Զրուցակիցս 42-ամյա եգիպտացի ֆոտոլրագրող, լուսանկարիչ եւ կինովավերագրող Էսամ Նագին էՙ «Ի սկզբանե Հայաստանն էր» փաստագրական ֆիլմի բեմադրիչը, որը նկարահանել է 2017 թվականին Հայաստան կատարած ուղեւորությունից հետո…
– Էսսա՛մ, ֆոտոլրագրությունը շատ կարեւոր եւ ծանր մասնագիտություն է: Դրա շատ նմուշներ դասական են դարձել, հատկապես «Մագնում ֆոտո» միավորման բազմաթիվ գործեր: Այժմ, թվում է, մարդիկ, ովքեր հայտնվում են մոլորակի թեժ կետերում, հնարավորություն ունեն վավերագրելու իրադարձություններն ու վայրերն իրենց ձեռքի հեռախոսներով: Ի՞նչ ես մտածում 21 -րդ դարի ֆոտոլրագրության մասին:
– Ֆոտոլրագրությունն իր անխառն տեսքով փաստում է իրական պահերն իրական ժամանակ: Բջջային սարքերը եւ փոքր բարդ թվային տեսախցիկները պարզապես գործիքներ ենՙ անելու համար այն, ինչը նախկինում արվում էր հեռաչափի եւ SLR լուսանկարչական խցիկների միջոցով: 21-րդ դարում դրանք պահը վավերացնելու օրինական գործիքներ են:
Վերջին տասնամյակում տեղի ունեցած հեղափոխությունները վավերագրվել են թվային ձեւաչափով, սակայն ֆիզիկականից թվային մեդիայի անցման ընթացքում տեսողական փաստագրության ընկալումը փոխվել է, հատկապես մեր օրերում, երբ տեսագրությունը մեծապես մարտահրավեր է նետում անշարժ պատկերի նվիրականությանն ու գեղեցկությանը:
Որպես արդյունք մեր հեռախոսների եւ տեսողական կրիչների վրա ունենում ենք հազարավոր լուսանկարներ, ինչը, իմ կարծիքով, ինչ-որ կերպ նվազեցնում կամ մեծապես աջակցում է այն զգացողությանը, որ տեսողական վավերագրությունը, այդ թվումՙ ֆոտոլրագրությունը, ընկալվում է որպես ինքնին ենթադրվող մի բան:
Լուսանկար «պատրաստող» արհեստավորը փոխարինվել է լուսանկար «վերցնող» արհեստավորով, հեռախոսներն ու տեսախցիկները դիտվում են որպես որսորդական հրացաններ եւ ոչ թե կախարդական մութ սենյակ, որը պահը վերածում է ձեռքերի մեջ պահվող եւ պատին կախվող ֆիզիկական հիշողությանՙ ի վայելումն սերունդների:
Ինձ մտահոգում է, որ ժամանակի ընթացքում ու թվային սպառմամբ ավելի շատ տարվելովՙ մենք կարող ենք կորցնել մեր տեսողական հիշողությունը, եթե չունենանք ֆիզիկական պահեստային պատճեններ, որոնք կարող են հետազոտության համար գործածել գալիք սերունդները:
Մենք դեռ կարող ենք վայելել մեկուկեսդարյա վաղեմության լուսանկարներ եւ ապակե նեգատիվներ: Հետաքրքրական է, թե ապագայում տակավին կկարողանա՞ն տեսնել պատմություն դարձած մեր ներկան:
– Քո նախագծերում կարեւոր դեր են խաղում երեխաները: Ես համաձայն եմ թուրք բանաստեղծի հետ, որը գրել է. «Մենք պետք է աշխարհը տանք երեխաներին»: Նրանք հաստատ պատերազմ չեն անիՙ ի տարբերություն այդ տողերը գրող բանաստեղծի հայրենակիցների: Անցյալ տարի համավարակի ժամանակաշրջանում կնոջդ հետ ձեռնարկեցիր «Մեր պատմությունը տնից» մանկական հեռուստանախագիծըՙ մեկուսացված երեխաների առօրյան հաճելի դարձնելու համար: Ինչպիսի՞ն էր դրա ազդեցությունը եւ շարունակո՞ւմ ես այս նախագիծը:
– Ես 13 տարի մանկական շոուներ եմ պատրաստել, եղել եմ մի շարք հալածված փոքրամասնությունների հետ, ծառայել եւ օգնել եմ նրանց երեխաներինՙ հաղթահարելու կրած տրավմաները: Այժմ ավելի շատ կենտրոնացած եմ վավերագրական ֆիլմերի արտադրության եւ բեմադրության վրա, այնուհանդերձ, անհրաժեշտության դեպքում օգնում եմ մանկական նախագծերին:
2019-ին նկարահանածս «Հույսի շարունակություն» փաստագրությունը (կարող եք դիտել https://www.youtube.com/watch?v=7I5IPv9deKI հղումով) մի կենդանի օրինակ է, թե ինչպես երեխաները կարող են ազդել եւ փոխել աշխարհը, եթե նրանց տրվի համապատասխան տարածքՙ իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Ես շատ բան սովորեցիՙ գտնվելով այդ երիտասարդ սրտերի մեջ, նրանք եղան ու շարունակում են լինել իմ ուսուցիչները:
– Մենքՙ հայերս, քո մասին իմացանք անցյալ տարվա հունվարին քո «Ի սկզբանե Հայաստանն էր» վավերագրական ֆիլմի թողարկումից հետո: Արաբական աշխարհն ինչպե՞ս ընդունեց շարժանկարդ:
– Մտավորական շրջանակները փաստագրական ֆիլմս շատ լավ ընդունեցին, բայց, ցավոք, ընդհանուր առմամբ, արաբախոս ազգերի մեծ մասն այլ մշակույթներին առնչվող արվեստի գործերն այնքան էլ լավ չի ընդունումՙ ի տարբերություն տեղական բովանդակությամբ գործերի: Սակայն ես անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայի ծրագրերիս իրականացմանըՙ միջինարեւելյան ազգերին ավելի շատ տեղեկացնելու համար Հայաստանի, նրա պատմության, մարդկանց ու անզուգական մշակույթի վերաբերյալ:
– Մտադրություն ունե՞ս հայաստանյան լուսանկարներդ հրապարակել պատկերագրքով:
– Այո՛, ապագայի համար ունեմ նման ծրագիրՙ կազմակերպել իմ սիրելի Հայաստանում ունեցածս փորձառությունից ոգեշնչված գեղարվեստական լուսանկարների ցուցահանդես, որը կներկայացվի Հայաստանում եւ արտերկրում:
– Համոզված եմ, որ Հայաստանն ավելի հաճախ եւ համակողմանիորեն պետք է ներկայացվի արաբախոս աշխարհին: Չնայած արաբական շատ երկրների հայօջախներինՙ թարգմանիչների եւ այլ մասնագետների պակաս չկա, որոնք կարող են ներկայացնել երկիրը եւ մշակույթը համապատասխան երկրներում: Վստահ եմ, որ այս գործում կարող են արժեքավոր ներդրում ունենալ նաեւ քեզ նման ոչ հայերը:
– Ընդհանրապես, արվեստի եւ մշակույթի մեջ Հայաստանի հարստությունը չափազանց ամբողջական է, անձնական է ու վարակիչ, խոսում է ճշմարտության եւ կախարդանքի մասին: Մինչդեռ այն ուրիշ մշակույթներին եւ ազգերին հաղորդակցելու համար հետազոտողը կամ փոխանցողը պետք է հասկանա նրան ու ապրի այստեղ:
Ինձ համար Հայաստանը նման է ծաղկանոցի, որը լի է բազմապիսի ծաղիկներով եւ բույսերով: Ես ինձ համարում եմ մեղու, որը հավաքում է նեկտար (արվեստի ձեւեր, մշակութային տարրեր), որպեսզի մշակի եւ պատրաստի մեղր (արտադրանքՙ հանդիսասրահի, ընթերցողի համար)ՙ խորը անձնական ըմբռնումով, առաջին հերթինՙ առ այն, թե այս տարրերն ի՛նչ են ներկայացնում, ի՛նչ են նշանակում հայերի եւ Հայաստանի համար եւ, երկրորդ, ինչպե՛ս ներգրավել այլ ծագում ունեցող հեռավոր մեկին, որպեսզի նա մաս կազմի այն բանի, ինչը նրան կներկայացնեն Հայաստանի մասին:
Մերձավոր Արեւելքում, չնայած մենք ապրում ենք էթնիկ բազմազանության, այդ թվում եւՙ հայերի մեջ, կան շատ ընդհանրություններ, որոնք մեզ միավորում են մի հիանալի գորգի մեջ. դրանցից մի քանիսը բնութագրական են տարածաշրջանիՙ Հայաստանին ու նրա պատմությանն առնչվող ժողովուրդների մեծ մասի համար, ինչը եւ հանդիսանում է փոխադարձ հաղորդակցության կամուրջ եւ հանդես է գալիս որպես ընդհանուր լեզու Հայաստանի եւ այլ ազգերի միջեւ, օրինակ, երաժշտությունը, խոհանոցը եւ այն ցավը, որ Հայաստանը կրել է իր պատմության ընթացքում, հատկապեսՙ 1915 թվականի Ցեղասպանությունը:
Այդ առումով ես ինձ անվանում եմ «ABC» (Armenian by Choice)ՙ «ընտրությամբ հայ», հանդես գալով այլ ժողովուրդների մեջ որպես դեսպանՙ սեղանին դնելով Հայաստանի եւ այլ մշակույթների միջեւ եղած ընդհանրությունները, նրանց մղելով հասկանալ եւ գնահատել հայերին, նրանց պատմությանը, երկիրն ու մարդկանց:
Հայաստանը պարզապես հարավկովկասյան ազգ չէ, Հայաստանը շատ հին մշակույթ է, որը մեծապես ազդել, նպաստել եւ ձեւավորել է այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք այսօր: Նրա մշակույթը կարիք ունի հասկացվելու, ուսումնասիրվելու, փայփայվելու եւ վայելելու:
– Քո տեսախցիկը հաճախ փաստագրում է ցավոտ մի թեմաՙ փախստականներին: Ցավոք, անցյալ տարվա պատերազմից հետո այժմ կրկին փախստականներ կան նաեւ Հայաստանում: Հենց երեկ ավտոբուսում պատահաբար ծանոթացա հադրութցի մի դպրոցականի հետ, որը պատերազմից խուսափելու համար ստիպված է եղել ընտանիքի հետ լքել տունը: Այնպես որ շատ հուզիչ էր տեսնել «Ես կանգնած եմ Արցախի կողքին» գրությունը քո ֆեյսբուքյան գլխավոր լուսանկարում:
– Ես այն ավելացրի վերջինՙ 44-օրյա պատերազմի օրերինՙ որպես աջակցություն Հայաստանին եւ հայերին…
Այս տարվա ապրիլ-մայիսին ես կրկին եկա Հայաստանՙ վավերագրելու արցախցի փախստականների տուժած տարածքներն ու նրանց առօրյան. պատկերն անմխիթար էր: Դաժան 44-օրյա պատերազմը, որը սանձեց Ադրբեջանն Արցախի ու նրա բնակիչների դեմ, հիշեցնում է 1915 թվականի Ցեղասպանությունը. այն ծրագրված էր նույն կերպՙ նպատակ ունենալով ոչնչացնել հայ բնակչությանը եւ նրան պատմական հողերից արմատախիլ անել:
Ես գնացի այնտեղ, որպեսզի լինեմ նրանցՙ Արցախի բնիկ հայ ժողովրդի կողքին:
Հայաստանից ունեմ բազմաթիվ զվարճալի եւ հրաշալի փորձառություններ ու հիշողություններՙ զարմանալի ժենգյալով հացի համը տեղական օղիի հետ, արցախցի երեխաների ժպիտներըՙ երկարօրյա պարապմունքների բազմամարդ սենյակում եւ նրանց ձգտումըՙ կատարելու իրենց սիրելի ուսուցչի հանձնարարությունը, տատիկների վճռականությունը, որոնք երդվել էին հետ ստանալ իրենց հողերը թշնամուց, հավերժական դուդուկի ձայնը, որը երգում էր երկրի ու նրա բնակիչների միջեւ առկա հավիտենական սիրո երգը:
Եվ դրախտային սանթուրը, նրա անմահ հառաչանքները, որ Հայաստանն են փառաբանում նրա հմուտ կատարողի օրհնված ձեռքերով արված յուրաքանչյուր հարվածի ժամանակ:
Որոշ հուշեր արդեն կերտվել են, ու դեռ շատերը կկերտվեն…
Հ. Գ.- Էսամ Նագիի «Ի սկզբանե Հայաստանն էր» շարժապատկերն առայժմ միայն արաբերենով հասանելի է հետեւյալ հղումներովՙ
Մաս Ա`
Մաս Բ`
Մաս Գ`