Մի հայտնի անեկդոտ կա. ամեն անգամ արջը մի պատճառ գտնում էՙ ճտտացնելու համար նապաստակի գլխին: Մի օր գլխարկ չդնելու համար է նապաստակին հասնում, մյուս օրըՙ գլխարկ դնելու, եւ այդպես շարունակ: Հիմա Հայաստանը ճիշտ այդ անեկդոտի հերոսն էՙ եթե ե՛ւ ուղիղ, ե՛ւ փոխաբերական իմաստով մոտենանք արջին, ուղիղը գիտեք ում նկատի ունենք, փոխաբերականի դեպքում բոլոր գլխավոր խաղացողներին մի ակումբում պատկերացնելով (ռուսներ, ամերիկացնիներ, բրիտանացիներ, թուրքեր): ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարիՙ Հայաստանի օգնության խնդրանքի սպասելի մերժումը, տարօրինակ մեկնաբանությամբ, թե ներխուժում տեղի չի ունեցել, այլ միայն սահմանային միջադեպ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ակտիվությունը վերջին շրջանում, երբ նա մեկ Սյունիքում է հայտնվում, մեկ ՀՅԴ գրասենյակում եւ այլուր, ԱՄՆ հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները գնահատում են տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը, մեզ ստիպում են մտածել, որ ինչ էլ անի Հայաստանը, հանդիպելու է միջազգային կոնսենսուսի պատին (արջին), մի քիչ ավել-մի քիչ պակաս, որն ամենեւին էլ հայկական շահ չի հետապնդում, այլ տարածաշրջանային բիզնես շահեր, դրանք եւսՙ խիստ բազմազան: Ու եթե նույնիսկ մերՙ դեռեւս հանրության կողմից չընկալված Անվտանգության խորհրդի քարտուղարն է արդեն կոշտ բնորոշումներ տալիս, ասում, որ Վերին Շորժայի հատվածում տեղի ունեցած սադրանքների հիմք է դարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով ՀԱՊԿ-ը պաշտոնապես հրաժարվեց կատարել պայմանագրային պարտավորությունները, ապա սրան ինչ-որ բան երեւի պետք է հետեւի: Ունի՞, արդյոք, իշխանությունը պլան Բ, թե ՀԱՊԿ-ին դիմելուց ու շատ սպասելի մերժումը ստանալուց հետո ի՞նչ պետք է անի, քանի որ թույլ տալ ադրբեջանական զորքին մնալ Հայաստանի տարածքում, նշանակում է մշտական պայթելու պատրաստ ական ունենալ կյանքի համար վտանգավոր հեռավորության վրա, Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ Վերին Շորժայի հատվածում հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ զենքի կիրառմամբ միջադեպը վկա:
Առհասարակՙ ի՞նչ է քննարկում Փաշինյանը Պուտինի հետ, ինչու այդ մասին նախապես տեղեկացված չէ հայ հանրույթը, որքան էլ Փաշինյանն ու իշխանությունը համարեն, որ դրա լեգիտիմ իրավունքն ունեն, Պուտինն էլ ասիՙ դժվար ու սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, որի համար ամենակարեւորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Պուտինի հայացքով, Փաշինյանն ունի այդ վստահությունը:
Ճշտենքՙ ունի բնակչության մեկ քառորդի քվեն, իսկ դա նշանակում է, որ առնվազն բնակչությանՙ ընտրության չգնացած եւ այլ ուժերի քվե տված 75 տոկոսը պետք է տեղեկացված լինի, թե իր կենսական խնդիրների, իր հայրենիքի տարբեր հարցերի լուծման մասին ինչ է քննարկվում հայ -ադրբեջանական 44-օրյա պատերազմում ամենեւին էլ իրեն ոչ միանշանակ պահած երկրի նախագահի հետ: Այդ մասին մանրամասն պետք է ծանուցել մեկնելուց առաջ, եթե նախկինի համեմատ իշխանությունը դասեր քաղել է եւ թաքուն որոշումներ չի ուզում կայացնել: Եւ առհասարակ, ի՞նչ է մտադիր անել իշխանությունըՙ ներկայացրեք ամբողջական ցուցակը, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, թե չէ մենք ռուս գործիչների տարբեր հարցարույցներից ենք իմանում, որ, օրինակ, գերիների փոխանակման համար բանավոր պայմանավորվածությունների մեջ եղել է ականապատ քարտեզների փոխանցումը (բա ուր մնաց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը), կամ որՙ Հայաստանը այլեւս Արցախի պաշտպանության խնդիր չի դնում իր առջեւ: Կամ որՙ ադրբեջանական զինվորներիՙ Հայաստան ներխուժման պատճառն այն է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը ճշտված չէ: Այն գծված է ինչ-որ մեկի ուղեղում, ինչ-որ մի թղթի վրա, սակայն ո՛չ սահմանագծում է արվել, ո՛չ սահմանազատում, ու կանոնավոր սահման գոյություն չունի» ( Մոդեստ Կոլերով ), ու սահման պիտի գծել, որ հարձակում չլինի: Մեկը չկա Կոլերովին ասիՙ գնացեք ձեր սահմանները գծեք, ձեր շուրջն ինչքան պետություն կաՙ հետները սահմանազատման խնդիր ունեք, իսկ Հայաստանի անվտանգային տարածքները սահմանազատման անվան տակ ադրբեջանցուն նվիրելովՙ դուք ընդամենը շարունակում եք հարյուրավոր տարիներով արածը հայկական տարածքների հանդեպ, ու անգամ Խորհրդային Միության տարիներին էիք Հայաստանի հյուսիս-արեւելյան եւ այլ արոտավայրերը նվեր տալիս Ադրբեջանին: Իսկ մեր իշխանությանը, եթե նրա՛ ուղեղում է գծված սահմանը, զգուշացնում ենք, որ անգամ պատերազմից հետո նախկիններին «բուռն սիրելու» պատճառով ձեզ կանաչ քարտ տված հայ քաղաքացին, այնուամենայնիվ, չի կարող թույլ տալ, որ սահմանազատման անվան տակ հայկական տարածքներ նվեր տրվեն Ադրբեջանին եւ անվտանգային առումով խոցելի դարձնեն Հայաստանը: Նա ոտքի կկանգնի, հավատացած եմ, իսկ այդ հեռանկարը չունենալու համար ո՛չ անիմաստ խոստումներ տվեք, ո՛չ էլ միամտություն դրսեւորեք հավատալու, որ դուք խաղաղության հարց եք լուծելու Արցախը մոռանալով, խաղաղության պայմանագիր ստորագրելով, մեր տարածքների հաշվին թուրքերին ու ադրբեջանցիներին հաղորդակցությամբ միացնելով ու այլՙ հիմա դեռ անպատկերացնելի զիջումներով: Արցախի հանդեպ էլ ատելություն մի՛ բուծեք, առանց Արցախի Հայաստանը ոչ մեկին պետք չէ, նույնիսկ ռուս քաղաքագետն է դա ասում: Այժմ հարկավոր է ուղեղային աշխատանք, լսեք պրոֆեսիոնալ դիվանագետներին, որքան էլ չսիրեք նրանց, տասն անգամ չափեք, նոր կարծիք հայտնեք, ձգձգեք բոլոր գործընթացները, խաղաղության պայմանագիր անվանված կրակի հետ մի՛ խաղացեք, քանի որ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգեւորված վերլուծություններից անգամ երեւում է, որ այդպիսի պայմանագիրը հայերիս շահերից չի բխում եւ թուրքազերիական շահն է առաջ տանում: Իսկ ռուսական կողմին էլ հարկավոր է մնալ տարածաշրջանում, եւ նա դա անելու է ուզած գնով, այդ թվումՙ հայերիս հաշվին, ամենայն սիրովՙ ռուս-հայկական բարեկամության հանդեպ: Գործընթացները հնարավորինս միջազգայնացրեք, քանի որ այլ ելք չի մնում, իսկ ճիշտ քայլերը ոչ թե դիմակայության դաշտում են, այլ բոլոր խելացի ուղեղների հանրագումարում: Հայաստանի «հետագա զարգացումը» Արցախի ու խաղաղության պայմանագրի դիմացՙ ֆիկցիա է, կեղծիք, քաղցր սուտ, քանի որ մեր հարեւանին էլ, բարեկամին էլ հայերս լավ գիտենք, ու Նիկոլ Փաշինյանի ցանկություններով նրանց ագահության ու զավթողականության բնութագիրն ու էությունը դժվար թե փոխվեն: Միայն նայեք Հաքքին.ազի վերլուծականը, թե հայերն ընտրել են զարգացումըՙ խաղաղության դիմաց, ու դավադրությունը պարզ կլինի: Աշնանը Ռուսաստանում ընտրություններ են, իշխանությունը հնարավոր է եւ փոխվի, մինչ այդ պետք չէ ինչ-որ նոր թղթեր ստորագրել, իսկ ադրբեջանական զինուժն էլ Գեղարքունիքի մարզից պետք է դուրս բերել սեփական ուժերով: Մտածեք ձեր պլան Բ-ն եւ մյուս պլանները, ժամանակ չկա, մի կողմ թողեք տարբեր, իբր հակակռուպցիոն մտմտուքը, համատարած հեղեղի ու սելավի մեջ ոճային վաննայում (ջակուզի) լողանալու ցանկությունը տարօրինակ է, գլխավորով զբաղվեք բոլոր կարող ուժերով, որ ուշացաքՙ դա արժենալու է նոր կորուստներ:
Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ կարեւոր էր ընդդիմադիր տեսակետների բարձրաձայնումը, որպես օգնություն երկրին, որպես հակակշիռ, ու երեկ ողջ օրը արձագանքի սպասեցի խորհրդարան անցած ընդդիմությունիցՙ միմյանց դեմ ամենօրյա կռվշտոցի ֆոնին: Չէ՞ որ քննարկման առաջնահերթ հարցերն են եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված վիճակը, հաղորդուղիների ապաշրջափակման ու անգամ խաղաղության պայմանագրի մասին ենթաթեմաները, ինչպես նաեւ Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման աշխատանքները: Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգներ չե՞ք տեսնում այս քննարկումներում, հարգելի ընդդիմադիրներ, չե՞ք նկատում, որ մեր անվտանգության խնդիրները Պուտինն է լուծում, դատելով հանդիպման սուղ կադրերից ու սուղ հեռարձակումից, լուծում է ըստ իր պատկերացման եւ ըստ իր երկրի շահերի:
Չկա՞ կարծիք ( Շարմազանովի կենտ գրառումը, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանի դիտարկումները չհաշված), բայց դուք արդեն քաղաքական միավոր եք ու պարտավոր բոլոր կարեւոր անցուդարձերի մասին քաղաքական տեսակետ հայտնել. լավ էր, վատ էրՙ Էդմոն Մարուքյանի կուսակցությունը գոնե անմիջապես արձագանքում էր, Էդմոնին հավան չեք, բա ձեր տեսակետներն ո՞ւր են: Թե պայքար ասելովՙ հասկանում եք միայն իշխանության դեմ անզիջում պայքարը, համենայնդեպս այդ տպավորությունն էր ստացվում նախորդ օրերին խորհրդարան անցած քաղաքական միավորների ներկայացուցիչների բարձրաձայնումներիցՙ թե օր ու արեւ չենք տալու իշխանությանը խորհրդարանում, իսկ ընդհանրապեսՙ բոլորը զբաղված են մանդատային արիշ-վերիշով:
Զարմացած եմ երիտկուսակցականուհու այն խոսքից, թե այս ընդդիմությունը դժոխք է դարձնելու խորհրդարանը իշխանության համար: Իսկ ես կարծում էիՙ ընդդիմությունը խորհրդարան է գնում էս ծայրահեղ վտանգավոր վիճակից երկիրը դուրս բերելու առաջարկներ, նախագծեր բերելու, Արցախի անվտանգությունը Հայաստանի անվտանգությանը շաղկապող հնարքներ մտածելու, նոր եռակողմ փաստաթղթերի ստորագրում, հակահայկական սահմանազատում չթույլատրելու, արդեն ստորագրված եւ իրավական հիմքերից զուրկ եռակողմ հայտարարությունը չեղարկելու, Արցախի հարցի լուծման կրեատիվ մոտեցումներ երեւան հանելու,Կարսի պայմանագրի 100-ամյակին ընդառաջ նոր ռուս-թուրքական դավադրությունների առաջն առնելու…Դու մի ասաՙ ուղղակի իշխանությանը ոչնչացնելու մեն-մի ցանկություն ունի ընդդիմությունը, իր ատելությունը մրցակցի հանդեպ հիմա էլ խորհրդարանում ողջ խորքով եւ լայնքով տիրաժավորելու, ինչպես իշխանության որոշ առանձնյակներ են անում ընդդիմության հանդեպ, եւ ոչ թե երկիրը փրկելու: Դե որ չեք տարբերվելու իշխանությունիցՙ ատելության բուծմամբ, էլ ուր եք մեյդան ընկել, ձեր անձնական ատելություններն ու սերերը մեզ չեն հետաքրքում: Կարո՞ղ եք երկիրը փրկելու հաշվարկված պլան Ա, պլան Բ, պլան Ճ առաջարկելՙ առաջարկեք, իսկ եթե խորհրդարանը ուզում եք վերածել միայն բղավոց-ճղավոցի իմպրեսիվ հարթակի, շնորհակալ ենք, ավելի լավ էրՙ մնայիք փողոցում: Խե՜ղճ Հայաստան:
Եւ, չդիմանալով գայթակղությանըՙ ոչ հայանպաստ որոշումներից առաջ հիշեցնեմ այն վնասաբեր պայմանագրերից եւ հրամանագրերից մի քանիսի մասին, որոնք տառապանքներ ու կորուստներ են պատճառել Հայաստանին եւ որոնց ակունքներում Թուրքիան ու Ռուսաստանն են կանգնած (Գառնիկ Մատինյանի օգնությամբ):
1724 թվականին կնքվեց Կոնստանդնուպոլիսի պայմանագիրը, որով Պետրոս Առաջինի ստորագրությամբ Ռուսական կայսրությունը ընդունեց եւ ճանաչեց Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը Կովկասում: Հայերին, հակակշռելով իբր նրանց վրա թողած բացասական ազդեցությունը, Պետրոս Առաջինի հրամանով արտոնություններ տվեցին Ռուսաստանում ապրելու եւ ստեղծագործելու համար, որն օգնեց Ռուսաստանում զարգացնել գինեգործությունը, մետաքսագործությունը, շինարարությունը, առեւտուրը, ձիաբուծությունը, սկսվեց հայերի գաղթը դեպի Ռուսաստան:
1827 թվականի հոկտեմբեր 1-ին հայերի օգնությամբ եւ գործուն աջակցությամբ Երեւանի բերդը պարսիկներից գրաված գեներալ Պասկեւիչը բացահայտ հալածանքներ սկսեց հայ մտավորականների նկատմամբ:
1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմի օրերին ռուսները Արեւմտահայաստանում կողոպտեցին հայկական բնակավայրերը:
1836 մարտի 11-ին Նիկոլայ Ա-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները:
1840 ապրիլի 10 – Նիկոլայ Ա-ի հրամանով վերացվեց 1828-ի մարտի 21-ին ստեղծված Հայկական մարզը:
Երեք անգամՙ 1885 , 1897 եւ 1903 թվականներին հայկական դպրոցները փակվեցին: Ցարական կառավարությունը սկսեց վարել բացահայտ ռուսացման քաղաքականություն:
1890-ական թվականներին աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ ցարական կառավարության կողմից բացահայտ աջակցություն էր ցուցաբերվում սուլթանական կառավարությանը:
1903 հունիսի 12-ին Ռուսական կայսրությունում Հայ եկեղեցուն պատկանող գույքի ու կալվածքների բռնագրավում:
1920 օգոստոս 4-ին բոլշեւիկները Գորիսում գնդակահարեցին ՀՀ խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանին եւ Վահան Խորենուն:
1905-1906 ՙ ռուսական կառավարության կողմից Այսրկովկասում հրահրված հայ-թաթարական բախումներ ու կոտորածներ:
1914-1916 ՙ Կովկասյան ճակատում ռուսական զորքերի միտումնավոր դանդաղ առաջխաղացում եւ անակնկալ նահանջների մարտավարություն, որի հետեւանքով թուրքերին հաջողվեց Արեւմտյան Հայաստանում ամբողջությամբ կյանքի կոչել Հայոց ցեղասպանությունը:
1918 թվականի մարտի 3-ին կնքվեց Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանի եւ Քառյակ միության երկրների միջեւ: Հաշտության 4-րդ հոդվածով եւ ռուս-թուրքական լրացուցիչ համաձայնագրի համաձայնՙ ռուսները Արեւմտյան Հայաստանը ճանաչեցին Օսմանյան կայսրության տարածք:
1920 թվականի օգոստոսի 24 – «Սրտագին ու անկեղծ բարեկամության» պայմանագիր բոլշեւիկների ու քեմալականների միջեւ: Արեւմտահայաստանն ու Արեւելահայաստանի մի մասը ճանաչվեցին Թուրքիայի անբաժան մասը:
1920 թվականի սեպտեմբերի 23 – ռուսների թույլտվությամբ թուրքերը հարձակվեցին ՀՀ-ի վրա: Սկսվեց հայ-թուրքական պատերազմը:
1920 թվականի նոյեմբերի 29 – Կարմիր բանակը ներխուժեց ՀՀ եւ չեղած բանվորա-գյուղացիական ապստամբության անունից Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն:
1920 թվականի դեկտեմբեր 2 – Հայաստանի խորհրդայնացումը: Առաջին հանրապետության կործանումը:
1920 դեկտեմբեր – 1921 հունվար ՙ հայ մտավորականների եւ հայկական բանակի հրամանատարական կազմի աքսորը: Մտավորականների կացնահարում Երեւանի բանտերում:
1921 թվականի հուլիսի 5 – Կովբյուրոյի որոշմամբ Արցախը նվիրվեց Ադրբեջանին:
1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ նույն թվի հոկտեմբերի 13-ի Կարսի չարաբաստիկ պայմանագրերը: Կարսի եւ Սուրմալուի շրջաններն անցան Թուրքիային, Շարուր-Նախիջեւանըՙ Ադրբեջանին:
1926 թվական – Մոսկվան Հայ եկեղեցուն արգելեց հիշատակի պատարագ մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
1929-1949 թվականներ – Հայաստանից աքսորվեցին, բանտերում կտտանքների ենթարկվեցին ու գնդակահարվեցին տասնյակ հազարավոր հայորդիներ: Մտավորականության կազմակերպված ոչնչացում:
1953 թվականի մայիսի 30 – ԽՍՀՄ կառավարության հայտարարությունն այն մասին, որ պաշտոնական Մոսկվան Թուրքիայից հողային պահանջ չունի:
1966-88 թվականներ – բացահայտ հալածանքների նոր ալիք այլախոհների նկատմամբ: ԱՄԿ անդամների ձերբակալություն ու աքսոր:
1988 թվականի փետրվարի 27-29 – Սումգայիթի ցեղասպանությունը:
1990)91 – Օղակ (Կոլցո) Օպերացիան` Ռուս)թուրքական զինված ուժերի (Կարմիր բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ)ի) շնորհիվ դատարկվեց Հյուսիսային Արցախը:
1992 թվական – Ռուսական 104)րդ դիվիզիան դատարկեց Շահումյանի Շրջանը:
1993 թվական – Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ)ում կողմ է քվեարկել հակահայկական չորս` 822, 853, 874, եւ 884 բանաձեւերին:
1994 թվական – Ալիեվի խնդրանքով Ռուսաստանը պարտադրեց հայերին ստորագրել Զինադադարի փաստաթուղթը, փրկելով Ադրբեջանին կործանումից: