Զրուցեց Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆԸ
Այս օրերին հարյուրավոր արցախցի ընտանիքներ ապաստան են գտել Մայր Հայաստանում: Նրանց օգնող, աջակցող առաջատար կազմակերպություններից է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի մասնաճյուղը:
Մենք այցելեցինք ընկերակցության գրասենյակ եւ խնդրեցինք ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին պատմել իրենց կատարած աշխատանքների մասին: Նա մասնավորապես ասաց.
– Ամենասկզբում ասեմ, որ պատերազմն սկսվելուն պես, երբ ամբողջ աշխարհի հայությունը հանգանակություններ էր կատարում ի նպաստ Արցախի, ԱՀԱԸ-ն մեկ միլիոն դոլարով միացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքին:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանից ես հրահանգ ստացա ամեն ինչով աջակցել բոլոր այն արցախցիներին, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել Հայաստան, իսկ հիմա, երբ նրանցից շատերը վերադառնում եմ Արցախի Հանրապետությունՙ օգնել վերահաստատվել իրենց բնակավայրերում:
Նախ, երկու հարյուրից ավելի արցախցի մեր հայրենակիցներ տեղավորվեցին մեր հինգ կենտրոններումՙ Հայաստանով մեկ: Նաեւ օգնեցինք վճարել մասնավոր բնակարաններ վարձակալած մարդկանց տան վարձը: Մեր ընկերակցության Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի տնօրենուհի, Ավետարանչական ընկերակցության գրասենյակի մամուլի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանի տիկին Մելանյա Գեղամյանի ջանքերով Արցախից տեղահանվածների մի զգալի մասին էլ սիրահոժար կերպով իրենց բնակարաններում հյուրընկալեցին հայաստանցի ընտանիքները:
Այսպիսով, մոտ 230 արցախցիների մենք ապահովեցինք կացարանով, սնունդով, հագուստով, երեխաներինՙ դասընթացներով, ժամանցային տարբեր միջոցառումներ կազմակերպեցինք…
Այնուհետեւ պրն Խանջյանից հրահանգ ստացա, որ հոգանք արցախցի երեխաների բոլոր կարիքները:
Նախ, երեխաներին պետք է ապահովենք տաք հագուստովՙ ներքնազգեստից մինչեւ վերարկու. պիտի սկսենք հազար երեխայից, եւ հետո այդ թիվն աստիճանաբար ավելացնենք:
Այժմ բանակցում ենք մի կազմակերպության հետՙ 500 հատ պլանշետ ձեռք բերելու համար, որոնք հագեցած կլինեն ինչպե՛ս կրթական, այնպես էլ հոգեբանական տարբեր ծրագրերով, որպեսզի երեխաները կարողանան իրենց ուսուցումը հեռավար եղանակով շարունակել:
«Մանկական սնունդ» ծրագրի շրջանակներում հազարից ավելի նորածինների համար գնեցինք մանկական սնունդ եւ արդեն բաշխում ենք:
Դուք գիտեք, որ Գորիսում ապաստան են գտել մեծ թվով արցախցիներ, եւ մենք այնտեղ նույնպես լուրջ գործեր ենք արել եւ շարունակում ենք անել…բաժանում ենք սնունդ, տակդիրներ եւ այլն
Զուգահեռաբար պատրաստվում ենք վարձել հոգեբանների, որպեսզի նրանք թեթեւացնեն արցախցի մանուկների հոգեբանական տրավմաները:
Մեկ կոնկրետ օրինակ.մեզ հետ կապվեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը , որ իր խնդրանքով կատարեցինք Վանաձորում ապաստանած երեսուն ընտանիքների կարիքների գնահատում, որոնց նաեւ ֆինանսական ու հումանիտար օգնություն պիտի ցուցաբերենք: Նույնը անում ենք նաեւ մարզի մյուս քաղաքներում:
Երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արցախցիներին կոչ արեց վերադառնալ իրենց տները, մենք անմիջապես վերաբացեցինք մեր գրասենյակը Ստեփանակերտում: Ի դեպ, ԱՀԱԸ-ն Արցախում իր ծառայություններն սկսել է 1995-ին: Առաջին գրասենյակը բացվել է 1998թ. հուլիսի 15-ին: Նշենք, որ ԱՀԱԸ-ն առաջին սփյուռքահայ կազմակերպությունն էր, որ պաշտոնապես գրանցվել է Արցախում:
Այստեղ մեկ տարուց ավելի էՙ մեր ներկայացուցիչը Վիկտոր Կարապետյանն է, որն ամբողջ պատերազմի ընթացքում Արցախում էր, եւ խիզախորեն այցելում էր նկուղներ, տարբեր կացարաններ եւ ռմբակոծումներից պատսպարված արցախցիներին բաժանում էր սնունդ, հիգիենիկ պարագաներ եւ այլն:
Պատերազմի օրերին Ստեփանակերտի մեր գրասենյակի հարեւան շենքը ռմբահարվեց, ինչի հետեւանքով բավականին վնասվել էր նաեւ մեր գրասենյակը: Օրեր առաջ վաղ առավոտյան ութ հոգով մեկնեցինք Արցախ, եւ ընդամենը վեց ժամում կարգի բերեցինք գրասենյակը, նաեւ պաշտամունք կատարեցինք այնտեղի Հայ Ավետարանական եկեղեցում:
Հիմա արդեն կարող եմ հայտարարել, որ պատերազմի ընթացքում Շուշիի մեր «Պետրոսյան» ճամբարում պատսպարվեցին մոտ երեսուն տատիկներ եւ պապիկներ, ովքեր ոչ մի կերպ չէին ցանկանում լքել հայրենի հողը, որովհետեւ նրանց որդիներն ու թոռները մարտնչում էին…
Հատուկ նշեմ, որ Շուշիում ունենք ամառային ճամբար, որտեղ ամեն ամառ հանգստանում էին մոտ 800 երեխա ու պատանի, նաեւՙ «Շող» մանկական կենտրոն: Դժբախտաբար, այդ ճամբարի հենց կողքին էին ընթանում թեժ մարտեր… Փա՛ռք Աստծո, վիրավորներ կամ զոհեր չունեցանք… Այնտեղ ունենք մի հիանալի հերոս կինՙ մեր աշխատակցուհի, երեւանցի Գայանե Եղիազարյանը , որը Շուշիի «Շող» ցերեկային կենտրոնի սոցիալական աշխատողն էր եւ ամբողջ կյանքը նվիրել է Շուշիին…Առանց չափազանցության կարող եմ ասել, որ Գայանեն իր կյանքը նվիրեց Շուշիի ընտանիքներին, պապիկ-տատիկներին, ամբողջ պատերազմի ժամանակ մնաց իրենց հետ, խնամեց…
Մեր մյուս երկարամյա աշխատակցուհինՙ երեւանցի Լուսինե Օհանյանը , խիզախ մի կին, հավատացյալ, որոշեց գնալ Շուշի, երբ տեղի էին ունենում ամենաթեժ ռմբակոծությունները: Ես խստիվ արգելեցի իրեն գնալ, սակայն նա, այնուամենայնիվ ինձ համոզեց եւ գնաց, ասելովՙ.«Աստված ինձ կպահպանի»: …Մեքենան ամբողջությամբ լցրել էր սնունդով ու բուժպարագաներով եւ մեն-մենակ քշեց Շուշի… Դրանից հետո էլ մի քանի անգամ գնաց… Իր սիրտը Շուշիում է…
Գիտե՛ք, մինչեւ պատերազմը Արցախում հարյուրից ավելի աշխատակիցներ ունեինք, որոնց մի մասն այժմ Հայաստանում է:
«Շող» կենտրոններ ունեինք Շուշիում, Ասկերանում, նաեւՙ ճամբար Շուշիում, մանկապարտեզներ Մարտակերտում եւ Ստեփանակերտում, որտեղ գործում է, ինչպես ասացի, մեր գրասենյակը: Ունեինք տարաբնույթ ծրագրեր, եւ, անշուշտ, եկեղեցի:
«Պետրոսյան» Ճամբարի տարածքում այս տարվա ապրիլին կառուցեցինք երկհարհարկանի շենք, որը պետք է ծառայեր որպես Շուշիի ԱՀԱԸ գրասենյակ, նաեւՙ քրիստոնեական դաստիարակության կենտրոն:
…Հիմա այդ բոլորը, ցավո՛ք, մեր ձեռքում չէ, բայց բոլորս հավատում ենք, որ այդ ամենը կրկին մե՛րն է լինելու, անխոս…
Mission Possible անունով հոլանդական մի կազմակերպությունից դեկտեմբերինՙ մեծ դրամաշնորհ ենք ակնկալում: Այդ կազմակերպությունն իր Քրիստոնեական հեռուստաալիքի աշխատակիցներին ուղարկել էր Հայաստան եւ Արցախ: Նրանք եկան, ամեն բան նկարեցին: Վստահ ենք, որ նրանց նկարած ֆիլմը մեծապես կնպաստի դրամահավաքին:
Ուզում եմ հայտնել, որ Կանադայի եւ Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցությունները, Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը եւս զգալի եւ շարունակական օգնություն են ապահովում Արցախին մեր միջոցով:
Հետաքրքրական մի փաստ.հիմա մեր դիմաց նստած է մեր ընկերակցության մամուլի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը : Նրա որդուՙ Խորենի նախաձեռնությամբ Տորոնտոյի Հայ Ավետարանչական ընկերակցությունը երկու մեծ կոնտեյներ օգնություն է ուղարկել:
Հատուկ պիտի նշեմ, որ շատ արդյունավետ համագործակցում ենք Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության հետ, որի հետ համատեղ հատուկ ծրագրեր ենք իրականացնում Հայաստանում պատսպարված, ինչպես նաեւ Արցախ վերադարձող ընտանիքների համար: Պարտքս եմ համարում տեղեկացնել, որ 1988-ի երկրաշարժից ի վեր դրա առաջին նախագահն է եղել վերապատվելի դոկտոր Ռընե Լեւոնյանը : Օգտվելով հարգարժան եւ հնագույն «Ազգ» թերթի տրամադրված առիթից, հիշեցնեմ, որ դոկտոր Ռընե Լեւոնյանը 1994-2011 թթ. եղել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի եւ Արցախի մասնաճյուղերի ներկայացուցիչը: Վերապատվելի Ռընե Լեւոնյանը եղել է նաեւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգեւոր հովիվը: Նա մշակեց մի ռազմավարություն, հղացավ մի տեսլական, որը մինչեւ այժմ բոլորիս համար յուրահատուկ ուղենիշ է: