Տավուշում օգոստոսի սկզբներին հողագործական աշխատանքը եռում է: Գյուղացիները հերթ են կանգնում, որ կոմբայնն իրենց արտ էլ մտնի, ջուրն իրենց դաշտ էլ հասնի: Հատկապես այս տարի ամառը սակավաջուր էր, անձրեւներ քիչ եկան, բայց տավուշցիներն, իրենց բնույթի համաձայնՙ մեկ իրար վրա գոռգոռալով, մեկ սիրաշահելով, գիշերները ջրի հերթ պահելով, կարողանում են ոռոգել դաշտերը:Տնամերձ այգիներում խնձորենիները, տանձենիներն ու սալորենիները բերքի ծանրությունից կռացել են, եգիպտացորենի, կարտոֆիլի դաշտերն էլ առատ են, խաղողից էլ դժգոհ չեն տավուշցիները:Շոգ կեսօրին գյուղերում գրեթե մարդ չկա. բոլորը արտերում ու դաշտերում են: Բոլոր ասելովՙ պիտի նկատի ունենանք տարեցներին. Տավուշի գյուղերը ավելի ու ավելի են դատարկվում:Նորաշեն գյուղն այս տարի 16 առաջինդասարանցի ունի, բայց սեպտեմբերին դպրոց կգնա 12 երեխա, մյուս 4-ն ընդմիշտ հեռանում են Հայաստանից էլ, հարազատ Տավուշից էլ, տեղափոխվում են արտասահման:Վերջին մի քանի տարում նկատվում էր, որ տավուշցի երիտասարդներն այլեւս չեն ձգտում Երեւանում կամ Ռուսաստանում ապրել. արտագաղթելու փոխարեն երիտասարդ ընտանիքները նախըտնրում էին իրենց գյուղում մնալ, դժվարությամբ, մեծ ջանքերի գնով, բայց սեփական փոքրիկ տնտեսությունը հիմնել, ոչ թե «խոպան գնալ», այլ գյուղի խոպան հողերը մշակել, բերք ստանալ ու տարեցտարի բարելավել սեփական կյանքը:Գյուղերը կենդանության նշաններ էին ցուց տալիսՙ ջահել հարս ու աղջիկներ, երեխաների ճիչ ու ծիծաղ, նոր գնած մեքենաների սլացք. մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ երիտասարդներն ուղղակի փախչում, ճողոպրում էին գուղերիցՙ հետեւում թողնելով անուժ, անճար, իրենց տունուհողին կպած տատուպապերին:Տավուշում արտագաղթի նոր տրամադրություններ են ուրվագծվում, բայց արտագաղթել ցանկացողները ոչ թե Երեւան են ուզում տեղափոխվել, այլՙ օտար երկիր:Տավուշում արտագաղթի, նոր տարածքներ հանձնելու թեման կաթսայի փակ կափարիչի տակ է բլթբլթումՙ լուռ, սպասողական, զգույշ: Տավուշցիները դաշտ ու հանդի գործերից հետոՙ երեկոյան, Հանրային հեռուստատեսությամբ դիտում են Հրաչուհի Ութմազյանիՙ անշառ, բարի, քաղաքական թոհուբոհից, երկրի հոգսերից անմասն «Առանց թեմայի» հաղորդաշարն, ու գալիս է «Լուրեր» դիտելու «սուրբ ժամը»:Հայաստանում ամեն ինչ հրաշալի է, տնտեսական աճ, մարաթոնյան մրցավազք հիշեցնող ներդրումներ, նոր աշխատատեղեր, ասֆալտապատում, ճանապարհաշինություն, գոհ ու երջանիկ քաղաքացիներ, ի՞նչ պատերազմ, ի՞նչ կորուստներ, նախարարություններն աշխատում են գերպրոֆեսիոնալ, պատգամավորներըՙ գերարդյունավետ, սահմաններնՙ անվտանգ ու պաշտպանված, Ադրբեջանըՙ խաղաղասեր ու բարյացակամ, մենքՙ տարածաշրջանի ամենահեռանկարային երկիր, Արցախըՙ վերականգնման երանելի փուլում, Սյունիքը, Գեղարքունիքը, Երասխըՙ անհոգ, երջանիկ, իսկ Տավուշի մասին պաշտոնական հարթակներից ու Հանրային հեռուստատեսության էկրանից ՙ ոչ մի խոսք: Առայժմ ոչ մի խոսք:Գյուղերում հեռուստացույցը դեռեւս առօրյայի անբաժան մաս է կազմում, գուղացիները, որ նաեւ ընտրությունների մասնակից են, քաղաքական իրավիճակը վերլուծում են միայն ըստ Հանրային հեռուստատեսության հաղորդած լուրերի:Գյուղերում, հատկապես Երեւանից հեռու գյուղերում աշխարհի ու Հայաստանի մասին պատկերացում են կազմում մեծ մասամբ հեռուստաէկրաններից: Հատկապես Երեւանից հեռու գյուղերում խոսում եւ ցուցադրում է միայն Հանրային հեռուստաընկերությունը: Գյուղացիներն ապրում են Հ 1-ի ներկայացրած Հայաստանում, որտեղ ասֆալտ է փռվում, ասֆալտին են փռում, ու ամեն ինչ, եթե չասենք իդեալական է, ապա գոնե իդեալականին շատ մոտ է:Արդյունքում դեղատուն մտած տավուշցի տատիկը պարզում է, որ երկու օրվա ընթացքում ճնշման դեղը թռիչքային թանկացել է, ինչը, բնականաբար, անեծքի պատճառ է դառնում. «Թաղեմ Քոչարյանին, հիմա էլ դեղս թանկացրեց»:Թանկ լինելու պատճառով ճնշման դեղից տատիկը տասը կոճակ պակաս գնեց. հաշվեց, որ օրական ոչ թե երկու, այլ մեկ կոճակ է խմելու: Նա չմոռացավ գորովագութ հայացքով շոյել դեղատան դիմահայաց պատին դեռ հունիսին փակցված ու մշտականություն «վաստակած» նախընտրական պաստառի վրայի Նիկոլին:«Գիդա, վեր քեզ իմ տղի պես սիրըմ եմ, ցավդ տանեմ»,-Նիկոլին ասաց տատիկն ու խալաթի գրպանում ամուր սեղմեց ճնշման դեղերի սրվակը:Պաշտպանության նախարարության զորացրված սպան, որ փակ աչքերով կարող է նկարագրել Տավուշի սահմանամերձ գյուղերի ու դիրքերի ամեն քարն ու թուփը, հեռադիտակով ուսումնասիրում է թշնամու դիրքերը: Քիչ այն կողմ Անվախ դիրքն է. անցյալ տարվա հուլիսին մեր տղաները հենց այստեղից ջարդեցին թշնամու քիթմռութը:Զորացրված սպայի ամպամած հայացքը կանգ առավ մեր դիրքերի վրա: 1990-ականներին քանի՜ զոհ տվեցին, ինչքա՜ն պայքարեցին մեր դիրքերը բարելավելու, հայկական գյուղերին մոտ գտնվող բոլոր բարձունքներն ազատագրելու եւ մեր անվտանգությունն ապահովելու համար: Խոսակցություններ են պտտվում, որ թշնամուն է հանձնվելու ոչ միայն Տավուշի մի քանի գյուղ, այլեւ որոշ դիրքեր: Իսկ դրանց մոտակայքում մեր գուղացիներին պատկանող հողատարածքներ, արտեր ու դաշտեր են:Հիմա գուղացիներն իրենց սեփական տարածքներում հանգիստ աշխատում են, ցորեն հնձում, եգիպտացորենի դաշտերն ու խաղողի այգիները ջրում, իսկ ի՞նչ կլինի հետո, երբ այս դիրքերը հանձնեն թշնամուն: Թշնամու քթի տակ ո՞վ կմշակի իր հողը կամ կարածեցնի իր նախիրն ու հոտը: Դիրք հանձնելը կնշանակի թշնամուն հանձնել նաեւ հեկտարներով հողատարածքներ, այգիներ, դաշտեր: Ու Սյունիքի, Գեղարքունիքի գյուղերի պատմությունները կկրկնվեն, երբ գուղացու տունն իրենն է, իսկ հողատարածքըՙ թշնամունը:Սպայի մտահոգությունն ու անհանգստությունն իր արտը հնձող գյուղացուն չի հասնում, ոչ թե որովհետեւ սպան անձայն է մտածում, կամ կոմբայնի հռնդյունն է խանգարում, այլ տավուշցին կարծում է, որ այն, ինչ կատարվում է Սյունիքում ու Գեղարքունիքում, Երասխում, Տավուշում չի կրկնվի:Այդպես էր նաեւ մեկ դար առաջ, երբ թուրքերն Արեւմտյան Հայաստանում վառում ու ոչնչացնում էին հայկական մի գյուղ, իսկ հարեւան գյուղի բնակիչները դուռ-պատուհան պինդ փակում էին ու բարձրաձայն մտածում, որ թուրքերը ոչ մի դեպքում իրենց գյուղի հետ նույնկերպ չեն վարվի: 3 թուրք մտնում էր հայկական գյուղ, որտեղ ապրում էր 73 հայ տղամարդ, կրակի մատնում տներն ու եկեղեցին, թալանում ու սպանում, բայց ոչ ոք նվազագույն դիմադրություն անգամ ցույց չէր տալիս: 73-ը 3-ի դեմՙ անզոր, խեղճ, գլխահակ, թլպատված ոգով:Թուրքը Սյունիք է մտել, Երասխ է մտել, Գեղարքունիք է մտել, բայց Տավուշ չի մտնի, չէ՜:Ինչո՞ւ չի մտնի. տավուշցին պատասխանել չի կարող: Հ1-ով Տավուշի անունը չեն տալիս, կառավարության, Ազգային ժողովի նիստերի ժամանակ իշխանությունների բերանից ոչ մի խոսք չի հնչում, թե Տավուշի որոշ գյուղեր կամ դիրքեր հանձնվելու են թշնամուն: Իսկ ընդդիմության ելույթները չկան. Նիկոլ ընտրած տավուշցիները նվազագույն ցանկություն անգամ չունեն լսելու նրանց, որովհետեւ սեփական աղբյուրներից «հավաստի տեղեկություն ստացող սալիդնի հագնված տղերքը» ամեն օր գյուղամիջում հայտարարում են, թե «Սերժն ու Քոչարյանը խանգարում են Նիկոլին, անընդհատ բզբզում են, իրենց մեղքերը գցում խեղճ տղի վրա»:Տավուշում հարաբերական անդորր է: Տավուշից մի քանի գյուղ թշնամուն հանձնելու թեման այստեղ շրջանցվում է. ով էլ այդ հարցի մասին խոսում է, միանգամից լռեցնում ենՙ 30 տարի առաջ են տվել թուրքին, հիմա խեղճ Նիկոլի վրա են գցում: Ո՞վ ասաց. առավոտից երեկո գյուղամիջում «հավաստի տեղեկություն ստացող սալիդնի հագնված տղերքն են ասել»: |