Ամանոր է, բայց մարդիկ միմյանց շնորհավորելու եւ մաղթանքներ հղելու տրամադրություն չունեն: Հիշում եմ, տխուր ու շփոթված էինք նաեւ 1988-ին: Սակայն այն ժամանակ ազգային զարթոնքի ոգին էր թեւածում, մեր կողքին կանգնեց ու մեր ցավը կիսեց ողջ աշխարհը… ու ցավը տանելի դարձավ, ամբողջապես չկոտրվեցինք: Իսկ այսօր. «Մենք խորը փոսի մեջ ենք: Ամպամած, մթամած երկինք է: Այստեղից աջ ու ձախ ճանապարհ չկա: Պարան, աստիճան էլ չկա: Մնում է ինքներս, իրար օգնելով, դուրս գանք այս ճգնաժամային վիճակից»: Տարիներ առաջ կարծես ամբողջովին այսօրվա համար է ասել Կարեն Դեմիրճյանը: Կանխատեսե՞լ էր այդ խելացի ու հեռատես Մարդը, թե լավ իմանալով հայոց պատմություն, մեր հարեւաններին ու մեր բնույթը, գիտեր, որ լինելու է, ինչ եղավ եւ ինչի ականատեսը եղանք: Դժվարանում եմ ասել:
Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանը 26 տարի առաջ ավելի խայտառակ պարտություն կրեց, ավելի մեծ տարածքներ կորցրեց, մոտ 30 հազար զոհ տվեց: Բայց որքան էլ մեզ համար «տարօրինակ եղավ», դրանից ադրբեջանցիները չկոտրվեցին, պարապ տեղը ոչ մի րոպե անգամ չկորցնելովՙ այդ ընթացքում պատրաստվեցին, կոնսոլիդացվեցին որպես ազգ, զրոյից ստեղծեցին բանակ եւ 26 տարի անց Արցախյան երկրորդ պատերազմում հաղթանակ տարան: Իսկ ամենահետաքրքրականն ու մեզ համար ուսանելին այն եղավ, որ այդ տարիների ընթացքում ոչ մի ադրբեջանցի հայերի հետ զիջումների գնալու, հայերի հետ քիրվայություն անելու ու հանգիստ ապրելու մասին այդպես էլ չհայտարարեց: Այլ գլուխները կախ, իրենց գործի ու նպատակի հստակ գիտակցությամբ պատրաստվում էին նոր պատերազմի եւ ռեւանշի:
Հիմա արդեն գնդակը մեր դարպասում է, մենք աշխարհին, ու առաջին հերթին ինքներս մեզ պետք է ապացուցենք, թե որպես կայացած ազգ ընդունակ ենք չկոտրվել, ընդունակ ենք ստեղծել նոր որակի պետություն, ընդունակ ենք ստեղծել իրենց բանակից ավելի մարտունակ բանակ եւ վերջապես ընդունակ ենք ազատագրել Արցախը: Հետո էլ պիտի մեր պահվածքով ու գործունեությամբ ինքներս մեզ ու աշխարհին համոզենք, որ մեր երազանքն ամեն ինչ զիջելու գնով ադրբեջանցիների հետ առեւտուր անելը չէ: Հակառակ դեպքում ակամա կընդունենք, որ իրենք մեզանից ավելի կենսունակ ազգ են եւ մենք այս տարածաշրջանում որպես անկախ պետություն էլ ոչ մի անելիք չունենք, իսկ Երեւանի անկումն էլ զուտ ժամանակի հարց է
Իսկապես երկիրը հայտնվել է աղետի շեմին է, ուստի ժողովրդի նպատակը չի կարող լինել ընդամենն իշխանափոխությունն ու արտահերթ ընտրությունների անցկացումը: Պետք է ըմբռնենք, որ զինադադարի եռակողմ հայտարարությունն ընդամենը հրադադարի եւ հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ փաստաթուղթ է, որ գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհայտ կորած անձանց հարցերը պետք է դառնան առաջնայինՙ կոնկրետացնելով դրանց լուծման հնարավոր ժամկետները, իսկ մնացյալ մասով հակասում է միջազգային իրավունքին եւ հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության շահերին: Այլեւս հստակ պետք է գործի երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությունը եւ բոլոր ջանքերն ուղղվեն դրա իրագործմանը:
Մեր լինել-չլինելու գերխնդիրը երկրի պաշտպանությունը ամրակայելու մեջ է: Պատերազմի հավանականությունը գիտակցելով նաեւ անհրաժեշտ է գործնականում բազմաբեւեռացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը նախՙ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաեւ Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հունաստանի, Արաբական երկրների հետ զարգացնելով ՀՀ անվտանգության եւ ինքնիշխանության երաշխավորմանն ուղղված հարաբերություններ: Անհրաժեշտ է նաեւ զուգահեռաբար Ռուսաստանի հետ հաստատել արժանապատիվ եւ իրավահավասար հարաբերություններ, տնտեսության առանցքը դարձնել պաշտպանական արդյունաբերությունը, արդարություն հաստատել երկրում եւ համերաշխության մթնոլորտ ձեւավորել Հայաստանում եւ հայության ներսում: Կենսական անհրաժեշտություն է դարձել նաեւ խստագույս հետեւել Իսրայելի 5-րդ վարչապետ Գոլդա Մեյրի հետեւյալ խորհրդին. «Այնպիսի երկիր կառուցելու համար, ուր կվերադառնան նրա բոլոր որդիները եւ որտեղից նրանք կմեկնեն միայն արձակուրդին, այնպիսի երկիր, որը վախ չի ունենա ապագայի համար, հարկավոր է ընդամենը երկու քայլ կատարելՙ կոռուպցիան հավասարեցնել հայրենիքի դավաճանությանը եւ երեք մասնագիտությունՙ զինվորականությանը, ուսուցիչներին ու բժիշկներին դարձնել ամենաբարձր վարձատրվողներն ու ամենահարգվածները: Ինչպես նաեւ բոլորի համար գիտակցված անհրաժեշտություն դառնա աշխատելը, քանի որ բացի մեզանից ոչ ոք չի պաշտպանի եւ չի կերակրի մեզ, որովհետեւ մեր երկիրը միայն մեզ է պետք, ուրիշ ոչ ոքի: Եվ երբ սա դառնա ոչ պարզապես խոսք ու կարգախոս, այլ դառնա կենսաձեւ, այդ ժամանակ հասած կլինենք մեր նպատակին»:
Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդն այսօր գոյության պայքար է մղում: Բայց հստակ է նաեւ, որ բազմադարյան պատմություն ունեցող ժողովրդին հայրենիքի փրկության համար ոչինչ չի կանգնեցնի: Տեսել ենք շատ արհավիրքներ, պատերազմներ, ցավ, բայց երբեք չենք կոտրել մեր ոգին, երբեք չենք խեղճացել թշնամու առաջ: Մենք կարող ենք կրկին Ազգային վերածնունդ ապրել, եթե սկսենք սկզբից. նախՙ սերտենք ու դասեր քաղենք սխալներից եւ մաքրվենք տականքից: Հասկանանք, որ Ժողովուրդը լոկ անհայտ թվով, անհայտ կազմով գլխաքանակ չէ: Որ նրա մի մասն այս օրերին իր զոհերին է սգում, մյուսըՙ իր գերիներին ու անհայտ կորածներին է փնտրում, մնացածն էլՙ գահավարակով է հիվանդացած, մահանում է: Այնպես որ իշխանության կրող ու տեր ժողովուրդը կա՛մ զբաղված է, կա՛մ չկա: Ակնհայտ իրողությունն այն է, որ Ժողովուրդն սպասում է նոր ուժի, նորՙ իր լեզվով ասած «թափ թազա», գրեթե «օրորոցային» քաղաքական ու պետականաշինական ուղի անցած ուժիՙ ծնված 2018-ից հետո, բայց քանի որ ներկաների հետ էլ պիտի կապ չունենա, ուրեմն ծննդյան վկայականը ստացած 2020-ի նոյեմբերի 10-ից հետո… Հիշում եք, Սասնա Ծռեր էպոսում Փոքր Մհերը ոնց էր ասելՙ դուրս չեմ գա Ագռավաքարից, մինչեւ ցորենը չդառնա քանց մասուր: Է, մի դուրս արի, մնա Ագռավաքարում, հարգելի ժողովուրդ, հետո չասես իմ տեղը որոշեցին…
Իրականում այս ամենը ողբերգություն է, դաժան, աննկարագրելի համազգային աղետ, երբ հերթական անգամ ակնհայտ է դառնում, որ Եվրոպաներում, Անկարայում եւ Կրեմլում լավ են սովորել մեր վխերը մեր անկախության դեմ օգտագործելու ձեւերը, երբ հայրենիքիդ անվերականգնելի կորուստների, հայրենակիցներիդ հազարավոր անվերադարձ կյանքերի, տասնյակ հազար հաշմած ու վիրավոր երիտասարդների պատճառ դարձած պատերազմը հյուծել ու նաեւ հիասթափեցրել է շատերին: Հետեւաբար ակնհայտ է, որ Հայաստանում հաջորդ իշխանությունը պետք է անհամեմատ ավելի սթափ լինի, հաշվենկատ եւ ամենակարեւորըՙ լինի «ուղեղային»: ՀՀ կուսակցական-քաղաքական համակարգը նախկին ձեւով չպիտի նույնությամբ գոյատեւի, քանի որ ներկա ձեւով շարունակելը կործանարար է: Այդ համակարգի արմատական վերափոխում է անհրաժեշտ է, որն արդեն անգամ մեզնից անկախ օբյեկտիվ կերպով կլինի: Վերջնականորեն եւ վճռական կերպով պետք է հայտարարվի ՀՀ եւ ԱՀ արտաքին քաղաքական կողմնորոշման մասին, որը պետք է լինի բազմաբեւեռ, սակայն նախեւառաջ մշտական եւ անշեղ կողմնորոշում դեպի Ռուսաստանի Դաշնություն, քանի որ այն միակ երկիրն է, որի հետ մեր շահերն համընկնում են: Ներկա ներքաղաքական եւ պետական ճգնաժամն էլ հնարավոր կլինի լուծել միմիայն ՌԴ համապատասխան աջակցությամբ: Անգլո-սաքսոնական ու պանթյուրքական նվաճողական նկրտումներին էլ դիմակայելու, ՀՀ իրական արտաքին ռազմական անվտանգությունն ու ներքաղաքական հոգեւոր անդորրը երաշխավորված ապահովել հնարավոր է բացառապես միմիայն եղբայրական քրիստոնյա ռուս ժողովրդի ու ՌԴ հետ ամենասերտ դաշինքով:
Միանշանակ բարձր ենք գնահատում ռուսական խաղաղապահ զորքերի առաքելության իրականացումն Արցախում: Սակայն ակնհայտ է նաեւ, որ որեւէ երկրում առանց տեղի զինված ուժերի խաղաղապահ զորքերը միայնակ չեն կարող ապահովել սահմանների եւ բնակչության լիարժեք պաշտպանությունն ու անվտանգությունը: Սակայն Հայաստանում եւ Արցախում այսօր պետական համակարգերը կաթվածահար են եւ իրենց անգործությամբ ու բանակի պարտականությունները խոչընդոտելովՙ հնարավորություն չեն տալիս զինված ուժերին կատարել իրենց ուղիղ գործառույթներըՙ պաշտպանել Հայաստանի, Արցախի սահմաններն ու խաղաղ բնակչությանը: Հետեւաբար անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի ղեկավարությունը, համագործակցելով ռուսական խաղաղապահ զորքերի հետ, ընդունի անհրաժեշտ որոշումներՙ ապահովելու համար մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը:
Կարեւոր եմ համարում ընդգծել նաեւ, որ մեր թշնամի թուրքերն էլ դեռ տաք են եւ չեն հասկացել, որ մենք այլեւս 1915 թվականում չենք: Մենք որպես ազգ սխալ ենք թույլ տվել, ընտրելով սխալ կամ թույլ իշխանություններ ե՛ւ նախկինում, ե՛ւ ներկայումս, բայց իշխանությունները անցողիկ են, իսկ մենք հավերժ: Բոլոր թուրք-ազեր-ահաբեկիչները պիտի հասկանան, որ միգուցե հաղթել են որոշ ճակատամարտերում (շնորհիվ մեր ներքին անհաշտության), բայց պատերազմը դեռ ավարտված չէ: Հիշեն, որ իրենցից առաջ շատերն են փորձել մեզ վերացնել, բայց մենք դեռ կանք եւ ի տարբերություն նախկին ժամանակների, մենք այլեւս ժամանակի հույսին չենք նստելու եւ սպասենք, որպեսզի միջազգային հանրությունը ընդդեմ Հայ ազգի ձեր քայլերին համապատասխան գնահատական տա: Դուք այս ամենը չեք մարսելու, որպես ագրեսոր եւ ահաբեկչական պետություններ: Հիշեն, որ հարվածել են Հայ ազգին եւ կստանան արժանի պատասխան, որն իրենց համար կլինի կործանարար: Խորհուրդ եմ տալիս շատ չուրախանալ, քանի որ ծիծաղում նա, ով վերջում է ծիծաղում: Գիտեմ, որ մենք այսօր պառակտված ենք, եւ դուք օգտվում եք այդ առիթից, բայց դա շուտով կվերաջանա, եւ մե՛նք, ամբողջ Հայ ազգը, կմիանանք հանուն մեր Հայրենիքի, եւ այդ ժամանակ կտեսնեք հաղթանակը ինչպիսին է լինում: Հիշեք նաեւ, որ հայերս ամենուր ենք, ուժեղ եւ գործնականում այսուհետեւ կյանքի ենք կոչելու «խաղաղությո՞ւն ես ուզումՙ պատրաստվիր պատերազմի» կոչ-հորդորը…
Մեզ համար խիստ կարեւոր է մշտապես հիշել, որ Իսրայելում վաղուց կատարված իրողություն է ազգ-բանակ գործառույթը, որ համատարած զորակոչի դեպքում 8 միլիոն բնակչություն ունեցող եւ ամենախաղաղասեր ու ապահովված Շվեյցարիան կարող է մի քանի ժամում հանել 250 հազարանոց բանակ, իսկ երկու օրվա ընթացքում բանակի թվաքանակը կկազմի 1.7 միլիոն: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Չինաստանի բանակի թվաքանակը 2.5 միլիոն է: Ուսանելի այդպիսի օրինակները նկատի առնելովՙ կարծում եմ, որ մեզանում միանգամայն անհրաժեշտություն է առցանց հարթակ ձեւավորել, որտեղ կգրանցվեն եւ կկամավորագրվեն 18-ից 50 տարեկան այն ՀՀ քաղաքացիները, որոնք պատրաստ կլինեն առաջին իսկ կանչի դեպքում ներկայանալ զինկոմիսարիատներ: Պարբերաբար պետք է կազմակերպենք զորահավաքներ եւ կամավորներին վարժեցնենք, ներդաշնակեցնենք բանակին, դիմենք մեր ռազմավարական դաշնակից ՌԴ -ինՙ միջպետական պայմանագրերի համաձայն անհրաժեշտ քանակի զինտեխնիկա մեզ տրամադրելու խնդրանքով եւ այլ անհրաժեշտ ու պարտադիր քայլեր անենք, որպեսզի կարողանանք գործնականում ապահովել հայ ժողովրդի անվտանգությունն ու արժանապատվությունը: Անչափ կարեւոր է, որ ինքներս կարողանանք հաղթել մեր ներսի թշնամուն, քանի որ այդ դեպքում արդեն մեզ հաղթող չի լինի:
Անչափ կարեւոր է նաեւ հետեւողականորեն ականջալուր լինել Գարեգին Նժդեհի զգուշացում-հորդորին. «Քրքրեցեք մեր պատմությունը եւ կտեսնեք, որ Արեւելքի եւ ոչ մի բռնակալ այնքան չարիք չի պատճառել հայ ժողովրդին, որքան իր թագավորի նախանձը: Խոսեցրեք մեր պատմությունը եւ պիտի համոզվեք, որ թշնամին Հայաստան է ներխուժել հաճախ այն ժամանակ, երբ նախանձոտ գլխավորների շնորհիվ մեր ժողովուրդը ներքուստ պառակտված է եղել»:
Յուրաքանչյուր հայի համար հստակ, ընդունելի եւ ելակետային պիտի դառնա այն, որ միջազգային ասպարեզում մշտապես գործել եւ այսօր էլ կիրառվում է «ուժն է ծնում իրավունքը» սկզբունքը:
Հ.Գ. Ժողովրդավարությունը ուժեղների առաքելությունն է:
28.12.2020-10.01.2021