Դոկտ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆ, Մոնրեալ, Կանադա
Ավարտվեց 2020 թվականը: Հայոց աշխարհը դեռեւս գտնվում է թուրք-ադրբեջանական կոալիցիայի զավթողական ուժերի պատճառած աննախադեպ նվաստացուցիչ պարտության ցնցումի ներքո: Պատերազմը սկսեց հանկարծակի, սեպտեմբերի 27-ին, սակայն այն ակնկալելի էրՙ հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի սահմանների մոտ դրանից քիչ առաջ անցկացված եւ մեծապես ծանուցված ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունները: Հայաստանի համար զարմանալի չպետք է լիներ նաեւ այն հանգամանքը, որ զավթիչները հաջողությամբ գործի դրեցին գերարդիական ռազմական տեխնոլոգիա, որն էլ գլխավոր պատճառը դարձավ մարդկային եւ տարածքային ցավալի կորուստների:
Ներկա հոդվածի նպատակն է կենտրոնանալ ողբերգական այս պատերազմի հիմնական ձախողումներից մեկի վրա, որն ունի բազմապիսիՙ գիտական, տեխնիկական, տնտեսական եւ ռազմական ենթատեքստեր: Ճիշտ կլինի, որ Հայաստանը լուրջ ընդունի այդ ենթատեքստերը եւ պատրաստ լինի դրանք անշեղորեն ընդգրկելու իր հետագա վերակառուցողական ծրագրերում: Հայաստանը պարտավոր է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գերարդիական զինատեսակների արտադրությունը դարձնել արդյունաբերության բնագավառում իր առաջիկա հինգ տարիների ծրագրի կենտրոնական բաղկացուցիչ մասը:
Նման ծրագրի որդեգրումը խիստ իրագործելի է: Դա իրականում վերադարձ է լինելու դեպի ֆիզիկայի բնագավառի այն եզակի հարուստ կենսափորձը, որը Հայաստանը ձեռք էր բերել, երբ Խորհրդային Միության փոքրագույն հանրապետությունն էր: Այդ ժամանակ մեր հայրենիքը դարձել էր գիտական ուսումնասիրությունների եւ զարգացման խորհրդային կենտրոններից ամենակենսունակն ու ամենագնահատվածը: Ասում են, որ Հայաստանն այդ տարիներին ապահովում էր Խորհրդային Միության բարձր տեխնոլոգիաների ռազմական կարիքների մոտ կեսը, եւ դա ընդամենը 30 տարի առաջՙ նախքան անկախություն ձեռք բերելը 1991-ին:
Որդեգրելով նման քաղաքականությունՙ Հայաստանը շատ շուտով կդառնա ոչ միայն իր սահմանների անվտանգության տերն ու երաշխավորը, այլեւ գերարդիական զենքերի միջազգայնորեն փնտրված մատակարարը, ինչն իր հերթին կնպաստի երկրի տնտեսական բարգավաճմանը:
Ցավալի է, որ 1991-ի անկախությունից հետո Հայաստանի իրարահաջորդ կառավարությունները չկարողացան հասկանալ եւ պատշաճորեն գնահատել, թե մարտավարական ինչպիսի հարուստ ժառանգություն էին ձեռք բերել հանձին ընդհանրապես բարձրակարգ կրթական համակարգի եւ մասնավորապես ֆիզիկայի բնագավառի փորձագիտական արհեստավարժության, որն էլ անմիջական կապ ուներ ռազմարդյունաբերության հետ: Իրականում, դժբախտաբար, 1991-ից ի վեր բոլոր տեսակի գիտություններն ու արվեստները կորցրել են խորհրդային ժամանակաշրջանում վաստակած կարեւորագույնը լինելու իրենց առաջնահերթությունները:
Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե վերջին մի քանի տասնամյակների Հայաստանի ազգային ռազմավարական ծրագիրը ներառած լիներ անցյալի այդ ամբողջ հարստության հնարավոր շարունակությունը: Այնժամ 44-օրյա այս պատերազմի ընթացքում հայաստանյան հզոր լազերային հրանոթները տեղակայված կլինեին Հայաստանի եւ Արցախի սահմաններին եւ բառացիորեն կփոշիացնեին թուրք-ադրբեջանական անօգնական ԱԹՍ-ները, որոնք կփորձեին ներթափանցել մեր հայրենիքի օդային տարածք: Նաեւ հակառակ տեղի ունեցածին, հայկական բանակի ԱԹՍ-ներըՙ հագեցած բարձրորակ, խելացի, ճշգրիտ եւ դիպուկ հարվածային լազերային սարքավորումներով, կկարողանային թիրախավորել թշնամու զորքի առաջխաղացումները եւ իրենց բազաներում ջախջախել նրանց ԱԹՍ-ներըՙ խուճապ առաջացնելով զավթարար թուրքերի շարքերում:
Նման սցենարը բոլորովին էլ երեւակայական չէ: Դա որոշակիորեն կարող էր իրականանալ, եթե Հայաստանի իրարահաջորդ վարչակազմերը ճիշտ գնահատեին մեր հարեւանների ռազմական ախորժակներն ու գործողությունները եւ առավել լուրջ վերաբերվեին գնալով սաստկացող գոյութենական վտանգին, որ սպառնում էր մեզ վերջին մի քանի տարիների ընթացքում:
Ի դեպ, մահացու զինատեսակներից մեկը, որի վրա Թուրքիան եւ Ադրբեջանը հենվում էին այդ տարիներին, հենց մարտական լազերային տեխնոլոգիաներն էին: Դրանք մաս էին կազմում այն առաջավոր տեխնոլոգիաների եւ փորձագիտական հարուստ «գանձարանի», որի ստեղծմանը մասնակից էր Հայաստանը մինչեւ 1991 թվականը, այսինքնՙ շատ ավելի վաղ, քան հարեւան երկու պետությունները: Պարադոքսն այն է, որ հենց թուրքական լազերային սարքավորումներն են (լազերային ԱԹՍ-ները), որ ծնկի բերեցին մեր հերոս զինվորներին:
Լազերի հայտնվելը 20-րդ դարի երկու էական եւ սենսացիոն գիտական հայտնագործություններից մեկն է: Երկրորդը ատոմային էներգիայի գյուտն էր: Երկուսն էլ հիմնված են անցյալ դարաշրջանի սկզբում Էնշտեյնի հայտնաբերած ֆիզիկական երեւույթների վրա, որոնք սկսեցին գործադրվել միայն դարի կեսերին:
Ըստ էության, լազերը խիստ ուղղորդված, բարձր հաճախականության էլեկտրամագնիսական ճառագայթման (պարզ խոսքովՙ լույս) աղբյուր է: Լազերային լույսի եւ արեւից կամ այլ աղբյուրներից ստացվող սովորական լույսի միջեւ տարբերությունն այն է, որ վերջինիս դեպքում լույսի մասնիկներըՙ քվանտները տատանվում են պատահական եւ ոչ-սինխրոն, իսկ լազերային լույսի դեպքումՙ հակառակըՙ սինխրոնացված: Դրանց ինտենսիվությունը գումարվում էՙ արդյունքում առաջացնելով կուրացնող պայծառության եւ, անհրաժեշտության դեպքում, կործանող ու մահացու ուժգնության կոհերենտ ճառագայթ:
Լազերային լույսի բավական պարզ թվացող այս հատկանիշը լազերի կիրառման անհավանական մեծ դիապազոն է ստեղծում, ինչը նախկինում վերագրվում էր ֆանտաստիկայի ժանրին: Այժմ տարբեր տեսակի լազերային սարքերն իրենց չափերով կարող են լինել միլիմետրի կոտորակային մասից սկսած մինչեւ մի քանի կիլոմետր երկարության: Կիրառման տեսակետից դրանք կարող են նախատեսված լինել տարբեր սարքերի համարՙ աչքի վիրահատության բարձր ճշգրտության, նուրբ գործիքներից սկսած մինչեւ տեղեկություն կրող ճառագայթների բարձր թողունակության օպտիկական մանրաթելային մալուխներ, որոնք տեղակայված են օվկիանոսի հատակում: Այս սարքերը կարող են ներառել նաեւ բազմակիլովատտ հզորության դաժան լազերային հրանոթներ, որոնք տեղադրվում են զրահամեքենաների վրա, որոնք էլ իրենց հերթին կարող են հետապնդել եւ բառացիորեն այրել եւ վերացնել ինչպես թռչող դրոններ, այնպես էլ ռազմադաշտում տեղակայված անշարժ ռազմական թիրախներ:
Առաջին լազերները գործնականում հայտնվեցին 1960-ականներին, արեւմուտքում եւ արեւելքում գրեթե միաժամանակ: Լազերի հայրերը են համարվում Թեոդոր Մեյմանն ու Չարլզ Թաունզն արեւմուտքից եւ Միխայիլ Պրոխորովն ու Նիկոլայ Բասովը Խորհրդային Միությունից:
Մենքՙ հայերս, կարող ենք հպարտությամբ նշել, որ Հայաստանի գիտնականներն առաջիններից էին աշխարհում, որ մուտք գործեցին այս նոր ու հետաքրքրաշարժ ոլորտՙ լինելով խորհրդային գիտական աշխարհի անբաժան մի մասը:
Միքայել Տեր-Միքայելյանին է պատկանում խորհրդային առաջին կոմերցիոն/առեւտրային լազերի մշակումը 1965 թվին: Դրանից քիչ անցՙ 1967-ին, նա հիմնադրել է Երեւանից մոտ 30 կմ հեռուՙ Աշտարակում գտնվող հայտնի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (ՖՀԻ): Տարիների ընթացքում ՖՀԻ-ն եւ հետազոտական այլ կենտրոններ եւ խմբեր Հայաստանը դարձրին ժամանակակից լազերային տեխնոլոգիաների օրրան, որի նախագծերը կիրառություն ստացան ոչ միայն Հայաստանում, այլեւ Խորհրդային Միությունում եւ ամբողջ աշխարհում:
Արեւելքում եւ արեւմուտքում լազերները լայն կիրառում ստացան հետազոտական, բժշկական, արդյունաբերական եւ այլ ոլորտներում: Լազերային զենքի կործանարար ներուժը, որը մինչ այդ միայն գիտաֆանտաստիկ ժանրի գրողների եւ մուլտիպլիկատորների երեւակայության արդյունք էր համարվում, անխուսափելիորեն եւ շատ արագ հայտնվեց զինվորականների ուշադրության կենտրոնում:
Ավելորդ է նշել, որ այդ ընթացքում եւ նունիսկ մինչեւ վերջերս թուրքերն ու ադրբեջանցիները չկային լազերային հետազոտությունների համաշխարհային քարտեզի վրա:
Ցավոք, 1991 թ Հայաստանի անկախության վերահաստատումից հետո Գիտությունների ազգային ակադեմիան եւ շատ մասնագիտացած ինստիտուտներ դուրս մնացին երկրի առաջնահերթությունների ցանկից: Մինչ օրս դրանք գոյատեւման պայքար են մղումՙ կապեր հաստատելով արտասահմանյան ընկերությունների եւ կազմակերպությունների հետ եւ որոնելով դրամաշնորհներ արտաքին աղբյուրներից: Այսպիսով, գիտության զարգացմանն ուղղված ազգային ռազմավարության բացակայության պայմաններում, թեպետ որոշ որակյալ գիտական գործունեություն այդուհաներձ ծավալվում է, սակայն դա բնավ չի կրում որեւէ ռազմավարական ուղղորդվածություն: Հայաստանի հզորագույն ուղեղներից շատերը, աստիճանաբար լքելով երկիրը, դարձան բարձր գնահատված եւ պահանջված ռեսուրս հիմնականում արեւմտյան գիտական եւ արդյունաբերական շրջանակներում: Լինելով լազերային ոլորտի գիտաշխատող եւ դրա զարգացումներին նվիրված հետեւորդՙ 1991 թվից հետո Հայաստան կատարած իմ հաճախակի այցելությունների ընքացքում (կապված բոլորովին այլՙ ազգային հարցերի հետ) ես ցավով ականատես էի լինում այս իրողությանը: Սակայն այդ ժամանակ Հայաստանի իշխանություններն առավելապես զբաղված էին Խորհրդային ռեժիմի հետքերը վերացնելու գործով:
Այնինչ ճակատագրի հեգնանքով, Հայաստանի հարեւան եւ ոխերիմ թշնամի Թուրքիան, հատկապես 2010-ականներին, զբաղված էր բաց թողածը լրացնելով: Թուրքիայի ռազմաշունչ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը որոշել էր լցնել իր ռազմական գանձարանը նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սպառազինությամբ: Էրդողանն արագ ըմբռնել էր այն հսկայական մարտավարական առավելությունները, որ ժամանակակից պատերազմում տալիս են գերճշգրիտ նշանառության լազերային սարքերով զինված մարտական ԱԹՍ-ները, ինչպես նաեւ ցամաքային զրահամեքենաների վրա տեղադրված օպտիկական կառավարման հզոր լազերային հրանոթները:
Անշուշտ, Էրդողանը ժամանակ չէր կորցնի գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու վրա: Նա պարզապես գերադասեց գնել տեխնոլոգիանՙ «նոու-հաուն», եւ անհրաժեշտ մարդկային ռեսուրսներըՙ զենքի տեղական արտադրություն հիմնելու համար: Իսկ պակասող մասերը որոշեց գնել արտերկրի մատակարարներից, որոնք պատրաստակամ էին շահութաբեր գործարքներ կատարել վճարունակ գնորդի հետ: Այժմ Թուրքիան արտադրում է իր «Բայրաքթար ՏԲ2» հարվածային ԱԹՍ-ները «Բայքար» ընկերությունում, որի սեփականատերն Էրդողանի փեսան է: Այդ դրոնները զինված են L3 Harris Wescam կանադական ընկերությունից գնված լազերային նշանառության համակարգերով:
Իսկ զրահամեքենաների վրա տեղադրված թուրքական հակադրոնային լազերային հրանոթներն արտադրում է թուրքական «Ասելսան» ընկերությունը: Եվ, վստահաբար, հենց այս սարքավորումներն են օգտագործվել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի դեմ մղված պատերազմում:
Կարեւոր է նշել, որ, քանի որ լազերային սարքավորումների արտադրությունը մեծ ներդրումներ չի պահանջում, Թուրքիայիՙ այս ոլորտին տրամադրած բյուջեն ընդամենը 450 միլիոն դոլարի կարգի է: Սակայն, ինչպես իրավամբ նշել է Էրդողանը, այդ փոքր ծախսով արտադրված զենքերն ունակ են թշնամուն պատճառելու միլիարդավոր դոլարների հասնող վնաս:
Հայերը շատ դասեր պետք է քաղեն պատերազից: Բայց գերագույն խնդիրը ֆիզիկական գոյատեւումն է, որը պահանջում է պաշտպանության համակարգի ամբողջական վերակազմավորում: Ստորագրված հայտարարագրով ենթադրաբար ապահովվող հնգամյա հրադադարի ընթացքում Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի կառուցել առաջնակարգ բանակՙ զինված ժամանակակից հզոր ռազմական տեխնիկայով:
Մի կողմից, Հայաստանումՙ այսօր քաղաքական առումով անպատասխանատու եւ աններելի կլինի շարունակել ժամանակ վատնել փողոցներումՙ քաղաքական եւ քաղաքացիական ապարդյուն եւ ոչ արդարացված անհնազադության գործողությունների վրա: Հաշվի առնելով, որ ներկա կառավարությունը կորցրել է ժողովրդի վստահությունը եւ գործելու արդյունավետությունըՙ պետք է ձեւավորվի ազգային հաշտեցման եւ միավորման անցումային կառավարություն, նախընտրելի էՙ ներկա իշխանությունների հետ համագործակցելով: Այդ կառավարության առաջին հրամանը պետք է լինիՙ պատրաստվել մեկ տարուց պակաս ժամկետում ընտրությունների միջոցով ընտրելու նոր ազգային ժողով եւ նոր կառավարություն, որն իր վրա չի կրի կապիտուլյացիայի խարանը:
Մյուս կողմից, վերոհիշյալին զուգահեռ, պետք է առնվազն կազմավորվի առանձին ազգային մարմինՙ տնտեսական եւ տեխնիկական փորձագետների հատուկ կոմիտեՙ տնտեսական եւ ռազմական վերակառուցման հնգամյա պլան մշակելու նպատակով: Պլանի հիմնաքարերից մեկը պետք է լինի գերարդիական ռազմարդյունաբերական համակարգի ստեղծումը:
Հայաստանը դեռեւս ունի անհրաժեշտ բարձր մակարդակի ինտելեկտուալ ներուժը, տեխնիկական գիտելիքները եւ ենթակառուցվածքը, որոնք այդ պլանի բարեհաջող իրագործման գրավականներից են: Ինչ վերաբերում է մյուս գրավականինՙ ֆինանսավորմանը, ապա, նկատի ունենալով, որ նախատեսվող արտադրության տեսակը դրոնային եւ լազերային սարքավորումներն են, անհրաժեշտ բյուջեն կլինի մատչելիՙ մի քանի հարյուր միլիոն դոլարի սահմաններում:
Այս ոլորտում Հայաստանի արտադրանքը խոստանում է լինել մրցունակ եւ համապատասխանել որակի բարձրագույն միջազգային չափանիշներին: Այն վստահաբար անմիջապես կգրավի միջազգային ներդրողների ուշադրությունը: Ամեն դեպքում, հիմնվելով արցախյան պատերազմի փորձառության վրա եւ ունենալով իրատեսական ծրագիր, վստահելի ղեկավարության ներքո, ինչպիսին կարող է ապահովել, օրինակ, ներկա նախագահ Արմեն Սարգսյանըՙ այդ ծավալի ֆինանսավորումը հնարավոր կլինի ձեռք բերելՙ հիմնվելով թեկուզ ռուսաստանյան եւ միջազգային սփյուռքի հայկական աղբյուրների վրա: Դա կարող է կատարվել երկարաժամկետ ներդրումների սկզբունքով:
Մենք պետք է գիտակցենք, որ ներկայումս Հայաստանի պետականության գոյությունն է վտանգված եւ պետք է համախմբենք մեր ուժերը: Հայաստանում հայերը պետք է սթափվեն, իսկ սփյուռքում պետք է անեն հնարավոր ամեն ինչ օգնելու Հայաստանը վերադարձնելու բնականոն կյանքի եւ բարգավաճմանՙ ստեղծելով ամենախելացի, ամենաարդյունավետ լազերային կործանիչ մարտական համակարգ, որը եկեք կնքենք «Սասունցի Դավիթ» անունով:
Այդ պահից սկսած, ով էլ լինի թշնամինՙ թուրքը, ադրբեջանցին թե մեկ ուրիշը, ստիպված կլինի լավ մտածել նախքան մեր սահմանները խախտելը: Փոխարենը, կարող է նույնիսկ հերթի կանգնելՙ գնելու հայկական արտադրության գերարդիական զենքերը:
Անգլերենից թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, «The Armenian Mirror-Spectator» թերթից