Առայժմ շատ բան չգիտենք փետրվարի 1-ին Մոսկվայում փոխվարչապետների մակարդակով կայացած եռակողմՙ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան բանակցությունների բովանդակության մասինՙ ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին Պուտին-Ալիեւ-Փաշինյան ստորագրությամբ հրապարակված հայտարարություններով նախատեսվողՙ այսպես կոչված կոմունիկացիոն եւ ճանապարհա-տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եւ վերագործարկման ծրագրի գործադրմանը: Միայն գիտենք, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից սպրդած շշուկների, որ հայկական կողմին գոհացնող որեւէ շարժընթաց չի գրանցվել այդ հանդիպման ընթացքում, չէր էլ կարող գրանցվել: Սակայն, այնուամենայնիվ, արդեն ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերին «հաջողվել է» ստեղծել աշխատանքային խումբՙ մինչեւ առաջիկա մարտի 1-ը համատեղ գործնական աշխատանքներ ձեռնարկելու համար, ինչպես նախատեսված էր հունվարի 11-ի հայտարարությունում:
Ու մինչ ոմանք, հատկապես իմքայլականների ամենատգետ շարքերից, անհասկանալի ոգեւորությամբ շարունակում են բարբաջել սահմանների վերաբացմամբ եւ նոր ուղիների կառուցմամբ Հայաստանի համար իբր բացվող տնտեսական եւ այլ մե՜ծ հեռանկարների մասին, պետք է զսպել այդպիսի մարդկանց ոգեւորությունը եւ հիշեցնել, որ մարտի 1-ը մեծ կարեւորություն ունի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների, հետեւաբար նաեւ մեր շահագրգռությունների տեսակետից: Այդ օրը ԱՄՆ-ի Կոնգրեսում վերաբացվելու է Թրամփի վարչության կողմից երկար ժամանակ բարձի տակ պահվող գործը, որը վերաբերում է Թուրքիային եւ անձամբ նախագահ Էրդողանին ու նրա ընտանիքինՙ HalkbanKasi-ի թղթածրարը:
Չիմացողների համար բացատրենք: 2019 թ.ին ամերիկյան համապատասխան ծառայությունները բացահայտել էին, որ Թուրքիան, շրջանցելով ՆԱՏՕ-ի իր դաշնակից Մ. Նահանգներիՙ Իրանի դեմ հաստատած պատժամիջոցները, վերջինից գնել էր շուրջ 20 միլիարդ դոլարի էներգակիրներ, դրանց դիմաց վճարելով ոչ թե արտարժույթով, այլ ոսկիով, Համաշխարհային բանկի ուշադիր հայացքից թաքցնելու համար այդ գործարքը: Նախագահ Բայդենի վարչությունը այս, ինչպես նաեւ այլՙ հատկապես ռուսական S-400 համակարգ գնելու գործարքը դիտարկում է որպես դավաճանական արարք իր եւ Դաշինքի դեմ: Հետեւաբար Էրդողանին ոչինչ չի մնում քանՙ ձեռուոտ ընկնել անձամբ Բայդենի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Առայժմ դա նրան չի հաջողվում, եւ, ինչպես նշում է մեր 4-րդ էջում թարգմանաբար լույս տեսնողՙ Երվանդ Ազատյանի ուշագրավ հոդվածը, որը արծարծում է Արցախի հետագա կարգավիճակի որոշման պարտականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության սեղան վերադարձնելու անխուսափելիության հարցը, Էրդողանը ներկայիս փորձում է մտնել պատուհանիցՙ թուրքական թեմաննահներ (ողջույնի ձեւ) հղելով դեպի Եվրոպական Միություն, դեպի նախագահ Մակրոն, որին անպատվել էր ընդամենը մեկ ամիս առաջ:
Այո, ի վերջո, Արցախյան հարցը վերադառնալու է Եռանախագահության սեղան: Դրան դեմ չի կարող գնալ նաեւ Լավրովի Ռուսաստանը, որքան էլ որ Էրդողանին շա՜տ երախտապարտ Ալիեւը բարբաջի, թե Արցախի հարցը լուծված է արդեն:
Էրդողանի ուղեղում կա նաեւ մեկ այլ հաճախանք, եթե կուզեքՙ դիլեմա. Հայոց ցեղասպանության ճանաչումի հարցը, որը տառապեցնում է նրան, ինչպես նրա նախորդներին: Իսկ եթե նախագահ Բայդենը ի կատար ածի իր խոստումը եւ վավերացնի Կոնգրեսի համապատասխան բանաձե՞ւը, որի մասին հայաստանյան թուրքոֆիլները չեն թվում հետաքրքրված լինել: Այս կապակցությամբ կարեւոր մի հուշում էր արել Ամերիկայի քաղաքականության մեր լավագույն մասնագետներից Սուրիկ Սարգսյանը, որին նույնպես մեջբերել է Ազատյանն իր հոդվածում: Ըստ նրա, Թուրքիայի առջեւ միջանցքների բացումը, հարաբերությունների սերտացումը կարող է պատճառ դառնալ Կոնգրեսի որոշումը չվավերացնելու Բայդենի նոր որոշման:
Եվ իրավամբ, թուրքոֆիլ հայերի դեպի Թուրքիա ընդառաջ քայլերը, մանավանդՙ էրդողանյան տեմպի տակ նրանց դրսեւորած շտապողականությունը ի վերջո հանգեցնելու է նրան, որ վերջում Էրդողանը դեմ է տալու մեզ մի պարտավորագիր, ավելի շուտՙ «ղազագիր», Ցեղասպանության ճանաչումի եւ հատուցման բոլոր պահանջներից հրաժարվելու մասին, այդ թվումՙ սփյուռքահայության կողմից: Նախադեպերը քիչ չեն, սկսած 1977 թ.ից, ավանդական մեր երեք կուսակցությունների ներկայացուցիչներիՙ այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Չաղլայանգիլի հետ ժնեւյան հանդիպումից, որի ընթացքում թուրքը փող էր առաջարկել Ցեղասպանությունը մոռանալու դիմաց, եւ շարունակվածՙ 1992 թվականին Տրապիզոնի նավահանգստում Հայաստանին առանձին տերմինալ տրամադրելու պայմանավորվածությունը, որն առ ոչինչ դարձավ թուրքական միեւնույնՙ գրավոր նախապայմանի պատճառով:
Էրդողանը շտապում է, միաժամանակ Կարսում ձմեռային սպառնալից զորախաղեր անցկացնելու պայմաններում: Նա լավ գիտի, որ ի վերջո լեզու գտնելու է Բայդենի վարչակարգի հետՙ բայց կարեւոր զիջումների գնով: Նա, մինչ այդ, ցանկանում է ավարտին հասցրած լինել իր մի շարք ծրագրեր, որոնց թվումՙ Հայաստանի լիակատար ստրկացումը: