Սփյուռքահայ մտավորականներից մեկիՙ մի քանի տարի առաջ ասած խոսքը տպավորվել է իմ մեջ.
– Հայերուս երբեք դրամ չի պակսիր ո՛չ Հայաստանի մէջ, ո՛չ ալ Սփիւռքի, բայց այդ դրամը յաճախ վատնուած է աւելորդ բաներու վրայ…
Այս պատերազմը ցույց տվեց այդ խոսքերի ճշմարտացիությունը: Հայաստան երկիրն ու հայ ժողովուրդը անցած տարիներին իրենց ունեցած դրամով ու գիտական պոտենցիալով ոչ միայն չփորձեց զենք արտադրել (հիշենք հայ գիտության կարկառուն ներկայացուցչի խոսքըՙ «Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»), այլեւ իր ունեցած գումարները փոշիացրեց անիմաստ տոների, շոուների վրա, լավագույն դեպքումՙ «եվրոնորոգության» ենթարկելով հազարամյա եկեղեցիները ու կառուցելով ոչինչ չասող նորերը, Երեւանը խճողելով անճաշակ բազմաբնակարան նորակառույցներովՙ Աստված գիտիՙ ո՛ւմ համար… Չկերակրեց սահմանը թիթեղյա տուփերի պաշտպանության հույսին թողած սեփական բանակը, ասել է թեՙ անուղղակիորեն կերակրեց թշնամու բանակը, գրեթե ոչ մի լումա չծախսեց միջազգային ատյաններում սեփական իրավունքները պաշտպանելու համար (աշխարհը շարունակում է մեզ «ագրեսոր» ճանաչել), ողջ ուժով չպայքարեց տեղեկատվական պատերազմի դեմ (մի քանի հայալեզու հրատարակությունները չհաշված)ՙ իր պատվից ցածր համարելով իջնել «բունիաթովականության» մակարդակին, թերագնահատեց թշնամու խելքն ու գերագնահատեց իրենը… իսկ նույն ժամանակաշրջանում գլխակեր բարբարոս «հարեւանը» խելացիորեն իր նավթադոլարները ծառայեցրեց իր նպատակներին բոլո՛ր ասպարեզներում ու բոլո՛ր մակարդակներով…
Դեռեւս 1913-ին ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Մակլերն ասել է, որ հայերը նախընտրում են 100 հազար ֆրանկ տրամադրել մի ձիու, քան իրենց ազգային մտավորական զարգացմանը սատարող որեւէ ձեռնարկի:
Մեր օրերում էլ մեծն Գրիգոր Գուրզադյանը Բյուրականում տիեզերական ուսումնասիրությունների կենտրոնի ծրագիր էր փայփայում… իսկ այդ տարածքը նրանից խլվեց… խոզաբուծարան կառուցելու նպատակով…
Անշուշտ, մերօրյա զանազան բարեգործական կառույցներն էլ ինչ-ինչ գործեր արել ու անում են, սակայն դա հաճախ դուրս է գալիս խելամտության սահմաններից ու, ինչպես հայ իրականության ամեն շերտերում, այնտեղ նույնպես հաճախ տեր ու տիրական է նորին մեծություն կոռուպցիան: Լինի Հայաստանում թե ի Սփյուռս աշխարհի: Ազգանվեր մի կառույց իր հիրավի շնորհակալ գործունեության հետ մեկտեղ կարող է, ասենք, տարիներ շարունակ հսկայական ամսական վճարել իր մեկ աշխատակցինՙ փոխանակ նույն գումարները ներդնի կենսական, հիմնարար, հեռուն գնացող նախագծերի իրականացման մեջ…
Հայ մեծահարուստներով լեցուն ԱՄՆ-ում տասնամյակներ շարունակ մերոնք չկարողացան կյանքի կոչել մի խելքը գլխին կինոնկարՙ ողջ մարդկության հետ երկխոսության մեջ մտնող ամենից հասանելի միջոցը: Շատերին չգոհացնող «Խոստումը» բավական ուշացած էր…
Միայն Մոսկվայում 1000 հայազգի միլիոնատեր կա: Իսկ խոշոր հաշվով ի՞նչ են անում նրանքՙ երբեմն-երբեմն հերթական ոչուփուչ գլամուրային շոուն կազմակերպելուց կամ ռուսական ինչ-որ գավառաքաղաքում հերթական (անճաշակ) հայկական եկեղեցին կառուցելուց բացի… Եվ սա այն դեպքում, երբ վստահ են, որ տեղի հայ համայնքը մի քանի տարի անց տեղափոխվելու է մեկ այլ բնակավայր…
Գուցե առարկություն լինի, որ հայ հարուստների գումարներով մասնավորապես ԱՄՆ-ի համալսարաններում բացվել ու մինչ օրս գործում են հայագիտական ամբիոններ: Ճիշտ է, սակայն չմոռանանք, որ թուրքագիտական ու այլ ամբիոնները ստեղծվում եւ գոյատեւում են այդ համալսարանների ու պետական ֆինանսավորումների հաշվին: Իսկ թե տասնամյակների ընթացքում ինչպես գոյատեւեցին ու հաճախ ո՛ւմ ջրաղացին ջուր լցրեցին այդ հայագիտական ամբիոնները (որոնք հաճախ հայերեն չիմացող օտարին նախընտրեցին վաստակաշատ հայ գիտնականից)ՙ մեկ այլ խոսակցության թեմա է…
Եվ շատերս հիշում ենք, թե ինչ եղան Լինսի հիմնադրամիՙ Հայաստանին տրամադրած միլիոնները…
Այսքան տարի հոգնեցնելու չափ բարձրաձայնվում է, որ նավթ չունեցող Հայաստանի զենքն իր գիտությունն ու մշակույթն է, որով կարող ենք ու պարտավոր ենք ներկայանալ աշխարհին:
Եվ իսկապես, ինչե՜ր ունենք ցույց տալու աշխարհինՙ խելամիտ քաղաքականության եւ առկա գումարները նպատամղված ուղղորդելու դեպքում…
Բայց փոխարենն ունենք կորուստների, չիրականացված նախագծերի, ասել է թեՙ տաշած քարերի մի երկար շղթա…
Մեր արվեստագետներից մեկը տարիներ առաջ սրամտել էր. «Հայաստանում տաշած քարը չի մնում գետնին, վերցնում են ու գլխովդ են տալիս»:
Մեր գլխով դարեր շարունակ տալիս են մեր եւ ուրիշների տաշած ու չտաշած քարերը, բայց մենք այդպես էլ չենք սթափվում, այլ ավելի ենք ընկղմվում ճահիճըՙ մեր չունեցածի ու կորուստների համար մեղադրելով արար աշխարհին, իսկ եթե մեզ էլ ենք մեղադրումՙ դույզն-ինչ ջանք չենք թափում դրանք այլեւս չկրկնելու…
Իսկ Հայաստանում ու հայ իրականության մեջ բազո՜ւմ տաշած քարեր իսկապես մնում են գետնին… հարուստ ժառանգություն, բազմաթիվ տաղանդներ, մշտագո փայլուն գաղափարներ, սակայն համատարած անսրտացավության ու անտերության պայմաններում դրանք դատապարտվում են մնալու չիրականացված, մատնվում են կորստյան…
Միայն իմ եւ իմ շրջապատից տեղյակ եմ «օդում կախված» մնացած մշակութային ամենատարբեր նախագծերի մասին, որոնք կարեւոր են մեր իսկ ինքնաճանաչման եւ աշխարհին ներկայանալու համար, սակայն դրանք իրականություն դարձնելու համար համապատասխան օղակներ, մարմիններ, ենթակառուցվածքներ, սրտացավ ու կարող մարդիկ գրեթե չկան…
Ցավոք, մեզանում փող ունեցողներն ու որոշում ընդունողներն այլ արժեքներ են դավանում: Ձին եւ խոզաբուծարանը…