ՍՎԵՏԼԱՆԱ ԳՈՒԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող
Հայկական հեռուստաընկերությունում ավելի քան ութ տարվա աշխատանքի ընթացքում ինձ բախտ է վիճակվել մի քանի հարցազրույց անցկացնել հրաշալի դերասան, հիանալի մարդ Արմեն Ջիգարխանյանի հետ: Արմեն Բորիսովիչի հետ բոլոր այս զրույցները շատ հետաքրքրական էին: Այդ պատճառով համագործակցելով «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի հետՙ մտածեցի ի մի բերել տարբեր ժամանակներում արված այդ հարցազրույցների լավագույն մասերը: Արմեն Ջիգարխանյանի հետ վերջին հարցազրույցն անցկացվում էր Մոսկվայում: Ընդ որում, իմ պրակտիկայում առաջին անգամ էի նկարահանում առանց նախնական զրույցի: Ընտրության ժամանակ չունեի: Երկուսիս էլ հարմար էր կիրակի օրը, երեկոյան ժամը տասըՙ Արմեն Բորիսովիչի տանը: Ինձ հատուկ ճշտապահությամբՙ ժամը տասին արդեն Ջիգարխանյանի տանն էի օպերատորի հետ: Նա շատ բարեհամբույր ընդունեց մեզ: Այդ պահին անսպասելի բան տեղի ունեցավ: Վերելակից դուրս եկող օպերատորի հետեւից փակվեց վերելակի դուռը: Օպերատորը հայտնվեց աստիճանավանդակին, իսկ սարքավորումները մնացին վերելակում: Վերելակի դուռը բացելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, իսկ վարպետի որոնումները ժամեր տեւեցին: Մի խոսքով, Արմեն Ջիգարխանյանի հետ մեր զրույցը սկսվեց կեսգիշերից բավական անց: Զարմանալի է, բայց ո՛չ պարոն Ջիգարխանյանը եւ ո՛չ էլ նրա կինըՙ Տատյանա Վլասովան, պատահածի կապակցությամբ ոչ մի դժգոհություն չարտահայտեցին: Դեռ ավելին, Տատյանա Սերգեեւնան մեզ մուրաբայով թեյ հյուրասիրեց: Առաջին հարցը, որ տվեցի պարոն Ջիգարխանյանինՙ տվյալ իրավիճակում ինձ առավել բնական թվաց:
– Ինչո՞ւ ընտրեցիք դերասանի մասնագիտությունը:
– Ընտրությանս հարցում մեծ է եղել մորս դերը: Մանկուց երազել եմ դերասան դառնալ: Մայրս շատ էր սիրում թատրոնը, հաճախում էր բոլոր պրեմիերաներին ու ինձ էլ տանում էր իր հետ: Ես, իհարկե, սիրահարվեցի թատրոնին եւ արդեն դեռահասության շրջանում հստակ գիտակցում էի իմ կյանքի հետագա ուղին: Դպրոցն ավարտելուց հետո մեկնեցի Մոսկվա: Փորձեցի ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դերասանական վարպետության բաժինը: Հայկական ընդգծված առոգանությանս պատճառով չընդունեցին: Վերադարձա Երեւան ու սկսեցի աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայումՙ որպես օպերատորի օգնական: Ընդունվեցի Երեւանի թատերական ինստիտուտՙ Արմեն Գուլակյանի խումբ: Դեռ ուսանողական տարիներին սկսեցի նկարահանվել ֆիլմերում:
– Դուք գիտե՞ք ձեր տոհմաբանությունը:
– Մի փոքր: Հորս նախնիները սերում էին թիֆլիսահայերի հին տոհմից: Սակայն ես հորս չեմ հիշում, ոչ էլ ճանաչում եմ: Ես դեռ երեխա էի, երբ նա լքեց մեզ: Ռուսալեզու միջավայրում եմ մեծացել, սովորել եմ ռուսական դպրոցում, որտեղ նույն ջանադրությամբ յուրացրել եմ հայկական եւ ռուսական մշակույթների տարրերը:
– Ինչպե՞ս է սկզբնավորվել ձեր դերասանական ճակատագիրը:
– Մասնագիտական առումով ձեւավորվել եմ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, որտեղ սկսեցի աշխատել, երբ դեռ երկրորդ կուրսի ուսանող էի:
– Շատ վաղուց էր, Երեւան հյուրախաղերի էր ժամանել այն ժամանակ շատ հայտնի ռուս դերասանուհի Օլգա Յակովլեւան: «Իրկուտսկյան պատմություն» ներկայացման մեջ նա խաղում էր գլխավոր հերոսուհու դերը: Հրաշալի էր խաղում: Նրա յուրաքանչյուր բեմելն ուղեկցվում էր ծափահարությունների տարափով: Ես այդ ներկայացմանը ներկա էի եւ սկսնակ լրագրողի իմ ուշադրությունը գրավեց ոչ թե նա, այլ նրա խաղընկերըՙ Երեւանի Ստանիսլավսկու անվան թատրոնի երիտասարդ դերասան Արմեն Ջիգարխանյանը: Դուք հիշու՞մ եք այդ ներկայացումը:
– Իհարկե հիշում եմ: Հրաշալի ներկայացում էր: Բոլորը բացառիկ ոգեւորությամբ էին խաղում: Այդ հրաշալի կնոջ ներկայությունը բոլոր դերասաններին ցնցող էներգիայով էր լիցքավորել: Ես նույնպես բացառություն չէի: Ինձ համար շատ հեշտ էր նրա հանդեպ սիրահարվածություն խաղալը: Յուլիա Կոնստանտինովնան սոսկ հրաշալի դերասանուհի չէ: Նա մեծ դերասանուհի է:
– Վերջին տարիների աշխատանքներում ո՞րն եք համարում ձեռքբերում:
– Միշտ էլ դժվար է խոսել արված աշխատանքի մասին տարբեր պատճառներով: Գլխավոր պատճառը անհամապատասխանությունն է այն բանի միջեւ, թե ի՛նչ կուզեիր անել ու ի՛նչ է ստացվում: Բեմում եւ էկրանին խաղացվածի մասին խոսելու ցանկության դեպքում հարկ է լինում խոսել մտադրությունից: Իսկ դա շատ երկար եւ երբեմն անհասկանալի խոսակցություն է: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, երբ խոսք է բացվում այդ մասին, պետք է խոսել այն մասին թե դերասանը ինչ է փորձել կամ մտադիր եղել արտահայտել, եւ թե ինչում է ձախողվել: Վերջին ժամանակներս ինձ համար հետաքրքրական էր մասնակցությունը Էդմոն Քեոսայանի «Լքված հեքիաթների կիրճը» եւ Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերում: Թատրոնում խիստ լարված աշխատանք է ընթանում Ռաձինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ» հրաշալի պիեսի շուրջ:
– Ես ներկա եմ գտնվել այդ հոյակապ ներկայացման փորձերին եւ պրեմիերային: Սոկրատեսի կերպարը երկար ժամանակ պահպանվում է հիշողության մեջ: Կարո՞ղ եք փոքր ինչ մանրամասնել ներկայացումը:
– Դա ինձ համար շատ թանկ ներկայացում է: Անտիկ ժամանակների փիլիսոփա, ճշմարտության մարտիկ Սոկրատեսի կյանքը լուսավոր դաս է երկրի վրա ապրող բոլոր մարդկանց համար: Ներկայացման մեջ արտացոլված են նրա կյանքի վերջին տարիները: Սոկրատեսը արտասովոր, երեւի թե ամենավառ անհատն է մարդկության պատմության մեջ: Նա, ըստ էության, դրամայի էպիկենտրոնն է: Այս հանճարեղ անհատի կերպարը վերակերտելու դժվարությունն այն էր, որ բարոյաէթիկական օրենքները, որոնք քարոզում էր Սոկրատեսը եւ որոնցով ապրում էր նա, հայտնի են բոլորին: Դրանք հայտնի եւ հասկանալի են նույնիսկ երեխաներին: Մեր բավականաչափ բարդ ու ցինիկ դարում քչերն են ապրում այդ օրենքներով: Մեր առջեւ բարդ խնդիր էր դրված ներթափանցելու դահլիճում նստած հանդիսատեսի հոգու խորքերը եւ վերադարձնելու նրանց դեպի տարրական հասկացություններ, որոնցից սկսվում է մարդը: Դժվար էր այդ կերպարի մեջ մտնելը: Կարծում եմ, մեր գտած Սոկրատի կերպարի պատկերը ճիշտ ինքն է: Նա ամրակազմ է, կրում է հնամաշ պարեգոտ: Մենք փորձել էինք ընդգծել Սոկրատեսի ուրախ, դյուրահաղորդ եւ հեգնող տեսակը: Հեգնանքը նրա հայացքների համակարգի կարեւորագույն գծերից է: Դրանում թաքնված է անչափ մեծ հետաքրքրությունը յուրաքանչյուր մարդու հանդեպ: Սոկրատեսի կերպարը բաժանվում էր երկու մասի ՙ պարզ, հասարակ, ամենքին հավասար մարդ եւ անհասանելի իմաստուն: Սոկրատեսն ասում էր. «Ես չունեմ աշակերտներ, ունեմ զրուցակիցներ»: Կցանկանայի ընդգծել նրա հռչակած շփման ժողովրդականությունը, այլ կերպ ասածՙ փոխադարձ շփման կենսական անհրաժեշտությունը եւ փոխադարձ հարգանքը որպես մեծագույն արժեք: «Ուսուցիչն այն անձն է, որն անտեսելով իր գիտելիքներըՙ կարողանում է իջնել աշակերտի չիմացության մակարդակին եւ նրա հետ միասին ելնել գիտելիքի բարձունքները»: Այդպիսին է, իհարկե, Սոկրատեսը: Իմաստության բարձրագույն համեստություն:
– Հետաքրքրական է, որ դուք շարունակեցիք մարդկային կյանքի այդ շրջանի հետ հանդիպումը «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» ներկայացման մեջ, սակայն այս անգամ արդենՙ Ներոնի դերում:
– «Եկեք հետազոտենք»: Այս արտահայտությամբ է ավարտվում «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացումը: Մենք ցանկանում էինք, որ մեծ իմաստունի կոչն ավելի հաստատակամորեն հնչեր «Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոնը» ներկայացման մեջ, եւ դահլիճում նստած հանդիսատեսը մտածեր մոլորակի ճակատագրի առաջ իր պատասխանատվության, մարդկության փորձի, պատմությանՙ մեզ տված դասերի մասին: Պատմության մեջ բռնակալության եւ աննախադեպ դաժանության խորհրդանիշ դարձած Ներոնի կենսագրությունը նույնպես դաս է, սակայնՙ դառն ու սարսափելի: Այդ պատմական կերպարները հավասարապես կարեւոր են մեզ համար այն բանով, որ օգնում են հաղթահարել ներկան եւ խորհել ապագայի մասին: Այդ իմաստով Ներոնի դերը բարդ է: Դրա ընկալմանը խանգարում է գոյություն ունեցող կարծրատիպը: Մեր գիտակցության մեջ ձեւավորվել է բռնապետի, մարդասպանի եւ բռնակալի մի ինչ-որ բացասական կերպար: Պետք էր փորձել ներկայացնել մի մարդու, որը ոչ միայն կայսր էր, այլեւ դերասան, որն իր բեմական հաջողությունը իշխանությունից բարձր էր դասում: Դերասանի, որին բորբոքված սնափառությունը անզուսպ տանում էր թատրոնՙ դեպի հանդիսատես: Մենք հենց այդպես էլ խաղում ենք Ռաձինսկու այդ ողբերգական ֆարսը, խաղում էինք թատրոնՙ թատրոնի մեջ: Այդ հնարքը օգնում է ավելի լավ հասկանալ ու բացահայտել հերոսի ներաշխարհը, նրա մտքի թաքնված դրդապատճառները, նրա վարքագծի ճշմարիտ շարժառիթները:
– Ձեր ուսուցիչները որեւէ դեր խաղացե՞լ են ձեր կյանքում:
– Իմ կյանքում մեկ ուսուցիչ է եղելՙ Երեւանի Թատրոնի ինստիտուտի դասախոս Արմեն Կարպի Գուլակյանը: Նա բոլոր առումներով պրոֆեսոր էր: Երեւանյան ամենադժոխային տապին նրա հագին խստաոճ կոստյում էր: Օսլայած սպիտակ օձիքը եւ թեւքերը մշտապես փայլում էին: Ռեժիսորական սեղանի վրա մաքուր սփռոց էր գցված: Նա հանում էր ժամացույցը, դնում սփռոցին, եւ սկսվում էր փորձը: Նրա ներկայությամբ արագ մոռացվում էին երեկվա շատ հաճելի երեկոյի մասին հիշողությունները, ինչպես նաեւ հոգսերը: Նա մեզանից չէր պահանջում մեր ունակությունների վայրկենական դրսեւորում, պահանջում էր աշխատանք սկսել: Նա գիտեր ոգեշնչման գինը, սակայն մեզ սովորեցնում էր աշխատել:
– Գոյություն ունե՞ն արդյոք դերասանի մասնագիտական գաղտնիքներ:
– Իհարկե, գոյություն ունեն: Ցավոք, մեզ մոտ երիտասարդ դերասաններին չեն սովորեցնում այդ գաղտնիքները եւ դրանք դերասանի անհատականության դրսեւորմանն ուղղելուն: Չէ՞ որ բավարար չէ միայն տաղանդավոր ծնվելը, պետք է կարողանալ դերասան լինել: Մարդուն տաղանդավոր դարձնել հնարավոր չէ, սակայն սովորեցնել նրան լինել դերասանՙ կարելի է: Արմեն Կարպովիչ Գուլակյանը մեզ դա՛ էր ուսուցանում: Նա մեզ սովորեցնում էր աշխատել:
– Ձեր վրա ազդո՞ւմ է արդյոք խաղընկերոջ աշխատանքը:
– Այո, շատ: «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացման մեջ ինձ համար ծանր մի տեսարան կա: Սոկրատեսը, իմանալով դաժան ճշմարտությունը իր ընկերոջ մասին, բառացիորեն ցավից կծկվում է: Ինձ, որպես մարդու, այդ պահը բոլորովին հեշտ չի տրվում: Միաժամանակ ընթանում է բանտապահի մենախոսությունը, որը խաղում է Վալենտին Պեչնիկովը: Դա հոյակապ մենախոսություն է: Գրեթե «գլուխգործոց»: Այդ մենախոսության յուրաքանչյուր նախադասությունը կարող էր հանդիսատեսի շրջանում հիացմունք եւ խանդավառություն առաջացնել: Գործնականում դրանով Վալենտինի դերը սպառվում է: Որեւէ դերասան կարող էր այս մենախոսությունը «ելույթ» դարձնելու, նախաբեմ դուրս գալու եւ հանդիսատեսի հիացմունքը ըմբոշխնելու գայթակղություն ունենալ:
Ինչպես անցյալ շաբաթ հաղորդել էինք, մեր հայրենակից Նուբար Աֆեյանի գլխավորած Moderna ընկերությունը տեղեկացրել է, որ covid-19-ի դեմ իր մշակած պատվաստանյութը լաբորատոր փորձարկումներից հետո տվել է 94.5 տոկոս դրական արդյունք:
Սակայն Վալենտինը դա չի անում, նա դա իրեն թույլ չի տալիս: Նրա համար հիմա գլխավորը Սոկրատեսի տառապանքներն են: Այդ տեսարանից հետո ամեն անգամ ես մտածում եմՙ «Կեցցե՛ս, Վալյա»: Դա դերասանական էթիկայի նմուշ է, որը, ցավոք սրտի, այնքան էլ հաճախ չի պատահում:
– Տարիներ շարունակ դուք բեմ եք դուրս գալիս նույն դերերով ու միեւնույն տեքստով: Չե՞ք ձանձրանում:
– Շատ կուզեի պատասխանել, որ չեմ ձանձրանում: Սակայն ձանձրանում եմ: Եվ հարցը տարիքս չէ: Դերասանի հոգնածությունը տարիքային գործոն չէ: Այն պարբերաբար ի հայտ է գալիս: Աշխատանքն է ձանձրացնում, դերն է ձանձրացնում, խաղընկերներն են ձանձրացնում: Այս պարագայում դերասանին փրկում է փորձը, ստեղծագործական կարգապահությունը, ինքն իրեն հաղթահարելու ունակությունը: Պետք չէ զբաղվել ինքնամխիթարմամբ: Մեր շուրջն այնքան սփոփիչ բաներ կան: Սիրելի գրքեր, սիրելի երաժշտություն, սիրելի մարդիկ: Հարկավոր է «ընկղմվել» դրանց մեջ, ու ամեն բան կանցնի: Հնարավոր էՙ ձանձրացնի հենց ձանձրալի բառը եւ վերադառնա ոգեշնչումը: Իմ ուսուցիչ պարոն Գուլակյանը միշտ ասում էրՙ «Պետք է խաղալ ինչ-որ մեկի համար»: Իսկ Էդիտ Պիաֆը մի առիթով ասել է. «Ես չեմ երգում բոլորի համար, ես երգում եմ յուրաքանչյուրի համար»: Մեր ներշնչանքը հենց այդ «յուրաքանչյուրի համարի» մեջ է:
– Վերջին ժամանակներում եղե՞լ է որեւէ բան, որ կարդացել եք կամ տեսել ու ձեզ գրավել է:
– Ամենահետաքրքրականն ու զորեղն այն է, ինչ տեղի է ունենում կյանքում: Իսկ կյանքում ամենաապշեցուցիչը հարաբերություններն են հակառակ սեռերի մարդկանց միջեւ: Դրա վրա է կառուցված ամբողջ կենսաբանական աշխարհը: Մենք մեր թատրոնում խաղում ենք Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը»: Ես չեմ հոգնում այդ ներկայացումը նորից ու նորից դիտելուց: Շատ անգամներ չեմ կարողանում դահլիճում ներկա լինել, որովհետեւ տեղ չի լինում: Այդ դեպքում ես միշտ իմ սենյակում միացնում եմ ռադիոն ու լսում եմ: Չեմ դադարում զարմանալ, թե որտեղից Շեքսպիրը գիտեր այդ ամենը: Ինչպես էր նա կարողացել թափանցել այդքան խորը:
– Միգուցե ա՞յդ է պատճառը, որ Շեքսպիրի անձը այդքան առեղծվածային է: Ի՛նչ ահռելի քանակությամբ պատմություններ են պտտվում այդ մարդու շուրջ… Արմեն Բորիսովիչ, դուք հսկայական փորձ ունեք թատրոնում եւ կինոյում: Պատրա՞ստ եք ձեզ աշակերտ զգալ: Այս հարցը ես միշտ եմ ցանկացել տալ ձեր մտավոր մակարդակն ունեցող մարդկանց:
– Իհա՛րկե ոչ: Եվ սակայն, ամեն բան այդքան միանշանակ չէ: Ինձ շատ անգամներ են հրավիրել դասավանդելու ինստիտուտում: Սակայն ես հրաժարվել եմ: Վախենում էի, որ դառնալով ուսուցիչ ու հմտանալով խոսելու արվեստումՙ կկորցնեմ ականջալուր լինելու ունակությունը: Կա «լսելու ունակություն» ու «ականջալուր լինելու ունակություն»: Ինձ համար կարեւոր է «ականջալուր լինելու» ունակությունը: Հիանալի, տաղանդաշատ երգիչ Շառլ Ազնավուրի մոսկովյան հյուրախաղերի ժամանակ նրա պատվին հավաքվել էին երկրպագուներ եւ «ազնվակիրթ» հասարակություն: Նա խոսում էր թարգմանչուհու հետ: Քար լռություն էր: Հանկարծ նա դադարեց խոսել եւ տարակուսանքով ինձ ասաց հայերեն. «Նրանք ինձ չեն լսում»: Գոյություն ունի մարդու նկատմամբ իրական ուշադրություն կամ էլ ձեւական, երբ դու զրուցակցիդ մասին մտածելու փոխարեն, մտածում ես քո մասին, թե ինչպիսի տպավորություն ես թողնում:
– Ի՞նչ եք կարծում հաջողությունը ուրախությո՞ւն է, թե՞ փորձություն:
– Անկասկած հաջողությունն ավելի լավ է քան անհաջողությունը: Ծափահարությունները միշտ էլ հաճելի են: Դերասաններն ու հանդիսատեսը միմյանց համար են ապրում: Բոյաջիեւն ասում էր, որ ոգեշնչված հանդիսատեսով լցված դահլիճը թատերական արվեստի բարձրագույն ձեռքբերումն է: Հենց ոգեշնչված, այլ ոչ ախտաբորբոք, ինչպես որեւէ հայտնի երգչուհու համերգից հետո է լինում: Հանդիսատես, որին մտածելու տեղիք է տրվելՙ սրա՛ն պետք է ձգտի ցանկացած թատրոն, ցանկացած դերասան: Դերասանի համար հաջողությունը ինչ-որ առումով նաեւ փորձություն է:
– Դուք շատ եք ճանապարհորդում աշխարհում: Կստանա՞մ ես արդյոք պատասխան այն հարցի, թե ո՛րն է ձեր սիրած քաղաքը:
– Ես նույնիսկ չեմ էլ մտածում այդ հարցին պատասխանելիս: Իհա՛րկե Երեւանը: Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է: Այն հաճախ անվանում են վարդագույն քաղաք: Այն ուրախ քաղաք է: Երեւանում արեւը շատ է: Ոչ թե այրող ու հյուծող արեւը, այլ մեղմ ու ջերմացնող: Երեւանը զգալու համար պետք է ապրել այնտեղ: Հյուրընկալվելու դեպքում Երեւանը չես զգա: Ինչքա՞ն է պետք ապրել, չգիտեմ: Երեւանն իմ մեջ անընդհատ կերպափոխվում է: Ես արդեն շատ վաղուց եմ ապրում Մոսկվայում: Այնպես որ այդ վիճակագրությամբ ես արդեն մոսկվացի եմ: Սակայն ես, միեւնույն է, երեւանցի եմ: Կախում ունի, թե որքանո՛վ կշոշափվեն քո շահերը: Որքանո՛վ կարող ես նվիրաբերել ինքդ քեզ այնտեղ: Երեւանցիները վառ ու գունեղ ժողովուրդ են: Յուրաքանչյու երեւանցի անհատականություն ունի: Երեւանում ես շատ ակտիվ կյանք եմ վարել: Շատ էի նկարահանվում, խաղում թատրոնում: Շատ հաճախ էի գնում հյուրախաղերի: Ճամփորդել եմ ամբողջ Հայաստանով: Հայաստանը հնարավոր չէ չսիրել, եթե այն լավ գիտես: Ես շատ եմ սիրում Զանգեզուրը: Դա երկիր էՙ լեռների երկրում: Կանգնած ես լեռան վրա, իսկ դիմացդ արծիվներն են սավառնում: Ես դա տեսել եմ: Սեւանի մերձակայքում ապրող հայերն ընդհանրապես նման չեն երեւանցիներին: Այնինչ նրանց բաժանում է ընդամենը վաթսուն կիլոմետր: Իսկ մեր Լենինականը: Այն մի առանձին պետություն է պետության մեջՙ սեփական լեզվով, ուտեստներով, հումորով, իրեն հատուկ շփման կանոններով: Բանն այն է, որ լենինականցիները չեն վախենում իրենց անհատականությունից: Այսպիսի անհատական ժողովուրդ: Երեւանը եւ Հայաստանը իմ «միս ու արյունն» են:
Ռուսերենից թարգմանեցՙ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ