Ֆրանսիական թատրոնի եւ կինոյի հայազգի դերասան Արսեն Ժիրոյանը ծնվել է 1962 թվականին, Ստամբուլում: Մանկությունը եւ պատանեկությունն անցել են Մարսելում եւ Առնուվիլում: Հաճախել է թատերական դասընթացների (ի դեպ, Կատյա եւ Միշա Ազնավուրների հետ միասին): Նկարահանվել է շուրջ 70 ֆիլմում եւ հեռուստասերիալում, այնպիսի նշանավոր բեմադրիչների աշխատանքներում, ինչպիսիք են Լյուք Բեսոնը («Լեոն»), Իվ Բուասեն («Յուրահատուկ դաս», «Երազանքի թիմը», «Դրեյֆուսի գործը»), Պատրիս Լըկոնտը («Մեծ դուքսը», «Իվոնի օծանելիքը»): Նրա ֆիլմագրությունը ներառում է ֆանտաստիկ, սպորտային, սարսափ կինոնկարներ, այդ թվումՙ Ֆրանսուա Դյուպեյրոնի «Մեքենան», Բեռնար Նաուերի «Տրյուֆելները» (1995, Մարիուս), Ժան-Պիեռ Վեռնյի «Ծովախեցգետինը ետեւի նստարանին» (1996), Սեբաստիան Գրալի «Խենթության մի փոքր հատիկը» (1997), Քրիստոֆ Ժակրոյի «Տնային կալանքը» (1998), Դիդյե Տրոնշեի «Նոր Ժան-Կլոդը» (2002) եւ այլն: Սակայն հասարակությունը նրան ճանաչել է հեռատեսիլից, հատկապես այնպիսի երիտասարդական սերիալներից, ինչպիսիք են «Ուրվականուհին» եւ «Ծայրահեղ սահմանը»: Թատրոնում Ժիրոյանը հանդես է եկել «Փարիզ պալատը», «Բանաստեղծը միշտ սխալ է», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Օրնիֆլ» եւ այլ բեմադրություններում, ճանաչվել «Արսենը թիմի ասն է» եւ «Ժան-Կլոդ Տերգալ» կատակերգական մենաներկայացումներով: Իր դերասանական խաղի համար արժանացել է մրցանակների: 1991 թվականին «Լա ռեւյու դյու սինեման» նրան բնութագրել է որպես հեռանկարային դերասանՙ «գերազանց տեխնիկայով եւ զարմանալի ներկայությամբ»: «Մենք նրան ճանաչում ենք ատրճանակը ձեռքին եւ չար դեմքով` «Բրակո» սերիալում հայկական մաֆիայի շեֆի հագուստով: Կամ վերջերս «Ժոզեֆինի պահապան հրեշտակը» սերիալումՙ քահանայի զգեստով: Բայց Արսեն Ժիրոյանի հետ, դրամատիկականից մինչ կոմիկական իր դիապազոնով, անակնկալները երբեք չեն վերջանում»,- գրել է «Նիս մատենը» (2020, մարտի 2):
Արսենը բնակվում է Կաննում եւ շարունակում է իր աշխույժ դերասանական կարիերան ինչպես բեմում, այնպես էլ մեծ եւ փոքր էկրանին…
– Արսե՛ն, Հայաստանում մենք քեզ գիտեինք դեռ 1996-ին, երբ ռուսական հեռատեսիլը ցուցադրում էր Ժան-Լուի Դանիելի եւ Բեռնար Դյուբուայի «Ծայրահեղ իրավիճակներ» շարքըՙ «Չելենջերս» վերնագրով, որտեղ դու կատարում էիր գլխավոր հերոսներից մեկիՙ Ժյուլյենի դերը…
– «Ծայրահեղ իրավիճակները» խիստ ֆրանսիական արտահայտություն է, արտասահմանյան վաճառքի համար «Չելենջերսն» ավելի լավ է… ճիշտ ինչպես «Արեւի տակ» սերիալն ավելի լավ վաճառվեց դրսում «Սեն Տրոպե» վերնագրով:
– Մենքՙ հայերս, զգայուն ենք տարբեր բնագավառներում աչքի ընկած մեր հայրենակիցների հանդեպ, ուստի իմ ընկերներից մի քանիսը, որ գիտեին հայազգի կինոգործիչների հանդեպ իմ հետաքրքրության մասին, ասում էին քո մասին… Ինչպե՞ս է սկսվել քո դերասանական կարիերան:
– Որպես պրոֆեսիոնալ դերասան իմ կարիերան սկսվել է 1991-ին միաժամանակ երկու սերիալներումՙ «Բժիշկ Կալվեի ճակատագիրը» եւ «FDM»: Նոր էի ավարտել թատերական կրթությունս, դարձա «Վիրիո» դասընթացի մրցանակակիր, որ ինձ շնորհեցին այդ ակցիայի հովանավորներ Պատրիս Լըկոնտը եւ Իվ Բուասեն: Շուտով կլրանա երեսուն տարին. 1991-ի հունիսի 25-ն էր, երեքշաբթի օր, ես դա կհիշեմ իմ ամբողջ կյանքում: Այդ գիշեր զգացի, որ ինձ դերասան են դարձնում:
– Պիտի որ դժվար լինի դերասանական կարիերա անել Ֆրանսիայի պես երկրում..
– Ֆրանսիայում դա դժվար է, եթե անգլերեն շատ լավ չես խոսում, ինչպես ես:
– Կինոն ընդդեմ հեռատեսիլի. ո՞ր փուլում է նրանց միջեւ «պայքարը»:
– Երկար ժամանակ հեռատեսիլն անճոռնի ճուտիկն էր… հեռատեսիլում աշխատողները պատժվում էին եւ շատ դերեր չէին ստանում կինոյում: Այսօր ճիշտ հակառակն է, գրեթե բոլոր կինոաստղերը ցանկանում են գլխավոր դերեր ունենալ սերիալներում:
– Քո դեմքը, թեեւ հիշարժան է ու համակրելի, բայց ոչ այնքան բնորոշ եվրոպական: Դա չի՞ նշանակում լինել հիմնականում էթնիկական դերեր կատարող:
– Ֆրանսիացիների համար ես բնավ տարբեր մեկը չեմ, նրանք նույնիսկ ասում են, թե ես ունեմ «նորմալ» դեմք… ինչը ինձ թույլ է տվել խաղալ բոլոր «նորմալ» կերպարները… Ես երբեք չեմ զգացել այդ տարբերությունը, ընդհակառակը: Ապացույցն այն է, որ 25 տարի պահանջվեցՙ հայի կերպար մարմնավորելու համար:
– Նկատի ունես «Բրակո» շարքը, որտեղ կատարել ես հայկական մաֆիայի կնքահայր Ատոմ Փարաջանովի դերը: Ո՞ւմ գաղափարն էրՙ համատեղել երկու հայտնի հայ կինոգործիչների անունն ու ազգանունը մաֆիական կերպարի մեջ: Որքան գիտեմ, Ֆրանսիայում հայկական մաֆիա չկա, բայց ֆրանսիական կինոյում սա արդեն երկրորդ անգամ է, որ ունենք հայ հանցագործի կերպարՙ հայ կինոռեժիսորի անունով: Նկատի ունեմ «Առաջին շրջանը», որտեղ Ժան Ռենոն մարմնավորել էր բանդայի պարագլուխ Միլո Մալաքյանին…
– «Բրակո»-ի սցենարիստ Աբդել Ռաուֆ Դաֆրիի գաղափարն էրՙ միավորել Էգոյանի Ատոմ անունը եւ Սերգեյի Փարաջանով ազգանունը… Եվ երբ իմացավ, որ ես ծնվել եմ Ստամբուլում, ինձ նաեւ ստիպեց թուրքերեն խոսել սերիալի երրորդ մասում:
– Պատմի՛ր խնդրեմ ծնողներիդ, ընտանիքիդ եւ ազգանվանդ ծագման մասին, նաեւ այն մասին, թե ինչ կապ ունես ծննդավայրիդ ու ֆրանսահայ համայնքի հետ:
– Ես Ֆրանսիա եմ ժամանել երկու տարեկանում ու երբեք չեմ վերադարձել Թուրքիա… Ծնողներս կյանքից հեռացել են 25 տարի առաջ, հիշողություններս շատ քիչ են: Մորս անունը Սիլվա Բաղդասարյան էր, ես երկար տատանվում էիՙ վերցնե՞լ նրա անունը`կարիերաս սկսելու համար: Արսեն Բաղդասարյան, լավ կլիներ… ու հաստատ ավելի հայահունչ, քան Ժիրոյանն է: Ֆրանսիայում մի քաղաք կաՙ Ռուայան: Գուցե դրա հետ զուգորդումն է պատճառը, որ Ֆրանսիայում իմ անունն այնքան էլ հայկական չի հնչում…
– Կա՞ն հայկական ավանդույթներ, որ պահպանում եք:
– Շատ քիչ, խոհանոցայինից բացի… Բայց թատրոնում կամ կինոյում շատ կուզեմ խաղալ հայերեն…
– Իսկ ի՞նչ կուզես փոխանցել հայ ընթերցողներին:
– Չնայած ես երջանիկ ու երախտապարտ եմ ֆրանսիացի լինելու համար, բայց սիրտս հայ է, եւ հպարտ եմ, որ հայ եմ… Հույս ունեմ մի օր ստանալ Հայաստանի քաղաքացիություն… ու նաեւ բացահայտել իմ նախնիների երկիրը…