Այս երեւույթի մասին շատ է գրվել: Հատկապես նոր պատմության շրջանում առաջինը ցեղասպանված հայ ժողովրդի մեծ թվով մտավորականներ են անդրադարձել այդ ցավոտ թեմային: Ավելին, դրա մասին պատմել ու գրել են նաեւ շատ ականատեսներ ու հրաշքով փրկվածներ: Այսօր էլ է գրվում ու, վստահ եմ, դեռ շատ է գրվելու: Բայց դասախոսական երկարամյա իմ փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի մեծ մասը մեզանում իրականում չի կարողանում բացատրել, թե ինչն ինչոց է: Սովորաբար երբ հարցնում ես, թե ինչ է ցեղասպանությունը պատասխանում ենՙ 1915 թ. ապրիլի 24-ին թուրքերը կոտորեցին շատ հայերի, եւ սրանով ավարտվում է ամեն ինչ: Նույնիսկ մեծ մասը չեն պատկերացնում, որ զոհերի քանակն էական չէ եւ այլն: Որոշ տարբերություններով իրավիճակն ավելի փայլուն չէ նաեւ Սփյուռքում:
Ես ցեղասպանագետ չեմ, բայց հենց այդ պատճառով հայերիս համար ամենացավոտ հիմնախնդրի հերթական տարելիցին ընդառաջ որոշեցի անդրադառնալ թեմային: Ոճրագործ թուրքերին ու նրանց ոչ պակաս հանցագործ հովանավորներին պատմության անարգանքի սյունին գամելու, հրապարակավ դատափետելու փոխարեն այս անգամ ցանկանում եմ հատկապես երիտասարդ սերնդին հնարավորինս պարզ ու հասկանալի ներկայացնել ցեղասպանության իմացության այբուբենըՙ որպես խոնարհում մեր մեկուկես միլիոն անմեղ նահատակ-սրբերի հիշատակին եւ որպեսզի հայ մարդը կարողանա գոնե ընդհանուր եւ հիմնական բնութագրել, թե ինչ ասել է ցեղասպանություն:
Ցեղասպանություն հունարենՙ «ցեղ» եւ «լատիներեն» սպանում եմ եզրույթների համակցություն է: Բառաձեւը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս բառաձեւով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Ամրագրված է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված եւ 1951 թ. դեկտեմբերի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայում»: Ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին :
Կոնվենցիայում ասված էՙ որեւէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում սպանության, մարմնական կամ մտավոր ծանր վնաս պատճառելով, այդ խմբի համար միտումնավոր այնպիսի կենսապայմաններ ստեղծելով, որոնք հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը կամ այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելով: Իսկ ամենապարզ բնորոշմամբՙ երբ մարդուն սպանում են ազգային պատկանելության համար… Ինչպես դա արել ու առաջին իսկ հնարավորության դեպքում շարունակում են անել թուրքերըՙ սպանում էին միայն այն բանի համար, որ դիմացինը հայ է ու վերջ:
Վերջին հարյուրամյակում առավել հայտնի են հայերի ցեղասպանությունն ու տեղահանումը Օսմանյան կայսրությունում 1895-1923 թթ. (Մեծ եղեռն), նրանց ոչնչացումն Ադրբեջանում 1988-1993 թթ. (Մարաղայի կոտորած, Սումգայիթի, Բաքվի ու Գանձակի ջարդեր), նացիստական Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների (Հոլոքոսթ), գնչուների եւ խորհրդային ռազմագերիների ոչնչացումը, Պոլ Պոտի եւ Իենգ Սարիի ռեժիմի օրոք 1975 – 79 թթ. երեք միլիոն կամբոջացիների ոչնչացումը, 1994 թ. Ռուանդայում զանգվածային ջարդը, որի ժամանակ հութու ցեղը ոչնչացրեց թութցի ցեղից 600000 հոգու, 1995 թ. տեղի ունեցավ բոսնիացիների սպանդը եւ այլն:
Իսկ ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը կամ Մեծ եղեռնը (թուրք.ՙ Ermeni Soyk r m , անգլ.ՙ Armenian Genocide): Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի եւ հետագա տարիներինՙ 1915-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել եւ բնաջնջվել Արեւմտյան Հայաստանի եւ Օսմանյան կայսրության մյուս նահանգների հայ բնակչությունը: Այսինքնՙ երիտթուրքական կառավարության կողմից հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված այդ ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետեւանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերըՙ որպես հանցագործության շարունակություն եւ նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք, անվանվում է Հայոց Մեծ եղեռն կամ Հայոց ցեղասպանություն: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Կարեւոր է իմանալ նաեւ, թե ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը: Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն էՙ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին: Ըստ որոշ աղբյուրների` Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռեւս 1910-1911 թթ.-ներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում: Դրանց որոշումներում կարեւորվում էր հայերի ֆիզիկական բնաջնջման ծրագիրը, որով միանգամից վերջ կդրվեր Հայկական հարցին, Օսմանյան կայսրությունը կազատվեր հայ տարրից, դրանով ամբողջ Անատոլիան կդառնար թուրքերով բնակեցված միատարր երկիր, հայերի հարստությունը կդառնար թուրքական պետության սեփականությունը եւ ամենամեծ խոչընդոտի անհետացմամբ ճանապարհ կհարթվեր համաթուրքական գաղափարի իրագործման համար:
Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար: Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը եւ Էնվերը, ինչպես նաեւ «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների եւ Պոնտոսի հույների ջարդերը:
Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիւը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կա՛մ բռնի մահմեդականացվեցին, կա՛մ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում :
Ցեղասպանության իրագործման մեխանիզմը: Ինչպես արդեն ասվեց, ցեղասպանությունը մարդկանց որեւէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետեւաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այդ քաղաքականությունն իրականացնելու համար:
Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաեւ ապրիլի 24-ից հետո): Հենց այդ ձերբակալություններով եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ եւ, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Ադանայի 1909թ. ջարդերը եւ թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին:
Հետագայում աշխարհասփյուռ հայերը Ապրիլի 24-ը, Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդի կոնդակով, սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին: Վերջին փուլը` մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբիինգ եւ այլն:
Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի շուրջ 30 երկրներ, ինչպես նաեւ մեծ թվով համաշխարհային կազմակերպություններ, ինչպես օրինակՙ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոխորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնա-ժողովներ, Եկեղեցիների համաշախարհային խորհուրդը եւ այլն: Այդ գործընթացը շարունակվում է եւ քաղաքակիրթ մարդկության համար այլեւս կատարված եւ անվիճարկելի իրողություն է: Իսկ 2015 թվականից սկսած հայ ժողովուրդը ճանաչմանից թեւակոխել է պահանջատիրության շրջափուլը:
10-22.04.2021