Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵՐԱՑՈՒՄ ԴԻՎԱՆԱԳՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(Delinquency in Diplomacy)

Պատերազմը քայքայեց Հայաստանի բարոյական վիճակը: Մարդիկ սգում են իրենց կորուստների համար եւ ընդհանրապես ամբողջ երկիրն է փորձում ամոքել իր վերքերը: Ղարաբաղի տարածքի յոթանասունհինգ տոկոսը կորսված է եւ Հայաստանի հարավային շրջանըՙ Սյունիքը գտնվում է ադրբեջանական սպառնալիքի տակ: Քաղաքական կուսակցությունները Հայաստանում, սակայն, մոռանալով կորուստներն ու վտանգները, միմյանց դեմ են պայքարում եւ փորձում տիրանալ այն ամենին, ինչ մնացել է:

Սա տարօրինակ իրավիճակ է, այն իմաստով, որ մարդիկ ամեն ինչ անում են հաղթահարելու երկրին պատուհասած տրավմանՙ ձեւացնելով, որ կյանքի բնականոն ընթացքը վերականգնված է:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արշավն այնքան լարված է ընթանում, որ դրանում ընդգրկված կուսակցություններն իրենց սեփական աշխարհն են ստեղծել եւ կորցրել կապը տարածաշրջանային խնդիրների հետ, որոնք զարգացման իրենց ընթացքն ունեն: Դրանցից այդքան հեռու մնալն, անշուշտ, վատ հետեւանք կունենա ապագայում:

Չնայած գլխավորապես երկու (վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ) խմբակցությունների միջեւ է ընթանում պայքարը, մոզաիկան, խորը քննության դեպքում, կարող է ավելի երանգավորված պատկեր պարզել, քանի որ 22 կուսակցություններ եւ 4 դաշինքներ են ընդգրկված պայքարում: Կարելի է ենթադրել, որ դրանք բոլորն ի վերջո գլխավոր 2 խմբակցություններին կմիանան:

Քոչարյանը դաշինք է կազմել ՀՅԴ-ի եւ Սյունիքի մի խմբավորման («Վերածնված Հայաստան») հետ, եւ նրա ճամբարը խորհրդանշում է հին վարչակարգի վերադարձը: Նման բնորոշումը ճիշտ չէ, որովհետեւ երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձ արեց ի մի բերել բոլոր նախկին նախագահներին, որպեսզի կանգնեցնի իր նախկին հովանավորյալինՙ Փաշինյանին, բայց հաջողության չհասավ: Քոչարյանն իր ճանապարհով գնաց եւ կարծես կարողացել է լեզու գտնել նախկինում իրենից դժգոհ մարդկանց հետ:

Վերջերս կայացած իր հանրային քննարկման ժամանակ Տեր-Պետրոսյանը այդքան շատ խմբակցությունների մասնակցությունը ընտրություններում դրական համարեց, քանի որ դրանք կարող էին քվեները բաժանել իրենց մեջ եւ չթողնել, որ որեւէ կուսակցություն ստանա մանդատների մեծ մասը: Դրա արդյունքում խորհրդարան մուտք գործած խմբակցությունները ստիպված կլինեին կազմել ազգային միասնության մի կառավարություն: Սա, իհարկե, դրական մոտեցում է ստեղծված իրավիճակին, բայց ատելությունը, թշնամանքն ու թունոտ բնութագրումներն այնքան են առաջ գնացել, որ դժվար է ակնկալել, որ հունիսի 20-ից հետո գործնական համագործակցություն տեղի կունենա նրանց միջեւ:

Այնուամենայնիվ, ներկայի լարված եւ բեւեռացված մթնոլորտում, մի հոգու դատողություններն առանձնանում են: Խոսքը «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանի մասին է: Ակներեւ է, որ նա իսկական պետական գործիչ է եւ կարող է Քոչարյանի եւ Փաշինյանի խմբավորումներից արժեքներ գտնելՙ կազմավորելու համար կենսունակ մի կառավարություն: Բայց ընթացիկ թեժ պայքարում նրա ձայնը խեղդվում է, քանի որ նշված երկու կողմերն էլ հավատացած են, որ ճշմարտության մենաշնորհն իրենց է պատկանումՙ առանձին վերցրած:

Փաշինյանը պայքարը մղում է իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցով եւ ոչ թե «Իմ քայլը» խմբակցության հետ: Նրա ներկայացուցիչները պնդում են, որ Փաշինյանը ձեռք կբերի քվեների 60 տոկոսը, բայց ամենալավ գնահատումներն անգամ 30 տոկոսից ավելի չեն ակնկալում, որը դարձյալ առավել է, քան մյուս կուսակցություններին նախատեսված քվեների քանակը:

Փաշինյանը գլխավորում է ձախողակ մի կառավարություն, որը նույնիսկ խաղաղ ժամանակներում չէր կարողացել բավարարել քաղաքացիների ակնկալիքները: Պատերազմի հետեւանքով կորուստների եւ բուն իսկ Հայաստանին ուղղված սպառնալիքների պատճառով նրա վիճակը շատ ավելի բարդացել է: Երկրին սպառնացող վտանգներից գլխավորը տարածաշրջանային զարգացումներն են: Բայց Հայաստանն այնքան է խրված ընտրությունների թոհուբոհի մեջ, որ չի նկատում այդ զարգացումները, որոնք կերտելու են իր ապագան:

Ինչքան շատ բնականոն կյանքը վերահաստատվի երկրում, այնքան լավ, որովհետեւ երկիրը պարտավոր է դիմագրավելու այդ մարտահրավերները եւ ձեւավորելու համապարփակ մի արտաքին քաղաքականություն, որ կարողանա «նավարկել» այս դժվարին ժամանակներում:

Տարածաշրջանային զարգացումներից մեկը, որը վերջին հաշվով կարող է նպաստել Հայաստանին, Իրանի վերադարձն է որպես Կովկասում գլխավոր դերակատարի: Թեհրանը ծանր ժամանակներ է ապրում պատժամիջոցների հետեւանքով եւ ստիպված է թույլ տալ, որ Ռուսաստանն ու Թուրքիան ազատորեն առաջ մղեն իրենց սեփական շահերը: Այժմ երբ Իսրայելի անհաշտ վարչապետ Բենյամին Նաթանյահուն պաշտոնանկ է արված, Վաշինգտոնն ավելի ճկուն քաղաքականություն կարող է վարել Իրանի հետ: Դա ոչ միայն կնպաստի, որ Իրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը, համաձայն Բայդենի խոստումներին, այլ արգելք կհանդիսանա, որ Ռուսաստանն ու Թուրքիան շարունակեն իրենց համատեղ գործարքները իրականացնել Կովկասում:

Այնպես որ, զարմանալի չէ, որ պատերազմի ամբողջ ընթացքում խիստ չեզոքություն պահպանած Իրանը այժմ պատրաստվում է հարմարվել նոր իրադրությանը: Ակնկալվում է, որ ուրույն պայմաններով է Իրանը պատասխանելու Բայդենի քայլին: Հայտնի է, որ Հայաստանի ընտրություններից երկու օր անց Իրանում կայանալու են նախագահական ընտրություններ, եւ նախագահ Հասան Ռուհանին, որ լիբերալ է համարվում այդ երկրում իրանյան չափանիշներով, չի կարող այլեւս հավակնել մնալու այդ պաշտոնում: Ուստի նախագահի հաջորդ թեկնածուն է, որ ընդառաջ է գնալու Վաշինգտոնի մերձեցման քայլին:

Իրանն արդեն հստակեցրել է իր «կարմիր գիծը», հայտարարելով, որ չի հանդուրժելու որեւէ սահմանային փոփոխություն տարածաշրջանում: Նա նույնիսկ չի տատանվել նշելու, որ որեւէ փոփոխության դեպքում պատրաստ է զենք գործադրել, իսկ ամենահետաքրքրականն այն է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել իր տարածքում Ադրբեջանին միջանցք տրամադրելու:

Նման քայլը, ինչ խոսք, կթուլացնի լարվածությունը Հայաստանի նկատմամբ եւ կձախողեցնի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ծրագիրը, համաձայն որի Սյունիքի միջանցքով Ադրբեջանը պետք է կարողանա Բաքուն միացնել Նախիջեւանին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լավատեղյակ է այս հնարավոր զարգացումներից եւ ամեն ջանք գործադրում է պարտադրելու Հայաստանին որոշակի կարգադրություններ, նախքան որ վերջինս վերազինի իր բանակը եւ աջակցություն ստանա ուժեղ հարեւաններից: Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանին խաղաղության առաջարկ է արել, բայց Երեւանը մերժել է, որի համար հետագայում ափսոսալու է:

Հայտարարությունն իր մեջ սպառնալիք է պարունակում այն իմաստով, որ եթե Հայաստանը մերժի խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ վերջինիս պայմաններով, ապա ստիպված է լինելու մի նոր պատերազմ դիմագրավելու: Իսկ ի՞նչ է նախատեսում այդ խաղաղության պայմանագիրը, որ Հայաստանը մերժում է հաշվի առնել: Այդ պայմանագիրը նախատեսում է, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պայմանով, որ Հայաստանն էլ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Ադրբեջանն ունի նաեւ Հայաստանի հետ շտապ կարգադրություններ անելու այլ պատճառներ: Մինչ Բաքուն պնդում է, որ Ղարաբաղի հարցը զենքի ուժով լուծել է, ԵԱՀԿ Մինսկի խմբի ճնշումներն ավելանում են, պահանջելով որ բանակցությունները շարունակվեն այդ խմբի ձեւաչափով եւ որդեգրած սկզբունքներով: Իսկ որդեգրած սկզբունքներից մեկը հրաժարվելն էր ուժի գործադրումից:

Ադրբեջանը խախտել է այդ սկզբունքը: Ֆրանսիան, հատկապես, մեծ ջանքեր է գործադրում նշանակալի դերակատարում ունենալու խաղաղության հաստատման գործում: Այդ երկրի խորհրդարանը արդեն իսկ բանաձեւ է ընդունել, որով ճանաչում է Ղարաբաղը որպես անկախ միավոր տարածաշրջանում:

Փաշինյանի Փարիզ եւ Բրյուսել կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոմիության նախագահ Շառլ Միշելը կոչ արեցին առանց նախապայմանների, անմիջապես ազատ արձակել հայաստանցի բոլոր ռազմագերիներինՙ նոյեմբերի 9-ի հայտարարությանը համահունչ: Նրանք նաեւ Ադրբեջանից եւ Հայաստանից պահանջեցին վերադիրքավորել իրենց զինված ուժերը եւ վերականգնել մայիսի 11-ի իրավիճակը:

Ամենահետաքրքրական զարգացումը, սակայն, Մ. Նահանգների ուժեղ ներխուժումն է կովկասյան տարածաշրջան: Մինչ հոդվածը գրելու պահին մենք դեռ չգիտենք Բայդեն-Էրդողան հանդիպման մանրամասները, բայց եվրոպական ու եվրասիական հարցերի գործող քարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջան կատարած այցն ու նրա աներկդիմի արտահայտությունները արդեն իսկ վկայում են, որ Ամերիկան իրոք վերադառնում է եւ իր դերակատարությունն է ունենալու տարածաշրջանում: Ռիքերը կրկնել է ռազմագերիների եւ սահմանների վերաբերյալ Ֆրանսիայի եւ Եվրոմիության ղեկավարների հայտարարությունները: Դրանց գումարած Մ. Նահանգները գործնական մասնակցություն է ունեցել 15 ռազմագերիների վերադարձի հարցում, վատ վիճակի մատնելով Ռուսաստանը, որ մինչ օրս խուսափում է նոյեմբերի 9-ի համաձայնությունը Ադրբեջանի հետ կյանքի կոչել:

Այս գործողությունները չեն նշանակում, որ Մ. Նահանգները գործում է Հայաստանի օգտին: Դրանք պարզապես Ռուսաստանին եւ Թուրքիային հասկացնում են, որ իրենց միակողմանի գործողությունների ժամանակը սպառվել է:

Տարածաշրջանի նկատմամբ Մ. Նահանգների հետաքրքրվածության մեկ այլ նշան է այն, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատեց Ազատությանն աջակցելու ակտի 907 ուղղումը վերացնելու որոշումը, որ ադրբեջանական ագրեսիայից Հայաստանին պաշտպանելու համար էր ընդունվել:

Ինչպես տեսնում ենքՙ Կովկասը արագորեն ձեւափոխվում է, եւ Հայաստանը պարտավոր է օգտվել ընձեռված հնարավորություններից: Բայց Հայաստանի արտաքին գերատեսչությունը կրախի առաջ է կանգնած արտգործնախարար Արա Այվազյանի եւ իր տեղակալների հրաժարականներից հետո:

Արարողակարգը պահանջում էր, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հարգարժան հյուրինՙ պրն. Ռիկերին դիմավորեր երկրի արտգործնախարարը: Բայց Հայաստանը չուներ արտգործնախարար: Իսկ առավել սարսափելին այն էր, որ Փաշինյանը ինքը հանձն էր առել կատարել արտգործնախարարի պարտականությունները, մինչդեռ դիվանագիտությունը իր բնագավառը չէ: Եթե Փաշինյանը իսկապես սիրում է Հայաստանը, նա պետք է հեռու մնա որեւէ դիվանագիտական առաքելություն իր վրա վերցնելուց:

Տարածաշրջանում կատարվող փոփոխություններից շատերը կարող են նպաստավոր լինել Հայաստանի համար, բայց դրանցից օգտվելու համար Հայաստանը կարիք ունի կարող եւ փորձառու դիվանագետների, որոնք կկարողանան պաշտպանել Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում:

Դժբախտաբար, Հայաստանի արտաքին գերատեսչությունը ցարդ խոցելի է եղել եւ տեղին են նրա դեմ հնչող մեղադրանքները:

Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆ ԸՆԹԱՑԱՎ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Հաջորդ գրառումը

ՄԻԱԲԵՎԵՌ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԻԱԲԵՎԵՌ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական