարներ… Երեւանի կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, նաեւ Փոքր թատրոնը ու Պատանի հանդեսի թատրոնը հյուրընկալեցին հայ եւ ռուս պարադիրների մեծ ու փոքր բեմադրություններ: Արվեստի այս տեսակը, հիրավի, երբեք այսքան համակողմանիորեն չէր ներկայացվել հայաշխարհում…
Բացումը
Փառատոնը բացվեց Սանկտ Պետերբուրգի «Քաննոն դանս» պարային տան «Սեւ այգին» լիակտավ ներկայացմամբ: Բեմադրիչըՙ իր արմատները նաեւ հայ պարի միջոցով վերագտած պետերբուրգցի պարուհի եւ պարադիր Վալերիա Կասպարովան արդիական խորեոգրաֆիայի լեզվով արտահայտում է իր ժառանգությունը: Այն կանանց եւ երեխաների տեսանկյունից ներկայացնում էր «սեւ այգի» դարձած Արցախի պատերազմը (կարեւոր չէՙ ո՛ր մեկը), հայ երգ-երաժշտության տարբեր նմուշների հնչյունների ներքո պատկերում էր պատերազմն իր ողջ ահավորությամբ: Ինքնաթիռների եւ ռմբակոծության չարագուշակ ձայները, բեմից հանդիսատեսի վրա դիտմամբ խուժող բարձր երաժշտությունը, որոշ երգերի երբեմն միտումնավոր բեկբեկուն հնչումը, բեմի լուսավորության հակադիր էֆեկտները ստեղծում էին հուզական գերխիտ մթնոլորտ, հատկապես պատերազմ տեսած մեր հանրության համար: Պարադիրը չի օգտագործել հայ պարի շարժումներ. իրականում եթե հայկական երաժշտությունը հանենք, ապա այն կարելի է դիտել որպես համընդհանուր չարիքին ուղղված խորեոգրաֆիկ մի ընդդիմություն: Ի դեպ, ներկայացման նախորդ օրը Վալերիան պարողներին տարել էր Եռաբլուր, երիտասարդ կատարողները մտել էին իրենց բեմական կերպարների զգացմունքային ոլորտը, եւ այդ երիտասարդ ռուս աղջիկներն անգամ ներկայացման ավարտից հետո գտնվում էին ծայրահեղ հուզումնալից վիճակում: Ի դեպ, անցած հունիսին «Սեւ այգին» ներկայացվել է Պետրոզավոդսկում կայացած «Նորդ դանս» ժամանակակից խորեոգրաֆիայի փառատոնումՙ հավասարապես արցունք քամելով դահլիճում ներկա գտնվող թե՛ հայ, թե՛ թուրք (ազերի) հանդիսականներից…
Բանախոսները
Փառատոնին մասնակցում էին ռուս արդի պարագիտության երեք ներկայացուցիչներ: Սվետլանա Ուլանովսկայան համադրում էր յուրաքանչյուր բեմադրությունից հետո կազմակերպվող արտիստների եւ հանդիսատեսների միջեւ քննարկումներն ու հարց ու պատասխանները: Մյուս երկու մասնագետներըՙ Եկատերինա Վասենինան եւ Իրինա Սիրոտկինան , հանդես եկան հանրամատչելի բանախոսություներով: Երկուսն էլ արդեն եղել էին Հայաստանում եւ որոշ չափով ծանոթ էին տեղական միջավայրին: Վասենինան ներկայացրեց ժամանակակից պարի արդի վիճակը Ռուսաստանումՙ շեշտելով, որ Մոսկվայում եւ Պետերբուրգում ավելի ակտիվ եւ հետաքրքրական է մեծ ծախսեր չպահանջող փերֆորմանսը (թեեւ ժամանակակից պարի տասը խումբ պետական ֆինանսավորում ունի), իսկ մարզերում առավել տարածվածը բեմական պարն է: Բանախոսն առանձնացրեց երեք կետ. ա) այսօր յուրաքանչյուր ոք կարող է բեմադրել ժամանակակից պարային ներկայացումՙ անկախ պարադիրի դիպլոմի առկայությունից, բ. ցանկացած բան կարող է դառնալ ժամանակակից պարային ներկայացում, գ. տնտեսական սեգրեգացիան (առանձնացումը) սահմանում է ժամանակակից պարի ժանրային սեգրեգացիան:
Ռուսաստանում ժամանակակից պարի պատմաբան Իրինա Սիրոտկինան իր «Մոդեռն պար. ընդհատված թռիչք» խորագրով դասախոսության մեջ մասնավորապես ներկայացրեց ռուս ժամանակակից պարի ներկայացուցիչ Իննա Չեռնեցկայային ու նրա հայ աշակերտուհունՙ հետագայում հայ պարարվեստի երախտավոր Սրբուհի Լիսիցյանին : Բանախոսը վերջինիսՙ ժամանակակից պարով զբաղվելը վերագրեց ուսուցչուհու ազդեցությանը, մինչդեռ բանախոսությանը ներկա պարագետ Նազենիկ Սարգսյանը, որը շատ ավելի մանրակրկիտ էր ուսումնասիրել Լիսիցյանի կյանքն ու ստեղծագործությունը, առարկեց այդ կարծիքին եւ հիմնավորեց իր առարկությունը: Նման փառատոնները նպաստում են նաեւ այդօրինակ ուսանելի մասնագիտական երկխոսությունների…
Շարժունության Ֆուֆուան
Ամեն մի արվեստի փառատոնին շունչ ու գույն են տալիս արտակենտրոն հյուրերը, որոնք միայն իրենց ներկայությամբ տոնական մթնոլորտ են ստեղծում կամ ավելի են սրում այն: «Սամմիթի» համար նման կերպար էր շվեյցարացի պարող-պարադիր Ֆուֆուա դ Իմոբիլիտեն : Բացի իր հին ընկերներից ու ազգականներիցՙ ոչ ոքի հայտնի չէ այս արվեստագետի իսկական անուն-ազգանունը, իսկ նրա կեղծանունը թարգմանվում է որպես Անշարժության Ֆուֆուա: Սակայն այս 52-ամյա երիտասարդը ճիշտ իր անվան հակապատկերն էր. անգամ նրա անշարժ եղած ժամանակ նրանից շարժում ու պար էր ճառագում: Մշտաժպիտ, գերդրական, անսովոր «դրայվի» տեր Ֆուֆուան արդեն մի քանի տարի է, ինչ աշխարհում շրջում է իր աննախադեպ նախաձեռնությամբ, որ անվանել է «Peace Dancewalk»ՙ «Խաղաղության քայլապար»: Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի տարբեր երկրներում իր համախոհների հետ միասին կամ մենակ, երաժշտությամբ կամ առանց դրա, հագուստներով կամ առանց դրանց, Ֆուֆուան քայլել է պարելով կամ պարել էՙ քայլելով, այդպես կտրելով ավելի քան երկու հազար կիլոմետր, որին ավելացավ Երեւանում «պարած» վերջին մի քանի կիլոմետրըՙ զուռնա-դհոլի նվագակցությամբ: Երկիր մոլորակը նրա համար մի մեծ պարասրահ է, համայն մարդկությունըՙ պարընկերներ, իսկ միասին պարող մարդկությունը երաշխավորն է խաղաղության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության: Երեւանի Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում ցուցադրվեց Ֆուֆուայի քայլապարի անցած ուղին ներկայացնող մի վավերագրություն, որի ընթացքում կինոէկրանի ֆոնին Ալիզե Սուրբեն կրկնում էր ցուցադրվող պարային շարժումները կամ հանկարծաբանումՙ միաժամանակ անգլերեն պատմելով պարելու իր փորձառության մասին…
Հնաոճ ժամանակակիցը
Միանգամից նշենք, որ համընդհանուր գործածություն ունեցող «ժամանակակից (մոդեռն) պար» սահմանումը մենք եւս օգտագործում ենք որոշ վերապահումով, թերեւս ավելի ճիշտ կլիներ «նորարարական, փորձարարական» բառերի կիրառումը, քանի որ մեկ դարից ավելի պատմություն ունեցող երեւույթին անընդհատ «ժամանակակից» որակելը դիպուկ չէ: Ակամա հիշում ես Սեմյուել Գոլդվինի ասածըՙ «Ժամանակակից պարն այնքան հնաոճ է…»:
Անգլիացի պարուհի Դեբորա Բալը մի առիթով ասել է, որ ինքը սիրում է ինչպես ժամանակակից պարի ազատությունը, այնպես էլ դասական պարի հարկադրանքները:
Դիտելով տարբեր բեմադրիչների աշխատանքներՙ համոզվում ես, որ ժամանակակից պարը եւս իր թվացյալ ազատության մեջ ունի սահմանափակումներ ու հարկադրանքներ, եւ, ի վերջո, հատկապես երկարատեւ բեմադրություններում անխուսափելի են պարային շարժումների կրկնությունները: Արդյունքումՙ որոշ ներկայացումներ թվում էին անհարկի երկարաձգված եւ մի քանի վերջաբաններ ունեցող: Սա համընդհանուր երեւույթ է ժամանակակից պարի աշխարհում:
Սակայն այստեղ կարեւորը, կարծում ենք, ոճական բազմազանությունն է, ինչն ուրախալիորեն առկա էր «Սամմիթ»-ում: Հրաշալի էր կրկին համոզվել, որ հայ պարարվեստի գործիչների մեջ առկա է ժամանակակից պարի հսկայական ներուժ, պարադիրների արդեն կայացած անունների ( Արսեն Մեհրաբյան , Արա Ասատուրյան , Արման Բալմանուկյան , Լիլիթ Հակոբյան , Արշավիր Մուրադյան ) կողքին աչքի են ընկնում նոր, երիտասարդ շնորհալիներ ( Անուշ Սարգսյան , Լուսինե Դավթյան , Նինա Հայրապետյան ): Այդ ներուժը զգալի էր նաեւ ժամանակակից պարային բեմադրություններ իրականացրած դրամատիկական թատրոնի բեմադրիչների գործերում, որոնք ետ չեն մնում իրենց պարաստեղծ գործընկերներից: Դրանց ընդգրկումը «Սամմիթին» հավելյալ գույներ պարգեւեց փառատոնին. նկատի ունենք Արսեն Խաչատրյանի «Օֆլայն» ներկայացումը եւ Վահան Բադալյանի «La vie en rose» («Կյանքը վարդագույնի մեջ») ներառական բեմադրությունըՙ արդեն որոշակի փորձ ունեցող եւ նոր բեմ մուտք գործող երիտասարդ ուժերի ակնառու մասնակցությամբ…
Ինչ վերաբերում է ռուսաստանյան հյուրերի ներկայացրած բեմադրություններին, ապա կրկին պիտի նշենք եւ հատուկ առանձնացնենք Վալերիա Կասպարովայի ստեղծագործական ձեռագիրը: Երեւանյան հանդիսատեսին նա ոգեւորության պահեր պարգեւեց նաեւ «Ձայները» բեմադրությամբ, որտեղ ժամանակակից պարի շարժումները խելամտորեն հարմարեցրել էր հայ ավանդական երաժշտությանը…
Ի դեպ, նշենք, որ ռուս պարողների կատարողական փայլուն ձիրքերը որքան էլ բարի նախանձ էին հարուցում, այդուհանդերձ, հանուն արդարության նկատենք, որ հայ պարողներից ոմանք միայնՙ տեխնիկապես եւ արվեստի այդ տեսակի հանդեպ իրենց բացությամբ ու ըմբռնումներով բնավ չեն զիջում հյուսիսցի գործընկերներին…
Նոր միտումներՙ բեմում եւ բեմից դուրս
Ի մի բերելով հայ եւ ռուս պարադիրների բեմադրություններըՙ կարելի է նկատել դրանցում առկա այլ ընդհանրություններ եւս: Քսանմեկերորդ դարի երիտասարդությունը պարաբեմ է հանում համաշխարհայնացվող աշխարհիՙ մարդկությանը նետած մարտահրավերները, որոնցից առաջնայինը մարդկային հաղորդակցության խնդիրն է: Վալերի Կասպարովայի եւ Արման Բալմանուկյանի «Բաբելոնը», Անուշ Սարգսյանի «Կապի խափանում» խորեոգրաֆիկ կակաֆոնիան կամ «Օֆլայնի» հերոսներըՙ նորագույն տեխնոլոգիաներից մեծապես կախված տղան ու աղջիկը, պատկերում են մերօրյա մարդկային շփումների բարդություններն ու հակասականությունները: Իսկ հայ արվեստագետի համար մեր օրերում եւս, ցավոք, արդիական է պատերազմի թեման (Վալերիա Կասպարովայի «Սեւ այգին», Արա Ասատուրյանի եւ Արման Ջուլհակյանի «#44»-ը). մնում է դարձյալ մաղթել, որ մերոնք (եւ ոչ միայն) այլեւս երբեք չանդրադառնան այդ թեմային… Բեմադրությունների մի զգալի մասում էլ առկա էր բանավոր խոսքը, որը չթարգմանվելովՙ հաճախ ըմբռնելու դժվարություններ էր հարուցում…
Տարիներ շարունակ պարարվեստի բնագավառի մարդիկ իրավամբ նշել են Երեւանում բեմապարի համապատասխան հարթակի բացակայության խնդիրը:
«Սամմիթը» ցույց տվեց, որ նման հարթակ կարող է լինել Երեւանի կոնսերվատորիայի հարկի տակ գործող Օպերային ստուդիան: Նրա ղեկավարներ Հասմիկ Պապյանը եւ Հայկ Վարդանյանը, լինելով երգարվեստի ներկայացուցիչներ, մշտապես ներկա էին բոլոր ներկայացումներինՙ ապահովելով ոչ միայն տանտերերի պատասխանատու վերաբերմունքն ու դրական աուրան, այլեւ ասես շեշտելով մշակութային կարեւոր միջոցառմանը տարբեր բնագավառների ներկայացուցիչների ներկայության անհրաժեշտությունը: Ավելին, փառատոնի կազմակերպիչներից Արման Բալմանուկյանը չէր վարանում ներկայացումներից հետո հատակի փայտով մաքրել-փայլեցնել բեմահարթակը… Սա մտքի փոփոխություն է, որից եւ սկիզբ են առնում աշխարհի բոլոր դրական փոփոխությունները:
Իհարկե, կային նաեւ կազմակերպչական թերություններ, որոնք անխուսափելի են, հատկապես ամենաառաջինի համար: Հուսանք, որ դրանցից դաս կառնեն կազմակերպիչները, որոնց բոլորի գործադրած ջանքերն, ի վերջո, տվեցին ցանկալի արդյունքըՙ հետպատերազմյա հայ հանրության թեկուզ մի փոքր մասին պարգեւելով արվեստի տոն…
Փառատոնը եզրափակվեց մեկ այլ հաճելի նորությամբ եւս. հանրությանը հրամցվեց հայկական մի նոր բրենդՙ «Տատեոն» խնձորի խմիչքը, որ պատերազմի տարիներին ռմբակոծվող Վարդենիսում սկսել էր արտադրել ֆրանսաբնակ, այժմ Հայաստանում հաստատված արվեստագետ եւ գործարար Արմեն Կարապետյանը : Նոր փառատոն, նոր անուններ, նոր ըմպելիք… նոր հույսեր:
Պարատոնի շունչը
Վորոնեժցի պարողներ Իգոր Պրուդսկոյը եւ Նիկոլայ Գավրիլինը ներկայացրին «Առռռռ» բեմադրությունը (խորեոգրաֆը ճանաչված Պավել Գլուխովն է), որի ժամանակ նրանք շշերից ջուր էին խմում եւ բերաններից միմյանց վրա ցայտեցնում:
Կինոկատակերգությանը բնորոշ այս հնարքը, թվում է, կապ չունի բեմապարի հետ, սակայն տղաները դա անում էին այնքան բազմաձեւ, սադրիչ, հումորով, պլաստիկ, սեքսուալ, էպատաժային… որ, թվում էր, կշարունակեինք հաճույքով դիտել, եթե նրանք մեկական շիշ էլ այդ կերպ դատարկեին…
«Սամմիթ» փառատոնն ահա այդպիսին էրՙ երիտասարդական շնչով, բազմաձեւ, սադրիչ…. (տես վերեւում թվարկվածը):
Ինչպես այս պարատոն-փառատոնի կազմակերպիչներից Վադիմ Կասպարովն է ասում. «Իմ երազանքն այն է, որ ողջ աշխարհն ասիՙ ուզում ենք, որ մեզ մոտ «Հայաստանի պես» լինի: Ու ես համոզված եմ, որ ամեն ինչ կհաջողվի»…
Նկար 3. Ֆուֆուա դ’Իմոբիլիտեն Երեւանում