Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վտանգված տունը

28/08/2020
- 28 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կյանքը այլեւս առաջվանը չի լինի. թե ինչպիսինՙ ամենաիրական հաշվարկային վերլուծություններից մինչեւ ամենաանհավանական երեւակայական կարծիքներ ու տեսակետներՙ որքան ուզեք:

Բեկումնային փուլերը մարդկային պատմության, որ մտքի, մտածողության մակարդակներում կայացած խոշոր փոփոխություններով  են պայմանավորված եղելՙ ներկա ժամանակներում շոկային են դրանց գերարագության պատճառովՙ  շատերին անհասանելի: Ինֆորմացիայի ահռելի հոսքը ժամանակակից մարդուն դարձրել է դրա ստրուկը եւ զոհը: Ընկերներիցս մեկը տեւական ժամանակ փորձում է ապացուցել հայտնի իրողությունը, թե ազդեցությունը որքան բարերար կլինի  քաղաքային կյանքը գյուղականի փոխելով: Վաղուց է հասկանալի, որ մարդու նախնական բնույթը խաթարվել է բնությունից կտրվելու պատճառով: Որ բնությունը թերապիայի լավագույն ձեւերից է, թերեւս յուրաքանչյուրը գիտի, պարզ մեդիտացիաներն անգամ ուղեկցվում են մտային ոլորտում բնության մեջ լինելու զգացողությունների օգնությամբ նաեւ:

Քաղաքային «ասֆալտի» մեդիա աղմուկը  ներս է լցվում ինտերնետային խողովակներից, այսօր դա մեր կյանքի մասն է, մեր կյանքն է: Եթե գիտակցորեն դուրս ես բերում քեզ այնտեղից, շատ բան իսկապես  փոխվում էՙ կյանքի ընկալման կերպ, անգամ որակ: Սակայն կեցության առցանց ձեւը արագորեն սկսում է դառնալ տիրապետողՙ առցանց աշխատանք, առցանց կրթություն, առցանց գնումներ, առցանց հարաբերություններ: «Երկու օր է ֆեյսբուք չեմ մտել, շունչս կտրվում է, ինչի՞ց եմ ետ մնացել», – հարցնում էր մեկը: Հայոց աշխարհի այս հարթակի  օգտատերերի մի զգալի մասի համար կյանքից ետ մնալը վարչապետի  հետ կապված մանր ու մեծ պատմություններն ենՙ նրա ամեն քայլը, խոսքը, շարժը. պարզվում էՙ մարդիկ նույնիսկ չեն քնում, որ նրա վերջին գրությունները կարդան…

Մի ժամանակ շատերն այսպես կառչած էին այս ու այն սարքովի հայտնի դեմքերի սպիտակեղենի գույնից ու նրանց սիրեկան-սիրուհիների արագ փոխվող անուններից, դաժան սպանությունների ու բռնաբարությունների մասին պատմություններից: Տարիներ շարունակ նրանց վարժեցրին կուլ տալ այդ աղբը: Սրա ժամանակն էլ սպառվեց, մեդիան իր սեւ գործը կատարեցՙ մասսայական մշակույթի հետ ձեռք ձեռքի ձեւավորելով ճաշակ, բարոյականության չափանիշներ, ուղղորդեց մտածողություն, վարք ու բարք:

Ներկայում տեսարաններ «ապահովում» են քաղաքական դաշտի մարդիկՙ առաջին դեմքերն ու նրանց շրջապատը. ամեն բան քաղաքականացված է: Մեր կյանքի հետաքրքրությունները պտտվում են նրանց անունների շուրջըՙ յուրաքանչյուր ասված խոսք ու որոշում դառնում է «թրենդային», ասենքՙ առողջապահության նախարարի աբսուրդ դեկրետներըՙ ուտելու, խմելու, երգելու, շնչելու եւայլնի մասինՙ ժամ առաջ մեզ վարժեցնելու New Normal-ին, ԿԳՄՍ նախարարի նորանոր որոշումներն ու ծրագրերըՙ ազգային-ապազգայինի շրջապտույտում, դե, ինչպես արդեն տեսանք, բանը հասել է այնտեղ, որ մարդիկ չեն քնում, մնում են վարչապետի խոսքին սպասելիս: Կախարդական շրջապտույտիՙ դեպքերի այս շարանը տառացիորեն կլանել է մարդկանց. շատ փոքր հատվածի համար դարձել լուրջ մտահոգություն, իսկ զգալի մասի համարՙ պարապ վախտի խաղալիք – զբաղմունք: Այն կդադարի, կլրջանա… երբ 5-6 ժամ միեւնույն սենյակում, նստարաններից պոկ չեկող, դիմակներով մեր երեխաների ու պատանիների հոգեկան ու ֆիզիկական առողջությունը կվտանգվի: Թեեւ արդեն օրեր առաջ փողոցը սկսեց աղմկել, մարդիկ հրաժարականներ էին պահանջում:

Նյութական գերծանրաբեռ կեցության տակ կքածՙ անգիտանում ենք մեր հոգեւոր ինքնությունը, այլապես կյանքն այսպիսին չէր լինի, այսպիսի հարաբերություններ ու վերաբերմունք չէր լինի, մեկ բառովՙ անհանդուրժողական, եւ հոգեւոր անվտանգության խնդիրները չէին դիտվի զուտ զգայականի մակարդակներում: Բարեբախտաբար քանի զգայուն ժողովուրդ ենք, արագ արձագանքում ենք մեր ինքնությունը վտանգող երեւույթներինՙ լեզվի, մշակույթի, պատմության, եկեղեցու եւ հատկապես կրթության, որն էլ առաջին հերթին ուրվագծողն է ապագա հասարակության բարոյական դիմագծի: Վերջին տասնամյակների մշակված քաղաքականության արդյունք ներկա հանրությանՙ հայրենասիրության ու հավատի կեղծ արժեքներով ձեւավորած «բարեպաշտների» ստվար զանգվածներըՙ հռետորական կեղծ պաթետիզմով, լալահառաչ ոտանավորներով, եկեղեցու ներսում մոմ վառող ու խաչակնքող, պատերից դուրսՙ զանազան անառակություններ անող ու դուրս տվողները մթնոլորտը այնպես են խաթարել, որ դժվար է պատկերացնել մարդկանց այնպիսի խումբ, մտավորական այն էլիտան, որը կկարողանա հավասարակշռության բերել, վերականգնել մարդկային բնական օրենքներ ու պարզ հարաբերություններ:

Մեր երկրում սիրում են ծաղրել, ամեն բան ծաղրի է  վերածվում, իբր հումոր է: Երբեմնՙ շատ հազվադեպ են ստացված, բովանդակություն, ուղերձ պարունակողները, մեծամասամբ տափակ, անհամ ու անճաշակ են, երբեմն էլՙ սանձարձակ: Էլ չասած, թե ինչ նոր լեզու է հորինվելՙ հայհոյանքինը մի առանձին շերտ է, իսկ ժարգոնի, բարբառայինի եւ օտար բառերի տարօրինակ խառնուրդը ուղղակի զզվանք է առաջացնում: Թերեւս որեւէ այլ սոցիում նման անարգանքի չի ենթարկում սեփական լեզուն, որն ազգային արժանապատվության հարց է, ներքին նկարագրի արտացոլում: Պարտադիր ինքնադրսեւորման, օրվա թեմայից ետ չմնալու  մարմաջից մթագնած «բանականությունը» ամեն օր սոցպարտավորություն ստանձնելու պես անմիտ բաներով լցնում է այս տարածքը, որն ավելի ու ավելի վանող է դառնում, իսկ այն մի յուրատեսակ բարոմետր էՙ տվյալ հանրության մենթալիտետը ուսումնասիրել – ճանաչելու: Այս ընդհանուր աղմուկի մեջ լրջմիտ ձայները, ովքեր սրտացավություն դեռ պահել են հանդեպ մարդն ու երկիրըՙ ինչպես տիղմում հայտնված մարգարիտներ, ցավալիորեն, կորչում են:

Հիմա, ինչո՞վ է վատ, որ հայ եկեղեցու պատմությունը ներգրավված լինի հայոց պատմության դասագրքերում. չէ՞ որ դա մեր ժողովրդի պատմության մասն է. բայց այդ ի՞նչը չէ մասը մեր պատմության: Առանձնացումը, հատուկ շեշտադրումը որոշակի քաղաքականություն է, այսինքնՙ մենք ի՞նչն ենք կարեւորում, ինչպիսի նպատակ ունենք: Եվՙ ինչո՞ւ հայ մշակույթի պատմությունը, որ ըստ ժամանակաշրջանների ցրված է պատմության դասագրքերի էջերումՙ չդասավանդվի որպես առանձին առարկա: Ավելինՙ ինչը կարող է կրթել  մարդու միտքը, սնել նրա ազգային երակները, եթե ոչ ազգային մշակույթը:

Գրականության, պատմության դպրոցական ծրագրերի, առարկայական չափորոշիչների շուրջ գիտական-կրթական պետական հաստատությունների (ԳԱԱ գրականության, պատմության ինստիտուտներ, ԵՊՀ եւ ՀՊՄՀ հայ բանասիրության ֆակուլտետ) հիմնավորված  տեսակետները, առանձին մտավորականների խոսքերը հնչեցին իհարկե, եւ այն կունենա իր ազդեցությունը, սակայն հետաքրքրական էր հանրային արձագանքը, որ այս անգամ հայտնի հանգամանքով պայմանավորված փողոցային ցույցերի ձեւեր չառավ, ինչպես նախորդ տարվա վերջերից սկսած բողոքներըՙ բուհերի ոչ հումանիտար բաժիններում  հայոց լեզվի դասավանդման հարցի շուրջ, որը փաստորեն նախերգանքային եղավ: Սոցցանցային միջավայրում այս հարցն էլ, ըստ էության, ծաղրի առարկա դարձավ. թվում է, թե լուրջ մոտեցում է, իրականում խոսքը պտտվում էր առանձին անձանց, նախընտրած հեղինակների շուրջ: Գրական տարբեր ճաշակ ու նախասիրությունների բախումները առանց միմյանց ոչնչացնելու, թունավորելու անհնա՞ր է պատկերացնելՙ որ կողմից էլ դա լինի: Իսկ առհասարակՙ  ինչո՞ւ է ոմանց թվում, թե մեծամասնության ճաշակը պարտադրելի է, եւ ինչո՞ւ են նրանք կարծում, թե ժամանակը կանգ է առել  անդադար պտտվող մի քանի անուններիՙ հիմնականում, արդեն հնացած տողերի վրա:

Որեւէ երեւույթ միայն մեկ գործոնով պատճառաբանել – բացատրելը կիսատ է:  Նախընթաց շրջաններում հիմնավոր գիտելիքներ տվող, այսպես ասած գիտական, ակադեմիական չափանիշներով մշակված դասագրքերով դաստիարակված սերունդը այնպես չէ, որ խիստ բարեկիրթ ու երկրի սրտացավ քաղաքացի դաստիարակվեց. 90-ականների կեսերին ամենամեծ արտագաղթը եղավ, որը շարունակվում է ցայսօր, իսկ տարեց տարի հանրային մտածողությունն ու բարոյականությունը, քաղաքացիական պատասխանատվությունը նվազեց այնքան, ու եկավ մի պահ, որ մենք գրեթե համատարած վաճառեցինք խիղճ ու պատիվ: Մտածելիք է: Մտածելիք է նաեւ, թե ովքե՞ր են դասավանդող – դաստիարակները. դպրոցական կյանքի բարքերը, այնտեղ տիրող ամոթալի առեւտուրը մեր աչքերի առջեւ է եղել. եւ  մթնոլորտը, որ ձեւավորվել էՙ անհանդուրժող, անբարյացակամ, նախանձոտ, կարեկցանքից զուրկ, մեր «ջանքերով» է կայացել: Նաեւ սա՛ է իրական կյանքը, եւ սովորողը սրանցով է նաեւ դաստիարակվում:

 Այսօր շատերն են շրջանառում Խորենացու «Ողբի» հայտնի խոսքերը, բայց նույն կերպ չէի՞ն բնութագրում մեր հավաքականությունը Արիստակես Լաստիվերցինՙ 11-րդ դարում, Լեոն ու Թումանյանըՙ 20-րդ դարասկզբին. «Որովհետեւ ներսից ենք փչացած: Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը»: Ասված էՙ «Բժի՛շկ, բժշկեա զանձն քո»:

Իհարկե, շատ լավ է, որ ճանապարհներ են նորոգվում ու շինվում, իհարկե լավ է, որ մեր վարչապետը ուշադրության կենտրոնում է պահում դա, ու լավ է, որ մարդկանց հետ շփումներում շարունակում է մնալ պարզ ու անմիջական. նրա խոսքերը, որոնցում  նաեւ սայթաքումներ են պատահում,  լայն ռեզոնանս է  ունենում հանրության մեջ: Դրանք  դառնում են օրվա ամենակարեւոր նյութըՙ քննարկումների, պարոդիաների, հումորային ստատուսների աղբյուր, սեփական մտքի ծալքերը բացելու խթան, իսկ ավելի լուրջՙ երկու հակադիր խմբերի միջեւ բախումների նոր առիթ: Այս առիթներին դադար չկա ու հանրային տրոհումներին էլ վերջ չկա: Այս ողջ ընթացքում միակ բանը, որ համախմբեց մեզ, սահմանային պատերազմական բախումների վտանգն էր, բայց վտանգի պահին կենդանիներն էլ համախմբվում են գայլի կամ այլ գիշատիչների դեմ:

Վարչապետի մի խոսքի, թե մեր երկիրը պիտի կառուցենք այնպես, ինչպես Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս (Հոգեւո՞ր Հայաստանն է արդյոք նկատի առնվել. գուցե), արձագանքներն այնքան բուռն էին ու ագրեսիվՙ hատկապես ակտիվացած աթեիստների ու հակաքրիստոնյաների: Հերթական առիթ էր պետքՙ ծաղրանքի ալիք բարձրացնելու, տափակամիտներին էլՙ  հումորային զվարճալիքՙ մի քանի ձայն ավել իրենց հաշիվներին գրանցելու: Էլ չխոսած լուսանկարների ֆոտոշոփային այլանդակությունների, ծաղրի մասին,  ու ամենավատը, անթույլատրելին, երբ թիրախավորվում են, կարեւոր չէՙ ներկայի, թե՞ անցյալի, բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներ. արատավոր սովորություն, որ դեռ նախորդ իշխանությունների ժամանակ էլ տարածված էր, եւ շատ բան կրկնվում էՙ թե՛ առողջ քննադատություն, թե՛ պատեհապաշտություն, նենգություն կամ քծնանք:  Այնպես որՙ ներկայիս ինքնապաշտպանական խոսքըՙ թե ո՞ւր էիք այն ժամանակ, ինչո՞ւ չէիք խոսում-ը միանգամայն անտեղի ու բոբիկ է. խոսողները միշտ էլ խոսել են: Ու հիմա մենք խոսո՞ւմ ենք հոգեւոր արժեքների, հոգեւոր  կյանքի աճի մասին. ի՞նչ հույսով:

Դե իսկ մո՜շը. մոշը լեգենդ դարձավՙ ամեն լեզվով խոսվեց, թարգմանվեց: Բայց դեռ անգլերենը մեր երկրորդ մայրենին չէ… Սնանկությո՞ւն է, անլրջությո՞ւն. ո՞ր մեկն է:

Վտանգված միջավայր է, վտանգված տուն: Երեկ փողոցում մոտ 12-ամյա մի աղջնակ ընկերուհիներից մի պահ կտրվելովՙ տատին հարցնում էրՙ «Տատ, շնորհակալ եմ, որքան բարի եք դուք, սա վիրավորա՞նք է»: Ընկերների միջավայրում նա մնացել էր չհասկացված…

Հ. Գ. Մենք իհարկե, հիշում ենք Պատմահոր մյուս խոսքը նույնպեսՙ «Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ եւ զորությամբ տկար. շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվելՙ գրի ու հիշատակության արժանի…»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այա Սոֆիայից հետո Էրդողանի հրամանագրով մզկիթի վերածվեց նաեւ Սուրբ Փրկիչ «Chora» տաճարը

Հաջորդ գրառումը

Պարգեւների հանձնում հուլիսյան հաղթական մարտերի հերոսներին(տեսանյութ)

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Պարգեւների հանձնում հուլիսյան հաղթական մարտերի հերոսներին(տեսանյութ)

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական