Դեռ ծխում էր Ռուբեն Սաքապետոյանի հուղարկավորության օրվա խունկը, երբ առանք նաեւ մեկ այլ անհատականության` Կիմ Աղաբեկյանի մահվան գույժը:
Ցավոք սրտի, Կիմ Աղաբեկյանն ինձ չի դասավանդել… լսարանում: Ես եռանդով մտա համալսարան այն ժամանակ, երբ այդ կյանքով լի մարդու եռանդը, ինչպես ասում էին նրա վաղեմի ընկերները` ներսի կրակը վաղուց մարել էր: Բայց «կրակը մարած» ժամանակ էլ չէր կորցրել իր վեհությունը:
Համալսարանական հենց առաջին օրերից ուշադրությունս գրավել էր դանդաղաշարժ, բարձահասակ, ճերմակափայլ ծերունին, որը, եթե լսարանում չէր, ապա անպատճառ ծխում էր: Վերջին տարիներն էին: Հիշողության հետ արդեն պրոբլեմներ էին առաջացել: Բարեբախտաբար գարնանային մի օր ընկերոջս հետ եղա նրա տանը: Համալսարանից միասին գնացինք`Հակոբ Օշականի գրքերից վերցնելու: Ամբողջ ճանապարհին գովում էր Հակոբ Օշականին
` հանճարեղ գրող լինելու, ընկերոջս` նրանով հետաքրքրվելու համար: Երբեք չեմ մոռանա այդ օրը: Մտավ տուն, վերարկուն հանեց եւ արագ հասնելով աշխատասեղանի մոտ, հայացքը գամեց սեղանին դրված ապակուն ու դողդողջուն մատներով շոշափեց այն: Ի՞նչ ապակի էր դա, զարմացա: Սեղանին մոտենալուց հետո միայն նկատեցի, որ ապակու տակ լուսանկարներ են դրված. տղայի եւ թոռների լուսանկարներն էին: Այդ օր ես մեկ անգամ էլ համոզվեցի, որ կսկիծը կարոտ բառի հոմանիշն է:
Երկար զրուցեցինք, գրքերը նայեցինք: Իր մենագրությունները ցույց տվեց մեզ, նաեւ այն գրքերը, որոնք իր ժամանակի հայտնիները ընծայագրել էին իրեն: Հրաժեշտից առաջ խնդրեց, որ վերցրած գրքերն անպայման ժամանակին հետ տանենք, բացատրելով` «Որ գրքերիցս տանում չեն բերում, ոնց որ երեխաներիս խլեն ինձանից, քունս չի տանում»: Պայմանը չխախտեցինք
Դրանից հետո Կիմ Աղաբեկյանին հանդիպում էինք համալսարանում, զրուցում հետը, լուսանկարվում, հարցեր տալիս: Դե, ինքն ուշ-ուշ էր գալիս համալսարան, մենք էլ պատեհ առիթը բաց չէինք թողնումՉարենցի ու «սովետի ԿԳԲ»-ի մասին հարցուփորձ անելու: Հենց նկատում էինք
ծխում է, գլխի էինք ընկնում, որ հարցեր տալու ճիշտ միջոցն է… ինչքա~ն բան գիտեր, ի~նչ գաղափարների կրող էր, լույսի մեջ մնա հոգին: Որոշ ժամանակ անց սկսեց համալսարան չգալ: Իմացանք, որ կյանքի մեծ մասը համալսարանում անցկացնելուց հետո`«տարիքն արգելել էր նրան երեւալ համալսարանում»: Որոշել էինք ընկերներով մի անգամ գնալ տեսության, էլի հարցուփորձ անել ու գրի առնել այն աղոտ հուշերը, որ ուներ ժամանակակիցների մասին: Ավաղ, չստացվեց: Ընկավ: Անգութ մահը տապալեց մի նվիրյալի եւս
`նրան իմ ու շատերի հուշերում թողնելով ճերմակ մազերով, ձեռնափայտը ձեռքին` համբերանքի ծխախոտը դառը-դառը ծխելիս:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ