Հայտնի է իրողություն է, որ չնայած «փոքր ածու» լինելունՙ հայերս ամենուրեք ենք: Անգամ ամենաանհավանական վայրերում, երկրագնդի ամենից քիչ բնակեցված շրջաններում էլ կիմանանք ինչ-որ ժամանակ որեւիցե հայի հեռավոր ներկայության մասին… Վահրամ Մավյանն իր նմանատիպ հանդիպումներն արձանագրեց իր երկու գրքումՙ «Ամեն տեղ հայ կա» եւ «Հայու բեկորներ» խոսուն վերնագրերով…
Տարիներ շարունակ տարբեր մարդկանցից լսել եմ, սարոյանական խոսքով ասած, «հայկական պզտիկ պատմություններ» ամենաանհավանական վայրերում հայերի հետ հանդիպումների մասին… ամեն մեկըՙ մի ավարտուն նովել, մի ամբողջական կարճամետարժ կինոնկար… որոնք եւ ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը:
1. Հիմալայների գուրուն եւ հայուհին
Պատմում է մի քանի անգամ Հնդկաստան այցելած երեւանցի Հայկ Իսախանյանը .
– Հիմալայներ, Հյուսիսային Հնդկաստան, Ուտտարակհանդ նահանգի Ուտտարկաշի քաղաք: Գնացել էի հոգեւոր ուղղության մի առաջնորդի մոտ, որը յոգայի իմ ուսուցիչն էր: Մի անգամ ուսս վնասեցի, մոտեցա ուսուցչիս եւ հարցրի, թե ի՞նչ վարժությամբ կարող եմ ուսս կարգի բերել: Եվ որքան հանկարծակիի եկա, երբ նա ասաց.
– Ուսի ցավն անցկացնելու մի լավ ձեւ ինձ սովորեցրել է Հայաստանից մի կին, որը տարիներ առաջ եկել էր մոտս…
2. Ժենգյալով հացը տանտրիկ տաճարում
Հայկը շարունակում է.
– Կրկին Հնդկաստանում էի, նորից Հիմալայներում: Փնտրում էի մի տիբեթցի ուսուցչիՙ իրենց տարբեր տեխնիկաները յուրացնելու նպատակով: Ինձ ուղարկեցին Դալայ Լամայի քաղաքից ոչ հեռու մի տանտրիկ տաճար, որը տիբեթցիների համար իր նշանակությամբ երկրորդն էր: Հասա այնտեղ. մի շատ հետաքրքրական, գեղեցիկ տաճար էր, որտեղ ծիսակատարություն էր լինելու: Մեծ թվով տիբեթցիներ էին եկել, նաեւ շատ զբոսաշրջիկներ: Պատրաստվում էի ներս մտնել, մեկ էլ հանկարծ հետեւիցս լսեցի.
– Բառեւ, ախպյեռ, ո՞նց ես:
Ականջներիս չհավատացի: Հիմալայներ, տանտրիկ տաճար, ու հանկարծՙ ռուսական առոգանությամբ հայերեն խոսք: Շրջվեցի ու տեսա 45-50 տարեկան, սափրած գլխով մի հաղթանդամ տղամարդու: Իրար ձեռք սեղմեցինք:
– Ճակատիս է՞ր գրված, որ հայ եմ,- հարցրի նրան:
– Ախպյեռ,- ասաց նա ու շարունակեց ռուսերեն,- մենք խմբով Ուկրաինայից ենք եկել, բայց ես Հադրութից եմ:
Շատ ամուր գրկախառնվեցի արցախցի ուկրաինացու հետ:
– Երեւանցի ե՞ս, – հարցրեց նա:
– Երեւանցի եմ, բայց պապս էլ Ղարաբաղից էր:
Այս խոսքի վրա նորից գրկախառնվեցինք ու մտանք տաճար: Ծիսակատարությունը սկսվեց, բոլորս ծալապատիկ նստած ենք, բայց թե ինչ էր կատարվումՙ ես ու նոր ծանոթս ո՛չ տեսնում էինք, ո՛չ լսում, անդադար բարձրաձայն խոսում էինք: Մեկ էլ արարողության ամենաթեժ պահին, երբ զանգուլակներ էին զնգզնգացնում, ուկրաինացին հարցրեց.
– Ախպյեռ, դու ժինգյալով խաց սիռումյե՞ս…
Որտեղիցՙ որտեղ… Սկսեցինք անզուսպ քրքրջալ: Տիբեթցի հոգեւորականները, որ շատ ներողամիտ եւ հանդուրժող էին, արդեն շրջվում ու հայացքներով մեզ էին սաստում…
3. «Հայ առյուծները»
Մեկ այլ պատմությունՙ Թաիլանդից, որը Հայկ Իսախանյանին պատմել էր այնտեղ բնակված հայ գործարար Հրանտը, այժմ հանգուցյալ: Երբ նա նոր էր գնացել Թաիլանդ, մի անգամ այդ տարածաշրջանում ապրող հայերով որոշել են համատեղ գործ սկսել Թայվանում: Հասել են Թայվան, հանդիպել մի խումբ տեղացի երիտասարդ գործարարների: Երբ վերջիններս իմացել են, որ հայ են, նստեցրել են ֆուրգոնը ու քշել ջունգլիների միջովՙ առանց ասելու, թե ուր են տանում: Տղաները կարող էին փախչել, բայց տեղ էլ չկար փախչելու: Ի վերջո, հասել են մի գյուղ, հրավիրել են մի խրճիթի մոտ, որի դիմաց մի շատ ծեր մարդ է նստած եղել: Թայվանցիները ծերունուն ինչ-որ բաներ են ասել, օգնել են ոտքի բարձրանալ, ու ծերունին հայերի առջեւ խոնարհվել է: Բոլորն ապշել էին, թե այս 30-40 տարեկան օտարազգի տղամարդկանց առջեւ ինչո՛ւ է խոնարհվում այս 100-ն անց պատկառելի ծերունին: Վերջինս պատմել է, որ իր երիտասարդության տարիներին չինական հեղափոխության ժամանակ չինացիների հետ կողք-կողքի կռվել են նաեւ «հայ առյուծներ»: Ծերունին ոչ միայն կրում էր այդ հիշողությունը, այլեւ իր շրջապատի երիտասարդներին էր պատմել այդ մասինՙ սերնդեսերունդ փոխանցելով այդ իրողությունն այնպես, որ հիմա այս երիտասարդները, առաջին անգամ հանդիպելով հայերի, հարկ էին համարել նրանց տանել այդ ծերունու մոտ…
4. Երախտապարտ վիետնամցին
Արտաշես անունով մի հայ Վիետնամում ճամփորդել է ընկերոջ հետ: Մեծ քաղաքներից մեկում պատահաբար շեղվել է գլխավոր ճանապարհից ու հայտնվել ինչ-որ հետին փողոցում: Մեկ էլ չգիտես որտեղից հայտնվել են մոտոցիկլավարներ ու շրջապատել են իրենց: Տղաները հասկացել են, որ իրենց անպայման թալանելու են, բայց հարց է, թե ողջ կթողնե՞ն արդյոք: Արտաշը ռուսերեն ասել է. «Оппа, мы пропали» («մենք կորանք»): Այդ խոսքի վրա մի հաղթամարմին վիետնամցի առաջ է եկել ու մատը տնկելով տղաների վրաՙ հարցրել է ռուսերեն. «Русские?» («ռո՞ւս եք»): «Армяне» («հայ ենք»), պատասխանել են տղաները: Այդ խոսքի վրա հաղթամարմինը մյուս տղաներին ինչ-որ բան է կարգադրել, հայերին նստեցրել են մոտոցիկլետներն ու քշել ինչ-որ տեղ: Արտաշեսն ու ընկերն ընկել են մտքերի մեջ, որ եթե իրենց թալանելու ու սպանելու լինեինՙ արդեն կանեին, բայց հիմա ո՞ւր են տանում…
Շուտով հասել են ինչ-որ շքեղ ռեստորան, վիետնամցիները մեր տղաներին մի լավ պատիվ են տվել ու չգիտես ո՛րերորդ բաժակից հետո, երբ հայերն արդեն համարձակություն են ձեռք բերել, հարցրել են, թե, ի վերջո, սա ի՞նչ հաշիվ է:
Այդժամ հաղթանդամ վիետնամցին պատմել է, որ ինքը սովորել է Մոսկվայում ու որ մի անգամ իր վրա հարձակվել են ռուս սափրագլուխները: Ու միայն մի քանի հայ ուսանողներ են հասել ու ազատել իրեն…
5. «Պարո՛ն, ես բոզ չեմ…»
Իմ լուսահոգի դասախոս Պ. Հ.-ի պատմածը.
– Ֆրանսիայում եմ, մնում եմ հյուրանոցում: Ամեն առավոտ հարդարում եմ անկողինս: Մի անգամ սենյակ մտավ հավաքարարուհինՙ սեւամորթ մի կին ու սկսեց ֆրանսերեն երկար-բարակ խոսել: Ես նեղվեցի, որ չեմ հասկանում նրան, հեռախոսով կապվեցի նույն հյուրանոցում իջեւանած ֆրանսերենին տիրապետող գործընկերոջս ու ասացի. «Մի հատ արի տեսՙ էս բոզն ինձնից ինչ ա ուզում»: Մեկ էլ սեւամորթ կինն անմիջապես հայերեն ասաց. «Պարո՛ն, ես բոզ չեմ»: Ամոթից քիչ մնաց ուշաթափվեի: Սկսեցի կմկմալով ներողություն խնդրել, մինչ նա վարժ արեւմտահայերենով բացատրեց, որ անկողինս հարդարելովՙ իր գործը կրկնակի եմ դարձնում, որ այլեւս այդպես չանեմ: Երբ արդեն կարող էի նրա աչքերին նայել, հարցրի, թե որտեղ է սովորել հայերեն: Կինն ասաց, որ տարիներ շարունակ աշխատել է հայերի տանը, որոնք էլ նրան սովորեցրել են հայերեն խոսել…
6. «Բա՛րեւ, Ռո՛ւբիկ»
Երջանկահիշատակ կինոբեմադրիչ Ռուբեն Գեւորգյանցը պատմում էր, որ խորհրդային տարիներին զբոսաշրջիկների խմբով մեկնել է Հնդկաստան: Մի գավառում իրենց ասել են, որ վաղը պիտի գնան լեռնային մի գյուղ ու հանդիպեն այնտեղ ապրող մի գուրուի:
Հաջորդ օրը, երբ հասել են այդ գյուղը, ներկայացել է գուրուն, որն իրեն տեսնելովՙ անմիջապես հայերեն ասել է. «Բա՛րեւ, Ռուբիկ»: Գեւորգյանցը նույնպես նրան ասել է.
– Բա՛րեւ, Ռո՛ւբիկ,- ու գրկախառնվել են:
Խորհրդային զբոսաշրջիկների խմբերի անբաժան մասը կազմող ՊԱԿ-ի աշխատակիցն ամիջապես մոտեցել ու հարցրել է, թե ի՛նչ լեզվով է խոսում գուրուի հետ ու ի՛նչ ասացին իրար: Գեւորգյանցը ծիծաղելով ասել է, որ այդ գուրուն Երեւանից իրեն ծանոթ արձակագիր Ռուբեն Ֆիլյանն է, որը մի քանի տարի առաջ տեղափոխվել է Հնդկաստան…
7. Ֆիջիահա՞յ
Մի առիթով մեր հարեւան Արմեն Բաբայանը պատմեց, թե ինչպես մի անգամ Վլադիվոստոկում ապրող իր Շողակաթ հորաքրոջ ամուսինըՙ ծովային Միխայիլ Յակովլեւիչ Բերկովիչը , 1960-ականներին Ֆիջիում խորհրդային պատվիրակության հետ հանդիպում է ունեցել մայրաքաղաք Սուվայի քաղաքագլխի հետ: Վերջինս հետաքրքրվել է հյուրերի ընտանիքներով եւ լսելով, որ Բերկովիչն ամուսնացած է հայուհու հետ, հանդիպումից հետո մոտեցել է նրան ու ասել.
– Ուրեմն քո կինը հա՞յ է… ես նույնպես հայ եմ…
Բերկովիչը հետագայում կնոջը պատմել է, որ ամեն ինչ կսպասեր, բացի Ֆիջի կղզում իր կնոջ հայրենակցին հանդիպելուց…
Մենք փորձեցինք պարզել այդ քաղաքագլխի անունը, սակայն չհաջողվեց: Ենթադրում ենք, որ խոսքը կարող է վերաբերել Սուվայի քաղաքային խորհրդի անդամներից մեկին, որոնց մեջ 1960-ականներին եղել են նաեւ վեց եվրոպացիներ…
8. Իսլանդածին հայուհին
Ավագ որդիս ընկերուհու հետ 2018-ին մեկնել է Իսլանդիա: Ռեյկյավիկի օդակայանում հերթում կանգնած զրուցելիս են եղել, երբ նրանց է մոտեցել օդակայանի աշխատողի համազգեստով մի երիտասարդ աղջիկ ու հայերեն հարցրել է.
– Հայերեն ե՞ք խոսում…
Նրա ձայնի մեջ նկատելի զարմանք է եղել…
– Կարող ե՞մ ձեր անձնագրերը տեսնել…
Նա սկսել է երկար զննել ՀՀ անձնագրերը:
– Առաջին անգամ եմ հայկական անձնագրեր տեսնում,- ասել է աղջիկը ու հայտնել, որ ինքը ծնվել է Իսլանդիայում, իսկ ծնողներն Իսլանդիա են տեղափոխվել… Վանաձորից: Եվ անմիջապես իր օգնությունն է առաջարկել հայրենակիցներին…
Եվ այսպես, Ֆիջիից մինչեւ Իսլանդիաՙ Հիմալայան լեռների վրայով, ամենուրեք կան հայու հետքեր, հայերի մասին հեռու-մոտիկ հիշատակներ, որոնք տվյալ դեպքերում, ինչպես տեսանք, բարի էին…
Այդուհանդերձՙ երանի այն ազգին, որ ստիպված չի լինում գաղթել ու մնում է իր պապենական երկրում ու դարեդար շենացնում ու ծաղկեցնում է այն…