Այն ինչ արվեց տեղեկատվությամբ այս ընթացքում, բռնություն է մարդու հոգեբանության վրա: Շարունակվող ինֆորմացիոն տեղատարափը սոցցանցերում եւ մեդիա դաշտում հիմա մեկ այլ քարոզչությամբ է ընթանումՙ նախապես մտածված սցենարով, ինչը տեսարաններով բավարարվող զանգվածը անհագորեն կուլ է տալիսՙ վերլուծել-համադրելու ունակությունը վաղուց կորցրած: Ավելի սթափ հատվածի համար հնարամիտ մեդիա – մեքենան խորամանկ քայլ է մտածելՙ այսպես ասած բազմավեկտորային բնույթիՙ նետել ոչ միակողմանի ինֆորմացիա, սատանայական մի խառնուրդՙ քիչ թե շատ մտածող մարդկանց խճճելու նպատակով: «Քաոսի միտված մեդիա» քաղաքականությանը բախվեցինք կորոնավիրուս կոչվածի ընթացքում, երբ միմյանց մերժող բժշկական մոտեցումները երկուստեք ունեին տրամաբանական հիմնավորումներ, ինչը անհստակություն էր առաջացնում եւ մոլորեցնում մարդկանց:
Պատերազմի օրերին հասարակությանը միայն պաշտոնական տեղեկատվությանը վստահելուն պարտադրած լրատվամիջոցները, պետական կառույցները ի՞նչ են կարծումՙ նման խոշոր ստից հետո վստահություն ակնկալելու հույս ունե՞ն: Թեեւ ամենքը գիտեն, որ դրանք ստեղծված են սուտը քարոզելու համար. քիչ բացառություններ կան ու միշտ էլ լինելու են, եւ դրանց ազդեցությունն էլ քիչ է, որովհետեւ սթափ դատող մարդկանց քանակն էլ քիչ է:
Սրանից հետո մարդը միայն իր աչքի տեսածին պիտի հավատա: Ժողովուրդը մի լավ խոսք ունիՙ ստի ժամկետները վաղուց սահմանած. կարծեմՙ 40 օր է: Սրանք մի օր իրենց փորած փոսն են ընկնելու, խեղդվելու են ստի սեփական ճահճում: Ստի, խաբեության վրա կառուցված քաղաքականության հետեւանքն է երկրի ներկա թշվառ վիճակը, երբ անհետ կորած զինվորների խեղճ ու կրակ ծնողներին ոչ միայն չեն բարեհաճում պատասխանել, դռներն են նույնիսկ կողպում նրանց առաջ, գերության մեջ հայտնված զինվորների ճակատագրով զբաղվող չի գտնվում:
…Երբ սգո օրերը շատանում են, Ծիծեռնակաբերդի ու Եռաբլուրի կողքին նոր եռաբլուրներ են ավելանում, «գնա մեռի, արի սիրեմ» -ին հավատարիմ մեր ժողովուրդը կողբա, գլուխ կխոնարհի հազարավոր երիտասարդների հիշատակի առաջ, հպարտ էլ կզգա անմահացած մեր հերոսներով, իսկ իմ մտքից չեն հեռանում զինվորական մի բժշկի խոսքերը, թե վիրավորներից շատերը մահացան բրոնեժիլետ չունենալու պատճառով, մեկ ուրիշն ասում էրՙ չեն ունեցել պաշտպանիչ ականջակալներ, որ հին, սովետից մնացած կասկաները ներկա ռազմական տեխնիկայի պայմաններում անպիտան են, ու շատերը նաեւ դրանից են մահացել: Մենք լաց կլինենքՙ դալար ծառի այսքան շիվեր ջարդելու, սպանելու համար, կողբանք, օրացույցում նահատակների մեկ օր էլ կավելացնենք Ապրիլի 24 -ի կողքին, ու կանցնենք մեր գործին, մեր սովորական ընթացքին: Չգիտեմՙ կշարունակե՞նք ծվատել երկիրը, թալանե՞լ բանակը, թալանե՞լ երկրի ընդերքը, թալանե՞լ ամեն բան, ինչ հնարավոր է, մսխե՞լ պետական բյուջեն ամենաթեթեւսոլիկ բաների վրա, պարգեւավճար կտա՞նք այսօրվա թշվառ վիճակը ստեղծողներին, որոնք առանց խղճի խայթի կտնօրինեն դրանք, քանի շարունակում են ապրել ու կառավարել հնի տրամաբանությամբ: Հասանք նրան, որ անգամ անվստահություն ունենք բանակի կարիքների համար հազարավոր հայերիՙ «Հայաստան» հիմնադրամին փոխանցած գումարի արդյունավետ եւ հասցեական տնօրինմանը, դրսից տարբեր տեսակի օգնությունների արդար բաշխմանը: Բայց մենք դարձյալ պատճառներ կգտնենք թալանողներին արդարացնելու, սուտն ու դավադրությունը ծածկելու, փոխարենը անմեղներին կհալածենք: Եվ իրական պատկերը երկրիՙ համատարած թալանը համատարած անտերության եւ համատարած սուտը համատարած հուսալքության վերածված անորոշությունն է:
Սա մի տեղատարափ հեղեղ էր, որ թափվեց մեր ժողովրդի գլխին, որի մեջ ե՛ւ տիղմ, ե՛ւ մաքուր անձրեւաջուր կա: Սա ամենածանր ու ամենամեծ փորձությունն էր այս 30 տարիների մեջ, մի քուրա էր, որի միջով անցնելովՙ ոչ միայն դաս պիտի առնենք, այլեւ դուրս գանք ավելի հասունացած, մի քիչ էլ իմաստնացած: Մեր ժողովուրդը նման է տարիքն առած այն մարդուն, որը շատ երկար ապրել, գլխովն ինչ փորձանք ասես չի անցել, բայց հետք չի թողել, կողքով է անցել, մնացել է նույն պարզամիտը: Թե չէ ինչպես հասկանալ, որ դարերով նույն ճանապարհն անցնելով, էլ չասած 100 տարի առաջվա գլխովն անցածը, նույնը կրկնեցինք այսօր: Սա անցած 30 տարիների մեր ապրած կյանքի պատասխանն էր ու դրա վերջին ակորդՙ այս 2,5 տարվաՙ հատկապես: Եթե նախորդ երեք իշխանություններից օձիք էինք թափ տալիսՙ գոռում, որ թալանում են, որ կարգ, օրենք չկա, որ ամենաթողություն է, որ անգետն ու անկուշտն են մեզ կառավարում, ու համբերության բաժակը այնպես էր լցվել, որ մեծ ու մանուկ վեր կացանք, որ վերջ տանք անողոք կողոպուտին ու անառակությանը, բայց եղանք նորից անհետեւողական ու նորից կույր: Մենք տեսանք, որ թուլամիտ ու անկարող մարդկանց ենք բերել իշխանության, որ եթե բռի ձեւով չեն թալանում, ավելի հղկված, խորամանկ ձեւեր են բանեցնում, տեսանքՙ ինչի մասին գոռում էին հրապարակներում, ճիշտ հակառակն են անում, տեսանք, ոնց են կրկեսի վերածում երկիրը, տեսանքՙ մինչեւ այս չտեսնված անլրջություն, գաղափարախոսությունից զուրկ, պատասխանատվությունից փախչող մարդկանց ու համակերպվեցինք: Մենք անղեկ նավի ենք նման, որ տարուբերվում է, ոնց քամին փչի:
Մենք թացը չորի հետ ենք վառում, որի վկայությունը պատմական թե՛ վաղ ու մոտ անցյալն է, թե՛ ներկան: Սա ոչ թե զուտ էմոցիոնալ, պահի ազդեցության տակ արված տարերային քայլեր են, այլ որոշակի մտածողության հետեւանք, որտեղ բացակայում են ազգային, պետական, մարդկայինՙ երկրի զարգացման համար ուղենշային, ազգային անվտանգությունն ապահովող հիմնարժեքները:
Սա սթափեցնող ապտակ էրՙ կեղծիքի պաշարումից դուրս բերելու, դիսցիպլին ու համակարգված մտածողություն ձեւավորելու, ճիշտ կողմնորոշվելու կեղծ ու իրական արժեքների միջեւ: Պատերազմը մեզ հանեց էյֆորիկ, թմբիրային վիճակների կեղծ օրակարգերից: Գուցե՞ հասկացանք նաեւ, որ մեծամտությունն ու անիրատեսությունը, փառամոլությունն ու անգիտությունը, դատարկամիտ երազանքներըՙ որքան էլ երեւակայություն շոյող, լիրիկական զառանցանքներ են. եւ… բացակայում են սթափ, ճշգրիտ հաշվարկները, պատասխանատվությունն ու քաղաքական հեռատեսությունը:
Դժվար չէ կռահել այս աղետին հետեւող տնտեսական, սոցիալական, հոգեբանական ճգնաժամերի մասշտաբները: Համատարած հիասթափություններից ու ընկճվածություններից դուրս գալու ելքեր շատերը փնտրելու են երկրից դուրս գալու մեջ, ինչը ոչ այնքան, եւ ոչ միայն պարտության պատճառով է, որքան անապահովության զգացումից, նվաստացված արժանապատվության ցավից, խաբված լինելու վիրավորանքից: Ինչպե՞ս է հնարավոր հույսը վերադարձնել մարդկանց, վերականգնել արժանապատվությունը, երբ համատարած ընկճվածությունը կարող է հասնել ապատիայի: Սա կանխելու, այս վիճակից դուրս գալու միակ միջոցը ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող պետական նոր քաղաքականությունը պիտի լինիՙ հիմնավոր կրթության ու գիտության առաջնահերթությամբ երկիրը տնտեսապես, ռազմականապես վերակառուցելու, ուժեղացնելու, մարդկային ռեսուրսը, գիտական պոտենցիալը պրոֆեսիոնալ օգտագործելու ճանապարհով, հեռանալ մինչ այսօր եղած մտայնություններից, գործելաոճից ու դրանց կրողներից, հրաժարվել ստից ու կեղծ արժեքներից, ազատվել մեր ներսում ու դրսում հավաքված աղբից:
Մենք տեսանք անցյալի կառավարիչներին, տեսանք ներկաների անկարողությունն ու անպատասխանատվությունը: Սուտ մարգարեների, այլոց շահերը սպարկողների ժամանակն անցել է. ավելի ծանր վիճակում մեր երկիրը չի եղել վերջինՙ գոնե 80 տարիներին: Մեզ հարկավոր են ամուր, խիստ, այո եւ դաժա՛նՙ ազգային իդեալներին, պետականությանը նվիրված մարդիկ, ովքեր կյանքով են ապացուցել իրենց գաղափարի, դավանանքի ճշմարտացիությունը: Մեր պատմության մեջ այսպիսի պահերին մի՛շտ հայտնվել են նրանք: Պատմությունը մեզ չի դավաճանի, եթե ինքներս չուզենանք դա, եթե ինքներս ուժ գտնենք վերադաստիարակելու մեզՙ դավանելու համամարդկային արժեքներ, ձեւավորելու առաջադեմ, առողջ, ազգային մտածողություն եւ քաղաքականություն: