Հովհաննես Չիլինկիրյանի հիշատակին
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ, Փարիզ
Նիցայում (Ֆրանսիա), փետրվարի 5-ին երկարատեւ հիվանդությունից հետո 96 տարեկան հասակում վախճանվել է ազգային-մշակութային հայտնի գործիչ, հայկական կերպարվեստի լավագույն գործերի հավաքորդ, մամուլի ու գրականության մեկենաս, հայկական ազատագրական նորագույն շարժման աջակից, Մեծ եղեռնի լուսապսակ նահատակներից` բանաստեղծ եւ բժիշկ Ռուբեն Սեւակի եղբորորդին` Հովհաննես Չիլինկիրյանը:
Ի դեմս նրա փեսայի` ՌԱԿ հայտնի գործիչ Հակոբ Ավագյանի, Չիլինգիրյան ողջ գերդաստանին ու հարազատներին խորին ցավակցություն հայտնելուց հետո, շատ հակիրճ անդրադառնանք Հովհաննես Չիլինգիրյանիՙ թերեւս ամենամնայուն գործին` Մայր աթոռ Ս. Էջմիածնի «Ռուբեն Սեւակ» պատկերասրահին, որը բարերարը նվիրել է 2013 թ.ին` Հակոբ Ավագյանի, Ռուբեն Միրզախանյանի, Շահեն Խաչատրյանի աջակցությամբ եւ անշուշտ` Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ եւ քաջալերանքով: Իր տարիների տքնաջան աշխատանքի եւ պրպտումների արդյունք հանդիսացող հավաքածոյի մշտնջենական օթեւան ապահովելով, Մայր աթոռի հովանու ներքո բարերարը հայկական կերպարվեստի ավելի քան 230 գործ նվիրել է վերոհիշյալ պատկերասրահ-թանգարանին, որտեղ Այվազովսկու նշանավոր մի քանի գործերի կողքին իրենց արժանապատիվ տեղն են գրավում նաեւ ծովանկարիչ Մախոխյանի, ինչպես նաեւ Շաբանյանի, Գայֆեճյանի, Շիլդյանի եւ այլ վարպետների ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանում հայկական մշակույթի պահպանմանն ուղղված մեծագույն եւ ամենաթանկարժեք նվիրատվությունն է հանդիսանում վերոհիշյալ հավաքածոն, որտեղ կան նաեւ նահատակ Ռուբեն Սեւակի անձնական իրերը, ինչպես նաեւ նրա մի շարք գծանկարները:
Մեկ անգամ եւս հաստատենք. առանց Հովհ. Չիլինգիրյանի բոլորանվեր հոգածության, հայ գեղանկարչության բազմաթիվ գլուխգործոցներ ցրիվ եկած պիտի լինեին աշխարհի տարբեր վայրերումՙ անհատական հավաքածոներում, մեր հասանելիությունից հեռու:
1983թ. հոկտեմբերին էր, ես Ժնեւում էիՙ տեղի համալսարանի հայագիտական ամբիոնի հրավերով: Ժամանելուս երրորդ թե չորրորդ օրն էր, զանգեց Վահե Գոդելի հայրըՙ նշանավոր արեւելագետ լեզվաբան, հայագիտական ամբիոնի հիմնադիր-վարիչ Ռոբեր Գոդելը եւ ասաց, որ ինձ հետ հանդիպելու ցանկություն է հայտնել Ռուբեն Սեւակի զարմիկըՙ Հովհաննես Չիլինկիրյանը: Զարմանալի զուգադիպություն… Արդեն երկու տարի փաստորեն մենք փնտրում էինք իրար, եւ իմ մտքով չէր անցնի, որ հանդիպելու ենք այդտեղ եւ ոչ թե Հայաստանում կամ, ի՞նչ իմանաս, Միջերկրականի ափին ընկած Կանյ-սյուր-Մեր փոքրիկ քաղաքում, որտեղ բնակվում էր նա:
Դեռեւս 1981թ., Նիցցայում, Երեւանի Դրամատիկական թատրոնի հյուրախաղերի օրերին, Հովհ. Չիլինկիրյանը հանդիպել էր Անահիտ Թոփչյանին եւ խնդրել, որ ես Ռուբեն Սեւակի երկերի լիակատարը պատրաստեմ, ասելով, թե «Զահրատն ինծի ըսաւ, որ միայն Թոփճեան կրնայ այդ գործը հարկ եղածին պէս ընել»:
Նման պատվավոր անձանց կողմից հնչող առաջարկն, անշուշտ, գայթակղիչ էր եւ պարտավորեցնող, սակայն «Հայֆիլմի» գլխավոր խմբագրի գերծանրաբեռնված առօրյաս այդ մասին մտածելու հնարավորությունն անգամ չէր տալիս, եւ միայն մեկ տարի անց, կինոյի աշխարհը լքելուց հետո, կարողացա, ի թիվս այլ խոստումների, զբաղվել նաեւ այդ մեկով: Իմ անելիքներն ավելի որոշակիացան, երբ «Սովետական գրող» հրատարակչության դասական գրականության բաժնի վարիչ, իմ ավագ եղբայր, լուսահոգի Ստեփան Թոփչյանը, Ռ. Սեւակի մոտալուտ 100 ամյակին ընդառաջ, պատվիրեց, որ մի ստվար հատոր կազմեմ:
Այս լուրն աննկարագրելի ուրախություն պատճառեց Հովհ. Չիլինկիրյանին: Փաստարկներով եւ առաջարկներով զինված, նա ինձ հրավիրել էր համոզելու, որ ստանձնեմ այն, ինչն արդեն ստանձնել եւ առաջին քայլերն էի կատարում:
Այդ հանդիպումն ինձ համար կարեւոր եղավ մի շարք առումով: Նախ ես ծանոթացա, այնուհետեւ մտերմացա մի բացառիկ անձնավորության հետ եւ, երկրորդ, տարիներ տեւած մեր համատեղ աշխատանքը Ռուբեն Սեւակի ժառանգության մանրազնին ուսումնասիրման եւ հանրայնացման գործում առավել քան արդյունավետ եղավ անձնապես ինձ համար: Բավական է նշել միայն, որ այդՙ տարիներ տեւած պրպտումների արդյունքը եղավ նաեւ Ռ. Սեւակին նվիրված կենսագրական իմ վեպըՙ «Եվ անգամ մահից հետո…», որը բարձր գնահատվեց մամուլում եւ արժանացավ ՀՀ Նախագահի եւ Հայաստանի Գրողների միության մրցանակներին:
Հովհ. Չիլինկիրյանի մասին շատ ուշագրավ եւ հետաքրքրական բաներ կարելի պատմել, ներկայացնել նրան որպես ներհուն մտավորական, հանուն ազգային ճշմարիտ գաղափարների մարտնչող հրապարակախոս, անսասան բարոյականի տեր հայրենասեր անձնավորություն, հայ մամուլն ու գրականությունը խրախուսող բարերար, վերջապես հայ կերպարվեստի հմուտ գիտակ-հավաքորդ, սակայն այսօր ես կսահմանափակվեմ միայն երկուսիս անքակտելիորեն միավորող Ռուբեն Սեւակով:
Կարելի է ասել, որ նրա ազգային-հասարակական գործունեությունը ծավալվում էր հենց այս լույսի ներքո, եւ չենք սխալվի, եթե նաեւ ասենք, որ նա իր կյանքն ամբողջությամբ նվիրեց մեր գրականության այդ լուսավոր դեմքին: Եվ ոչ թե որ նա իր հորեղբայրն էր, այլ որ մեր մշակույթի այն բացառիկ դեմքերից էր, որ կարողացավ ստեղծագործական հանճարին միավորել բարոյական հանճարը եւ իր հերոսական «մահով հաղթել մահը»:
Նա համոզված էր, որ Ռուբեն Սեւակին իր արժանի տեղը չի հատկացվել հայ մշակույթի պանթեոնում եւ ընդհանրապես մեր պատմության մեջ: Ուստի ջանք ու միջոց չէր խնայում այդ սխալը շտկելու համար:
Ե. Չարենցի անվ. Գրականության եւ Արվեստի թանգարանում ես պիտի համոզվեի, որ Հովհ. Չիլինկիրյանն իրավունք ուներ այդպես կարծելու: Ռ. Սեւակիՙ Ցեղասպանության զոհ դարձած մյուս հեղինակների նյութերի հետ համեմատած, ծավալուն արխիվը պարզապես կուսական վիճակում էր: Անտիպ էջերով լեցուն տետրակներ, բանաստեղծություններ, թարգմանություններ, արձակ էջեր, որ շուրջ քառասուն տարի առաջ մուտքագրվել էին եւ պարզապես մոռացվել: Հատկապես ուշագրավ էին բանաստեղծի եւ նրա գերմանուհի կնոջՙ Յաննի Ապելիՙ ֆրանսերեն գրված շուրջ երեք հարյուր նամակները… Եզակի երեւույթ մեր գրական էպիստոլարում: Այդ ամենն առնվազն երկու հատոր անտիպ կկազմեր: Նման վիրավորական անուշադրություն անկարելի է գտնել որեւէ եվրոպական երկրումՙ իրենց դասականի անտիպների հանդեպ:
Իսկ բանաստեղծի կիսատ-պռատ հրապարակված գործերն ինչպե՞ս էին գնահատվում: Հիշում եմ, ինչպես սփյուռքի հեղինակներից մեկը գրեթե ողբում էր, որ Ռ. Սեւակն ընդամենը «երեսուն տարի ապրեցաւ եւ չկրցաւ լրիւ կենսագործել ու լիարժէք արդիւնաւորել իր կոչումն ու առաքելութիւնը»: Նույն հեղինակը, մեկ այլ առիթով Ռ. Սեւակին համարել էր ընդամենը «խոստմնալից» բանաստեղծ, բնորոշում, որը վերջին անգամ կարդացել եմ «Պիոներ Կանչ»-ում, մոտ կես դար առաջ…
Չեմ հիշում, թե 17 տարի եւ 9 ամիս ապրած Հերանուշ Արշակյանի, 21 տարի ապրած Պետրոս Դուրյանի կամ 22 տարի ապրած Մեծարենցի առիթով որեւէ մեկը ողբա՞ց, թե խեղճ «խոստմնալից» աղջիկ, խեղճ «խոստմնալից» տղաներ «չկրցան լրիւ կենսագործել ու լիարժեք արդիւնավորել իրենց կոչումն ու առաքելութիւնը», հապա 31 տարի ապրած Դանիել Վարուժանը կամ 30 տարի ապրած Մատթեոս Զարիֆյանը… որեւէ մեկը կհանդգնե՞ր նրանց «խոստմնալից» համարել եւ ասել, թե չկարողացան իրենց կոչումն ու առաքելությունն արդյունավորել… Նման դեպք ես չեմ հիշում, սակայն Ռ. Սեւակի առիթով գրում են, եւ ոչ մեկը չի ասում դրանց, թե հարգելի Տիարք, չափներդ ճանաչեք… Ավելին, դեռափթիթ մի լրագրողուհի, ի լուր աշխարհի, Ռ. Սեւակին որակեց որպես «թրքասեր», իսկ մեկ այլ կիսագրական գործիչ գրեց, թե բանաստեղծի նահատակության պատմությունն ապոկրիֆ է, ասել է թե պարականոն, հորինովի, սուտ… Ասել է թե Ռ. Սեւակը ոչ թե կյանքի գնով մերժեց իսլամ ընդունելու առաջարկը, այլ իսկապես թլպատվեց, միայն թե դրանից հետո անհասկանալի է, թե ինչու թուրքերն իրենց նպատակին հասնելուց հետո մորթեցին բանաստեղծին… Գիտական մի հեղինակություն էլ որոշեց Ռ. Սեւակին համեմատել իր ժամանակի արեւմտահայ մեծանուն բանաստեղծների հետ, եւ Ռ. Սեւակը շարունակ «պարտվողի», լավագույն դեպքում նրանց ուշիմ աշակերտի դերում էր… Հայ մեծ բանաստեղծին, ազգային հերոսին շարունակաբար ստորադասելու, նվաստացնելու եւ արժեզրկելու այս զազրելի եւ հետեւողական միտումին մենք անդրադարձանք ժամանակին «Գրականագիտական սադիզմ» վերնագրված մեր հոդվածում:
1985թ, Ռ. Սեւակի հարյուրամյակի առթիվ տպագրված հինգհարյուրէջանոց հատընտիրի վաթսուն տոկոսը կազմում էին անտիպները, իսկ մոտ տասը տարի անց լույս ընծայած երկհատորյակի երկրորդ հատորը գրեթե ամբողջությամբ անտիպ նամակագրությունն էրՙ ֆրանսերենից թարգմանված արեւմտահայերեն: Գրականության եւ արվեստի թանգարանի անտիպներին Հովհ. Չիլինկիրյանն աշխարհի տարբեր անկյուններից հայտնաբերում եւ ավելացնում էր նոր նյութեր: Արժե հիշատակել հատկապես բանաստեղծի աշակերտական տետրակները, որոնք ներկայացնում էին Ռ. Սեւակի առաջին քայլերը որպես բանաստեղծ եւ, այսպես կոչված, «կանադական տետրակը»ՙ ծայրեծայր լեցուն նորահայտ քերթվածներով եւ թարգմանություններով: Տետրակ, որն ավելի քան ութսուն տարի սպասել էր լույս ընծայվելուն, եւ հավանաբար երկար կմնար անհայտության մեջ, եթե չլինեին Հովհ. Չիլինկիրյանի անխոնջ պրպտումներըՙ բառացիորեն աշխարհով մեկ: Եվ այսպես, շուրջ քսան տարվա ընթացքում տասը գիրք հրապարակվեց, որոնցից երկուսը բանաստեղծի ռուսերեն եւ ֆրանսերեն ժողովածուներն էին:
Այսքանով հանդերձ, Հովհ. Չիլինկիրյանի սեւականպաստ գործունեության գլուխգործոցը եղավ «Ռուբեն Սեւակի մշակութային հիմնարկ» գրական-մշակութային հաստատությունը, որը մի քանի տասնամյակ շարունակ աշխույժ գործունեություն ծավալեց Ֆրանսիայում եւ սփյուռքահայ մի շարք գաղութներում: Նիցցայից քիչ հեռու ընկած Կանյ-սյուր-Մեր փոքրիկ քաղաքի շենքերից մեկում մի ընդարձակ հարկաբաժին ամբողջությամբ հատկացված էր այդ հաստատությանը: Դա փաստորեն մշակութային կենտրոն էրՙ իր առանձնահատուկ գրադարանով, Ռ. Սեւակին եւ արեւմտահայ գրականությանն առնչվող փաստաթղթերով, մամուլով եւ այլ նյութերով: Այդտեղ էր գտնվում նաեւ հայ ծովանկարիչների հավաքածոն. ավելի քան 300 յուղաներկ եւ գրաֆիկա, այդ թվում Այվազովսկու, Ջիվանյանի, Մախոխյանի, Ալխազյանի, Գառզուի եւ այլ հայազգի կերպարվեստագետների աշխատանքներ: Հավաքածո, որի նմանը չի եղել եւ հազիվ թե լինի հայ իրականության մեջ:
Այդ հավաքածոն 2013թ, Հովհ. Չիլինկիրյանը մյուս նյութերի հետ նվիրաբերեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:
Այդ հաստատության հետ կապված մի պատմություն կա, որը կուզեինք ներկայացնել այստեղ: 90-ական թվականներին ես եւ Անահիտ Թոփչյանը պարբերաբար տպագրվում էինք Փարիզում գտնվող «La Pense՛e Russe» հեղինակավոր շաբաթաթերթում: Մի առիթով խմբագրության պատասխանատու քարտուղարին պատմում էինք Ռ. Սեւակի եւ նրա հիշատակի տան մասին: «Դա փաստորեն նահատակ բանաստեղծի տուն-թանգարանն է օտարության մեջ», – ասաց նա, անչափ տպավորված այդ պատմությամբ, եւ խնդրեց, որ անպայման եւ մանրամասնորեն գրենք այդ եզակի երեւույթի մասին: Կարճ ժամանակ անց թերթը մի ծավալուն հոդված տպագրեցՙ «Айвазовский в гостях у Рубена Севака» («Այվազովսկին հյուր Ռուբեն Սեւակին»), իսկ մեկ ամիս անց Ռ. Սեւակ մարդու եւ բանաստեղծի դիմանկարը տպվեց թերթի մի ամբողջ էջի վրա: Այդ նույն տեքստն ավելի ուշ զետեղվեց բանաստեղծի ռուսերեն ժողովածուի մեջՙ որպես առաջաբան: