Ամեն օր ինչ-որ անհավատալի լուր փոթորկում է հանրությանը, միտք զբաղեցնում այն աստիճան, որ մի պահ շեղվում ենք իրավիճակից դուրս գալու ելքերի որոնումից, մոռանում, որ Արցախի մեծ մասը կորցրել ենք փաստորեն, մնացած մի կտոր Արցախը շրջափակման մեջ է հայտնվել, այնտեղ գնացող եւ այնտեղից եկող ամեն շարժվող բան ռուսների եւ ադրբեջանցիների ակնդետ հայացքի տակ է: Արցախ այլեւս չեն կարող մեկնել արտերկրիցՙ առանց Ադրբեջանի թույլտվության, այդ թվումՙ հազարավոր դոլարներով Արցախին օգնած Սփյուռքի մեր հայրենակիցները դա չեն կարող անել: Վատ երազում անգամ այս բոլորը հնարավոր չէր պատկերացնել: Դադիվանք գնացող ուխտավորների պարագայում ադրբեջանցիները նախօրոք ցուցակներ են ուզում, ցուցակների առկայությամբ անգամ ժամերով սպասեցնում են մարդկանց, պատահում էՙ վանք չեն թողնում, ռուսներն էլ լուռ դիտողի կարգավիճակում են, սեփական սրբավայրում անգամ աղոթել չենք կարող, մեր սրբավայրը, սուրբգրային ամենաթունդ մեղքի տակ ընկնելով, տվել ենք շներին: Օղակը սեղմվում է այն աստիճան, որ վաղը, երբ թուրք -ադրբեջանցի տանդեմի մտքով անցնի խեղդել Արցախըՙ մենք չենք կարողանա զենքուզորքով օգնության հասնել, չգիտեմ էլ ինչ անվտանգության երաշխավոր է Արցախի համար Հայաստանը:
Անհասկանալի վիճակ է Արցախի շուրջ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ուղղությամբ: Չնայած ռուսները իրենց համապատասխան պաշտոնյաների միջոցով թույլբերան ասում են, թե Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը, բայց գործնականում այդ աշխատանքը չի երեւում: Զանազան ռուսական շրջանակներ, փորձագետներ խոսում են նոր ֆորմատներիցՙ Մոսկվա-Երեւան-Բաքու, Մոսկվա-Բաքու-Անկարա: Արցախի հայերի խնդիրը, Արցախի կարգավիճակի հարցի լուծումը վերահասցեագրում են այդ նոր ձեւաչափերինՙ անգամ Հայաստանի հնարավոր մասնակցությունն այդ լուծման մեջ կասկածի տակ դնելով: Նույնիսկ չգիտենք էլՙ այս պահին այդ Մինսկի խումբը, եթե աշխատի էլ, ի՞նչ խնդիրներ է լուծելու, քանի որ Արցախի կարգավիճակի հարցն այս պահին բարձրացնել պարզապես չի կարելի, երբ բազմաթիվ վիճելի հարցեր կան, անհասկանալի է բուն Արցախին պատկանող, սակայն չգիտես ինչու Ադրբեջանին հանձնված Հադրութի, Մարդակերտի գյուղերի խնդիրը: Դե ֆակտո Արցախի հետ կապված ամեն հարց ռուս-թուրք-ադրբեջանական ստորակայության ներքո է դիտարկվում, ռուս ու ադրբեջանցիՙ ձեռք-ձեռքի արդեն բուն Արցախում դրվող Նժդեհի արձանի ապամոնատաժելուց են խոսումՙ դա պարզապես խայտառակություն է: Եւ անգամ ՌԴ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս իր մի արտահայտությամբ ակնարկել էր Թուրքիայի մասնակցությամբ խնդիրները լուծելու իրողությունը:
Թեեւ տեղեկություններ կան, որ Հադրութում ադրբեջանցիները ավերում եւ այրում են իրենց հանձնված տներըՙ կարծես վստահ չլինելով, որ դրանք մնալու են իրենց, բայց որոշակի ոչ մի բան ոչ ոք չգիտե: Էս անորոշությունը սպանում է: Ամեն օր ի հայտ եկող տարբեր լուրեր ու մանրամասներ անհանգստացնող են: Ռազմագերիների հարցը մեր կառավարությունն այդպես էլ ի զորու չեղավ փաթեթով լուծել, երբ ի սկզբանե դրված է եղել «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման սկզբունքը, հիմա էլ կարծես սակարկում ենՙ գերիների դիմաց ինչ-որ բան պոկելու ուղղությամբ: Դե որ ասում ենքՙ բանակցողն այլ մարդ պետք է լինի, ու ոչ պարտվողըՙ այս պատճառով ենք նաեւ ասում:
Մեկ օր առաջ. օրինակ, Հայաստանի ԱԱԾ-ը հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի սահմանային տարածք լրագրողները կարող են մեկնել եւ լուսաբանել միայն ԱԱԾ հատուկ թույլտվությամբ: Դրա համար նախապես պետք է դիմել ԱԱԾ, դա պայմանավորված է օպերատիվ իրավիճակով եւ անվտանգության նկատառումներով իբր: Հասանք տեղՙ մեր սեփական երկրում տեղաշարժվելու համար պետք է ԱԱԾ-ից թույլտվություն խնդրենք, սրան ի՞նչ անուն պետք է տալ: Որ ի՞նչ լինիՙ Սյունիքում կատարվողի մասին բան չիմանա՞նք: Կամ ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ կան թաքցնելու սեփական ժողովրդից, որ լրագրողները հատուկ դիմեն ԱԱԾ, ստանան կամ չստանան թույլտվություն, ի ՞նչ է, արտերկի՞ր են այցելում: Սա խիստ անհանգստացնող ու կասկածելի է, մանավանդ ԱԱԾ հաղորդագրությունը նախորդել էր նախկին վարչապետ Հրայր Բագրատյանի բացահայտմանը, երբ Գորիս-Կապան ճանապարհին ռուս սահմանապահները նրան ցույց էին տվել մինչեւ այժմ անհայտ եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կնքված մի հուշագիր, ըստ որի ճանապարհի այդ հատվածի երթեւեկության վերահսկողությունը կարգավորվում է նաեւ ադրբեջանական կողմի մասնակցությամբ: Որ ընդդիմությունն անընդհատ վարչապետին հարցնում էր, թե էլ ի՞նչ գաղտնի հավելվածներ կան եռակողմ հայտարարությանը կից, պատասխան չէր տրվում, բա էլ ո՞նց չկասկածես ոչ միայն այս հուշագրի, այլեւ ավելի վատթար այլ հուշագրերի գոյությանը, մանավանդ ԱԱԾ հաղորդագրությունը կարծես այդ վատթարի օգտին է խոսում: Եւ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ էլ այս հարցը կրկին մնաց անորոշ պատասխանով: Հարցն ուղղված էր վարչապետին, ու որին, չգիտես ինչու, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը , այդպես էլ չփարատելով այդ կասկածներըՙ Ավինյանն ուղղակի այդպիսի հուշագրերից տեղեկություն չուներ, ու սա չի նշանակում, որ այդպիսի նոր, գաղտնի հուշագրեր գոյություն չունեն: Ի դեպՙ միայն մեր տպավորությունը չէ, որ Ավինյանը փաստորեն չի հերքել այդպիսի հուշագրի գոյությունը, նույն ընկալումը կար նաեւ երեկվա ԱԺ ճեպարույցներին մասնակցող ընդդիմադիր պատգամավորների մոտ, որոնք պահանջում էին պաշտոնապես անդրադարձ կատարել համացանցում ակտիվորեն տարածվող, առանց ստոագրության, մեր բնակավայրերն ադրբեջանականՙ մեզ համար վիրավորական տարբերակներով նշված այս թղթին, հերքել կամ հաստատել: Ավելին, պատգամավորները համարում էին, որ հուշագիր անվանված այդ թղթի որոշ դրույթներ արդեն իրականացվել են, իսկ Շաքե Իսայանը ԲՀԿ-ից մտահոգված առ այն, որ ձյունը հալվելուն պես նոր տարածքներ են անցնելու ադրբեջանական վերահսկողության տակՙ GPS-ով սահմանազատման արդյունքում: Ըստ նրաՙ կոնկրետ Ծղուկ լեռան հատվածում կա խնդիր, տեղի բնակիչներն են պատմել, թե լուրեր կանՙ GPS-ը արձանագրել է, որ դա Ադրբեջանի տարածք է: Նույն կարգի լուրեր Ջիլի բնակիչներն են փոխանցել: Ի՞նչ է, կարող է մի օր էլ արթնանանք ու պարզվի, ինչպես ճեպազրույցի ժամանակ նկատեցին, որ Հայաստանը ոչ թե մոտ 30 հազ քառ. կմ է, այլ , ասենք, 24 հազար: Ու այս բոլորը չէր լինի, ըստ ճեպազրույցին հնչած տեսակետի (Մ. Մելքումյան), եթե նոյեմբերի 9-ին պարտության թուղթը ստոագրողը նոյեմբերի 10-ին հրաժարական տված լիներ:
Ոչ մի քաղաքական ուժի չհարելովՙ մենք էլ ենք ասումՙ վնասի կեսից հետ դառնալը խելամիտ կլիներ, եթե այլ բանակցող ունենայինք, վերջինս Ավինյանի նման կչքմեղանար, թե ինքը տեղյակ չէ այդպիսի պայմանավորվածություններից, հետեւաբար չի կարող կատարել դրանք:
Իսկ թե ինչո՞ւ իրավիճակից որպես առաջարկվող ելքՙ արտահերթ ընտրությունները վարչապետը չեղյալ հայտարարեց, թեՙ այդպիսի պահանջ չկա հանրության մեջ, լիովին անհասկանալի մնաց, քանի որ հանրության մեջ նախ եւ առաջ պահանջ չկա երկրի , պետության շահերը հետապնդել չկարողացող վարչապետի: Եթե երկրի ղեկավարը չի կարողանում փաստարկված մերժել ռուս-թուրքական զանազան քմահաճույքները եռակողմ հայտարարությունից դուրս (իբր եռակողմի նվաստատացուցիչ կետերը մարսեցինքՙ հիմա էլ հավելյալ խնդիրներ են պարտադրվում), ապա գոնե մինչեւ այժմ պատճառված վնասը չմեծացնելու եւ Արցախյան պատերազմի ելքով Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար պատերազմի եւ խաղաղության հարցերով հատուկ բանագնացի հարցի լուծումն, ուրեմն, անխուսափելի պիտի լիներ եւ անհապաղ: Ազգային ժողովում արտգործնախարար Արա Այվազյանի տարօրինակ պատասխանը վկա, թե այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում պատճառը վերացել է (նկատի ունի տարածքների հանձնումը): Նույն պահին մտքներովս անցավ, որ եթե այսպես գնաՙ Ցեղասպանության ճանաչման հետապնդումից էլ մերոնք կսկսեն հրաժարվել, քանի որ հաստատում չստացած լուրերի համաձայնՙ Թուրքիան հաղորդուղիների ապաշրջափակման դիմաց հենց այս պահանջն է ներկայացնում Հայաստանին: Միայն մեր խմբագրությունը չէ այդ մասին մտածել, դատելով տարբեր խիստ արձագանքներից, օրինակ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը մի խիստ հայտարարություն է տարածելՙ ծավալուն անդրադարձով ցույց տալով ԱԳ նախարարի այդ հայտարարության վտանգները:
Արտահերթ ընտրությունները միգուցե կլվանային նաեւ իշխանության դեմքը
Ընդդիմությունից միայն ՀՀԿ-ն էր, որ չէր արտահայտվել վերջնականորենՙ կմասնակցե ՞ր ընտրություններին, թե՞ ոչ, եթե իշխանությունը արտահերթ ընտրություններ նշանակեր: Հաջորդեց իր թիմի հետ վարչապետի հանդիպումից հետո հայտարարություն, թե այսպես ու այսպեսՙ այս պահին հանրության մեջ պահանջ չկա արտահերթ ընտրության, այդպիսով նաեւ նոր ասեկոսեներ ծնելով Սերժ Սարգսյանի շուրջ: Այ քեզ բան, ինչո՞վ են չափել պահանջը, զոհվածների հարյուրհազարավոր հարազատներին հարցրել ե՞ն, Սյունիքի սահմանամերձ բնակչության կարծիքն իմացե՞լ են, որոնք ամեն օր նոր պրոբլեմների են հանդիպում իրենց առօրյա կյանքում: Ընդհանրապեսՙ իրենց ոչ կոմպետենտությամբ ու անպատասխանատվությամբ ( Էդիկ Բաղդասարյանի հետ լիովին համաձայն եմ այս առումով) մեր պարտության կռողները որքա՞ ն են ուզում դեռ այս իրավիճակը չպարզաջրելՙ գոնե արտահերթ ընտրություններով վերբեռնելով հայկական կյանքը, որով նաեւ իրենցից մի մասի դեմքը մասամբ կլվացվի երկիրը պարտության տանելու խորը դաջից, եթե, այնուամենայնիվ, այդ մի մասը, նորացված թիմով, վստահության քվե ստանաՙ այլ քաղաքական միավորների հետ մեկտեղ: Խորհրդարանում վարչապետ Փաշինյանի անհավես, անտրամադիր պատասխաններից դժվար է գլխի ընկնել, թե ի՞նչ է տեղի ունենում կուլիսներում, խոսքը նաեւ եռակողմ հայտարարության հեղինակների կուլիսային շփումների մասին է, որոնք անշուշտ, կուզենան, որ Հայաստանում շարունակի իրենց հետ կապի մեջ մտնել այն մարդը, ում հետ պայմանավորվածություններ են ձեռքբերվել: Վարչապետի պատասխաններում թեեւ ամբողջովին չհերքվեց արտահերթ ընտրությունների հնարավորությունըՙ դրա ժամանակը փոխադրելով իր առաջարկած վեցամսյա ճանապարհային քարտեզի ժամկետը լրանալուց հետո քննարկումներին, այսինքնՙ հունիսի մեջ, բայց ինքնին պարզ է, որ դա ինչ-որ բանի համար ժամանակ շահելու քայլ է սոսկ: Ինչի՞ համար են ժամանակ շահում գոծող իշխանությունները, ի՞նչ պայմանավորվածություններ կան, որոնց իրագործման համար եւս մի քանի ամիս է պետքՙ կասկածում ենք, որ դրանք եւս ցավոտ են լինելու: Եւ ինչո՞ւ է անկարող, անտարբեր ու համակերպված հայ ժողովուրդն այս վիճակինՙ պատասխան չունի այս հարցը: Հասկանալի է, որ ընդդիմության տարբեր թեւերի որակը չի ոգեւորում մարդկանց, բայց եւ ինքնակազմակերպման, վիճակից դուրս գալու ծրագրեր առաջարկող այլ խմբեր չեն նշմարվում, որոնք ապագայի ուրվագիծը հստակ կգծեին ու պատասխանատվություն կվերցնեին Հայաստանի ու Արցախի գլխավոր խնդիրների վերաբերյալ տեսակետներ հայտնելու: Եղածները, փաստորեն. ոչ մի պատասխանատվություն չեն վերցնումՙ եռակողմ հայտարարությամբ անհամաձայն հարցերը գոնե հեռվից շոշափելու, տեսնենք, թե ինչ կասեն նրանք փետրվարի 20-ի գրանդ-հանրահավաքին:
Զուգահեռ աշխարհ
Խորհրդարանը, շարունակում ենք զարմանալ, արագ-արագ քննարկում եւ ընդունում է կարեւոր օրենքներ, որոնց քննարկմանը դժվար է անգամ հետեւել, մինչդեռ դրանցից շատերն ապագայում դեպի վատը կամը լավը փոխելու են մեր կյանքի շատ իրողություններ: Օրինակՙ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը որոշել է այնպիսի փոփոխությունների նախագիծ ընդունել տալ, ըստ որի զրպատության եւ վիրավորանքի համար քաղաքացիական օրենսգրքով նախատեսված տուգանքները կարող են հասնել սովորական մարդու համար աստղաբաշխական գումարիՙ համապատասխանաբար մինչեւ 2մլն եւ 3 մլն դրամի, բա, հետո էլ սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերի զրպարտանքների դեմ ուղղված օրինագիծ է բերելու խորհրդարան: Քրեական դատավարության թվայնացման եւ նորացման օրենք են ընդունում: Առողջապահության նախարարության հեղինակած մի օրենքով ուզում էին մեր 14 տարեկան երեխեքին, ծնողներից գաղտնի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեսթ հանձնելու հնարավորություն ստեղծելՙ լրիվ ցնդել են, լավ էՙ պատգամավորները աղմուկ բարձրացրին եւ այդ նախաձեռնությունն առաջին ընթերցում չանցավ:
Բոլոր նախագծերի մասին չկարողանալով խոսելՙ կանգ առնենք խորհրդարանում քննարկված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից 22 օրենքներում փոփոխությունների փաթեթին, որը տրամագծորեն տարբեր գնահատականների արժանացավ: Գլխամասային հանձնաժողովի նախագահն այն անվանում էր ամենահնարավոր իքնավարություն ապահովող օրենք, մինչդեռ ընդդիմադիր խմբակցություններն այդ կարծիքին չէինՙ բոլորին բարկացրել էր այն դրույթը, որով բուհերի կառավարման 9 անդամից 5-ին նշանակելու էր լիազոր մարմինը, այսինքն ՙ ոլորտային նախարարությունը, բանը նույնիսկ հասավ ոչ կոռեկտ ձեւակերպումների: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը նախկինում կատարվածի օրգանական շարունակություն համարեց այժմ կրթական համակարգում եւ բուհերում կատարվողը: Նրան ու մյուս ընդդիմախոսներին առավել քան քաղաքական միջամտություն էր թվում քաղաքական մարմնիՙ լիազորված հիմնարկի կողմից բուհի կառավարման խորհրդի 5 անդամի նշանակումը, ինչպես նաեւ խորհրդի առաջարկած երեք թեկնածուից մեկին ռեկտորի պաշտոնում նույն լիազոր մարմնի կողմից նշանակվելը: Նախաձեռնության հեղինակները (Հովհաննես Հովհաննիսյան, Մխիթար Հայրապետյան) համոզված են, որ օրենքում ներդրված ճկուն ֆինանսավորման համակարգը, երկրի ղեկավարների եւ կուսակցականների բացառումը կառավարման խորհուրդներում, ուսանողների կրեդիտներիՙ ավելի հարմարավետ օգտագործման եղանակը, բուհերի ղեկավար մարմիններիՙ առավել իքնավարություն ապահովող ձեւավորման եղանակը մրցակցային միջավայր են ստեղծելու բուհերի համար, դեպի ապագա նայելու ցատկահարթակ ապահովելով կրթության համար: Ընդդիմախոսները, հակառակը, սա գրպանային փաթեթ էին համարում, բուհի կառավարման խորհրդի 9 անդամից 5-ի նշանակումն էլՙ լիազոր մարմնի կողմից քաղաքական կախյալության հստակ ցուցիչ:
Այսպես թե այնպես, հավանաբար արժե, որ առանձին անդրադարձ ունենանք որեւէ անգամ նոր օրենքին, որն ըստ հեղինակների երկար ժամանակՙ 4-5 տարի է պատրաստվել ու շատ մասնագետների կողմից, իսկ նորամուծությունները վերաբերելու են ուսանողության եւ դասախոսներիՙ հանրության բավական մեծ շերտի: