Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այրված գրքեր. Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին` գրականության և մշակութային հիշողության մասին

19/03/2021
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Քեթրին Ի. ՅԱՆԳ
2013 թվականի փետրվարի 9-ին գրող Աքրամ Այլիսլիի աշխատանքները հրապարակավ այրվեցին Ադրբեջանում, քանզի նրա գրականությունը վշտացրել էր Ադրբեջանի կառավարությանը: Այլիսլին իր գրքերի այրվելուն հետեւել էր համացանցով, ինչը հետագայում նկարագրել էր նույն հանդեսում մեջբերվածՙ իր 2018 թվականի էսսեում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զրկեց Այլիսլիին «Ժողովրդական գրող» տիտղոսից եւ իր կողմից սահմանված նախագահական թոշակից. նրա կնոջն ու որդուն ազատեցին աշխատանքից, իսկ գրողն ինքը ստանում էր մահվան սպառնալիքներ: Այլիսլիի թեկնածությունը մի շարք երկրների իր կողմնակիցները առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: 2016 թվականի մարտին նրան հրավիրել էին մասնակցելու Վենետիկում կայանալիք Incroci di civiltaՙ գրական փառատոնին, սակայն 79 տարեկան գրողը ձերբակալվել էր Բաքվի օդանավակայանում, որտեղ նրան կեղծ մեղադրանքներ էին առաջադրվել: Այդ մեղադրանքները դեռեւս չեն հանվել:2020 թվականի դեկտեմբերին Այլիսլին տարիներ անց առաջին անգամ ելույթ ունեցավ հանրության առջեւ գրականագետ Մարկ Լիպովեցկու , ադրբեջանա-ամերիկյան լրագրող Ալեքս Ռաուֆօղլու եւ թարգմանիչՔեթրին Ի. Յանգի հետ «Այրված գրքեր. Աքրամ Այլիսլին, գրականությունը եւ մարդու իրավունքները ներկայիս Ադրբեջանում»առցանց միջոցառման ընթացքում: Այլիսլին պատասխանեց համաշխարհային հանրության կողմից իրեն ուղղված հարցերին: Նա անդրադարձավ 2020 թվականի աշնանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտության վերսկսմանը, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ գերազանցում էին հայկականին: Այդ երկարատեւ հակամարտության մասին մասնավորապես խոսվում է Այլիսլիի «Մնաս բարով, Այլիս. երեք մասից բաղկացած ոչ ավանդական վեպ» եռագրության մեջ (Գիտահետազոտական մամուլ, 2018 թվական, թարգմ. Քեթրին Ի. Յանգ):
Միջոցառման ընթացքում Այլիսլին նաեւ խոսեց գրականության, Ադրբեջանում իր կրած մշտական իրավական անախորժությունների եւ մարդու կարեկցանք զգալու ունակության հանդեպ իր հավատի մասին: Միջոցառումը հովանավորվել էր Կոլումբիայի համալսարանի Հարրիման ինստիտուտի, Մարդու իրավունքների ուսումնասիրությունների ինստիտուտի եւ ամերիկյան Պեն ակումբի կողմից: Մարկ Լիպովետսկին էր վարում հանդիսատեսի հետ հարց ու պատասխանը: Այլիսլին խոսում էր ռուսերենով, Բաքվում գտնվող իր տնից, որտեղ փաստացի տնային կալանքի տակ էր:
Նրա դիտարկումները թարգմանվել, խմբագրվել եւ համառոտագրվել են Քեթրին Յանգի կողմից. նրա դիտարկումների ամբողջական պատճենները անգլերեն եւ ռուսերեն թարգմանությամբ կարող եք գտնել այստեղՙ միջոցառման տեսանյութի հետ միասին:Մարկ Լիպովետսկի.- 2016 թվականի մարտին դուք պետք է ելույթ ունենայիք Վենետիկում կայացած գրական փառատոնին, սակայն չկարողացաք ներկայանալ, քանզի Ադրբեջանը լքելու թույլտվություն չստացաք: Ավելի ուշ դուք հրապարակեցիք այն դիտարկումները, որոնք ծրագրում էիք ներկայացնել: Ձեր ելույթի սկզբում դուք գրում եք,

– «Այժմ մենք բոլորս անպաշտպան ենք այս անհավատալիորեն դաժան ժամանակների առջեւ: Պատմության ընթացքում լինում են փուլեր, երբ ոչինչ չի կարող լցնել մարդկային սրտի դատարկությունըՙ ո՛չ կրոնը, ո՛չ գիտությունը եւ ո՛չ էլ գրականությունը»: Այժմ է՞լ եք նույնը զգում, եւ ձեզ համար ի՞նչ է նշանակում մեր ժամանակաշրջանում գրող լինելը:Աքրամ Այլիսլի.

– Ես կցանկանայի նախեւառաջ հստակեցնել իմ վիճակի հանգամանքները, որոնք բոլորին չէ որ ամբողջովին պարզ են: Նրանք ինձ ստիպեցին ստորագրել ճամփորդելն արգելելու մասին համաձայնություն, որպեսզի ես իրավունք չունենամ լքել Բաքվի սահմանները: Բացի դրանից, դատախազությունը առգրավեց իմ ինքնությունը հաստատող փաստաթուղթը: Առանց այդ փաստաթղթի անձը փաստացի չունի իրավունքներ, չի կարող մասնակցել ընտրությունների կամ որեւէ այլ բան ձեռնարկել: Համաձայն Ադրբեջանի օրենքիՙ դատախազությունը պետք է քններ իմ գործը մեկ տարվա ընթացքում: Սակայն մինչեւ այսօր այդ գործը, որը բացվել էր 2016-ի մարտին, չի քննվել: Նրանք պարզապես ընթացք չեն տալիս գործի քննությանը: Այս ամենը ծանր հոգեբանական բեռ է իմ ուսերին, այս ամենը ճնշում է ինձ: Սակայն կարծում եմ, մարդկանց մոտ արդեն սկսում է փարատվել այն մտահոգությունը, թե Ադրբեջանի տարածքը, այսպես ասած, Հայաստանի վերահսկողության տակ է: Նրանք մի փոքր հանգստացել են, եւ կարծում եմ (ծիծաղում է) այդ հանգստությունը շատ բան կարող է փոխել իմ կյանքում: Նրանք կհանգստանան եւ վերջապես կասենՙ «Իսկ այս մարդը՞:
Որքա՞ն կարող ենք նրան հեռու պահել հասարակությունից : Դա նրա համար լավ չէ»: Կարծում եմ այս ամենը կանցնի: Համոզված եմ դրանում:Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես եմ ապրում այս դժվար ժամանակներում, ինձ թվում է, որ անկախ հանգամանքներից, անկախ այն իրավիճակից, որի միջով անցնում է գրողը, վերջինս ապրում է իր սեփական աշխարհում:
Օրինակ ես այդքան խորը չզգացի այն ամենի կորուստը, ինչ խլեցին ինձնից եւ չընկա ընկճախտի մեջ, որովհետեւ չեմ հիշում, որ երբեւէ ազատ եղած լինեմ: Ես երբեք չեմ զգացել այդ ազատությունըՙ ո՛չ դպրոցում, ո՛չ համալսարանում, ո՛չ էլ աշխատավայրում: Ինձ փոքր-ինչ ազատ եմ զգացել միայն իմ աշխատասեղանիՙ իմ գրասեղանի դիմաց: Նրանք չկարողացան խլել դա ինձնից: Դրանից ոչ մի գրողի էլ չեն կարող զրկել: Հիմա ես գրականության շնորհիվ եմ ապրում: Հնարավոր է ապրել գրականության շնորհիվ, քանզի այդտեղ շատ օդ կա շնչելու: Երեւի ավելի շատ, քան փողոցումՙ հատկապես համավարակի ժամանակ:

– Ձեր «Մնաս բարով, Այլիս» եռագրության երեքՙ «Եմեն», «Քարե երազներ» եւ «Երթեւեկության ֆանտաստիկ խցանում» վեպերից ո՞րն է ձեզ համար ամենակարեւորը:

– Կարծում եմՙ «Քարե երազները»: Ես «Քարե երազները» գրել եմ ադրբեջանցիների, ոչ թե հայերի համար: Ես գրեցի վեպը այն հույսով, որ մեր ժողովուրդների միջեւ բոլոր կամուրջները չէ, որ այրվելու են: Գրեցի հուսալով, որ օտարացումը չի խորանա, հատկապեսՙ մշակութային օտարացումը: Մենք, ի վերջո, թուրք ժողովուրդ ենք, սակայն փաստացի մենք կովկասցի ենք: Մեր աշխարհընկալումը թուրքական չէ, միջին ասիական չէ, այն տիպիկ կովկասյան աշխարհընկալում է: Ես գրեցի «Քարե երազները» մարդկանց իրար մոտեցնելու փափագով, որպեսզի նրանք դադարեն մտածել, որ պետք է թշնամանալ իրար հանդեպ , որ պետք է սպանել իրար:

– Աջակիցներ ունե՞ք: Կա՞ն գրողներ, մշակութային գործիչներ Ռուսաստանից ու Ադրբեջանից, որ աջակցել են ձեզ:

– Ընդհանուր առմամբ ռուս մտավորականությունը ինձ մեծ աջակցություն է ցուցաբերելՙ Անդրեյ Բիտովը, Վիկտոր Երոֆեյեվը: Գրողների այդ մակարդակըՙ նշանակալի գրողները, իրապես աջակցեցին ինձ: Նաեւ մի քանի ռուս լրագրողներ: Ադրբեջանում ինձ աջակցություն ցուցաբերեցին հիմնականում երիտասարդ գրողները: Նրանց մեջ կային այնպիսիները, որոնք տեսնում էին իրերն այնպես, ինչպես ես եմ դրանք տեսնում եւ ինչպես մի օր մարդիկ կսկսեն տեսնել ու հասկանալ:

– Ինչպե՞ս կարող ենք մենքՙ ամբողջ աշխարհի ընթերցողներս, օգնել ձեզ:

– Դուք արդեն իսկ օժանդակում եք ինձ: Մենք այստեղ նստած ենք, ես նայում եմ ձեզՙ այսպիսի բարեսիրտ մարդկանց: Այդ ուրախությունը ինձ համար բավարար է, միայն է թեՙ ժամանակավոր: Երբեմն հիշում ես այսչափ գեղեցիկ պահերը եւ դա օգնում է քեզ ապրել: Ես չգիտեմ կոնկրետ ինչպես կարող են օգնել ընթերցողները: Շատ կազմակերպություններ են ցանկացել օժանդակել ինձ: Նորվեգիայում նրանք նույնիսկ լավ պայմաններ առաջարկեցին, որպեսզի տեղափոխվեմ այնտեղ: Ես չգնացի, քանզի մի օր այս մարդիկ կհասկանան, որ ես ավելի շատ եմ սիրում Ադրբեջանը, քան իրենք: Կարծում եմՙ ադրբեջանցիների մեջ կան անհատներ, ովքեր գիտեն, որ ես ավելի շատ եմ սիրում Ադրբեջանը, քան իշխանությունները: Այսպես արտահայտվելը վտանգավոր է (ծիծաղում է), բայց անհրաժեշտ:

– Ի՞նչ եք գրում այժմ: Ասացիք, որ գրականությունը ձեզ փրկում է:

– Այո, գրականությամբ եմ ապրում: Ինձ միայն գրականությունն է փրկում, եթե անկեղծ լինեմ ձեզ հետ: Հարցնում եք, թե ինչով եմ ապրո՞ւմ: Այս իրադարձություններից հետո ես գրել եմ մի քանի բան , որոնք շատ կարեւոր են ինձ համար: Մոսկվայում ես ունեի մի շատ լավ թարգմանիչՙ Թամարա Կալյագինան, որը երկար տարիներ թարգմանում էր ստեղծագործություններս: Շնորհիվ իր թարգմանություններիՙ Սովետական Միության տարիներին գրքերս միլիոնավոր օրինակներով հրատարակվում էին: Սակայն նրա մահից հետո ռուս ընթերցողներիս հետ իմ կապը կորավ: Այժմ ես գրում եմ միայն ադրբեջանցի ընթերցողների համար:

– Սակայն դուք նաեւ ձեր իսկ ստեղծագործությունները ռուսերեն եք թարգմանում, այդպես չէ՞

– Ես սկսեցի թարգմանել: Այժմ ինձ համար դժվար է իմ իսկ ստեղծագործությունները թարգմանել: Թարգմանությունը ինձ համար ծանր աշխատանք է: Գրելը ավելի հեշտ է, քան թարգմանելը: Օրինակՙ ես ադրբեջաներեն եմ թարգմանել հսկայական քանակությամբ էջեր Տուրգենեվի, Պաուստովսկու, Բյոլի, Գարսիա Մարկեսի, Շուկշինի, Այտմատովի եւ շատ այլ գրողների ստեղծագործություններից: Այդ ժամանակ էներգիա ունեի: Այժմ ես էներգիաս ուղղում եմ գրելունՙ միայն ադրբեջաներենով: Ես ռուսերենի լեզվակիր չեմ, սակայն երբ սկսում եմ թարգմանել, վատ չեմ թարգմանում, լավ է ստացվում:

– Դուք ինքներդ եք «Քարե երազները» ռուսերեն թարգմանել, այդպես չէ՞

– Այո, ռուս լեզվակրի օգնությամբ:

– Ո՞վ է ձեր վրա ազդել որպես գրող: Ո՞վ է գրականության մեջ ձեզ համար հեղինակություն:

– Տարբեր ժամանակներում տարբեր գրողներ են ազդել ինձ վրա: Ինձ սկզբում ապշեցրել էր Հենրիխ Բյոլը: Թվում էր, թե մենք ծնվել ենք միեւնույն վայրում, ապրել միեւնույն գյուղում, ահա այդքան հոգեհարազատ էին նրա ստեղծագործությունները ինձ: Իսկ հետո, արդեն ռուս գրողներից, ես իրապես, խորապես սիրեցի Մաքսիմ Գորկու վաղ շրջանի գործերը: Նա գրավեց ինձ նրանով, որ ցույց տվեց, որ այս կյանքը բարդ էՙ երազելով ավելի լավ կյանքի մասին: Իսկ այժմ ռուս գրողներից ինձ գրավում է Իվան Բունինը: Բունինը նույնպես ինձ հոգեհարազատ գրող է: Նրա անուրջները, իրեն բնորոշ յուրահատուկ ոճը, նրա հանգստաոճ արձակը խոսում են ինձ հետ իմ լեզվով:
Իմ սիրելի ամերիկացի գրողը Ջոն Սթեյնբեքն է: Ես նրան խորապես սիրում եմ:Ադրբեջանի հերոսական վեպերն են հատկանշական ազդեցություն թողել ինձ վրա: Այնպիսիները, որտեղ կա երազանք, մարդը ուզում է հերոս լինել եւ լավը անել մյուսների համար: Վաղ մանկության շրջանում հատկապես շատ էի սիրում հեքիաթներ: Եվ մինչեւ այսօր էլ սիրում եմ:
Ինձ թվում է, որ այն ամենը, ինչ գրում ենքՙ հեքիաթ է: Դժվար է գտնել Գարսիա Մարկեսից ավելի լավ հեքիաթասաց: Նա ամեն ինչում է հեքիաթասաց: Հատկապես «Հարյուր տարվա մենություն» վեպում նա կատարյալ հեքիաթասաց է: Գիրքն ամբողջությամբ հեքիաթ է:

– Այժմ կկարդամ Զում հարթակով ուղարկված հարցերը: Ինչո՞ւ են ադրբեջանցիները այդքան ատում հայերին եւ ինչո՞ւ է պատմությունը կեղծվում:

– Շնորհակալ եմ հարցի համար: Ես քիչ հայերի եմ ճանաչում, ովքեր ատում են ադրբեջանցիներին: Եվ իմ ադրբեջանցի ընկերները նույնպես ատելություն չեն տածում հայերի հանդեպ: Ես չեմ կարծում , որ որեւէ մեկը կարող է ոչնչացնել Հայաստանի հետ մեր մշակութային կապերը: Այդ մշակույթն էր մեզ միավորողը, եւ հուսով եմ, որ կրկին կմիավորի մեզ: Այս օրերին քաղաքական գործիչների հետ հույսեր չենք կարող կապել: Այդ հույսը ժամանակի բովով անցած այնպիսի արժեքների վրա է, ինչպիսիք ենՙ մշակույթը, մեր երգերը, մեր պարերըՙ այն պարերը, որ պարում ենք միասին: Ադրբեջանցիներից բացի չկա այլ թուրք ժողովուրդ, որ կարող է պարել այդ երաժշտության ներքո: Ես դեռ հույս ունեմ, քանզի մշակույթը առավել կայուն է, քան քաղաքականությունը: Քաղաքականությունը մշտապես փոփոխվում է, իսկ մշակույթը անցողիկ չէ: Ես հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ մշակույթը մեզ կմիավորի եւ կկոչի դեպի ավելի լավը:

– Ինչպե՞ս կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտությունից եւ Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարդու իրավունքների ոտնահարումներից հետո երկու երկրների միջեւ երկխոսությունը վերականգնվել:

– Հայերը լրջորեն տրավմայի են ենթարկվել: Ես շատ կցանկանայի, որպեսզի այդ տրավման հնարավորինս շուտ անցներ: Վերջին հակամարտության ժամանակ թվում էր, թե բոլորը օգնության ձեռք կմեկնեն հայերին, սակայն փաստացի ոչ մի օգնություն չցուցաբերվեց: Եթե ռուս բանակը այնտեղ չլիներ, եթե ռուս խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղ չգնային, չեմ ուզում պատկերացնել, թե ինչպիսի չարիք տեղի կունենար այնտեղ: Կարծում եմՙ այնտեղ սարսափելի կոտորած կլիներ: Փառք Աստծո, այդպիսի կոտորած տեղի չունեցավ: Սակայն Հայաստանի այս վերքերը շատ խորն են: Միայն հայերը կարող են բուժել այդ վերքերըՙ նրանց ոգին, նրանց հավատը սեփական պատմության, սեփական ուժի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքականությանը, ես մնում եմ այն կարծիքին, որ հայերը չպետք է հավատային իրենց քաղաքական գործիչներին. այն հայրենասիրական ֆանատիզմը, որ տեսնում ենք որոշ հայ քաղաքական գործիչների մոտ նույնն է, ինչ տեսնում ենք նաեւ մեր մի շարք գործիչների մոտ եւ դա շատ է խանգարում իրավիճակը կարգավորելուն եւ հավասարակշռության բերելուն: Եվ ես իսկապես կարծում եմ, որ կան ադրբեջանցիներ, որոնք կցանկանային, որ հայերը ոտքի կանգնեն եւ լուծեն իրենց խնդիրները: Այնքա՜ն բան կա ասելու, որ ինձ զգացմունքներն են համակում: Ինձ համար դժվար է խոսել այս մասին, քանզի ես միշտ այս ողբերգություններին վերաբերվել եմ որպես իմ անձնական ողբերգություն: Ես սրտիս շատ մոտ եմ ընդունում այս բոլոր պատերազմները, յուրաքանչյուր մարդու ցավը, ամեն մի երիտասարդի մահը. սա իմ ցավն է: Ահա ինչպիսին եմ եղել ես եւ ինչպիսին եմ մնացել: Ինչպես այլ կերպ օգնելՙ չգիտեմ:

– Ձեզ համար հետաքրքրական կլինե՞ր գրել ուտոպիա եւ նկարագրել այն Ադրբեջանը կամ Կովկասը, որը դուք կցանկանայիք տեսնել:

– Շատ կցանկանայի: Ի բնեՙ ես իդեալիստ եմ: Չէի էլ պատկերացնում, որ այս ամենը կտանի այսպիսի արյունահեղության: Կարծում եմ, որ մեր կովկասյան մշակույթը եւ աշխարհընկալումը կօգնի երկրի առաջնորդներին լուծել իրենց խնդիրները: Ես միշտ մտածում եմ. «Եթե նրանք չլուծեն այս խնդիրները, ոչ ոք էլ չի լուծի դրանք, եւ փաստացի ոչ ոք էլ չի լուծել դրանք»: Ո՞վ կարող է լուծել քո երկրի ներքին խնդիրները: Աշխարհի համար Կովկասը մոլորակի մի փոքրիկ հողակտոր է: Ես գրեցի «Քարե երազները», որպեսզի հայերն ու ադրբեջանցիները հավերժ թշնամիներ չլինեն: Չեմ կարծում, թե որեւէ հերոսական բան եմ արել: Ես պարզապես չէի ցանկանա, որ այս երկու ժողովուրդները կորցնեին միմյանց, կորցնեին իրենց հիշողությունը:

– Ադրբեջանում մնալու ձեր որոշումը նման է Սոկրատեսի որոշմանը, ում աշակերտները առաջարկեցին լքել Հունաստանը: Կա՞ն պատմական դեմքեր, որոնք այս դժվար ժամանակաշրջանում ձեզ համար օրինակ են ծառայում:

– Այդ ամենը ստիպում է ինձ մտածել այն գրողների ճակատագրի մասին, որոնք ինձնից վատ իրավիճակում են եղել: Այն ինձ հիշեցնում է, որ ես միայնակ չեմ եւ երբեք էլ միայնակ չեմ եղել: Հնարավոր չէ, որ մի մարդ մտածած լինի որեւէ սուրբ, մեծ գաղափարի մասին, իսկ մյուսների մտքով դա անցած չլինի: Եթե գրողի գլխում մի լավ միտք է ծնվում, նշանակում է այդ միտքը հասու է եղել շատերին եւ ոչ միայն այդ գրողին: Գրողը ընդամենը արտահայտում է այն, ինչ կա մարդկանց հոգում: Իրական, ճշմարիտ գրողը երբեք միայնակ չէ:

– Այժմ, երբ Խորհրդային Միության փլուզումից անցել է մոտ 30 տարի, ի՞նչ կարծիքի եք դուք Խորհրդային Միության թողած ժառանգության, դրա մասը կազմող հանրապետությունների միջեւ հարաբերությունների եւ դրա տարածքում ռուսաց լեզվի դերի մասին: Եվ ի՞նչ կասեք այսպես կոչված խորհրդային «բազմազգ» գրականության, կենտրոնի եւ հանրապետությունների միջեւ կառուցված հարաբերությունների, լեզուների փոխազդեցությունների մասին:

– Դա իրականում շատ հեշտ հարց է: Օրինակ, Մոսկվայի գրականության ինստիտուտում ես նույն կուրսում սովորում էի արձակի եւ չափածոյի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք էինՙ Վասիլի Բելովը, Գենադի Ռուսակովը, Վիկտոր Աստաֆեւը, Եվգենի Եվտուշենկոն, Բելլա Ախմադուլինան: Գրականության ինստիտուտում այդ տարիներին շատ հայտնի անձինք էին սովորում: Հիշում եմՙ նրանցից մի քանիսին վտարել էին ինստիտուտից: Սակայն սերտ անձնական կապերը պահպանվել էին: Տարբեր հանրապետություններում տարբեր միջոցառումներ էին անցկացվում: Գրողները հավաքվում էին, կիսում իրենց տեսակետները: Այսօր որոշ կապեր պահպանվում են միայն համացանցի միջոցով: Միգուցե դա շատերի համար հեշտացնում է շփումը, սակայն իմ սերնդի համար բնականը կենդանի շփումն է:

– Վենետիկում ձեր պատրաստած ելույթում դուք գրում եք, որ ոչ միայն այն հասարակությունը, որում ապրում եք, այլեւ ամբողջ աշխարհն է հայտնվել փակուղում, որ աշխարհը տառապում է ազգայնամոլությամբ պարուրված դատարկության ախտով: Դրանից անցել է գրեթե հինգ տարի: Ձեր ախտորոշումը նո՞ւյնն է մնացել:

– Ես նույնիսկ այսօր համոզված եմ, որ դա այդպես է: Շայթանըՙ սատանան ինքը, պատրաստ սպասում է. եվ որտեղ դատարկություն է տեսնում, ներս է սողոսկում եւ կատարում իր սարսափելի գործերը: Սատանայի դատարկության մարմնավորումը գերհայրենասերն է: Յուրաքանչյուր կառավարություն ասում է. «Իմ ազգային շահը ինձ համար ամեն ինչից վեր է»: Ոչինչ չի կարող դրանից ավելի վնասակար լինել: Ի՞նչ ազգային շահ, երբ բոլոր ազգերը բախվում են գրիպի այնպիսի համաճարակի, որից ոչ ոք չի կարող ազատվել: Այդ հպարտությունըՙ այդ «Իմ երկիրը ամեն ինչից վեր է» գաղափարախոսությունը, սպանում է մարդկությանը: Ի՞նչ արժեք ունի քո ազգի շահը, երբ ամբողջ մարդկությունը վտանգված է: Ի՞նչ կարող է լինել տարածքային ամբողջականությունը, երբ ամբողջ մոլորակը, որպես մեկ ընդհանուր տարածք, կործանման սպառնալիքի տակ է: Այսօր բոլոր պետությունների ղեկավարների կարգախոսն է. «Ես հետապնդում եմ իմ ազգային շահը»: Սա ինձ նույնիսկ զավեշտ է թվում: Սա նշանակում է թքել Աստծո ճակատին, բնության ճակատին, մարդկության ճակատին: «Իմ շահը ավելի կարեւոր է ինձ համար: Ի՞նչ շահ: Եթե մարդ ես, ինչպե՞ս կարող ես երջանիկ լինել, երբ հարեւանդ սարսափելի վիճակում է»:

– Շատ շնորհակալ եմ: Կարծում եմՙ ձեր վերջին պատասխանը շատ կարեւոր էր, եւ մենք դրանով ավարտում ենք մեր հարցազրույցը:

– Ես երջանիկ եմ, որ ձեզ հետ եմ, անգամ այն դեպքում, երբ երկխոսությունն առցանց է: Ես այս ամենը, մեր այսօրվա հանդիպումը չեմ մոռանա, կհիշեմ իմ ողջ կյանքի ընթացքում: Ձեզ երջանկություն եւ քաջ առողջություն եմ մաղթում: Թող համավարակը ձեզ չդիպչի: Զգուշացեք չարիքից որեւէ ձեւով, զգուշացեք որեւէ ձեւի չարիքից: Անչափ շնորհակալ եմ ձեզ:

ՏԵՂԵԿԱՆՔ Աքրամ Այլիսլին Ադրբեջանցի գրող է, դրամատուրգ, վիպասան եւ խմբագիր: Իր «Քարե անուրջներ» գրքի համար առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ներկայումս նա բնակվում է Ադրբեջանի Բաքու քաղաքումՙ փաստացի տնային կալանքի տակ:Քեթրին Ի. Յանգը «Աբսենթ խմող կինը» գրքի հեղինակը եւ նախկին դափնեկիր բանաստեղծ է Վիրջինիա նահանգի Առլինգթոն քաղաքից: Նա թարգմանել է Աննա Ստարոբինեցին, Աքրամ Այլիսլիին, Իննա Կաբիշին եւ բազմաթիվ այլ ռուսալեզու գրողների: Նա Արվեստի հիմնադրամի ազգային մրցանակ է ստացել Աքրամ Այլիսլիի «Հրաժեշտ Այլիսին» գրքի թարգմանության համար:
«Լոս Անջելեսի գրքերի գրախոսական հանդես»
Անգլ. թարգմ. ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ
 

«Ազգ» շաբաթաթերթ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանական ֆեյքերը կեղծիք են տարածում, թե իբր լրագրողը հայհոյել է Հակոբ Արշակյանին

Հաջորդ գրառումը

Հայ Աստվածաշնչի մասին` անգլերենով

Համանման Հոդվածներ

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025
Նորություններ

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025
Հաջորդ գրառումը

Հայ Աստվածաշնչի մասին` անգլերենով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական