ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ
Ֆրանսահայկական France Arme՛ni ամսագրի 2020 մարտի համարից թարգմանաբար եւ աննշան կրճատումներով ընթերցողների ուշադրությանն ենք հանձնում այս ուշագրավ հոդվածը, որը Հայաստանում ապրող ասորական համայնքին նվիրված բացառիկ նյութերից է: Մեր մամուլն ու լրագրողները, ներառյալ մեր թերթը, սովորություն չունեն հետաքրքրվելու հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունների վիճակով, եւ, ըստ երեւույթին, դրսից եկած լրագրող էր պետք լինել ուսումնասիրելու այդ փոքրամասնություններից մեկիՙ ասորիների կյանքն ու դժվարությունները: Թերեւս ավելորդ է ասել, որ հոդվածի հեղինակը սոսկ լրագրող չէ, այլեւ քաջահմուտ արեւելագետ-հայագետ, որի հրապարակած գրքերին ու հոդվածներին վաղուց է ծանոթ «Ազգ»ի մշտական ընթերցողը:
Այս օրերին, երբ Սփյուռքի գործերով ՀՀ վարչապետի հանձնակատար Զարեհ Սինանյանի թեթեւ ձեռքով, ավելի ճիշտՙ լեզվով, այսպես կոչված «ասորական» թեման շրջանառության մեջ մտավ, Տ. Եկավյանի այս հոդվածը իր ճանաչողական բնույթով ստանում է նաեւ այլ իմաստ. Լիբանանի ասորիներին «սինթեզելու» նպատակով Հայաստան հրավիրելու Սինանյանի կոչը ավելի քան անհեթեթ էր ոչ թե այն պատճառով, որ նրանք բաղձալի չեն մեր երկրում, այլՙ ցույց էր տալիս հանձնակատարի անտեղյակ լինելը Հայաստանում արդեն երկու դար բնակվող ասորական համայնքի անօգնական վիճակից, նրա ազգային, կրթական ու մշակութային խնդիրներից, որոնք, մեղմ ասած, գրավիչ չեն դարձնում մեր երկիրը Լիբանանում թե այլուր ցիրուցան եղած ասորական համայնքների համար:
«Ազգ»
Սա Կովկասում էթնոդավանանքային նվազ ծանոթ փոքրամասնություններից է: Ծագում առած Միջագետքից, որտեղ ծաղկուն քաղաքակրթություն են ունեցել, ասորիները առաջին ժողովուրդներից են եղել քրիստոնեությունը ընդունող: Նրանց սեւ ճակատագիրը սերտորեն միահյուսված է եղել հայերի հետ, որոնց կողքին եղբայրաբար ապրել են մեր թվարկության առաջին հազարամյակից ի վեր: Դարերի ընթացքում հայերն ու ասորիները միասին ապրել են Պարսկաստանում եւ Օսմանյան կայսրության մեջ: Միասինՙ նրանք հալածվել են: Այսօր Հայաստանում ասորիները մի բուռ են կազմումՙ կառչած իրենց լեզվին եւ բազմահազարամյա ազգային ժառանգությանը:
***
Երեւանից մեկնելով միկրոավտոբուսը լքում է մայրաքաղաքի արվարձանները դեպի Նախիջեւան տանող եւ Արարատին զուգահեռ ընթացող մայրուղով: Ուղեւորները, մեծամասամբ տարիքոտ մարդիկ, գնում են այցելելու իրենց մերձավորներինՙ միասին նշելու Նոր տարին: Մի կես ժամից հետո հասնում ենք նախկին Քոյլասար եւ այժմ, 1949-ից ի վեր, բուլղարացի կոմունիստ մի հերոսի անունով վերանվանված Դիմիտրով գյուղ: Ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռու ուշադրություն է գրավում մի եկեղեցի: Գմբեթը ոչինչ չունի հայկական եկեղեցիներին նմանվող: Այս գյուղի բնակիչների մեկ-երրորդը ասորիներ են, մոտավորապես 700 տուն, որոնք խոսում են արդի արամեերենՙ 2000 տարի առաջ Քրիստոսի խոսած լեզուն:
Մոտ 60 տարեկան, կլոր, զվարթ դեմքով Էդիկ Գեւարգեսովը մեզ ջերմորեն դիմավորում է իր տանը: Նրա ազգանունը ռուսացվել է, ինչպես ազգակիցների մեծ մասինը Հայաստանում եւ նախկին խորհրդային մյուս երկրներում: Խոհանոցում բազմազբաղ նրա կինըՙ Աննան, գյուղի դպրոցում դասավանդում է սուրեթ լեզուն (արդի արամեերենի արեւելյան տարբերակը): «Մեր նախահայրերը Ուրմիայից ենՙ Իրանից. նրանք Հայաստան են եկել 1820 թ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ: Ռուսները նրանց ասել են, որ չմնան այնտեղ, այլապես նրանց կկոտորեն: Մերոնք ուղղափառությունն են ընդունել եւ կառուցել են այս գյուղի եկեղեցին»: Եկեղեցին Էդիկի տնից մի քանի մետր է հեռու, կոչվում է Սուրբ Կիրիլ-Սուրբ Յուլյա, կառուցված 1840-ին եւ մաս է կազմում Ռուս ուղղափառ եկեղեցուն: Սակայն դեռեւս պահպանում է ասորական առանձնահատկությունը, ինչպես վկայում են արձանագրությունները եկեղեցու սրբապատկերների ու դռան վրա: Ասորի մի այլ ընտանիքի հետ Էդիկը պահակում է եկեղեցին: «Սովետները մեզ թույլ չտվեցին եկեղեցին վերանորոգել. նրանք քանդեցին, իսկ մենք գաղտնի վերակառուցեցինք այն նոր տաշված քարերով: Դա 70-ականների վերջերին էր», հիշում է Էդիկը: Ամեն կիրակի պատարագ է մատուցվում այստեղ հայկական ծագումով ուղղափառ մի քահանայի կողմից:
Վովան, նրա զարմիկը, միանում է մեզ: Նրա աղջիկը ապրում է Շվեդիայում իր ասորի ամուսնու հետ: «Դպրոցում մենք քիչ-շատ իրավունք ունենք օրական մեկ ժամ սուրեթ լեզուն դասավանդելՙ ֆակուլտատիվ հիմունքներով: Դա քիչ է, սակայն պետք է ընդգծել, որ Հայաստանն առաջին երկիրն է, որն արտոնել է մեր լեզուն դասավանդել հանրային կրթօջախներում», ասում է նա: Էդիկը, որ թոշակի է անցել ներքին գործերի նախարարությունից, օղու բաժակը ձեռքինՙ շարունակում է. «Միայն Հայաստանում կարող ես նախարարության կողմից տպագրված ասորական դասագիրք գտնել»:
Դա այս համայնքի առանձնաշնորհումներից էՙ Շվեդիայում ապրող ասորիներին հակառակ, թեեւ այդ երկիրը հանդիսանում է ասորական ամենամեծ համայնք ունեցողը Եվրոպայում, սուրեթ լեզուն այնտեղ դասավանդվում է միայն մասնավոր դպրոցներում: «Հայաստանում մենք ունենք նաեւ պատգամավոր, որի կինն է ասորի»: Վովան ծիծաղում է. «Ի՞նչ կարող է նա անել մենակ»: Լռություն: «Մենք համագյուղացի հայերի հետ ապրում ենք եղբայրաբար, նրանցից շատերը խոսում են ասորերեն», բացականչում է Էդիկը, որ պատմում է խառն ամուսնությունների թվի աճի մասին:
Հայերն ու ասորիները շատ երկար համատեղ պատմություն ունեն, որի մասին պետք է գրվի դեռ: Էդիկը պատմում է մեզ Զորավար Անդրանիկի եւ Աղա Պետրոսիՙ նրա նույն ճակատագիրն ունեցած զինակցի մասին: Խոսում է նաեւ Անդրանիկի նժույգի մասին, որը նվիրվել էր ասորի մի ընկերոջ կողմից:
Մյուս կողմից, սահմանագիծը շատ մոտ է եւ պատահում է, որ մեր բարեկամները մերթընդմերթ լսեն թռչող փամփուշտների սուլոցը. ասորիները տարբերություն չեն դնում թուրքերի եւ քրդերի, նրանց դաժան ժառանգորդների միջեւ: Այս գյուղացիներն այլեւս հայրենիք չունեն. Ասորեստանը սրբված է քարտեզի վրայից ցեղասպան թուրք եւ քուրդ, նաեւ իրաքյան իշխանությունների կողմից: Նրանց համար Հայաստանը ավելին է, քան ապաստան տված երկիր, այն կարծես իրենց երկիրն է:
Եթե վերապրողներից մի բուռ դեռեւս ապրում է նախահայրերի հողերի վրաՙ Իրաքի հյուսիսում, Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ Իրանի հյուսիսային կողմերում, ապա այս ժողովրդի մեծամասնությունը բնակվում է սփյուռքում: Հյուսիսային Ամերիկայում ու Շվեդիայում բնակվող իրենց բարեկամները երբեմն այցելում են Հայաստանի իրենց հարազատներին եւ, միաժամանակ, օգտվում բժշկական տուրիզմի այստեղի գնային առավելություններից:
Էդիկը խոսում, բայց չի կարող կարդալ սուրեթ լեզուն: «Այն ժամանակներին մենք վախենում էինք մեր դասատուներից եւ մեծ բան չսովորեցինք», ասում է նա եւ հիշում, որ իրենց եկեղեցու պատրիարք Մար Գեւարգիսը հովվապետական այցելություն է տվել իրենց, նաեւ հանձնել է իրենց եկեղեցում կնքված լինելու մասին հավաստագրեր: Էդիկի որդիներից մեկը Ռուսաստանում է, իսկ մյուսըՙ այստեղ: Սուրեթերեն խոսո՞ւմ են, հարցնում եմ: «Այո, բայց երիտասարդները իրար միջեւ չեն խոսում այդ լեզվով»: Գյուղից քաղաք տեղաշարժերը, հատկապես «սեւ» տարիներին, խոր հետք են թողել գյուղի վրա, որտեղ խոր անջրպետ է առաջացել նորահարուստների եւ մյուսների միջեւ: Էդիկը հպարտ է իր ժողովրդի պատմությամբ: Նա ռուսերեն մի գիրք է վերցնում գրադարակից հին Ասորեստանի մասին: Էջերը խունացել են, իսկ փառավոր պատկերները հակադրություն են կազմում ներկայի անորոշության հետՙ Նինվե, Բաբելոն, Ստեսիֆոն: Մոռացումի երանության անհետացած մի ողջ աշխարհ:
Հայաստանը. փոխարինող հայրենի՞ք
Հայաստանի ասորիները Անդրկովկասի քիչ ճանաչված փոքրամասնություններից են: 2001 թ.ի մարդահամարի տվյալներով, էթնո-լեզվական այս փոքրիկ համայնքը պաշտոնապես բաղկացած է եղել 3409 անդամից: Նրանք տեղաբաշխված են Երեւանում, Նոր Արտագերսում, Արմավիրի մարզում, Արզնի փոքրիկ գյուղում, որտեղ գտնվում է նրանց Մար Միրիամ եկեղեցին, եւ Արարատի մարզի երկու գյուղերումՙ Դիմիտրով եւ մանավանդ Վերին Դվին (Դվին Այսօր), որտեղ գտնվում է Սուրբ Թովմաս եկեղեցին: Ասորիների ներկայությունը Հայաստանում սկսվում է 1826-1828 թթ.ի ռուս-պարսկական պատերազմի օրերից, երբ կնքվեց Թյուրքմենչայի պայմանագիրը, որը պաշտոնականացրեց ընդարձակ տարածքների կորուստը հօգուտ Ռուսական կայսրության (Երեւանի եւ Նախիջեւանի խանություններ): Ռուսները էթնո-դավանանքային որոշ խմբավորումների կոչ արեցին գաղթել իրենց կայսրություն: Շրջանի ասորիները Սալմաստից եւ Ուրմիա լճի ափերիցՙ ընդունեցին հրավերը: Նրանց մի մասը ուղափառությունն ընդունեց: 1915-ի Ցեղասպանության թոհուբոհի մեջ Թուրքիայի հարավ-արեւելքից (Հաքքարի նահանգ) Իրանի վրայով ասորի բռնագաղթվածների նորանոր ալիքներ ապաստան գտան Հայաստանում: Այս ժողովրդի ոչնչացումը 1915 թ. ցեղասպանությանՙ պատմագրության դեռեւս չբացահայտված մասն է կազմում: Այնինչ այդ մոռացումը քրիստոնյա երկու ժողովուրդների ճակատագրի նույնության առանցքն է կազմում, խորապես ներհյուսված միմյանց հետ տառապանքի մեջ:
Ասորի փախստականների հետնորդները հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Նրանց թվաքանակը Խ. Միության կազմաքանդումից ի վեր չի դադարում նվազել: Նրանց մոտավորապես մեկ-երրորդը հետեւորդներ են Հայ եկեղեցու, շուրջ 20 տոկոսըՙ Ռուս ուղղափառ եկեղեցու: Մնացյալը հավատարիմ է Ասորական առաքելական եկեղեցուն, որը 2000 թ.ից ի վեր փորձում է ոտքի կանգնել Հայաստանում եւ նախկին խորհրդային այլ երկրներում: Այն հանդիսանում է աշխարհում ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկը, քրիստոնեությունն ընդունած Թովմաս առաքյալի կողմից: Շատ վաղուց ասորական եկեղեցին դավանում է նեստորականությունը, միակ բանըՙ որը չի համընկնում Հայ եկեղեցու դավանանքին: Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ-էրբիլի թեմի առաջնորդը հոգեւոր պատասխանատուն է Հայաստանում եւ նախկին Խ. Միության այլ երկրներում ապրող ասորիների: Իրաքի նախկին հոգեւոր առաջնորդը այժմ 121-րդ պատրիարքն է Ասորի եկեղեցու եւ կոչվում է Մար Գեւարգիս 3-րդ: Նա, ինչպես ասվեց, բազմիցս հովվական այցով գտնվել է Հայաստանում: Վերին Դվինում ասորիները հիմնել են երկու եկեղեցիՙ Շարա, որը ասորական առաքելական է, եւ Մարեզը, որը ուղղափառ եկեղեցուն է պատկանում:
Եկեղեցինՙ բռնագրավված, ձուլումըՙ պարտադրված
Եթե համայնքային պատասխանատուները ձեռնպահ են մնում հայկական իշխանություններին քննադատելուց, Դիմիտրովի ասորիները 2007 թ.ից պայքարում են վերատիրանալու Մար Մարիամ եկեղեցուն, որի բանալիները բռնագրավվել են հայր Միքայել Նուրիջանյանի կողմից, որը հարեւան Մխչյան գյուղի հոգեւոր հովիվն է: Պատճա՞ռը. 1868 թ.ին հիմնված այդ եկեղեցին, ըստ նրանց, պատկանել է Հայ եկեղեցուն, թեեւ դա ոչ մի տեղ չի գրանցվել: 1937-ին սովետների կողմից այդ եկեղեցում աշխատող ասորի վերջին քահանայի սպանությունից հետո այնտեղ ոչ մի անգամ պատարագ չի մատուցվել: Հայաստանում Ասորական կազմակերպությունների դաշնությունը այս կապակցությամբ դիմում է ներկայացրել Մայր աթոռ Սբ. Էջմիածինՙ իր ունեցվածքը հետ ստանալու համար եւ առաջարկել է հայ, ասորի եւ օտար պատմաբաններից կազմված քննիչ հանձնաժողով ստեղծել: Սակայն կաթողիկոսարանից ընդառաջում չի եղել:
«Չեն ուզում հանձնաժողով կազմել, քանզի հստակ գիտեն, որ դա ասորական եկեղեցի է…», ասում է Իրինա Սոկրատովա Գասպարյանը , որը պայքարում է եկեղեցուն վերատիրանալու համար: 2007 թ.ին ասորական «Հայաթա» դաշնության նախագահ եւ ճարտարագիտական համալսարանի դասախոս Իրինա Գասպարյանի հետ ժամադրվում ենք Գարեգին Նժդեհ հպրապարակի վրա գտնվող մի սրճարանում: Պայքարի բովում իրավաբան դարձած տիկինը վստահեցնում, է որ տեսակցություն է ունեցել իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ: Նա ապացույցները փաստաթղթավորել է դատարան ներկայացնելու համար: Եթե երկար ձգձգվիՙ նա պատրաստ է ասորական սփյուռքին փոխանցել իր դատը, ինչը, նրա կարծիքով, էթնիկական վեճի կարող է վերածվել: «Չեմ ցանկանում մեր սփյուռքի առաջ մթագնել Հայաստանի պատկերը, սակայն ուզում եմ պաշտպանել իմ համայնքի իրավունքները, որոնք թողլքվել են Ասորական Արեւելյան եկեղեցու կողմից», մանրամասնում է նա: Ծագումով Ուրմիայից, ինչպես Հայաստանի ասորիների մեծամասնությունը, նա մեծացել է Ուկրաինայում: 1997 թ.ին ստեղծել է ասորի երիտասարդների «Աշուր» կազմակերպությունը, որը ջանում է պահպանել ասորական լեզուն ու մշակույթը եւ սոցիալական օգնություն ցույց տալ կյանքի անձուկ պայմաններից տանջահար կարիքավորներին: Ազգային ժողովին բազմիցս բողոքագրերի հեղինակ Իրինան ընդգծում է Հայաստանում 1991 թ.ից ի վեր ասորական ներկայության հստակ նվազումը: «Ասորիները մեծամասամբ ռուսախոս են, նրանցից շատերն իրենց տեղը չեն գտնում կյանքում, հետեւաբար կողմնորոշված են արտագաղթելու», ասում է նաՙ ընդգծելով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի անհերքելի աջակցությունը:
«1972-ին, ասորիների ջանքերի շնորհիվ, Մոսկվայից սուրեթ լեզվի երկու մասնագետներ կազմեցին հատուկ դասագրքեր, որոնք տարածվեցին Միության ողջ տարածքում: Այնուհետեւ մենք անցանք ուսուցիչներ պատրաստելու գործին: Մոսկվայի համագործակցությամբ կարողացանք սուրեթը ֆակուլտատիվ դասավանդման առարկա դարձնել: Ռուսաստանի մայրաքաղաքից դասախոսներ եկան Հայաստանՙ տեղում ուսուցիչներ պատրաստելու համար», հիշում է նա եւ ապա հպարտությամբ ասում. «Իմ ջանքերի շնորհիվ 1990-ականներին սուրեթ լեզուն ֆակուլտատիվ դասավանդումից վերածվեց պարտադիր կարգավիճակի: Այդպես է, որ արամեերենը սկսեց դասավանդվել Երեւանի Պուշկինի անվան ինստիտուտումՙ ռուսերենի բազայի վրա»: Հույս ունե՞ր, որ ասորական լեզվով հաղորդումներ կհեռարձակվեն Երեւանի ռադիոյով, ինչպես քրդերենը սովետական շրջանում: «Ոչ, ասում է նա, մենք պատրաստ չենք դրան: Համենայնդեպս այսօր Հանրային ռադիոն ասորերեն օրական 30 րոպեանոց հաղորդումներ ունի, սակայն կարճ ալիքով»:
Ներկայիս նրա գլխավոր մտահոգության պատճառը համայնքի արյունահոսումն է: «1991-ից առաջ ասորական ներկայությունը 5 գյուղերում 80-90 տոկոս էր, այժմ Վերին Դվինում իջել է 20-30 տոկոսի: Դա իսկական մարտահրավեր է, որը դիմագրավելու պատրաստ չենք», ասում է նա:
Նրանց համար, որոնք նախընտրել են մնալ եւ օգտագործել իրենց նախահայրերի լեզուն, առաջ է գալիս ավելի բարդ կոնտեքստում տեղավորվելու հարցը: «Հայաստանը Եվրոպական խորհրդի շրջանակներում վավերացրել է փոքրամասնությունների մասին հռչակագիրը (2008): Արամեերեն սովորող աշակերտները, ըստ դրա, պարտավոր են արձանագրվել ռուսերեն լեզվի հատվածում (սեկցիա): Այդ խտրականությունը նոր երեւույթ է, մեր լեզվի ուսուցման նկատմամբ ճնշումները արագացնում են ասիմիլացիան», անհանգիստ ասում է նա:
Պահպանել լեզուն եւ ավանդույթները
Եթե ասորիները ցարական ժամանակներում տառապել են համատարած ռուսականացման քաղաքականությունից, ապա նրանց լեզուն պահպանվել է, որոշ տարբերությամբ, խոսակցական օգտագործման մեջ: Սուրեթ լեզուն դասավանդվում է Երեւանի (Պուշկինի անվան օտար լեզուների ինստիտուտ) եւ ասորական հոծ բնակչություն ունեցող այն գյուղերում, որտեղ դպրոցները ռուսական բաժին ունեն: Սա եզակի պարագա է ասորական սփյուռքում, սակայն հետզհետե ավելի սպառնալիքի ներքո: «Դիմիտրովի մեր դպրոցի տնօրենը ամեն ինչ անում է աշակերտներին ռուսական սեկցիա արձանագրվելուց հետ կանգնեցնելու համար», գանգատվում է սուրեթ լեզվի դասատու Աննան : «Որովհտեւե եթե ռուսական սեկցիան փակվի, ապա այլեւս ասորերենը չի դասավանդվի դպրոցում: Քաղաքական միտում է սա աշակերտներին ապաքաջալերելու եւ սեկցիան փակելու նպատակով»:
Սուրեթ լեզվի դասագրքերը հարմարեցված են ռուսերեն դասավանդման մեթոդոլգիային: Ներկայիս Հայաստանում այդ լեզուն դասավանդող 15 ուսուցիչ կա, որոնք հավաքվում են տարին մեկ անգամ: Սովետական 70 տարիների ընթացքում կտրված աշխարհիցՙ այս փոքրամասնությունը կորստյան սեմինՙ շատ բան չի ակնկալում բաժան-բաժան եղած եւ երկրագնդի չորս ծագերում գցված իր սփյուռքից: Հազվադեպ են նվիրահավաքները, եթե դրանք չեն վերաբերում Արզնու Սուրբ Մարի եկեղեցուն եւ այնտեղ գտնվող տարրական դպրոցի վերանորոգությանը: Մնում է հարեւան Իրանըՙ Ռուսաստանի եւ Կովկասի ասորիների հանդիպման վայրը, որտեղ ամեն տարի համաասորական խաղեր են անցկացվում, որոնց մասնակցում են Ուրմիայից եկած ասորի մեծաթիվ երիտասարդներ: Թեհրանը հյուրընկալում է նմանապես համաասորական համաժողովներ, որոնց մասնակցում են դասատուներն ու ակտիվիստները: Այնտեղ կարելի է լսել սուրեթ լեզուն տարբեր բարբառներով ու խոսվածքներով:
Իրաքը եւ Հյուսիսային Իրանը լավ են ճանաչում հայր Նիքադեմուս Յուհանաեւին: Այս երիտասարդ քահանան Հայաստանում միակ անդամն է Ասորական առաքելական արեւելյան եկեղեցու: Ծնված 1988-ին, Վերին Դվինումՙ Ուրմիայից Հայաստան տեղափոխված ընտանիքում, նա այժմ ծառայում է իր ծննդավայրը հանդիսացող գյուղի Մար Թումա եւ Արզնիի Սուրբ Մարիամ եկեղեցիներում: Երիտասարդ այս քահանան մեծացել է հետխորհրդային ժամանակաշրջանում եւ հրաշալի է խոսում հայերեն: Հայկական բանակում ծառայել է Արցախում եւ բարձրագույն կրթություն ստացել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում, ապա Դոհուկում (Իրաք)ՙ ասորական հոգեւոր սեմինարիայում: 2004-ին սարկավագ եւ 10 տարի անց քահանա է ձեռնադրվել: Նրա համալսարանական աշխատությունները վերաբերում են Ասորական Արեւելյան եկեղեցու դոգմաներին, որոնք երկար ժամանակ համարվել են հերձվածողականՙ Նեստորական ուսմունքին հետեւորդության պատճառով: Անհիմն մեղադրանքՙ որը երիտասարդ քահանան փորձում է հերքել: Ինչպես է բնորոշում հարաբերությունները Հայ եկեղեցու հետ: «Եղբայրական, հակառակ դոգմատիկ տարբերություններին», ասում է նա: Մենք նրա հետ չարծարծեցինք Դիմիտրովի եկեղեցու բռնագրավման հարցը: Ոչ էլ համայնքի տարբեր եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող բաժանումների խնդիրը: Նիքադեմուս Յուհանաեւը լծված է սովետական շրջանից մնացած աթեիստականության եւ երիտասարդության մոտ առկա գլոբալիզացիայի ու սպառողականության դեմ պայքարին: Կրոնագիտական դասախոսություններն ու ամառային արձակուրդներին հավաքների կազմակերպումը կազմում են նրա օրակարգը:
Աշխարհաքաղաքական պատճառներով Վրաստանի եւ Ուկրաինայի ասորիները առանձին թեմեր են կազմել, մինչդեռ Հայաստանի ասորական եկեղեցին ենթարկվում Դոհուկի եպիսկոպոսական թեմին:
Ֆրանսերենից թարգմանությունըՙ Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆԻ
Նկար 2. Դիմիտրով գյուղի Ս.Կիրիլ-Ս. Յուլյա եկեղեցին։
Նկար 4. Իրինա Գասպարյանը ասորական հավաքի ֆոնին
Նկար 5. Աջիցՙ Հայր Նիքադեմուսըՙ Մար Դինխա պատրիարքի հետ։
Նկար 6. Ս.Կիրիլ-Ս. Յուլյա եկեղեցին` ներսից։
Նկար 7. Տոնակատարություն ասորական դպրոցում։