Դպրոցի հայագիտական, ինչպես եւ մյուս առարկաների նորահայտ չափորոշիչների ու ծրագրերի հիմքը, մայր փաստաթուղթը հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագիծն է: Նույն ԿԳՄՍ նախարարության հղացած այս հիմք-փաստաթուղթը մոռացածՙ այս օրերին միայն ծրագրերի դեմ բողոքելն ու քննադատելը, թվում է, կարող է ձուկը պոչից բռնելու կամ կրակը թողածՙ միայն ծխի դեմ պայքարելու արդյունք ունենալ: Հուսալով, որ չենք ուշացել, փորձենք մի քանի նկատառում ներկայացնել այդ կարեւոր փաստաթղթի մեզ հետաքրքրած կողմերի մասին:
Մտքի հետ կապված եւ դեռ հուսով ենքՙ վրիպման հետեւանք մի շատ լուրջ խնդրի, որը նկատել ենք հանրակրթության չափորոշչի այս նախագծում, “Ազգն” իր հուլիսի 17-ի համարում անդրադարձել է, հեղինակների ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրելու համար այստեղ կրկնենք: Նախագծի ընդհանուր դրույթներին հաջորդող բաժնի լեզվական գրագիտությանը վերաբերող պարբերությունում գրված է, թե սովորողները “… գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով եւ ԱՅԼ ՕՏԱՐ լեզուներով”: Մայրենի լեզունՙ օտար… Կարիք կա՞ ասելուՙ նախ սա պետք է անհապաղ ուղղվի:
Ի դեպ ասենք, ընդունելի կազմություն չի թվում նաեւ քննարկվող փաստաթղթում առանցքային տեղ ունեցող, անընդհատ աչքի զարնող “կարողունակություն” երկար ու արհեստականության երանգ ունեցող բառըՙ բաղադրիչների կարծես թե կրկնվող իմաստով: Այդպես են պարզապես թարգմանել նոր չափորոշչի եւ նրա ձեւավորման ու հաստատման կարգի տեքստերում փակագծում նշված “կոմպետենցիա” բառը, որն իր հերթին իմաստային մի քիչ այլ երանգ ունի ու կարծում ենքՙ այստեղ իր ամբողջական իմաստով տեղին չէ: Իսկ ինչո՞ւ չի կարելի հայերեն պարզ ասելՙ գիտելիք, ունակություններ, կարողություններ եւ հմտություններ, ինչպես նախկինում:
Հանրակրթության պետական նոր չափորոշիչը հաստատվելու է ՀՀ կառավարության որոշմամբՙ փոփոխություններ կատարելով գործադիրի 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ: Այն էՙ “նոր խմբագրությամբ” շարադրելով վերջինիս 2011 թ. հուլիսի 28-ին արդեն մեկ անգամ փոփոխված N 2 հավելվածը, այսինքն հենց չափորոշիչը: Կայացվելիք որոշումը, ինչպես նախագծում ասվում է, ուժի մեջ է մտնելու 2022 թվականի սեպտեմբերի 1-իցՙ բացառությամբ այս N 2 հավելվածի 31-րդ եւ 51-58-րդ կետերի, որոնց համար նշվում են տարբեր այլ ժամկետներ: Նայում ենք, e-draft կայքում հրապարակված համապատասխան տեքստում նման համարներով կետեր ոչ մի կերպ չենք գտնում:
Ու ընդհանրապես, ներկայացված չափորոշիչն իր կառուցվածքով առաջին հայացքից սեւագիր տեքստի տպավորություն թողեց. չգիտես շտապ անցկացնելու աճապարանքից դրա հեղինակներին ժամանա՞կ չի տրվել վերջում այն պաշտոնական փաստաթղթին հարիր կառուցիկ տեսքի բերելու, թե՞ հատուկ է խառնափնթորություն մտցվել, որ հնարավոր չլինի հանգիստ գլուխ հանել: Չկա փաստաթղթի գլուխների, բաժինների ճիշտ, հասկանալի համարակալում: Այնտեղ, որտեղ համարակալումն ավարտվում է կետ 4-ով, քիչ ներքեւ շարունակվում է կետ 9-ով, իսկ ասենք 7-ը, 8-ը այդ միջակայքում կամ դրանից վերեւ չկան:
Փաստաթղթում ընդհանուր դրույթներից հետո շարադրված են դպրոցի շրջանավարտից ակնկալվող այդ §կարողունակությունները¦ եւ հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: Կարողունակությունները, ըստ տրված սահմանման կամ բնորոշման, սովորողի կողմից ուսումնառության եւ դաստիարակության գործընթացում ձեռք բերած գիտելիքի եւ այլնի հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձեւերն են: Ներեցեք, ըստ իրավիճակի ինչի՞ն արձագանքելու… Հասկանալի չէ, միտքը տրամաբանորեն ավարտուն չէ: Եվ ճիշտ են ասում, եթե բուհի դիմորդն իր միտքը գրավոր այսպես շարադրեր, դուք կընդունեի՞ք:
Դպրոցին վերաբերող այս նախագծի ամբողջ շարադրանքում շատ բան պարզ ու կարգին հայերեն խմբագրման կարիք ունի: Մեր կարդացած ընդամենը առանձին հատվածներում չհասկացանք, օրինակ, դպրոցական այս կամ այն օղակի աշակերտը, շրջանավարտը ինչո՞ւ պետք է պահպանի “օնլայն հաղորդակցության” եւ ոչ թե հայերենում վաղուց ամրապնդված բավական հաջող ու հասկանալի բառով “առցանց հաղորդակցության” էթիկան, կամ ի՞նչ է նշանակում “կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձեւերի վերաբերյալ”, “կարողանա կատարել նախնական ինքնորոշումՙ հիմնվելով մասնագիտական կրթության հնարավորությունների վրա”, “ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում ( ՞ ) (գուցե ուզում է ասելՙ կարեկցություն կամ կարեկցողությո՞ւն -Գ. Մ.) եւ մարդասիրություն”, “ինքնանդրադարձման… միջոցով ձգտել ինքնաճանաչման”…
Եվ վերջապեսՙ ամենակարեւորի մասին:
2008 թվականի չափորոշչումՙ “Միջնակարգ կրթության բովանդակությունը” գլխում, կար հստակ ընդգծված “Արժեքային համակարգ” բաղադրիչ: Այնտեղ ասվում էր, որ այդ բաղադրիչի նպատակն է ձեւավորել անձ եւ քաղաքացի, որը պետք է, ըստ առաջին իսկ ենթակետերի, գիտակցի սեփական մշակույթիՙ լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների, ազգային այլ արժեքների կարեւորությունն ու նշանակությունը եւ,- սա ընդգծենք,- լինի դրանց կրողը: Ինչպես եւ, հայրենասեր լինելովՙ կարեւորի ազգային հիմնախնդիրների լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը: Մնացած ամեն ինչը թվարկված էր սրանից հետո: 2011 թ. փոփոխված տարբերակում այս կողմն այսպես առանձին ու հստակ նշված չգտանք, ինչ որ կարՙ ցրված էր ըստ կրթական աստիճանների ու ուսումնական բնագավառների: Ներկա նախագծում հանրակրթության բովանդակության բաղադրիչներըՙ գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ, տարրալուծված, ներկայացված են ըստ ուսումնական բնագավառների ու ծրագրերի, տարբեր թվարկումների կարգով:
Այդ թվարկումներում տեղ-տեղ կարելի է կարդալ նաեւ այնպիսի բառեր, ընդհանուր արտահայտություններ, ինչպես սեր հայրենիքի նկատմամբ, ազգային, պետական եւ այլ շահեր ու առաջնահերթություններ, անգամՙ ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշներ, ազգային նյութական ու հոգեւոր արժեքներ, հայոց եկեղեցի ու նրա դավանանք… Բայց այդ ամենըՙ հիմնականում որպես շարքային գիտելիք ու իմացություն եւ ոչ թե ազգային արժեքների ու գաղափարների կրող պատասխանատու անձի, դարեդար թշնամական շրջապատում ապրող մեր երկրի նվիրյալ քաղաքացու ձեւավորման հստակ հայեցակարգ, նպատակ, պահանջ: Սրան հակառակ, տեքստում առաջին հայացքից կարծես թե կարելի է նշմարել վտանգավոր §այլ հովերի¦ թաքնված ականներ, որոնց հնարավոր բացահայտումը առանձին մասնագիտական խնդիր է:
Իսկ մայրենի լեզուն, որն ազգի գլխավոր հատկանիշն է, նրա արժեքային համակարգի սնուցող արմատն ու հիմքը, փաստաթղթում այլ լեզուների հետ միասին ընդամենը գրագետ հաղորդակցման, ուսումնառության եւ հասարակական կյանքին մասնակցության գործիք է: Միանգամայն հասկանալի էՙ ում համար է այս ամենը այսպես եւ ով է օտար ֆինանսավորմամբ չափորոշիչը վերաշարադրողներին այսպիսի առաջադրանք տվել:
Որպես արդեն համոզմունք դարձող կարծիք նկատենք. անկախության անցած բոլոր տարիներին մեր դպրոցը հիմնավոր քանդել են, իսկ հիմա միտք են դրել խարխլել, քանդել նրա ազգային հիմքը: Էլ ի՞նչ Նարեկացի, Քուչակ ու Րաֆֆի եք ուզում…
Իսկ հանրակրթության բովանդակային բարեփոխման ծրագիրը կազմելու համար ուսումնասիրել են Ֆինլանդիայի ու Դանիայի, Իսրայելի ու Ճապոնիայի, այլոց ու Սինգապուրի համակարգերը, բայց ո՛չ տասնամյակների խորհրդային դպրոցի որեւէ դրական կողմ է եղել, ո՛չ հայ դպրության հազարամյա ավանդույթներ…
Մի միտք էլ. “Ուսուցիչ պարոններ եւ քույրեր, զգուշությամբ ու երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղությամբՙ ազգ մը կը խորտակեք վերջը”: Սա մի Մե՜ծ վարդապետ է ասել, անունըՙ Կոմիտաս: Ասենք, հիմա ո՞վ է վարդապետ սիրում…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի