ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ, գրող, կինոգետ
Ֆելիքս Բախչինյանի ծննդյան 70-ամյակի առիթով
Այս ամռան տաք օրերից մի օր հեռուստատեսությամբ դիտեցի ֆիլմ, որի գրական հենքը կարդացել էի մի քանի տարի առաջ: Իսկ դա ամենեւին չխանգարեց, որ ֆիլմը դիտեի կլանված, զարգացող հետաքրքրությամբ ու սրտի խլրտումով:
Գնալով հիանում էի ընկերոջս (ընկերներիս) արվեստի նոր ժանրով հանդես գալու նախաձեռնությամբ եւ, որ ամենակարեւորն է, այդ բնագավառում ցուցադրելով ակնհայտ հաջողություն:
Խաղարկային այս ֆիլմը (67 րոպե տեւողությամբ) կոչվում է «Մի գիշեր Բարոն հյուրանոցում», ի տարբերություն վիպակի, որը կրում է «Մտորումներ Աթաթուրքի սենյակում» վերնագիրը:
Ֆիլմի սցենարի հեղինակը դարձյալ Ֆելիքս Բախչինյանն է, եւ նրա կատարած փոփոխությունը ինձ շահեկան թվաց… Սա հոգու պատմական դեգերումների սոսկ գրառում չէ, որտեղ բարու եւ չարի աներեւույթ բախման անակնկալ միջադեպին պարզվում են դառը, ողբերգական, բայց եւ պարզ ճշմարտություններ…
Ֆելիքս Բախչինյանը գրական աշխարհում հայտնի է որպես ճանաչված ու սիրված գրականագետ: Նա բազմաթիվ հոդվածների, մի շարք մենագրությունների հեղինակ է, լավ արձագանքներ են ունեցել բանաստեղծներ Հովիկ Հովեյանի, Հրաչյա Թամրազյանի, Հովհաննես Գրիգորյանի, Էդվարդ Միլիտոսյանի, Կամիլայի ստեղծագործություններին նվիրված մենագրությունները: Երկու տարի առաջ կարդացի նրա «Deja Vu» վեպը, որն արժանի է մի առանձին ամբողջական վերլուծության: Սակայն չեմ կարող գոնե չնշել, որ այն իր ոչ սովորական ոճի ու պատկերների շնորհիվ ընթերցվում է լիրիկական գողտրիկ բանաստեղծության նման, մեկ շնչով…Սա մի գեղեցիկ սիրո պատմություն է…
Հանճարեղ Փարաջանովը ուներ մի շատ սիրած աղոթք, այն է. «Թող կրկնապատկվի, եռապատկվի ամենայն վեհն ու գեղեցիկը»…Բախչինյանի վեպն ընթերցելիս հիշում եմ այս աննման աղոթքը եւ ուզում եմ անընդհատ մրմնջալ. «Թող կրկնապատկվի, եռապատկվի…»:
Սակայն վերադառնանք ֆիլմին:
Ֆիլմի հերոս կանադահայ գրողը Դեր-Զոր գնալու նպատակով ժամանել է Հալեպ, նոր է տեղավորվել հյուրանոցում: Նա գիտի թե՛ Հալեպի, թե՛ Սիրիայի հողում… չէ՛, ինչ եմ ասում, Սիրիայի ավազուտներում գազանաբարո ոհմակի կատարած բարբարոսությունների մասին…
Ինչ որ մտքեր են պաշարել նրան: Նրան պարուրել է անծանոթ մի անհանգստություն եւ… զգում է որ այդ բառը իր վիճակին շատ է «սազում». չէ՞ որ վաղը նա տեսնելու է հայկական ամենամեծ գերեզմանոցը:
Սփյուռքահայ մեր գրողը իջեւանել է Հալեպի «Բարոն» հյուրանոցում եւ դժվար է ասելՙ պատահականություն է, թե՞ ճակատագրի հեգնանք.նրան հատկացնում են այն սենյակը, որտեղ ապրել է թուրքերի հայր, ամենադահիճ թուրքըՙԱթաթուրքը…
Ավելի քան մեկդարյա ժամանակահատվածում «Բարոն» հյուրանոցը շատ բան է տեսել ու եղել է համր վկան: Այստեղ իջեւանել են հայտնի մարդիկՙ թագավորներ, իրենց թագուհիներով, Թեոդոր Ռուզվելտը, նույնպես տիկնոջ հետ, հայտնի Ռոքֆելլերը, գրողներ Վիլյամ Սարոյանը, Ագաթա Քրիստին, տիեզերագնացներ Յուրի Գագարինը, Տերեշկովան: Թուրքերի տիրապետության տարիներին, եղերական 1915 թվականին, հյուրանոցի նկուղային հարկում ապրել է Գրիգոր Զոհրապը:
Եվ հայ գրողը ինչպե՞ս չիջներ նկուղային հարկ, չմտներ այդ սենյակը, որտեղ Զոհրապի ցնցված հոգին է թեւածել, որտեղ կյանքի վերջին օրերն է մաշել հայ գրականության երեւելի մշակը, որն առաջին իսկ երկերի երեւան գալուն պես մեծարվեց որպես «Փառավոր հայտնություն», եւ ֆիլմի հերոսը մատուռ հիշեցնող սենյակի կիսախավարի մեջ Ավետարան ու մոմ է փնտրում, խնկի հոտ ու պատարագի ձայն է որսում…
Եվ հենց այստեղ է, որ ուզում եմ անդրադառնալ խաղարկային այս ֆիլմի հերոսիՙ կանադահայ գրողի կերպարին, թե այդ ո՞վ էր նրան մարմնավորողը: Այդ ո՞ր դերասանն է կարողացել այդպես հավաստի կերպավորել հայ մտավորականի մտքերի տեսիլքը…
Շտապեմ նշել. նա մեր տաղանդավոր բանաստեղծ Հովիկ Հովեյանն է, ում բանաստեղծական ժողովածուները ոչ միայն ընթերցում ենք, այլեւ նրա հետ սիրով ընկերություն ենք անում:
Եթե հաճախ օգտագործում ենք, թե այս դերասանը օժտված է պոետի պատկերավոր զգացողությամբ, թե պոետիկ կեցվածք ունի, ապա ինչու չենք կարող ասել, թե այս պոետը արտիստիկ կեցվածք ունի, որ նրա նիստ ու կացը, անգամ նրա հագ ու կապը, նրա քայլքն ու ժեստերը արտիստիկ են, որ նրա մեջ դերասանական վարպետության ահռելի ձիրք է ննջում եւ որ մի օր այն արթնանալու է… Եվ սա հենց այդ դեպքն է:
Հովիկ Հովեյանը ունի ընդգծված արտիստիկ նկարագիր, ընդգծված կեցվածք (իր անբաժան ծխամորճով հանդերձ) եւ նա պարզապես խաղում է ինքն իրեն…Այս առումով միանգամայն եւ համոզիչ է նրա պահվածքը Զոհրապի սենյակում…Դա մե՞ր հարյուրամյա վերքն է, մեր մրմուռը,մեր ցավը…
Եվ սակայն այլ են նրա ապրումները, նրա համր ճիչն ու աղաղակը արդեն Աթաթուրքի սենյակում: Այստեղ ակամայից մտնելով երկխոսության մեջ, Հովեյանի հերոսը ոչ միայն արժանապատիվ դիմակայում է Աթաթուրքի դաժան, սակայն անառարկելի ճշմարտություններին, այլեւ մի պահ այնպես է հուզվում, որ նրա աչքերի մեջ արցունքի ցոլքեր են նշմարվում, հուզվում ենք նաեւ մենքՙ հանդիսատեսներս…Եվ միթե սա դերասանական արվեստի, կատարյալ ապրումի դրսեւորում չէ…
Եվ այստեղ, այս սենյակում էլ կատարվում է ֆիլմի հիմնական գործողությունը: Այս սենյակը ախտահարված էր, բայց մի պահ թվաց, թե արյան հոտ է գալիս: Գուցե թվաց, բայց այդ հոտը այդպես էլ դուրս չեկավ նրա ռունգերից: Հասկացավ, որ հոտն էլ ունի պատմական հիշողություն: Դեմը դրված մետաղյա սեւ արկղը նույնպես պատմական հիշողություն ունի, որ այնտեղ խնամքով պահպանվել է Աթաթուրքի ձայնը եւ ձեռք է բերել մետաղյա հնչեղություն: Ու այնտեղից լսվում է տղամարդու ձայն «Ես Աթաթուրքն եմ…»:
Եվ ի զարմանս մեր գրողի, ասես նա մասնակիցն է իր մտորումների եւ բարձրաձայնում է բաներ, որոնք զարմացնում են նրան: Աթաթուրքը խոսում է Անդրանիկի մասին. պարզ է, որովհետեւ թուրքերի սարսափն էր նա…
«Դուք նրա նման հերոս չունեիք, չեք էլ ունենա: Նրա մասին ես հիացմունքով եմ խոսել 1934 թվականին, երբ ձեր Խորհրդային Հայաստանում նրա անունը տալն անգամ արգելված էր»:
– Բայց հայոց զարմը չի ամլացել, – փորձում է հակադարձել հայ գրողը «Գիտեմ, հիմա Մոնթե Մելքոնյանի անունը կտաս… Թուրքերը ատում էին նրան եւ գիտես ինչո՞ւ. կռվելը նրա համար պարտք չէր, այլ հպարտություն: Նրա նման հրամանատարները շուտ են զոհվում, ոչ թե մարտի պահին, այլ պատահաբար անհեթեթ մի գնդակից… Խորհուրդ կտամ էլ նախահարձակ չլինես, թե մենք դասական բարբարոսներ ենք»…
– Դուք չեք դադարում մեղքեր գործել նաեւ մեր ժամանակներում,- եւ այնուամենայնիվ մեր գրողը փորձում է հակադարձել: Սակայն մետաղյա ձայնը չի նահանջում. «Քիչ առաջ նկուղի սենյակում նզովում էիք մեզ, մեղադրում Վարուժանին, Զոհրապին, Ռուբեն Սեւակին գազանաբար սպանելու համար: Սակայն ասա ինձ, բարեկամս, ո՞վ սպանեց Չարենցին, Բակունցին, Զաբել Եսայանին…Ժողովուրդների հայ Ստալինն էր մեղավոր, իսկ Պարույր Սեւակին, Մինասին…Ինչպե՞ս կարողացաք այդքան դաժան լինել»…
Եվ ինչպե՞ս պատասխանի մեր հերոսը, երբ զգում է, որ թուրքն ավելի իրազերկված է քան ինքը…
Եվ ինչպես, ինչպես հակադարձի այն ճշմարիտ պնդումին, թե ինչ սոսկալի հետեւանքներ ունեցավ Լենին-Աթաթուրք համագործակցությունը, որ Լենինը ուներ հատուկ նպատակՙ հեղափոխության արտահանում որքան հնարավոր է շատ, եւ Հայաստանի շահը նրա համար առ ոչինչ էր… Եվ Հայաստանը կորցրեց իր հողերի մեծագույն մասը…
Եվ այստեղ ուզում եմ նշել ֆիլմի ռեժիսորական աշխատանքի ու հմտության մասին:
Թեեւ հայ կինոյում շատ ռեժիսյորների եմ ճանաչում, շատերի հետ էլ աշխատել եմ, սակայն չեմ ճանաչում Էդուարդ Տեր-Սահակյանին:
Դատելով այս ֆիլմով, ուզում եմ ընդգծել. Նա ցուցադրել է փայլուն պրոֆեսիոնալիզմ, ճաշակավոր մասնագետ է: Ուզում եմ խոստովանել. շատ եւ շատ փաստագրական ժապավեններ եմ դիտել, սակայն չեմ հանդիպել Լենինի ճիվաղային այդ կերպարին… Զարմանք, սակայն եւ հիացմունք առաջացավ մեջս, երբ Լենին-Աթաթուրք համագործակցության պատումի տեսարաններում խոշոր պլանով ցուցադրվում է Լենինի իրոք ճիվաղային կերպարանքը…
Ուրախալի է, որ պատմական կինոնյութի հետ աշխատող նման սուր աչք ունեցող ռեժիսյոր ունենք:
Թե Ֆելիքս Բախչինյանի, իմ հին բարեկամի, գրողի, հրապարակախոսի, թարգմանչի, վերջապես կարգին մտավորականի մասին ասելիքս շատ է, թե այս ֆիլմի մասին շատ ասելիքներ տողատակերում մնացին, բայց ավարտելով խոսքս ուզում եմ նշել, որ այս ֆիլմը մեզ ներշնչում է մտածել, խորհել ավելի քան հարյուր տարվա պատմական անցքերի մասին, բայց եւ միաժամանակ ներշնչում է լավատեսությունՙ մեր ապագայի հանդեպ…ներշնչում է, որ այն պայծառ է լինելու…
Եվ ինչպես Սեւակը կասերՙ «Փառաբանեմ ներշնչման ցնծուն պահը»…