Ռազմավարական հավասարակշռությունը արագորեն փոխվում է Կովկասում: Արեւմուտքը Ռուսաստանին դիտարկում է որպես կարկամած մի իշխանություն: Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն եւ Մ. Նահանգները գայթակղել են Վրաստանին, որպեսզի ամբողջովին դուրս գա Ռուսաստանի տիրույթից: Թուրքիան Արեւմուտքին է փոխարինում լրացնելու համար Կովկասում իշխանության պակասող օղակը: Իսկ Ռուսաստանն ու Չինաստանը, իրենց հերթին, սերտացնում են հարաբերությունները միմյանց միջեւ:
Արեւմուտքի պարտադրած պատժամիջոցներից վրդովված Իրանը 400 միլիարդ դոլարի հասնող խոշոր պայմանագիր է պատրաստվում կնքել Չինաստանի հետ: Իրանում կան որոշակի շրջանակներ, ներառյալ նախագահ Հասան Ռուհանին, որոնք ցանկանում են բարելավել հարաբերությունները Արեւմուտքի հետ: Սակայն, ինչքան էլ տարօրինակ հնչի, նախագահ Թրամփի անհանդուրժողական կեցվածքը Իրանի նկատմամբ խրախուսում է տեղի պահպանողականներին, որպեսզի է՛լ ավելի թեժացնեն լարվածությունը եւ Իրանին մղեն դեպի ռուս-չինական տիրույթ: Եվ սակավ են հույսերը, որ նախագահական ընտրություններն Ամերիկայում ինչ-որ բան կփոխեն, նույնիսկ եթե Ջո Բայդենն ընտրվի նախագահ:
Հայաստանն ակամա գտնվում է քաղաքականությունների շրջադարձային փոփոխման այս իրավիճակում, հատկապես երբ Թուրքիան է դերակատարություն ստանձնել ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի փոխարեն: Անկարան, Հայաստանի հանդեպ ունեցած իր ավանդական թշնամությունից բացի, խոշոր ծրագրեր ունի Կովկասը հանձնելու Արեւմուտքին, շարունակելով անշուշտ իրագործել իր օսմանյան մտասեւեռումները, որոնք ձգվում են Հայաստանից այն կողմ, դեպի Կենտրոնական Ասիա: Սա իր հերթին, վրդովեցնում է միաժամանակ ե՛ւ Մոսկվային, ե՛ւ Պեկինին:
Թավշյա հեղափոխությունը միտված էր լուծելու երկրի ներքին խնդիրները, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժման որոշ անվերապահ հետեւորդներ ունեին իրենց այլընտրանքային օրակարգը, որ նույնիսկ ներկայի համավարակի եւ ներքին խժդժությունների պայմաններում, շարունակում են իրագործել: Դա Ռուսաստանին դուրս մղելն է Հայաստանից եւ ընդհանրապես Կովկասից:
Փաշինյանը ինքն էլ է համոզված է, որ նման գործընթաց իրագործելը անհեռանկարային է, քանի որ Հայաստանը ստիպված է առավել գնահատել ռուսական զորքերի ներկայությունը իր տարածքում եւ հույսը դնել Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման վրա, ի հեճուկս Վաշինգտոնի:
Երկու տարբեր առիթներով Պեկինը կարմիր գորգ էր փռել Հայաստանի ղեկավարների առաջ: Ե՛վ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Նիկոլ Փաշինյանին շատ ավելի մեծ պատվիներով էր ընդունել, քան Հայաստանի հեղինակությունը կարող էր երեւակայել: Նման վերաբերմունքին գումարվում էր նաեւ Չինաստանի դիվանագիտական ներկայությունը Հայաստանում, որտեղ Պեկինը կառուցել է, Մոսկվայից եւ Վաշինգտոնից հետո, երրորդ ամենախոշոր դեսպանատունը:
Չնայած Պեկինն իր արտաքին քաղաքականությունը ձեւավորելիս սահմանափակված չէ գաղափարական պարտավորություններով, ինչպես նախկին Խորհրդային Միությունն էր, այունամենայնիվ նա քաջ գիտակցում է, թե որտեղ են իր շահերը:
Չինաստանը առեւտրական եւ տնտեսական հարաբերություններ ունի նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, բայց քաջատեղյակ է, որ առաջինը Թուրքիային է երախտապարտ, իսկ երկրորդըՙ Արեւմուտքին :Հայաստանը ավելի արդյունավետորեն կհարմարվի իրադրությանը, եթե նրա ղեկավարները գիտակցեն երկու երկրների միջեւ զարգացող հարաբերությունների փոխշահավետությունը:
Չինաստանը 75 տոկոսի հասնող շահաբաժին ունի Վրաստանի սեւծովյան Փոթի նավահանգստի արդյունաբերության ազատ գոտում: Երբ Փաշինյանը Չինաստան այցելեց անցյալ տարվա մայիսին, փոխադարձ սիրալիր հաճոյախոսությունների պակասը չկար: «Մեզ միավորում են քաղաքակրթության եւ համագործակցության ընդհանուր նպատակները», հայտարարեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ավելացնելով. «Մենք լավատեղյակ ենք Հայաստանի պատմության կարեւորագույն իրադարձություններին եւ հավատացած ենք, որ հայ ժողովրդին բաժին ընկած ողբերգական դեպքերն ապագայում չպետք է կրկնվեն»:
Այս խոսքերն ուղղակիորեն ակնարկում էին Հայոց ցեղասպանությանը, սակայն Ադրբեջանի հետ իր հարաբերություններում Չինաստանը պնդում է, որ կողմ է տարածքային ամբողջականության գաղափարին, որի նշանակությունը ակներեւ է բոլորին:
Պատասխանելով Չինաստանի նախագահի խոսքերին, ՀՀ վարչապետ Փաշինյանը նշեց, որ երկու ժողովուրդները վաղեմի քաղաքակրթությունների ներկայացուցիչներ են եւ որ դեռեւս 5-րդ դարի հայկական ձեռագրերում նշվում են երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող կապերի մասին:
Չինաստանը առաջիններից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը: Ներկայիս նա երկրորդ ամենամեծ առեւտրային գործընկերն է: 2018-ին առեւտրաշրջանառությունը երկու երկրների միջեւ ավելացել է 29 տոկոսով, հասնելով 771 միլիոն դոլարի: Իսկ ամենակարեւորն այն է, որ Հայաստանը Չինաստանի աջակցությանն է ապավինում իր ենթակառուցվածքների բարելավմանը միտված ծրագրերի իրականացման գործում:
Չինաստանը արդեն իսկ ներառված է մայրուղիների վերանորոգման աշխատանքներում: Բայց ավելի նշանակալից կլինի, եթե ներառվի շրջանների զարգացման գործընթացներում իր ձեռնարկած «Գոտիներ եւ ճանապարհներ» նախագծի շրջանակներում, քանի որ Ադրբեջանըՙ Վրաստանի հետ համագործակցելովՙ Հայաստանին շրջանցել է բոլոր տեսակի համատեղ ծրագրերում:
Չինաստանը 12 միլիոն դոլար է ծախսել կառուցելու համար չին-հայկական բարեկամության դպրոցը, որտեղ 400 ուսանողներ են ստանում չինական կրթություն:
Չինաստանը նաեւ «Հուավայի խելացի քաղաքների» ցանց է կառուցում աշխարհի չորս ծայրերումՙ Գերմանիայից մինչեւ Սինգապուր: Լուրեր են տարածվում, որ նման խելացի քաղաք կառուցվելու է նաեւ Հայաստանումՙ 10 միլիարդ դոլար արժողությամբ: Դա, ինչ խոսք, Հայաստանին տալու է հսկայական տեխնոլոգիական առաջընթաց:
Նախատեսված են նաեւ այլ ծրագրեր: «Horasis China 2020» խորհրդաժողովը, որ ծրագրվել էր անցկացնել Երեւանում եւ հետաձգվել էր համավարակի պատճառով, այժմ նախատեսվում է հրավիրել 2021 թ. հոկտեմբերի 20-ից 25-ը: Գործարարական եւ կառավարական ոլորտներից «Հորասիս Վիժն Համայնքի» (Horasis Vision Community) ավելի քան 300 անդամներ մասնկացելու են բավականին հագեցած մի ծրագրի, որն, ըստ մասնագետների, մեծ դերակատարություն է ունենալու է՛լ ավելի արագացնելու Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրային եւ արտաքին ներդրումների արդեն իսկ մեծ քայլերով առաջ ընթացող գործընթացները:
Տնտեսական եւ տեխնոլոգիական համագործակցությունը ողջունելի է Հայաստանի համընդհանուր զարգացման համար, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հարեւաններն ամեն ջանք գործադրում են Հայաստանը մեկուսացնելու բոլոր տեսակի համատեղ ծրագրերից: Բայց Հայաստանն ունի նաեւ իր գոյութենական անվտանգությունն ապահովելու խնդիրներՙ կապված տարածաշրջանում Թուրքիայի վարած ծավալապաշտական նկրտումների հետ:
Բարեբախտաբար, օգտվելով միջազգային զարգացումների ընձեռած հնարավորությունից, Երեւանը ավելի ուժեղ եւ արդյունավետ դիրքորոշում է որդերգել, ընդլայնելով իր արտաքին հարաբերությունները Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի հետ: Հայաստանը առաջին երկու երկրների կողքին կանգնեց, երբ Թուրքիան վերջերս սպառնում էր նրանց, իսկ Եգիպտոսն ուղղակի նոր բացահայտում է: Հայտնի է, որ Լիբիայի հարցով Եգիպտոսը տարակարծություններ ունի Թուրքիայի հետ, բայց Եգիպտոսի համար ավելի մեծ նշանակություն ունի սուննի մահմեդականների ղեկավար-առաջնորդի դերն ստանձնելու Թուրքիայի նկրտումները: Դա իսկական մարտահրավեր է:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի վերջերս Կահիրե կատարած այցը եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի ակնկալվող այցը Երեւանՙ առավել նկատելի են դարձնելու Հայաստանի ներկայությունը Միջին Արեւելքի դիվանագիտական քարտեզի առաջ:
Բայց ինչքան էլ այս զարգացումները կարեւոր լինեն Հայաստանի համար, միեւնույն է, դրանք չեն կարող փոխարինել այն աջակցությունը, որ Երեւանը ստանալու է Չինաստանից: Լուրեր են պտտվում, որ Չինաստանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, բայց այդ համագործակցությունը ավելի պաշտոնական կդառնա, երբ երկու երկրները մասնակցեն Մոսկվայի նախաձեռնությամբ Աստրախանում այս օրերին ընթացող «Կովկաս 2020» զորավարժություններին, որին իրենց զինվորական պատվիրակություններն են ուղարկել նաեւ Բելառուսը, Իրանը, Միանմարը եւ Պակիստանը:
Ռուսաստանն ու Չինաստանը «Համապարփակ ռազմավարական գործնըկերություն» են հիմնել, որպեսզի համագործակցեն ինչպես ռազմական հարցերում, այնպես էլ դիվանագիտության ոլորտում եւ հակադարձեն հիմնականում Մ. Նահանգների ներթափանցումը իրենց համապատասխան հարեւանների տարածքներ: Նրանք համագործակցում են նաեւ ՄԱԿ-ում, հատկապես նրա անվտանգության խորհրդի նիստերի ռազմավարական հարցերի քննարկումների ժամանակ:
Հայաստանը թեեւ փոքր է, բայց կարեւոր մարտավարական նշանակություն ունի Չինաստանի համար: Թուրքիան Հայաստանին դիտարկում է որպես խոչընդոտՙ Կենտրոնական Ասիայի թյուրք բնակչությանը միավորելու իր ծրագրերին: Չինաստանի տեսանկյունից, Հայաստանը պատնեշ է հանդիսանում, որ Թուրքիան չկարողանա ներթափանցել Կենտրոնական Ասիա: Չմոռանանք, որ Թուրքիան արդեն որոշ ժամանակ է, ինչ Չինաստանի ույղուր մահմեդականներին դրդում է ապստամբել, կենտրոնական կառավարության դեմ գործել: Չինաստանի իշխանությունները փորձում են ճնշել, չնայած կոշտ միջոցներով, դեռ սաղմնային վիճակում գտնվող այս ներմուծված ծայրահեղականությունը:
Հայկական քարոզչությունը քիչ դեր կարող է խաղալ Ամերիկայում, որպեսզի որոշ քաղաքական առավելություններ ձեռք բերենք: Երբ ՆԱՏՕ-ի անդամներից մեկը Թուրքիան է, Հայաստանի գոյութենական մտահոգությունները չեն կարող չանհանգստացնել մեզ, մանավանդ հաշվի առնելով, որ հակառակ հաճոյախոսություններին, Արեւմուտքը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը:
Մարտավարական տեսակետից անհրաժեշտություն է դառնում սերտորեն համագործակցել Չինաստանի հետ, հատկապես երբ Թուրքիան մեծացնում է իր դերակատարությունը Կովկասում եւ երբ համընկնում են Հայաստանի եւ Չինաստանի շահերը:
Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)