[202100122.jpg] [202100121.jpg]
Գրահրատարակչության ոլորտն աստիճանաբար աշխուժանում է: Անցել են այն ժամանակները, երբ անշուք, կիսախարխուլ գրախանութները մոռացված թանգարաններ էին հիշեցնում. դարակներումՙ խունացած գրքեր, վաճառասեղանի մոտՙ անտարբեր հայացքով տարիքով կանայք:
Մեր ժամանակների գրախանութների մեծ մասը գրավիչ, գունագեղ, ուրախ տաղավարներ են հիշեցնումՙ ժպտադեմ ու մարդամոտ խորհրդատու-վաճառողներով:
Գրահրատարակիչներն ու գրախանութները բարեկամաբար համագործակցում ենՙ գիրքը նաեւ շահույթի միջոց դարձրած: Հիմքում, իհարկե, պահանջարկն է. բիզնեսըՙ բիզնես, բայց առեւտրի առարկան գոնե հոգեւոր արժեքն է, գիտելիքը:
Նախորդ տարվա դեկտեմբերին «Զանգակ» գրատների ցանցը գրքի վաճառքի բավականին բարձր ցուցանիշ է գրանցել: Ճիշտ է, «Զանգակից» չեն հայտնում , թե ստույգ քանի գիրք են վաճառել, որովհետեւ կոմերցիոն գաղտնիք է, բայց այլ աղբյուրների կողից շրջանառվող թիվը 20.000 էՙ մեկ ամսում վաճառված գրքերի հրաշալի ցուցանիշ:
«Զանգակ» գրատների ցանցի հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Օհանյանն ասաց, որ առայժմ տարվա արդյունքները չեն ամփոփել, քանի որ 2020-ը ծանր սկիզբ է ունեցելՙ համավարակով պայմանավորված: «Զանգակը» հասցրել է մի քանի միջոցառում իրականացնել ու վերջ. արտակարգ դրության պատճառով գրատները փակվել են: Իսկ վերաբացվելուց հետո ամեն ինչ սկսել է աստիճանաբար հունի մեջ ընկնել եւ տարեվերջին, հատկապես դեկտեմբերին, գրանցել է բավականին լուրջ ցուցանիշ: 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատՙ 2020-ի դեկտեմբերին գրքերի վաճառքը քսանհինգ տոկոսով աճել է: «Քսանհինգ տոկոս աճը կարող էր սովորական լինել, եթե ապրեինք սովորական ժամանակներում, բայց, հաշվի առնելով համավարակը, պատերազմը, սոցիալ-քաղաքական իրավիճակը, գրքերի վաճառքի մեր գրանցած ցուցանիշը բավականին շոշափելի է»,- նկատեց Աստղիկ Օհանյանը:
Գրքի ճիշտ ընտրություն, փոխշահավետ առեւտուր
Աստղիկը «Զանգակ» գրատների հաջողությունը կապում է աշխատանքային այն սկզբունքի, մեթոդի հետ, որը նոր չի սկսվել. տեւական ժամանակ է, որ գրատներն ու հրատարակիչները գրքերի հանրայնացմանն ուղղված նպատակային աշխատանք են տանումՙ ոչ թե սպասելով, թե երբ է ընթերցողն իրենց մոտենալու, այլ գիրքն անձամբ մոտեցնելով, հասանելի դարձնելով ընթերցողին: Բացի այդ, հասարակության տարբեր շերտեր գիրքը դիտարկում են որպես լավագույն նվեր. շատերն են միմյանց գրքեր նվիրում: Գիրք նվիրելու մշակույթն աստիճանաբար ձեւավորվում ու արմատանում է:
«Հաճախ հաճելիորեն նկատում ենք գրքի մեծ հերթեր: Դեկտեմբերին մեր բոլոր հինգ գրատներում էլ նման հերթեր ենք տեսել: Մենք այսպիսի սկզբունք ունենքՙ «Զանգակ» գրատներում ուղղակի վաճառք իրականացնող աշխատակիցներ չկան, նրանք նաեւ խորհրդատվություն են իրականացնում: Առհասարակ, աշխատակիցներին ընտրելիս շատ ենք կարեւորում նրանց գրական ճաշակը, ընթերցանության, գրքի նկատմամբ սերը. բոլորի կյանքում գիրքն ու գրականությունը կարեւոր տեղ ունեն, հետեւաբար, նրանց աշխատաքնում էլ այդ արժեքներն առաջին տեղում են: Գրատների աշխատակիցները, մեր թիմի անդամները գրական սեփական ճաշակով առաջնորդվելով, կարողանում են ընթերցողին էլ ճիշտ խորհուրդներ տալՙ ո՛ր գիրքն ընտրել: Նրանք անձամբ կարդում են մեր գրատների գրքերը, որպեսզի կարողանան ճիշտ ուղղորդել հաճախորդներին: Գրքի նկատմամբ սիրով կարողանում են վարակել անգամ նրանց, որվքեր պատահաբար կամ ինչ-որ հարցով մտել են գրատուն: Հաճախ հենց այդ մարդիկ էլ դառնում են մեր մշտական ընթերցողներն ու հաճախորդները, որովհետեւ աշխատակիցները նրանց հետ համատեղ են գիրք ընտրում»,-ներկայացրեց Աստղիկ Օհանյանը:
Ի՞նչ առաջարկել մանուկներին ու պատանիներին
Ծնողները հաճախ մանկապատանեկան գրականություն կարդացած չեն լինում, բայց ուզում են իրենց երեխայի համար հենց այդպիսի գրքեր գնել: Առանց գրատան աշխատակիցների օգնության, դժվար է կողմնորոշվելՙ ո՞ր գիրքն ընտրել երեխայի համար: Ի՞նչ են սիրում կարդալ այսօրվա մանուկներն ու պատանիները, հստակ դժվար է ասել. նախասիրությունները տարբեր են ու աներեւակայելիորեն լայն: Նրանք հաճախ արդեն ուղղորդված են մտնում գրատուն: Դպրոցում ուսուցիչներն են հանձնարարում, ցանկեր տրամադրումՙ ինչ կարդալ, այդ պատճառով էլ հաճախ այս կամ այն գիրքը բավականին մեծ պահանջարկ է ունենում: Ուրախալի է, որ ուսուցիչները երեխաներին դպրոցական ծրագրից դուրսՙ հեղինակների են հանձնարարում:
Միջին տարիքի համար գրակություն ընտրելը հեշտ չէ. անհատի ձեւավորման ժամանակահատված էՙ ինչպես կրթես պատանուն, այդպես էլ նա կմեծանա: Հեքիաթից գեղարվեստական գրականության անցման ժամանակ որոշակի ճեղք է մնում, որը պետք է լցնել ու ճիշտ լցնել: Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ օգնության է գալիս ավանդական դասական գրականությունը: Այն շարունակաբար վերահրատարակվում է ավելի գրավիչ ու ներկայանալի տեսքով: Սովետական շրջանի գրքերն, ինչ խոսք, դժվար են կարդացվում, որովհետեւ տառերը մանր են, թուղթըՙ ոչ որակյալ, նկարազարդումներ գրեթե չկան:
«Կան ժամանակակից մի քանի հեղինակներ, որոնք միշտ մեծ պահանջարկ ունեն, օրինակՙ Լեւոն Նեսի «Բալզակ. մի շան պատմությունը», «Ստախոսը»: Մանկապատանեկան գրականության ոլորտում բաց տեղ չունենք, ինչպես հաճախ թվում է. խորհրդատվությամբ կարողանում ենք ուղղորդել ծնողներին ու երեխաներին: Իհարկե, դասականները միշտ իրենց տեղն ունենՙ որպես հիմք, ուղղակի դասականների նոր հրատարակություններն անհամեմատ գրավիչ ու ներկայանալի են»,- ասաց «Զանգակ» գրատների ցանցի հանրային կապերի պատասխանատուն:
Մեր ժամանակների բեսթսելերները
Մեծ պահանջարկ ունեցող մանկապատանեկան գրքերի ցանկն արդեն մի քանի տարի գլխավորում է Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերի» հատորները: Հատկապես Ամանորին այն շատ է վաճառվում. շատերը գնում ենՙ նվիրելու համար: Տարվա ընթացքում էլ այս գրքի պահանջարկը չի նվազում: Ոչ մանկական գրքերից մեծ պահանջարկ ունեն Խալեդ Հոսեյնիի գրքերը, հատկապես նրա «Հազար չքնաղ արեւները»: Նարինե Աբգարյանի գրքերն են շատ պահանջվածՙ ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն: Ոչ գեղարվեստական գրքերի շարքում մեծ պահանջարկ են վայելում Յուվալ Նոյ Հարարիի «Հոմո Սափինեսը», «Զանգակում» դեկտեմբերին ընդամենը մի քանի օր վաճառվել է նրաՙ հայերեն թարգմանված երրորդ գիրքըՙ «Հոմո Դեուսը»: Հարարիի գրքերն ամիսներ շարունակ ամենապահանջվածն են գրատներում:
Համավարակը, պատերազմը մեզ ազգովին նետել են սթրեսի ու դեպրեսիայի գիրկը: Զարմանալի է, բայց սթրեսից դուրս գալու գրքերի ընդգծված պահանջ չի նկատվում, թեեւ վերջին ամիսներին շատ են գնում Վանո Սիրադեղյանի «Ձեռք ետ տար ցավի վրայից» գիրքը, ինչպես նաեււ Վազգեն Սարգսյանի հեղինակած գիրքը:
Էլ ի՞նչ է պահանջում ընթերցողը
Վերջին տարիներին ձեւավորվել է մոտիվացիոն գրականության մեծ պահանջարկ: Ընթերցողներն ինքնազարգացնող, մոտիվացնող, բիզնես-գրականության նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեն: Բիզնես, մարկետինգային հայերեն գրքերի պակաս կա, քանի որ եղածների մեծ մասն անգլերեն ու ռուսերեն է: Հրատարակիչներն արդեն զբաղվում են այդ հարցով ու ջանում են նմանատիպ գրքերը հնարավորինս շուտ հայերեն թարգմանել եւ վաճառքի դնել:
Կոմիքսների ժանրը հատկապես Եվրոպայում շատ է տարածված. այնտեղ ընդունված է երկար ճանապարհ գնալիս կոմիքսների գիրք վեցնել ու ոչ թե տրանսպորտում դժվար ընթերցվող տեքստերի, այլ դյուրամարս նկարների միջոցով ինչ-որ պատմություններ իմանալ: Մեզանում էլ կոմիքների պահանջարկ կա, եւ այն ավելին է, քան առաջարկը: Անգլերեն կոմիքները լավ են վաճառվում, հատկապեսՙ մանկականները: Հայերեն կոմիքսների դեպքում դժվար է ասելՙ պահանջա՞րկն է ավելի շատ, թե՞ առաջարկը:
«Վերջերս Նարեկ Մարգարյանի «Վիշապը. Տուրբո կնոջ հարձակումը» կոմիքսն է լույս տեսել: Այն հասցրինք մեկ օրՙ դեկտեմբերի 30-ին, վաճառել. գոհ ենք վաճառքի արդյունքից: Հրատարակիչները խոստացել են, որ գրքի հաջորդ հատորներն էլ են լույս տեսնելու»,- զրույցն ավարտեց Աստղիկ Օհանյանը: Գրատները վաղուց աշխատում են նաեւ առցանց, կատարում են առաքումներ, «Զանգակը»ՙ նույնպես: Աստղիկ Օհանյանը դարձյալ չհայտնեցՙ օրական քանի զանգ են ստանում. կոմերցիոն գաղտնիքների շարքից է, սակայն նշեց, որ նախորդ տարվա հունվարի համեմատՙ զանգերն ավելի շատ են: Ամանորի տրամադրությունն այս տարի չի էլ զգացվել. մարդիկ արագ են անցել առօրյա կյանքին: