Օրերս Ամերիկահայ մշակույթի ֆոնդի «Փերիա» մշակութային կենտրոնը, բարձր գնահատելով իրանահայ գործիչ Հովիկ Մինասյանի բեղուն գործունեությունը, օգտվելով նրա` «Արաք քաղաքի եւ Քյազազ գավառի հայ ազգաբնակչությունը» արժեքավոր գրքից, Սարգիս Նաջարյանի հեղինակությամբ ներկայացրել է Իրանի Քյազազ գավառի հայ բնակչության մասին հաղորդաշար:
Հատկանշական է, որ իրանահայ համայնքում կարեւոր իրադարձություն է Իրանի կառավարության կողմից Հովիկ Մինասյանի անունով եւ դիմանկարով թողարկած փոստային նամականիշը, որը դարձել է աշխարհի տարբեր երկրներում եւ, հատկապես, ԱՄՆ-ում բնակվող երբեմնի իրանահայերի եւ նրանց հայրենակցական միությունների հպարտության ու ներշնչանքի առարկան:
Հիրավի, Հովիկ Մինասյանի նշված աշխատության շնորհիվ կարելի է պատկերացում կազմել իրանական Արաք քաղաքի հիմնադրման եւ զարգացման պատմության մասին, որի կերտողներից են եղել նաեւ բազմաթիվ իրանահայեր: Հայտնի է, որ հայության իրանական հատվածը դարեր շարունակ իր ներդրումն է ունեցել այդ երկրի զարգացման գործում: Դա արտահայտվել է հասարակական կյանքի տարբեր բնագավառներում, որոնց մեջ բացառություն չի եղել քաղաքաշինությունը:
Արաք քաղաքը Իրանի Կենտրոնական նահանգի վարչական կենտրոնն է: Քաղաքը գտնվում է Թեհրանից 288 կիլոմետր հեռավորության վրա եւ նախկինում կոչվում էր Արաղե Աջամ, ապա Սուլթանաբադ: Ռեզա շահի օրոք անվանակոչվում է Արաք: Շրջապատված լինելով մի կողմից Ալբորզ եւ Զագրոս լեռնաշղթայով, մյուս կողմից անապատով, ունի փոփոխական կլիմա: Այդ պատճառով էլ համարվում է այլընտրանք Իրանի մայրաքաղաք դառնալու համար:
Քաղաքը հիմնվել է մոնղոլ-թաթարների կողմից ավերված հին Դաշտգերտ քաղաքի ավերակների վրա: Արաքը 1808 թվականին հիմնել է տեղի կայազորի հրամանատար հայազգի Յուսեֆ (Հովսեփ) խան Գորջին, որը եղել է Ֆաթալիշահ Ղաջարի շահի վստահելին:
Յուսեֆ խանը շահի հրամանով նշանակվում է քաղաքապետՙ քաղաքն անվանելով Արաղե Աջամ: Նա փոխում է քաղաքի միջով հոսող գետի ընթացքը եւ կառուցում պաշտպանական ամրոց: Գեղեցիկ քարվանսարաներով այն հռչակվում է որպես քաղաքների հարս: Արաքի շրջանը նախկինում անվանվել է նաեւ Պարսկական Իրաք:
Արաքն Իրանի ճարտարապետական հազվագյուտ ոճով կառուցված քաղաքներից է: Այն մոդեռն քաղաք է, իր խաչաձեւ ոճով, հավասար ու լայն փողոցներով, որոնք միմյանց հատում են հորիզոնական դիրքով եւ գմբեթաձեւ շուկայով (բազար): Շուկայի մուտքի դռան վրա եղել է հետեւյալ արձանագրությունը. «Կառուցեց Յուսեֆ Սամին նոր Եգիպտոսի շենքը»: Այս արձանագրությունը Մելաթ բանկի կառուցման պատճառով ոչնչացվել է:
Արաքը հայտնի է որպես Իրանի առաջին շախմատային նոր քաղաքը: 880 մետր երկարությամբ ուղիղ խաչաձեւ շուկանՙ շախմատային քաղաքի կենտրոնն է: Համայնքային գործիչ Միհրդատ Մարտիրոսյանն իր հուշերում գրում է, որ պահպանվել է մի հետաքրքրական պատում: Պատմում են, թե քառակողմ հրապարակի առաստաղը լինելով շատ բարձր եւ լայնածավալՙ որեւէ ճարտարապետի չի հաջողվում կառուցել այն: Կառուցելուց քիչ անց գմբեթը թափվում, ավերվում էր: Վերջապես, մի ճարտարապետ հանձն է առնում կառուցել այն: Նոր ճարտարապետը, գմբեթի մի մասը հիմնելովՙ պահանջում է, որ մի թոկ բերեն, նա թոկով չափում է գմբեթի բացվածքը եւ թոկը հանձնում քաղաքապետինՙ խնդրելով, որ ապահով պահեն այն: Այս դեպքից հետոՙ ճարտարապետն անհետանում է եւ առաստաղը մնում է անավարտ: Որոշ ժամանակ անց ճարտարապետը վերադառնում էՙ պահանջելով, որ թոկը բերեն: Երբ գմբեթի բացվածքը չափում են, ցույց է տալիս, որ բացվածքի ծավալը նախկինում չափվածից ավելի լայն է: Ճարտարապետը բացատրում է, թե ահա սա էր գմբեթի թափվելու գաղտնիքը: Այսպիսովՙ նա կառուցում է գմբեթը, որը մինչ օրս մնացել է կանգուն:
Թշնամուն չի հաջողվել ներխուժել նախկինում երկհարկ տներով այս քաղաքը, քանի որ խաղաղ ժամանակ մարդիկ ապրում էին վերին հարկում, իսկ պատերազմի ժամանակ տեղափոխվումՙ ստորին հարկ:
Ռեզաշահ Փահլավիի օրոք Իրանի արեւելքն արեւմուտքին կապող երկաթուղագծի կառուցմամբ հիմնված Արաք կայարանը նպաստեց քաղաքի զարգացմանը: Ներկայումս քաղաքը համարվում է կրթամշակութային եւ տնտեսական կենտրոն:
Արաք քաղաքի պատմական տեսարժան վայրերից է բաղնիքը, որն այսօր ունի թանգարանի կարգավիճակ: Բաղնիքի ներսում ցուցադրված են տարբեր իրեր, ղահվեխանեի (սրճարանի), լոգանքի եւ քաղաքային մշակույթն արտացոլող նկարներ, ինչպես նաեւ Ղուրանից ձեռագրեր ու վավերագրեր:
Արաքը եղել է գորգագործության կենտրոն: Քաղաքի հայտնի դարձած հայազգի գորգավաճառներ են եղելՙ Հարություն եւ Ավետ Ավետյան եղբայրները, Խաչիկ Մարտիրոսյանը: 1850 թվականից սկսվել է հայերի հոսքը Սուլթանաբադ, երբ հինգ ընտանիք մոտակա գյուղերից հաստատվել է քաղաքում:
Հայկական գաղթօջախների պատմության մեջ թերեւս բացառիկ ու հետաքրքրական մի փաստ կապված է Արաքի հայության հետ: Առաջին աշխարհամարտից հետո ավելի քան 30 ամերիկահայ վաճառականներՙ Կարագյոզյան, Թավշանջյան, Թիրաքյան, Կազանչյան, Թելֆեյան, Բարդվիլյան, Ավանոզյան, Ավագյան, Նահիզյան եւ ուրիշներ, հաստատվում են Արաք քաղաքում, որը կարճ ժամանակում վերածվում է գորգի առեւտրի կենտրոնի:
Հայերի աճն Արաքում օրախնդիր էր դարձրել եկեղեցի եւ դպրոց ունենալու պահանջը: Հայոց Ս. Մեսրոպ եկեղեցու կառուցման (1914 թ.) աշխատանքում մեծ դեր է ունեցել Տեր Ղազարը: Նա 65 տարի որպես քահանա ծառայել է Արաք քաղաքին եւ շրջակա գյուղերի եկեղեցիներին: Հայ ազգային դպրոցը հիմնվել է 1908 թվականին:
20-րդ դարի առաջին քառորդին Արաքն իր շուրջ ուներ չորս հայաբնակ գավառներՙ Քեամարա, Քեազազ, Բուրվարի եւ Գափլաՙ կազմված 17 գյուղիցՙ ավելի քան 5000 բնակչությամբ: Այդ շրջանի հայերից եկան հաստատվեցին Արաք քաղաքումՙ կառուցելով նորաոճ բնակարաններ: Հիշարժան է, որ Իրանում հյուրընկալված եվրոպացի պաշտոնյաները, որպես վարձկալներ, մեծ մասամբ ապրում էին հայերի նորակառույց շենքերում:
Օգսեն եւ Խոսրով Աճեմյան եղբայրներիՙ Արաղչիում «Արաք» կինոթատրոնի բացումը աշխուժացրեց քաղաքային կյանքը եւ այն տեղացիների կողմից հայտնի դարձավ «Սինեմա մուսիո» անվամբ: 1947-1952 թվականներին հայտնի կինոժապավեններն էինՙ «Դոխթարե լոռ», «Բաղդադի քառասուն գողերը», «Ալի Բաբան», «Թարզանը», «Չառլի Չապլին» եւ «Լորել-Հարդին»: Նշելի է, որ ժապավենները ցուցադրվել են բնօրինակ լեզվով, ապա պարբերաբար դրանց բովանդակությունը գրվել է վարագույրի վրա պարսկերենով, իսկ կրթվածները բարձրաձայն կարդացել են, որպեսզի մյուսները լսեն: Այդ ժամանակ բացի հայ կանանցից, այլ կրոններին պատկանող կանայք չեն մասնակցել ցուցադրությանը :
Ինչ վերաբերում է քաղաքային կյանքում երթեւեկությանը, ապա XX դարի կեսերին էլ այն մնացել էր ավանդական: Պարսիկ կառապանների հետ աշխատում էր բոլորի կողմից վստահելի ու բարի Ավետ Դորոշքեչին (կառապանը): Քաղաքում հայտնի հայերից էին պարսիկների կողմից սիրված աշուղ Ենոք Շահբանդարյանը, քաղաքի կյանքն իրենց աշխատանքներում անմահացրած լուսանկարիչ Մովսես Գրիգորյանը, նկարիչներՙ Սահակը, Թովմասը եւ Աշոտը:
Թեեւ այն փաստին, որ հայերն Արաքում փոքրաթիվ են եղել, այդուհանդերձ մի շարք անվանի գործիչներ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Իրանի հայ համայնքի երեւելիների ցանկում: Մասնավորապես, համայնքից միջազգային գիտական հանրությանը հայտնի է Վիկտոր Համբարձումյանի մտերիմ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան եւ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) անդամ, աստղաֆիզիկոս Վահե Պետրոսյանը:
Անվանի արաքահայերից են Արաքի Հայ մշակութային միության նախագահ Աբրահամ Հովասափյանը, գրող Հայկ Հովսեփյանը, պարսկերեն-հայերեն բառարան կազմած Հովհաննես Տեր-Պետրոսյանը, գրականագետ Շաքե Աղաջանյանը, ինչպես նաեւ «Սիմորղ Բոլուրին» հայտնի մրցանակի արժանացած «Փարդե ախար», «Ֆախթե», «Էսքանդար» ֆիլմերի ռեժիսոր Քարիմ Մասիհի Վարուժը, «Գողթան» երգչախմբի հիմնադիր ղեկավար Էդիկ Հովսեփյանը եւ այլք:
Հիրավի, Արաքում եւ Իրանում ընդհանրապես մեծ անուն են թողել բժիշկներՙ Ադվանտիստ հիվանդանոցի ղեկավար Արզուն, Սուլթան Ամիրյանը, Վարդանի Էդվարդը, Էմմա Հախնազարյանը, Զավեն Ներսիսյանը, անեսթեզոլոգ Անդրանիկ Հովասափյանը, Հայաստանին եւ Արցախին առողջապահական տարբեր հարցերում աջակցած Շավարշ Հովասափյանը, Մովսես Նիսանյանը: Վերջինիս մասին բանասեր Հովիկ Մինասյանը գրում է. «Մեծահարգ անձնավորություն էր, բարեսիրտ էր, անձնվեր իր գործով: Քաղաքում յաւիտենական դարձրեց իր անունը: Քաղաքապետի կարգադրութեամբ, Խայեամ պողոտան անւանակոչւեց իր անունով, որը Իրանի յեղափոխութիւնից յետոյ, կոչւեց նահատակ Դոքտ. Չամրանի անունով: Երկար տարիներ Արաք քաղաքում աշխատելուց յետոյ տեղափոխւեց Թեհրան…»:
Խոսելով համայնքի ժողովրդագրության մասինՙ նշենք, որ 1980-ական թվականներին Արաքում բնակվել է 150 հայ ընտանիք կամ շուրջ 600 հոգի: Ներկայումս Արաքում եւ Քալավայում խիստ նվազել է հայության թիվը եւ կազմում է մոտ 250 հայ: