Այս վերտառությամբ գիտաժողով է տեղի ունենալու ապրիլի 26-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Միջոցառման համակազմակերպիչներն են հետազոտության եւ վերլուծության «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը: Գիտաժողովին մասնակցելու են Հայաստանում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանները, այդ դեսպանությունների բարձրաստիճան դիվանագետներ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ, Հայաստանում ճանաչված հասարակական քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, հրապարակախոսներ եւ լրագրողներ: Հրավիրված բանախոսն է լինելու Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ճանաչված կովկասագետ Ալեքսանդր Կռիլովը: Կազմակերպիչներն ակնկալում են, որ հայ եւ ռուս մասնագետները միասին կքննարկեն ու կվերլուծեն Ռուսաստանին եւ Հայաստանին ուղղված սպառնալիքներն ու մարտահրավերները չեզոքացնելու առկա փորձը եւ նաեւ գործնական առաջարկություններ կանեն Հայաստանի անվտանգության եւ կայունության մակարդակը որակապես բարձրացնելու վերաբերյալ:
Ազատ ու անկախ պետության տեսլականը
Խորհրդային Միության փլուզման արդյունքում միջազգային ճանաչում ստացած Հայաաստանի Հանրապետությունը աշխարհի հայերի դարավոր իղձերի իրագործումն էրՙ սեփական դրոշ, զինանշան, օրհներգ, ինչպես նաեւ բանակ, սեփական տարադրամ, արտասահմանյան դեսպանություններ, պետական կառավարման հաստատություններ ունենալը դարձավ մեր ազգային հպարտության եւ ապագայի հանդեպ լավատեսական զգացումների առարկա: Այսօր մեր անկախության 30-ամյակի նախօրեին մենք իբրեւ անվիճելի իրողություն ենք ընդունում այս ամենը: Միաժամանակ 44-օրյա պատերազմում դառը պարտությունից հետո թերեւս առաջին անգամ սկսեցինք լրջորեն խորհել, թե ինչ փխրուն է այն խաղաղությունը եւ կայունության պատրանքը, որ մենք ունենք, եւ որքան արտաքին ուժգին սպառնալիքների եւ ներքին մարտահրավերների է դիմակայում մեր փոքրիկ պետությունը: Հասարակութան մեծ մասը այլեւս չի վիճարկում անկախության եւ ինքնիշխանության բարեբեր պտուղները, բայց ակնհայտորեն ուժեղացել է ջերմ հիշողությունը խորհրդային երկրորդ հանրապետության եւ ընդհանրապես խորհրդային ժամանակների նկատմամբ: Այսօր արդեն դժվար է հասարակ մարդկանց ոգեւորել անկախության եւ ինքնիշխանության ատրիբուտներով, եւ հասարակության մեծամասնությունը ավելի խորը, ավելի հիմնավորված եւ ապագայի հանդեպ ավելի տեսանելի ու հասկանալի տեսլականով զինված դիրքորոշումներ է ակնկալում թե՛ իշխանություններից, թե՛ տարատեսակ ընդդիմադիր ուժերից: Լոկ վարդագույն հեռանկարներով այսօր մարդկանց ետ չես պահի քաղաքական ապատիայից: Պետական իշխանության մարմինների, հավասարապես նաեւ ընդդիմադիր քննադատության բավարարող բովանդակության ակնկալիքից: Քաղաքական վերնախավերին հետաքրքրում է, թե ի՞նչ նոր մտքերով ու թեզերով կարելի է ոգեւորել մարդկանց, ետ պահել նրանց Հայրենիքը լքելու որոշումից եւ ստեղծել ոգեղեն ռեսուրս երկրի պաշտպանունակությունը վերականգնելու եւ վերջապես կայուն զարգացման ուղեծիր դուրս գալու համար: Շատերն են սկսել հասկանալ, որ խորհրդային իրողությունը քանդել-ավերելը շատ ավելի հեշտ էր, քան նոր հիմքերի վրա կայուն ու բարգավաճ հասարակություն կառուցելը: Այս վերջինի հարցում առկա բանավեճերը կարող են եւ օգտական լինել, եթե ծառայեն միակ արժեցող նպատակին, այն էՙ օգտագործել ժողովրդավարության եւ հասարակական համերաշխության առավելությունները եւ ներուժըՙ առկա հետամնացությունը հաղթահարելու եւ զարգացմանը դինամիկա հաղորդելու համար:
Անվտանգ եւ կայուն հասարակություն ունենալու եւ զարգացող տնտեսություն ստեղծելու ճանապարհը
Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները, քաղաքագետներն ու սոցիոլոգները համակարծիք են, որ մեր անկախ պետականության ամրապնդման եւ կայունության հաստատման լավագույն ճանապարհը ավելի ակտիվորեն եւ կառուցողական մոտեցումներով ներգրավվելն է Ռուսաստանի գլխավորած եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում: Ընդ որում, մի քանի տարի առաջ այս հարցով Հայաստանում արդեն ձեռք բերված ներքաղաքական կոնսենսուսը պետք է ոչ թե մանթրաների նման տարբեր ելեւէջներով անընդհատ կրկնել, այլ ունենալ այնպիսի աշխատունակ եւ կոմպետենտ կառավարիչներից բաղկացած կառավարություն, որը վերջապես իր գործողություններով կհամոզի հասարակությանը, քաղաքական վերնախավերին եւ գիտափորձագիտական հանրությանը, որ ի վիճակի է առավելագույնս օգուտներ քաղել եվրասիական տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացների տարբեր դրսեւորումներից: Մեզ հետ հանդիպող բազմաթիվ մասնագետները, գիտնականները եւ հմուտ փորձագետները բազմաթիվ օրինակներ գիտեն, թե ինչպես մեր նախարարությունների ու պետական ինստիտուտների դանդաղաշարժության, անձեռնահասության եւ ոչ կոմպետենտության հետեւանքով միայն անցյալ տարի արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում քանի-քանի նախաձեռնություններ են ձախողվել: Մենք պարզ ասում ենք. եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի Հանրապետությանը բանական այլընտրանք չկա: Պետք է լինել շատ չարամիտ եւ օտար շահերի պաշտպան, որպեսզի շատ խոսելով եւ ոչինչ չանելով փորձի խանգարել աճող ինտեգրման ծավալվող գործընթացներին: Ուզում ենք հիշեցնել, որ եվրասիական ինտեգրման գործընթացների մի լոկոմոտիվը Ռուսաստանն է, իսկ թյուրքական աշխարհի եվրասիական ինտեգրման «Մեծ Թուրանի» մյուս լոկոմոտիվը Թուրքիան է: Ռուսաստանը եւ Թուրքիան վերջին մի քանի հարյուր տարիներին պարբերաբար անցնում են հարաբերությունների մակընթացության եւ տեղատվության փուլերով: Պարզ է, որ այսօրվա Ռուսաստանը, որ գլոբալ առճակատման մեջ է Արեւմուտքի հետ, չի ուզում բախման գնալ Թուրքիայի եւ թյուրքական աշխարհի հետ: Ընդհակառակը, Ռուսաստանում մտածում են օգուտներ քաղել այդ զուգահեռ ընթացող ինտեգրացիոն գործընթացների կառավարելի համատեղումից: Հայ ժողովուրդը երբեք չի շահել Ռուսաստանի եւ Թուրքիայի բախումներից եւ առնվազն հիմարություն է օգուտներ փնտրել ռուս-թուրքական հնարավոր նոր առճակատումներից: Պատմության դառը դասերը յուրացնելով մենք կառուցողական ոգեղեն բովանդակություն պետք է հաղորդենք հայ-ռուսական ռազմավարական դաշինքի զարգացմանը, որովհետեւ միայն Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային-հումանիտար աճող ներկայությունն է մեր երկրում ի վիճակի նվազագույնի հասցնելու թուրք-ադրբեջանական սպասվող տնտեսական, այնուհետեւ էլ քաղաքական էքսպանսիայի հետեւանքները: Եվրոպայի հետ մեր ինտեգրման կողմնակիցները պետք է իմանան, որ ընտրությունը, խոշոր հաշվով ոչ թե Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ է, այլ Ռուսաստանի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի: Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ընտրությանը, ապա մեր հասարակությունը մեկընդմիշտ իր համար որոշել է, որ կուզենար համատեղել Ռուսաստանի հետ լիարժեք ինտեգրման բարեբեր առավելությունները Եվրոպայի հետ քաղաքակրթական հենքի վրա գնալով մեծացող մերձեցման հետ: Այստեղ կարեւորը գլխավորը երկրորդականից ջոկել կարողանալն է եւ նորածին երեխային կեղտաջրի հետ մի կողմ չնետելը:
Ռուսաստանից չօտարանալու հարցը
Ետպատերազմյան շրջանում անցած ամիսներին արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում ոչնչի մասին այդքան շատ ու զգացմունքախառն չի խոսվել, որքան հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու հրամայականի: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետները կարծում են, որ ճիշտ կլիներ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում որակյալ քննարկում ծավալել հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ապագան ուղենշելու հարցով: Եվ քանի որ այս դաշինքը ամրապնդելու անհրաժեշտության մասին սկսել են խոսել նաեւ նրանք, ովքեր երկար տարիներ պայքարել են ռուսական ազդեցության դեմ եւ նրանք, ովքեր հոգու խորքում այդ ազդեցությունը անթուլատրելի եւ անընդունելի են համարում հայկական ինքնության համար, հարկ է անել որոոշ պարզաբանումներ. Մենք պնդում ենք, որ վերջին 200 տարիների պատմությունը համատեղ զարգացումն ու համատեղ ձեռքբերումները լավագույն գրավականներն են մեր ընդհանուր քաղաքակրթական դաշտին պատկանելիության: Ճիշտ է, որ այսօրվա Հայաստանը ոչ միայն խորհրդահայերինն է, այլեւ իրանահայերինը, լիբանանահայերինը, սիրիահայերինը եւ մյուս երկրներից Հայրենիք ներգաղթած հայերինը: Հենց դրա համար էլ մենք պնդում ենք, որ այսօրվա երիտասարդ եւ միջին սերունդների ներկայացուցիչներին հարկ է հիմնավոր կերպով բացատրել եւ համոզել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական եւ կրթական-մշակութային սերտ համագործակցությունը շարունակում է մնալ արրդիական եւ մեր կենսական շահերին համապատասխանող: Եվ քանի որ շատ են նրանք, ովքեր այս նոր իրավիճակում կփորձեն էլի շատ խոսել հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու մասին, բայց իրականում ոչինչ չանել (որովհետեւ կա՛մ չեն կարող, կա՛մ չեն ուզում) շատ կարեւոր է մոտակա երկու ամիսներին ծավալվող հրապարակային քննարկումները կարողանալ պահել կառուցողական հունի մեջ: Եվ եթե Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող վտանգները քիչ թե շատ չափով զգալի են եւ հասանելի, ապա մյուս սպառնալիքները, ինչպես, օրինակ, աճող աղքատությունը, տնտեսական զարգացման իսկապես ընդունելի մոդել չընդունելը, ուժային կառույցների բարեփոխումները ձգձգելը, մարտունակ բանակը վերականգնելու ճանապարհին առկա խոչընդոտները չտեսնելը եւ այլն, սկսում են ձեռք բերել այնպիսի նշանակություն, որը եւ ձեւավորում է սպառնալիքների ու մարտահրավերների այն շղթան, որը պետք է կոտրելու ուժ ունենալ:
Եվ վերջապես, ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է պնդել, որ Հայաստանը անկախ պետություն չէ, եւ որ Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը այդ հարցում համաձայն են միմյանց հետ: Ո՞րն է դրան մեր պատասխանը: Մեր ամենակարճ պատասխանն այն է, որ հայերը շատ հին ազգ են, ամեն ինչի գինը լավ գիտեն, շատ թանկ են գնահատում հայ-ռուսական ռազմավարական դաշինքն ու զինական եղբայրությունը եւ ամեն ինչ անելու են այդ դաշինքը ամրացնելու եւ խորացնելու համար: Հուսանք, որ նաեւ պատմության դասերը յուրացնելով, մենք ի վիճակի ենք լինելու ժամանակակից, մեր ժամանակներին սազական հնչողություն հաղորդելու մեր պետության անկախությանն ու ինքնիշխանությանը:
ԱՐԱՄՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող