Հայ բալետի ականավոր գործիչ Վիլեն Գալստյանի ծննդյան 80-ամյակի հրաշալի առիթով մեկ տարվա ընդմիջումից հետո կրկին լուսավառվեց Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի բեմը: Փետրվարի 26-ին Գալստյանի բեմադրած «Դիմակահանդես» բալետը վերածվեց հայ բալետի նահապետի մեծարման երեկոյի: Խաչատրյանի մշտնջենական երաժշտությունը եւ հայ բալետի լավագույն մենապարողների ներկայությունը բեմում Հայաստանի պատմության այս տխուր ժամանակահատվածում կենսահաստատության լիցքեր փոխանցեցին բարձր արվեստին կարոտ հանդիսատեսներիս…
Վիլեն Գալստյանի մասին շատ է գրվել եւ կգրվի, իսկ մենք սույն հոդվածով ավելի կանդրադառնանք արտերկրում նրա ծավալած գործունեությանը եւ նրա արվեստին տրված միջազգային գնահատականներին…
Նախ նշենք, որ մինչեւ Հայաստանի մշակույթի համար նշանակալից 1960-ականներին Վիլեն Գալստյանի ասպարեզ գալը, հայ բալետում, անշուշտ, եղել էին տղամարդ մենապարողներ: Սակայն նրա վառ արտիստական նկարագիրը եւ փայլուն պարային տեխնիկան աննախադեպ էին մեր բեմական պարարվեստում, ինչի շնորհիվ էլ Գալստյանին վիճակվեց դառնալ հայ բալետի կենտրոնական դեմքը: Նրա «Ջահերով պարը», որ այսօր էլ ապշեցնում է իր դինամիկայով եւ մեկնաբանման ճարտարությամբ, աշխարհի տարբեր անկյուններում դարձել էր հայ բալետի այցետոմսը, իսկ նրանից առաջ հայ բալետային բեմը չէր տեսել այդքան բարձր ոստյուն: Գալստյանը դարձավ հայ բալետին բնորոշ առնական պարաոճի հիմնադիրներից մեկը… Կարծես հասունացել էր պահը, որպեսզի դասական պար կատարող տղամարդու նոր իմիջ ստեղծվերՙ առնական, հզոր, ռազմիկ… եւ հատկապես Գալստյանի Սպարտակով մարմնացում առավ հայկական խառնվածքն ու բալետային մշակույթը լավագույնս համադրող արտիստի մի կատարելատիպ, որը ստեղծեց դպրոց, ավանդույթ, չափանիշ: Դեռեւս 1970-ին իսպանալեզու «Իսպանո ամերիկանո» պարբերականի քննադատն, անդրադառնալով «Կորսար» բալետի պա-դե-դեի նրա կատարմանըՙ նշել է, որ Գալստյանը «գիտի պարընկերուհուն չափազանց առնական եղանակով ներկայացնելու կերպը» («Hispano americano», 1970, թիվ 57): Խորապես ազգային նկարագրի տեր արվեստագետի շնորհիվ խորեոգրաֆիկ մարմնավորում ստացան մեր էպոսի հերոսըՙ Սասունցի Դավիթը եւ այնպիսի նվիրական անուն, ինչպիսին Կոմիտասն է…
Բալետի արտիստիՙ թիթեռնիկի կյանք ունեցած բեմական ելույթներին հաջորդեց բեղուն բեմադրական եւ մանկավարժական գործունեությունը. Գալստյանը տասնյակ բեմադրություններ իրականացրեց չորս մայրցամաքներում, իսկ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում հիմնեց բալետմայստերական ֆակուլտետըՙ աճեցնելով բազմաթիվ պարողների ու պարադիրների: Եվ ասես չբավարարվելով արվեստին տված իր ծառայություններովՙ նա իր արտիստական ձիրքերը փոխանցեց զավակներինՙ Ջուլիետ դստերը եւ Դավիթ որդուն, որոնք այսօր միջազգային բեմերում բարձր են պահում Գալստյան ազգանունը, առաջինը որպես օպերային երգչուհիՙ Շվեյցարիայում, երկրորդըՙ որպես բալետի պարողՙ Ֆրանսիայում…
Վերադառնալով «ետ»ՙ հիշենք, որ Վիլեն Գալստյանն առաջին հայ պարողն էր, որ հայ բալետային արվեստը տեսանելի դարձրեց միջազգային ասպարեզում, Հայաստանին մրցանակ բերեց բալետային հեղինակավոր մրցույթում… Թերթենք «Խորհրդային արտիստներՙ միջազգային մրցույթների դափնեկիրներ. 1963-1969» ռուսերեն-անգլերեն կատալոգը, որի էջ 54-ում Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի մենակատարի լուսանկարն էՙ որպես 1968 թվականի Վառնայի բալետի միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր… «Հատկապես տպավորեց ծայրաստիճան հմայիչ Գալստյանի հիանալի դասական բալետի պարողի արտաքինը: Խաչատրյանի բարդ «Տոկատան» (բալետմայստերՙ Ժ. Բրաբանս) նա պարեց վիրտուոզ, հստակ եւ հաստատուն կերպով: Ուշագրավ էր չարաճճի Դոն Կիխոտը, որ Գալստյանը կատարեց իր պարընկերուհի Ռիտա Պուլվորդեի հետ»,- 1968-ին գրել է բուլղարական «Պլամուկ» ալմանախը (թիվ 13, էջ 95):
Առհասարակ, 1968 թվականը երջանիկ տարի էր տաղանդաշատ արտիստի համար: Նրան նկատեց Սերգեյ Փարաջանովը եւ առաջարկեց Սայաթ-Նովայի դերն իր լեգենդար «Նռան գույն»-ումՙ իր անունը բալետում անմահացրած Գալստյանին անմահության ուղեգիր տալով նաեւ կինոյում: Եվ ահա այս թվականից սկսածՙ Վիլեն Գալստյան անուն-ազգանունը հոլովվում է միջազգային բալետագիտական մամուլում եւ գրականության մեջՙ անգլիալեզու «Ամենօրյա լրատու», «Պարաշխարհ», «Բալետն այսօր» պարբերականները, «Պարի միջազգային հանրագիտարանը» (1998), «Օքսֆորդի բալետի բառարանը» (2001), «Ժամանակակից թատրոնի միջազգային բառարանը» (2014)… Ոչ պակաս հաճախականությամբ նրա անունը հիշատակվում է Փարաջանովին նվիրված հարուստ բազմալեզու գրականության մեջՙ որպես ամենահայտնի հայ կինոբեմադրիչի ընտրած «խելահեղ պլաստիկ դերասան»…
Պիտի ափսոսալ, որ մեր մշակույթի գործիչները ժամանակին հեռատեսություն չեն ունեցել կինոժապավենին դրոշմելու Վիլեն Գալստյանի բոլոր դերապարերը: Եղածը բավական քիչ է, թեեւ, ինչ խոսք, լիակատար պատկերացում է տալիս պարողի հնարավորությունների մասին: Բարեբախտաբար, Լիլյա Կիմյագարովայի «Ադաջո. Տաջիկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Մալիկա Սաբիրովայի ստեղծագործական կինոնկարը» վավերագրական ֆիլմում (1971) ընդգրկված են երկու համարներ Վիլեն Գալստյանի մասնակցությամբ: Տաջիկ վաղամեռիկ տաղանդավոր պարուհին եւ հայ բալետի պրեմիերը բալետային իդեալական զույգ էին, որոնց պա-դե-դեները «Ժիզել», «Դոն Կիխոտ» եւ «Կորսար» բալետներից իրավամբ տղամարդ-կին զուգապարերի քրեստոմատիական նմուշ կարելի է համարել:
Վիլեն Գալստյանի արվեստով հիացել են բալետի եւ երաժշտության մեծերը, նրա անունն իրենց հուշագրքերում հիշել են բալետի նշանավոր պարուհիներ Եկատերինա Մաքսիմովան («եթե ընկերներից որեւէ մեկը հանկարծ զանգահարի (նույն Վիլիկ Գալստյանը) ամեն բան, որ կարող եմ, կանեմ նրա համար». Екатерина Максимова, Мадам «Нет», Москва, 2009, стр. 178), իտալուհի Լիլյանա Կոզին («Մի օր ղեկավարությունն ինձ իրենց մոտ կանչեց ու հայտնեց, որ պրիմա-բալերինան, որը մի քանի օր անց պետք է «Դոն Կիխոտ» պարեր, հիվանդացել է: Հարցրինՙ կարո՞ղ եմ փոխարինել նրան: Ես մի քանի անգամ պարել էի այս բալետը, որն ինձ Երեւանում, Հայաստանում սովորեցրել էր Վիլեն Գալստյանը, եւ այն մի քանի անգամ կատարել էի հյուրախաղերի ժամանակՙ միշտ Խորհրդային Միությունում». Liliana Cosi, E՛toile. La mia vita con Dio Cittaՙ Nuova, 2006, էջ 140): Իսկ Արամ Խաչատրյանն «Անտունի» բալետի մասին իր հոդվածում գրել է. «Գլխավորՙ Անտունիի դերում բարձր վարպետություն ցուցադրեց Վիլեն Գալստյանը, մի պարող, որը ճանաչման է արժանացել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ արտասահմանումՙ միջազգային մրցույթներում: Նրա կատարմամբ Անտունին մտածող-հումանիստ է, մարտիկ» (Арам Хачатурян, О музыке, музыкантах, о себе, Ереван, 1980, стр. 240): Ի դեպ, Մոսկվայում կայացած հայ արվեստի տասնօրյակին տեսնելով Գալստյանի ջահերով մենապարըՙ Խաչատրյանը նրան առաջարկել է ձեռք զարկել «Գայանե» բալետի բեմական նոր տարբերակի ստեղծմանը: Եղած բեմադրությունները գոհացուցիչ չէին, լիբրետոն հնացել էր: «Գայանեն» Գալստյանի մեկնաբանությամբ ունեցավ առավել համընդհանուր հնչողություն, որտեղ ավելի ընդգծվեցին հերոսների սիրո եւ մրցակցության պահերը… Այն բեմադրվեց տարբեր երկրներում, օրինակ, 1979-ին, Եգիպտոսումՙ արժանանալով տեղի հայ եւ եգիպտական մամուլի մեծ գնահատանքին: Բեմադրության ձեւավորող նկարիչն էր Ռոբերտ Էլիբեկյանը, ընդհանուր պատասխանատունՙ Մուրադ Մուրադյանը, իսկ գլխավոր դերակատարուհին էր եգիպտական բալետի թիվ մեկ մենապարուհինՙ հայազգի Սոնյա Սարգիսը (Չամքերթենյան), որը «հոյակապ էր իր ամբողջ շնորհալիութեամբ, նազանքով, գրաւիչ ժպիտով, իր բեմականութեամբ, դէմքի միմիկաներով: Խումբը նոյնպէս անթերի էր իր կատարումներուն մէջ, աղջիկները իրենց հեզաճկուն շարժումներով եւ տղաքը իրենց առնական պարերով: Ամէն տեղ զգալի էր վարպետ ձեռքի մը ներկայութիւնը, ձեռքՙ որ սորվեցուցած էր, մարզած, վարժեցուցած, եւ որ կը ղեկավարէր ամբողջ համոյթը իր անտեսանելի ճարտարութեամբ» (Աւետիս Եափուճեան, «Գայանէ» պալէին ներկայացումը Եգիպտոսի մէջ հայ եւ արաբ ժողովուրդներուն բարեկամութեան մեծ ցոյց մը», «Արեւ», 8.12.1979):
Առհասարակ, Վիլեն Գալստյանի արտասահմանյան գործունեությունն արժանի է մանրակրկիտ ուսումնասիրության: 1986-1988 թթ. նա եղել է Ուրուգվայի «Տեատրու սոլիսի» գլխավոր բալետմայստերը: «Սեզոնի կեսին ցնցում առաջացավ խորհրդային [պարող] Վիլեն Գալստյանի գալով: Նա կարգապահություն հաստատեց եւ հաջողությամբ բեմադրեց «Դոն Կիխոտը», որն Ուրուգվայի համար պրեմիերա էր եւ պահպանում էր բեմադրության տարբերակների հիմնական ուղենիշները»,- գրել է Ֆեռնանդո Օ. Ասունսաոն «Պարը Ուրուգվայում» գրքում (Fernando O. Assunջչo, La danza en Uruguay, 2001, p. 142): Գալստյանն Ուրուգվայում առաջին անգամ բեմադրել է նաեւ «Սպարտակը». մեկնելուց հետո նա իր բեմադրությունների վերահսկումը վստահել է Սպարտակի դերակատար, ուրուգվայցի նշանավոր պարող Ալեխանդրո Գոդոյին, որի կենսագրության մեջ մշտապես նշվում է արդյունավետ համագործակցությունը Գալստյանի հետ:
1999-2000 թթ. Վիլեն Գալստյանը դասավանդել է Սեուլի (Հարավային Կորեա) բալետի համալսարանում, 2001-ինՙ Արգենտինայում, 2005-ին Կրասնոդարի Պոնոմարենկոյի անվան ֆիլհարմոնիայում հիմնադրել իր տեսակի մեջ եզակի «Կուբանի երիտասարդ բալետ» պարախումբը, իսկ 2010-ին Արգենտինայում բեմադրել է «Սպարտակը»: Բոլոր այս երկրներում Գալստյանի կողքին որպես մենապարուհի, պարուսույց եւ փորձավար եղել է նրա կյանքի ընկերուհինՙ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Նադեժդա Դավթյանը (1951-2019)…
Եվ այսօր էլ ութսունամյակը բոլորած, իր նահապետի ոսկե աշունն ապրող Վիլեն Գալստյանը առինքնում է իր եզակի հմայքով եւ խարիզմայով: Հիրավի, իր տեսակի մեջ մի յուրահատուկ «պերֆորմանս» է, երբ բալետասեր երեւանցին, անցնելով պարարվեստի ուսումնարանի կամ օպերայի եւ բալետի թատրոնի մոտով, մուտքի առջեւ տեսնում է մեր սիրելի Վիգեն Շմավոնովիչինՙ ալեհեր բաշով, ձեռքինՙ ծխախոտ… եւ բնական ցանկություն է առաջանում մոտենալ նրան ու ասել.
– Շնորհավոր հոբելյանդ, վարպե՛տ…
Լուսանկարըՙ Մարիաննա Մելիքսեթյանի