Դավիթ Գրիգորյանը Երեւանում ծնված-մեծացածՙ բնիկ երեւանցի է, որի պապերը 1940-ականներին հայրենադարձվել են Իրանից եւ արմատներով ամուր կառչել հայրենի հողից: 1990-ականների սկզբներին ավարտելով Գյուղատնտեսական համալսարանըՙ Դավիթ Գրիգորյանն անդադար աշխատել է բազմաթիվ պատասխանատու ոլորտներումՙ հասնելով Մետրոպոլիտենի փոխտնօրենի եւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոններին: Չնայած քաղաքում ծնված-մեծացած լինելու հանգամանքին, Դավիթ Գրիգորյանը խորապես կապված է հայրենի հողի հետ: Նա այդ հատկությունը ժառանգել է իր պապերից: Ընհանրապես հայրենի հողը Գրիգորյանների համար առաջին հերթին գաղափար է, որի մեջ պետք է հոգի դնել եւ այն պաշտել սիրո ամենամեծ դրսեւորմամբ որպես շոշափելի եւ անշոշափելի արժեք: Դա Գրիգորյանական բնավորություն է, տոհմական ժառանգություն, որն այսօր հպարտորեն վայելում են Դավիթ Գրիգորյանի երեխաներն ու թոռները:
Գրիգորյանի կարծիքովՙ հողը ցանկացած ազգային առանձնյակի համար ամենակարեւոր եւ ամենագերադրական արժեքն է, մանավանդ հայերիս համար, որովհետեւ մենք, որպես ազգային միավոր, ամենաշատը կողոպտվել ենք հենց հողի տեսքով: Գրիգորյաններին ճանաչողները լավ գիտեն, որ այդ տոհմի բոլոր ներկայացուցիչները տանել չեն կարողանում ժանգոտ զենքն ու բահը. սրանք այն երկու կարեւորագույն գործիքներն են, որոնք այդ գերդաստանը պաշտում է դեռ իր արշալույի օրերիցՙ որպես հարատեւման փոխկապացված, աներկրորդելի միջոց: Ընդհանրապես շատ յուրահատուկ ու հետաքրքիր են Դավիթ Գրիգորյանի մոտեցումներըՙ հայրենի հողի ու երեխայի հետ կապված, ըստ նրաՙ այդ երկուսի միջեւ շատ մեծ ընդհանրություն կա, որքան լավ դաստիարակես երեխայիդ, այնքան ամուր կլինի հայրենիքդ, այսինքնՙ սահմաններիդ անառիկությունն ուղիղ կապ ունի սերնդի դաստիարակության հետ:
Կրթական մեծ ճանապարհ անցած եւ կրթությունը շատ բարձր գնահատող այդ մարդու համար ծնողի ամենամեծ առաքելությունը մատաղ սերնդի մոտ հայրենիքը պաշտպանելու ունակությունը զարգացնելն է, նա համոզված է, որ հայը գենետիկորեն ունակ է դրան, միայն հարկավոր է վաղ տարիքում զբաղվել ճիշտ դաստիարակությամբ: Նրա անսահման սերը երեխաների հանդեպ չի սահմանափակվում միայն ներկայով, նա աշխարհն ընկալում է երեխաների միջոցով, ապրում նրանց միջոցովՙ ամեն պահ մտքում ունենալով նրանց անվտանգ ապագայի խնդիրը: Երեխաների հանդեպ իր սերն արտահայտելիս Գրիգորյանը հաճախ է մեջբերում Դոստոեւսկու հայտնի խոսքը «Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը»:
Սիրո այս անսահման դրսեւորումն է մտահոգ հային ու ծնողին ստիպել ռազմականացումը համատարած դատապարտող երկրագնդի փոքրիկ անկյուններից մեկումՙ Հայաստանում, որքան հնարավոր է խոսել զենքի եւ մարդու ազատության մասին, որ Աստծո տված ժառանգություն է: Նա ընդգծում է, որ երեխաների հետ շփվելիս հաճույքով կբավարարվեր միայն աշխարհի հրաշալիքների մասին խոսելով, բայց կյանքը դաժան է, քաոտիկ, եւ միջավայրը կարող է կուլ տալ ու ոչնչացնել ցանկացած մեկին, ով պատրաստ չի լինի կյանքի համար մղվող պայքարին: Այս համոզմունքով ու տրամադրվածությամբ է Դավիթ Գրիգորյանը մեծ սիրով ու պատրաստակամությամբ սկսել հովանավորել «Ապագա Զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցը, որտեղ 8-17 տարեկան երեխաները կարող են անվճար հիմունքներով ստանալ ռազմական պատրաստությունՙ հրաձգություն, մարտավարություն, դանակի նետում, լեռնագնացություն, առաջին բուժօգնություն եւ այլն: Հատուկ ուշադրություն է դարձվում ադրբեջաներենի եւ թուրքերենի ուսուցմանը, դրանք դպրոցում հատուկ ընդգծված կետեր են, որոնց բոլորը պետք է տիրապետեն, քանի որ, նաեւ ըստ Գրիգորյանի, ներկա պահին մեր հայրենիքի պաշտպանների համար խիստ անհրաժեշտություն է թշնամու լեզվին տիրապետելը: Իդեպ, օտար լեզուների կարեւորության մասին խոսելիսՙ նա նշում է, որ մեր աշխարհագրական դիրքը մեզ ստիպում է որպես առաջնային օտար լեզու ընտրել ադրբեջաներենը: Դա, նրա կարծիքով, դժբախտություն է, բայց անհրաժեշտություն: Առհասարակ Հայաստանում ռազմամարզական կրթօջախները շատ չեն, տարիներ առաջ էլ անհասկանալի պատճառներով փակվեց Փոքր Մհեր կրթահամալիրը, որը ծանր անդրադարձ ունեցավ Գրիգորյանի վրա եւ նա սկսեց մտածել բացը լրացնելու մասինՙ գտնելով, որ քաոսի դեմ պայքարելու ամենալավ միջոցն ամենուր լույս ստեղծելն է: Նա այս դպրոցի հետ կապն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում, քանի որ պատրաստում է մարտիկներ, որոնք հետո պաշտպանելու են հայրենիքը, իսկ մարդուն հայրենիքը պաշտպանելու ունակություն տալուց ավելի նվիրական գործ, անշուշտ, չկա: Գրիգորյանը վստահ է, որ այսօր աշխարհաքաղաքական մեծ գործընթացներ են ծավալվում, իսկ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ անպայմանորեն առնչվելու է եւ շատ լուրջ է առնչվելու այդ զարգացումների հետ, ուստի անհրաժեշտ է բոլոր ոլորտներում պատրաստվելՙ դիմագրավելու սպասվող արհավիրքին եւ հնարավորինս քիչ կորուստներով ու պատվով դուրս գալ քաոսի միջից: Դիմագրավման ոլորտները Գրիգորյանի համար շատ ենՙ բազմապիսի, բայց ամենակարեւորն, իհարկե, մարտունակ բանակ ունենալն է, որի իրականացման համար այսօր պետք է ներդնել ամեն բան: Այդ գաղափարին է ծառայում դպրոցը: Նա գտնում է, որ երկու տարի ժամկետային ծառայությունը բավականին քիչ էՙ ռազմական լավ պատրաստություն ստանալու համար, հետեւաբար փորձում է ստեղծել այնպիսի մի մեծ համակարգ, որտեղից դուրս եկած պատանիները բանակ կզորակոչվեն բավականին պատրաստ վիճակում եւ ապրելով երկու տարի խիստ ռազմականացված պայմաններումՙ կդառնան իսակակն պրոֆեսիոնալներ:
Դպրոցին հովանավորելու գաղափարը Դավիթ Գրիգորյանի մոտ ծագել է նաեւ այն բանից հետո, երբ նա երկարատեւ ուսումնասիրության է ենթարկել Հայաստանի դպրոցներում ուսուցանվող Ռազմագիտություն առարկան եւ եկել եզրակացության, որ մեզ նման հարեւաններ ունեցող պետության պարագայումՙ այդ առարկային հատկացվող դասաժամերը շատ քիչ են, բացի այդ ուսուցման մեթոդներն ու մոտեցումները, ինչպես նաեւ նյութը մակերեսային են եւ որեւէ աղերս չունեն 21-րդ դարի բանակաշինության ու ռազմական գործի հետ: Գրիգորյանի առաջիկա ծրագրերից է կրթական ռեֆորմների առաջարկը, որի արդյունքում Ռազմագիտություն առարկան ոչ թե դուրս կմղվի դպրոցներից, ինչպես հիմա են փորձում անել, այլՙ կխորացվի, կընդլայնվի:
Իր այս գործունեությամբ Գրիգորյանը միաժամանակ ցանկանում է փողոցից կտրել, վնասակար սովորություններից հեռացնել եւ հայրենասիրություն սերմանել այն պատանիների մեջ, ովքեր կյանքի ինչ-որ դիպվածով ընտրել են ապագայի համար ոչ այնքան նպատակահարմար ուղի: Նա կարծում է, որ ցանկացած մարդ, մանավանդ երիտասրադները, սխալներ են գործում, բայց ավագ սերունդը նրա համար է, որ դաստիարակությամբ շտկի գործած սխալներն ու կանխի ենթադրելիները: Գրիգորյանը ցավով արձանագրում է, որ այսօր կան երիտասարնդերի խմբեր, որոնց արժեհամակարգում հայրենիքը վերջին տեղում է: Նա այդ վիճակի համար մեղավորներ փնտրելիս առաջինը մատնանշում է իր սերնդակիցներին, որոնք ժամանակին մատների արանքով են նայել մատաղ սերնդի դաստիարակությանը եւ այսօր, ցավոք, ամեն քայլափոխի կարող ենք տեսնել երիտասարդների, որոնց խորշում են ազգայինից ու ավանդականից, այնինչ, ինչպես սիրում է ասել Գրիգորյանըՙ մեր մակարդն ազգայինն է: Առաջիկայում դպրոցի ծրագրերն էլ ավելի ընդլայնելու, խորացնելու եւ մասնագիտացնելու կարիք է տեսնում Դավիթ Գրիգորյանը, որովհետեւ նա ավելի շատ ուշադրություն է դարձնում բովանդակությանը, քան ձեւին: Նա շատ ծանր է տանում օրնիբուն անգործ երիտասարդների վիճակը եւ առաջիկայում ռազմամարզական հմտություններ ստանալու գրավիչ ուղիներ կփնտրի նրանց համար նույնպես: «Երիտասարդությունն է մեր ամենամեծ կապիտալը, նրանք մեր սերունդներն են, մեր շարունակությունը եւ մենք պարտավոր ենք անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի նրանց ճիշտ ուղի ցույց տանք: Այդ ճանապարհին մենք չպետք է նահանջենք, պահանջելով, համոզելով, պարտադրելով ու խնդրելով պետք է կրթենք մեր երխաներին, որովհետեւ անգրագիտությունից են ծնվում ամենամեծ հանցագործությունները»,- պնդում է Դավիթ Գրիգորյանը:
Մոտ ապագայում «Ապագա զինվոր» ռազմամարզական դպրոցը մասնաճյուղեր կունենա նաեւ մարզերում, որտեղ նման կրթօջախների կարիքն ավելի շատ կա: Այդ գիտակցումով ու պատրաստակամության Գրիգորյանը շարժվում է առաջՙ իր ձեռքն անկեղծորեն մեկնելով բոլոր այն հայրենակիցներին, որոնք մտահոգ են մեր երկրի ներկայով ու ապագայով: