Ջոն Ռոբերտ Բոլթոն II ծնվել է 20 նոյեմբերի 1948թ. Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում (ԱՄՆ), ԱՄՆ պետական եւ քաղաքական գործիչ:
2018թ. ապրիլի 9-ից մինչեւ 2019թ. սեպտեմբերի 10-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականՙ ազգային անվտանգության հարցերով:
Չափազանց հետաքրքրական մի արտահայտություն, որն արել է Ջոն Բոլթոնը 2005-2006թթ., երբ ներկայացնում էր ԱՄՆ-ը Միացյալ Ազգերի Կազմակերպությունում:
“Չկա ՄԱԿ հասկացությունը: Կա միայն միջազգային հանրություն, որը կարող է գլխավորել աշխարհի միակ գերտերությունըՙ Ամերիկայի Միացյալ Նահանգները”:
Բոլթոնը հայտնի է ռազմական քաղաքականության իր պահպանողական հայացքներով, ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ազդեցության տարածման կողմնակիցն է:
Միեւնույն ժամանակ, իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում աջակցում էր այն “կոշտ ծրագրին”, որը մշակվել էր այսպես կոչված “չարիքի առանցք” պետությունների դեմՙ Հյուսիսային Կորեա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Կուբա, Ռուսաստան եւ նրա դաշնակիցները: Խորհրդականի պաշտոնում Բոլթոնը երկու անգամ (2018թ. հունիսին եւ հոկտեմբերին) այցելեց Մոսկվա: 2018թ. հոկտեմբերին այցելեց Հարավային Կովկաս, այդ թվում եւ Հայաստան:
2019թ. սեպտեմբերի 10-ին Ջոն Բոլթոնը պաշտոնից հրաժարական տվեց: Պաշտոնապես հայտարարվեց, որ նա արտաքին քաղաքական մի շարք հարցերում խոր տարաձայնություններ ուներ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոյի, ինչպես նաեւ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
2020թ. հունիսի 23-ին ԱՄՆ-ում սկսվեց Ջոն Բոլթոնի գրքի վաճառքը: Գիրքը բավականին հետաքրքրական անուն ունիՙ “Սենյակը, որտեղ այդ տեղի ունեցավ. Սպիտակ տան մեմուարները”: Հայտնի է, որ ամերիկյան քաղաքական գործիչները, նամանավանդ հրաժարականից հետո, սիրում են գրքեր գրել իրենց հիշողությունների մասին: Այդ գրքերը ընդունվում եւ ընթերցվում են ամերիկյան հասարակության կողմից, վերլուծվում են տարբեր “ուղեղային կենտրոններում”, քննադատվում, հերքվում են ինչ-որ եզրակացություններ, փաստեր: Որպես օրենք կարդացվում են նաեւ Կրեմլում, Եվրոպական երկրներում: Առանձին լրագրողներ սկսում են ընդգծված փաստերի հետաքննություն, սենսացիոն հոդվածներ տպում եւ այլն եւ այլն:
Այժմ փորձենք հասկանալՙ ինչ է հրամցնում Ջոն Բոլթոնը համաշխարհային հասարակությանը իր արտասովոր վերնագրով գրքումՙ բաղկացած 592 էջերից, որտեղ բացահայտված են մի շարք գաղտնիքներ (ի միջի այլոց, պետական գործիչները ԱՄՆ-ում փաստաթուղթ են ստորագրում պետական գաղտնիքները հետագայում չհրապարակելու առնչությամբ): Ըստ ամերիկյան գործող օրենքների, պետական գործիչների մեմուարները կարող են հրապարակվել միայն նրանց ձեռագրերը Ազգային անվտանգության խորհրդի կողմից երկու անգամ ուսումնասիրվելուց հետո:
Թրամփի վարչակազմը փորձում է թույլ չտալ արդեն տպագրված գրքի վաճառքը: ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, որը միեւնույն ժամանակ իրականացնում է գլխավոր դատախազության ֆունկցիաները, դիմել է դատարան եւ պահանջել, որ “Simon & Schuster” հրատարակչությունը դադարեցնի երկրի նախագահից նեղացած նախկին պետական գործչի հիշողությունների հրատարակումը:
Իհարկե ամբողջ խնդիրը նրանում է, որ գիրքը մատչելի չդառնա ամերիկյան լայն հասարակության համար մինչեւ նախագահական ընտրությունները (2020թ. նոյեմբեր): Այս առումով դատարանը կարող է նաեւ կոնկրետ մեղադրանք ներկայացնել Բոլթոնի դեմ այդ գրքի համար: Չնայած ակնհայտ է, որ այդ դեպքում հասարակության ուշադրությունը դեպի այդ գիրքը կաճի կրկնակի, գուցե եռակի, եւ Բոլթոնը կդառնա ազգային հերոս:
Ինչեւիցե, Բոլթոնի գրած գրքի բովանդակությունը արդեն հայտնի է ամերիկայն առաջատար ԶԼՄ-ին, ինչպիսիք են “The New York Times”, “The Washington Post”, “The Wall Street Journal” եւ այլն: Նույնիսկ արդեն անեկդոտներ են հայտնվել նախագահ Թրամփի հայտարարությունների վերաբերյալ: Իմիջիայլոց նշենք, որ ասում են, թե Վլադիմիր Պուտինը գրքի որոշ մասեր ընթերցելիս բարձրաձայն ծիծաղել է… Դե ինչ կա որ, ճաշակին ընկեր չկա… Ինքըՙ Թրամփը, Պուտինի մասին խոսելիս ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահը շատ սուր մտքի տեր մարդ է: Նա այդպես է արտահայտվել նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին:
Այժմ գրքից որոշ մեջբերումներ անենք եւ թողնենք դրանք հայ ընթերցողի գնահատականին:
vvv
Բոլթոնը գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ բանակցութունների կամ հեռախոսային զրույցների ընթացքում հաջողությամբ օգտագործում է իր ձեռքում գտնվող նույնիսկ ամենաթույլ խաղաթղթերը, որովհետեւ նա խելացի է, կոշտ եւ խիստ անձ է, որը իր կյանքը նվիրել աշխարհում Ռուսաստանի ռազմավարական տեղն ու դիրքը հասկանալուն, մինչդեռ նախագահ Թրամփը որեւէ ցանկություն չունի նման խնդիրների հետ ծանոթանալու:
Մի անգամ հեռախոսային զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը համեմատեց Վենեսուելայի ընդդիմության ամերիկամետ ղեկավար Խուան Գուայդոյին ԱՄՆ-ի նախագահի (Դեմոկրատների կուսակցությունից) թեկնածու Հիլլարի Քլինթոնի հետ: Համեմատությունը խիստ դուր եկավ Թրամփին եւ նա անվանեց դա “խորհրդային ոճի” պրոպագանդայի հիանալի օրինակ:
Մի ուրիշ դիպված Հելսինկիում (Ֆինլանդիա): Հերթական գագաթաժողովից հետո Թրամփը անսպասելի հայտարարեց իր շրջապատում, որ ինքը Պուտինին ավելի շատ է վստահում, քան իր սեփական հատուկ ծառայություններին: Ընդ որում Հելսինկի մեկնելուց առաջ Թրամփը նոր է իմացել, որ Ֆինլանդիան Ռուսաստանի կազմում չէ:
Բոլթոնը հայտարարում է, որ Թրամփը ամենայն լրջությամբ ուսումնասիրել է ԱՄՆ-իՙ ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու հնարավորությունը, եթե եվրոպական երկրները (ՆԱՏՕ-ի անդամ) չավելացնեն դաշինքի ֆինանսավորումը:
2018թ. ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Թրամփը Բոլթոնին հայտարարում է. “Մենք պարզապես չենք պաշտպանի նրանց, ովքեր չեն վճարի”: Երբ Բոլթոնը փորձում է նախագահին վերահամոզել, վերջինս դժգոհությամբ նետում էՙ “Դու մեծ ցանկություն ունես մի պատմական բան անել”:
Գրքում նշվում է նաեւ, որ նախագահ Թրամփը դադարեցնում է Ուկրաինայի ռազմական օգնությունը ԱՄՆ-ի կողմից, քանի որ համոզված էրՙ իբր թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգնում է “դեմոկրատներին” (ուկրաինագեյթ) իմփիչմենթի օգնությամբ տապալել իրեն (Թրամփին):
Բոլթոնը նշում է նաեւ, որ նախագահ Թրամփը սիրում էր հաճախ իր գեներալների հետ հանդիպել Նյու Ջերսի նահանգի գոլֆ-ակումբներից մեկում:
Ինչ վերաբերում է Սպիտակ տանը, ապա ըստ Բոլթոնի այդ հաստատությունում ծաղկում են բանսարկությունները ու խարդավանքները, լարված ու խճճված վիճակ է խորհրդականների, օգնականների եւ աշխատակազմի տարբեր անդամների միջեւ: Ինքըՙ նախագահը, ամեն քայլին դավաճաններ ու դավադրություններ է փնտրում: (Թույլ տվեք այստեղ մի փոքր սղագրել Ջոն Բոլթոնին. նման իրավիճակ միայն ԱՄՆ-ի Սպիտակ տանը չէ-հեղինակ):
Մի անգամ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ըստ Բոլթոնի, դիմեց Թրամփին եւ խնդրեց միջամտել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազության կողմից վարվող մի գործի կապակցությամբ (գործը վարվում էր ընդդեմ թուրք գործարարների): Թրամփը պատասխանում է, որ այդ դատախազությունում դեռ աշխատում են նախկին նախագահ Օբամայի նշանակած կադրերը, շուտով երբ դրանց փոխի, ապա այդ հարցը կլուծի:
Իհարկե ԱՄՆ-ի նախագահը այն մարդը չէ, որ հեշտությամբ եւ անտարբեր լսի իր նկատմամբ քննադատություններ եւ “ուրախ պատմություններ”: Մանավանդ այն նախագահը, որ ավելի շատ ինքն է խոսում, քան լսում իր խորհրդականներին եւ նախարարներին: Թրամփը, իր նախկին խորհրդականին բնութագրելիս, անվանում է նրան “խելագար, չարախոս եւ ձանձրալի հիմար”, իսկ նրա գրած գիրքըՙ “ձանձրալի խաբեություն”:
“Ինձ պետք չէ խորհրդական, որը միայն պատերազմելու խորհուրդներ էր տալիս”…
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ