Մեր վերքն այնքան բաց ու թաց է, որ անգամ մեղվի բզզոցը, թիթեռի թռիչքը մեզ ցավեցնում են: Մեր բաց ու թաց վերքին ամեն օր աղ են անումՙ անխնա, մրմռացնելու-մղկտացնելու հատուկ միտումով:
Անցյալ շաբաթվանից Հանրապետության հրապարակում մետաղե կոնստրուկցիաների մի մեծ կույտ էին բերել. ամեն բան հուշում էր, որ բեմ են հավաքելու: Նախընտրական քարոզարշավի մեկնարկը դեռ հեռու է, ուրիշ ի՞նչ նպատակով է բեմը կառուցվում. բնական հարց էր առաջանում: Ու գարնան վերջին օրը սոցցանցերում տարածվեց գունեղ լուսանկարներով հայտարարությունըՙ հայրենի կառավարությունը երեխաների պաշտպանության օրվա հետ կապվածՙ հունիսմեկյան համերգ է կազմակերպում եւ Հանրապետության հրապարակ է հրավիրում բոլոր երեխաներին:
Արդեն վարժվել ենք, որ իշխանություններն ամեն օր կաթվածի նախատեսված չափաբաժինն ապահովելովՙ մեզ պետք է դեպի «Կա ապագա կա» քարշ տան: Բայց մեկ օրում կրկնակի դոզա՞. մի քիչ շատ չէ՞ր:
Ցերեկը հրապարակվում են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս գեհենն իր ամբողջ սարսափովՙ Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերի նկուղներում պոլիէթիլենային պարկերի մեջ ամիսներ շարունակ պահվում են հարյուրավոր տղաների մարմինները: Իսկ երեկոյանՙ հայտարարություն. «Հունիսի 1-ինՙ ժամը 21:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգՙ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան. ՀՀ կառավարություն»:
Ո՞ր երեխաների պաշտպանության միջազգային օրվան է ուղղված հայտարարությունը, հայրենի՛ կառավարություն, այն երեխաների՞, որոնց անվտանգությունն ամեն վայրկյան կասկածի տա՞կ է դրված, այն երեխաների՞, որոնք, հայտնի չէ, թե վաղը պետություն ու պետականություն, հայրենիք ու երկիր կունենան, թե ո՞չ, թե՞ այն երեխաների, որոնցից ընդամենը մի քանի տարով մեծ եղբայրներն այսօր Եռաբլուրում բազմահազարանոց զորք են կազմել, այն երեխաների, որոնք այսուհետեւ պետք է կյանքի ու մահվան գոյապայքար մղեն, պետք է զրոյից երկիր ու պետություն կառուցեն, եթե, իհարկե, շուտով չպարզվի, որ դրա նվազագույն նախադրյալներն անգամ կորսված չեն ու հիմնաքարերը քանդված-ավերված չեն:
Ցավն այն է, որ երկուսուկես միլիոնից ավելի ժողովուրդը նվազագույն պատկերացում անգամ չունի, թե վաղը ի՞նչ երկրում է արթնանալուՙ ինքնավարություն, պետականություն, իշխանութություն, սահմաններ ունեցող իր հայրնիքո՞ւմ, թե արդեն անդառնալիորեն ծախված եւ օտարին հանձնված գաղութում: Երեխաները ստիպված են լինելու ապրել խեղված հասարակության մեջ ու դառնալ խեղված հասարակության լիարժեք անդամ: Նրանք իրենց մանկական պատկերացումներով արդեն գիտակցում ենՙ ինչ է կատարվել մեզ հետ, որովհետեւ այդ երեխաները տեսնում են, որ դուք, հայրենի իշխանավորներ, որ դեռ կոչվում եք ՀՀ կառավություն, իրենց ծնողներին ամեն օր կանգնեցնում եք կաթվածի շեմին, ու իրենց ամենազուսպ ու հավասարակշռված հայրիկն ու մայրիկն ամեն օր առնվազն մի քանի անգամ լուտանքներ են թափում ձեր գլխին: Իսկ դուք, զուգահեռ իրականության ձեր կղզիներում առանձնացած, ֆեյսբուքյան անդարդ գրառումներով ուզում եք տպավորություն ստեղծել, թե կյանքը շարունակվում է, երեխաներն էլ հայ օջախի սրբությունն են, որոնց պետք է պահել-պաշտել-փայփայել-պաշտպանել:
Երեխաների իրավունքների պաշտպանության հարցում մինչեւ հիմա ի՞նչ քայլ եք արել. «Լանզարոտեի» փաստաթղթի վավերացո՞ւմն է երեխաների օգտին, թե՞ կորոնավիրուսը դրոշակ սարքածՙ երեխաներին կրթական, սոցիալական իրավունքներից զրկելը:
Արդեն մեկուկես տարիՙ մանկապարտեզներում ու դպրոցներում երեխաները ֆիզկուլտուրա չեն անում, աշխատանքի ուսուցման դասերին թիմային ոչ մի աշխատանք չեն անում, դասարանները բաժանված են մասերի, երկու խմբերի երեխաները մեկ տարուց ավելի չեն հանդիպել, չեն տեսել իրար, սոցցանցերում են միմյանց նկարները տեսնում ու զարմացած գրումՙ վա՜յ, ինչքան ես փոխվել, մեծացել. չճանաչեցի:
Սա ողբերգություն է, կատաստրոֆա, որին վարժվել են մեր երեխաները, բայց որի դառը հետեւանքները դեռ երկար ենք կրելու թե՛ ծնողներս, թե՛ մեր երեխաները: Համերգասրահները, թատրոնները, թանգարաններն աշխատում են, ռեստորաններում ու սրճարաններում ասեղ գցելու տեղ չկա, հանրային տրանսպորտում մարդիկ տափակաձկան դիրքով իրար վրա դասավորված են երթեւեկում, բայց դպրոցներում երեխաները պետք է դիմակները չհանեն, բուֆետ ու մարզադահլիճ չգնան, թիմային աշխատանք չկատարեն, մինչեվ հունիսի վերջն էլ դասի գնան, որ կրթական ծրագիրը հասցնեն ավարտին:
Պարզագույն սոցիումից են զրկված նրանք, առանց այդ էլ թերի, ծանծաղ, իրականությունից կտրված դասագրքերը ստիպված են մինչեւ վերջին թերթն անցնել, ինչ է թե կրթական պլանը պիտի կատարվի: Երեխաները չգիտենՙ քարտեզն ինչ է, լաբորատոր փորձերի մասին տեղեկություն չունեն, անցնում են ինֆորմատիկա, բայց համակարգչային դասարաններ չեն մտնում, հիմա եկել, նրանց իրավունքների պաշտպանությո՞ւնն եք դրոշակ սարքել ու հունիսմեկյան մեծ համե՞րգ եք անում:
Հայաստանում 40.000 արցախցի անտուն, անտանիք է մնացել, նրանց կեսից ավելին երեխաներ են, որ ապրում են անմարդկային պայմաններումՙ կիսելով իրենց հարազատների հոգսն ու դառնությունը: Արցախցի երեխաների մեծ մասը մարզերում է բնակվումՙ լքված, տարրական պայմաններից զուրկ կացարաններում,նրանց ծնողները մշտական աշխատանք չունեն: Այդ ընտանիքների հիմնական նեցուկը մինչեւ հիմա ոչ թե պետությունն է, այլ մասնավոր անձինք, կազմակերպությունները, բարերարները:
Մի անգամ այցելեք արցախցի բազմանդամ ընտանիքներին, լսե՛ք նրանց երեխաներին ու կտեսնեքՙ մի քանի ամսվա մեջ նրանք ինչքա՜ն են մեծացել, ի՜նչ անասելի ցավ է ամբարված նրանց փոքրիկ սրտերում: Այդ երեխաներին կտրել են իրենց ծննդավայրից ու տնից, իրենց բնական միջավայրից ու հիշողություններից ու փոխարենը տվել են ցավ, կորուստ, անորոշություն, տառապանք:
Հայաստանը միայն Երեւանը չէ, միայն Հանրապետության հրապարակը չէ: Մարզե՛ր գնացեք, իրական ողբերգությունն այնտե՛ղ է: Գնացե՛ք ոչ թե հատուկ հավաքած-բերած հանրության հաշվին ձեր ամբիոնային ելույթների լսարանն ապահովելու համար, այլ մտեք տները, տեսեք, թե ինչպես են ամսական մեկ անգամ լողանալու համար արցախցի երեխաները հերթ կանգնում բաղնիք անվանվող բորբոսապատ ավերակի առաջ: Եթե կարող եք, դո՛ւրս եկեք զուգահեռ իրականության ձեր ապահով կղզիներից ու պատկերացրեք, թե ձե՛ր երեխան է լողանալու բորբոսապատ ավերակի մեջ: Դուք բավարար չափով մարդկային կերպարանք չունեք, որ ի զորու լինեք մտնել դիմացինի մաշկի տակ ու զգալ նրա տառապանքն ու ցավը:
Հետպատերազմյան երկրում, որի վաղվա օրն անորոշության մեջ է թաղված, իսկ ամենամոտ ապագանՙ կասկածելի ու վտանգված, պետական այրերն իրավունք չունեն անգամ մեկ լուման աննպատակ ծախսելու:
Հայտարարեիք, որ ավելի նպատակահարմար եք գտնում հունիսմեկյան համերգների գումարները տրամադրել արցախցի երեխաների բարօրությանը, անեի՛ք այդ նվիրական քայլը, կգտնվե՞ր որեւէ մեկը, որը հակառակը կպահանջեր կամ կբողոքեր: Ո՛չ, երբեք: Գոնե որոշակի առիթներն օգտագործեք ձեր հեղինակազրկված անունն ու դեմքը փրկելու համար: Բայց դրա գիտակցումն էլ չունեք;
Դուք պետք է զարմանաք, որ այսքանից հետո, մինչեւ հիմա հանրությունը ձեզանից մարդկային, մարդասիրական, կշռադատված, ազնիվ ու լուրջ քայլ է ակնկալում: Չե՞ք զարմանում, որ մենք դեռ հույսներս չենք կտրել ձեզնից, որ դեռ խելամիտ արարք ենք սպասում մի կառավարությունից, որի ներկայացուցիչ-նախարարը ընդամենը բացթողում է որակում այն ահասարսուռ, քստմնելի հանցանքը, որի հետեւանքով նկուղներում են մնացել մեր տղաների անթաղ մասունքները: Իսկ գիտե՞քՙ քանի՜-քանի տղաներ են իրենց զոհված ընկերների մարմինները մարտի դաշտից հանելու համար խփվել ու նահատակվել: Նրանք, երեխա էին, բայց գիտակցում էին հերոսացած ընկերոջ մարմինը արժանապատվորեն հողին հանձնելու կարեւորությունը, իսկ դուք պատերազմից յոթ ամիս անց հարկ չեք համարել ցավից խելագարված ծնողներին հանձնել իրենց որդիների մասունքները: Մեր տղաներն էլ էին դեռ երեխա, որ պատերազմի օրերին միանգամից մեծացան ու հասունացան, իսկ դուք ինչպես մանկամիտ ու դատարկաբան եղել էիք, այդպիսին էլ մնացիք:
Եթե նրանք մեն-մենակ կանգնել են մի քանի երկրի դեմ, կռվել ջիհադիստ գրոհայինների հետ, եթե միաժամանակ երկու պետություն են պաշտպանել, դեռ չի նշանակում, որ նրանք այնքան էին մեծացել, որ արդեն երեխա չէին:
Պատերազմի ժամանակ 18 տարեկան տղան զանգել է քրոջն ու պատմել. «Քույր, վարձկաններն այնքան մեծ են, որ ինչքան կրակում ենք, ավելի են մեծանում, խփում ենք մեկին, տասին, հարյուրին, բայց այնքա՜ն մեծ են, որ շարունակում են մեզ վրա գալ»: Երեխայի բառապաշար, երեխայի տեսած. կարծես կռիվ-կռիվ կինո կամ համակարգչային իրենց խաղերի մասին պատմելիս լինեն: Ինչե՜ր են տեսել այս երեխաները, ի՜նչ սարսափի միջով են անցել ու չեն նահանջել, չեն փախել, չեն հանձնվել, չեն վախեցել: Իսկ դուք փախչում եք լրագրողի խոսափողից անգամ, սարսափում եք այդ խոսափողից: Իսկ ձեր գերագույն գլխավորը հազար ոստիկանով է շրջում Երեւանում, զրահաբաճկոնով ու անվտանգության աշխատակիցների կենդանի վահանով է իր անձը պաշտպանում: Եվ ումի՞ց: Արցախի բունկերում պատերազմի ժամանակ անօդաչուի ձայնը լսելովՙ նա սարսափած գոռացել էՙ փրկե՜ք, եկա՜սվ, խփե՜ց, օգնեցե՜ք:
Պարոնա՛յք իշխանավորներ, ՀՀ կառավարության անդամներ ու պատգամավորներ, մեր երեխաները ձեզնի՛ց պիտի պաշտպանվեն ու ձեր ազգակործան, պետականակործան ծրագրերից. այլ վտանգներ նրանց չեն սպառնում:
Պաշտպանության կարիք դո՛ւք ունեքՙ որպես թերաճ, տհաս ու անդառնալի տգետ մանկամիտ արարածներ:
Հ.Գ.- Հանկարծ հիշել եք, որ հունիսի մեկը երեխաների պաշտպանության օրն է, տարեկան մեկ անգամ լոզունգի պես արտասանում եք այդ նախադասությունը:
Նկարի հեղինակՙ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆԱԻՐ ՅԱՆ