Ադրբեջանական «Հաքքին.ազ»-ի խմբագրությունը մայիսի 22- ին «շտապ» կամ «հրատապ», իրենց ձեւակերպումն է, մի վերնագիր հրապարակեցՙ«Գերմանիան արգելել է «ԼՂՀ ներկայացուցչության» գործունեությունը»: «Նոր շրջադարձ եւրոպական քաղաքականության մեջ: Անջատականին (բնագիր տեքստումՙ սեպարատիստ) բանտարկություն է սպառնում»: Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբՙ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանը ղարաբաղյան մարիոնետային (խամաճիկ) ռեժիմ հաստատեց, հայկական կողմը ստեղծում եւ ֆինանսավորում է անջատականների «դիվանագիտական ներկայացուցչություններ» աշխարհի տարբեր երկրներում, որ օկուպացիոն ռեժիմի լեգիտիմացման համար լոբբիստական հենահարթակ են ծառայում: Երեւում է, որ Արեւմուտքը, մասնավորապես ԵՄ երկրները, սկսել են առավել ականջալուր լինել ադրբեջանական կողմիՙ նման «ներկայացուցչությունների» գործունեությունն արգելելու պահանջներին»:
Ադրբեջանական հիշյալ աղբյուրը նշում է, թե «Եւրոպայի տնտեսաքաղաքական հզոր Գերմանիան կանոնավորապես արտահայտում է իր հստակ դիրքորոշումը «ԼՂՀ» հարցի եւ ադրբեջանական հողերը զավթելու (օկուպացիա) առումով, բայց, ի հեճուկս դրա, երկրում գործում էր անջատական «ներկայացուցչություն», թեկուզ ոչ լեգալ, որ ղեկավարում էր ոմն Հարություն Գրիգորյան: Վերջինիս հանձնարարությունների թվում է եղել ԼՂ անկախության գաղափարի լոբբիինգը, ԳԴՀ քաղաքացիներիՙայդ թվումՙ քաղաքական գործիչների զբոսաշրջային եւ ճանաչողական այցերի կազմակերպումը Ադրբեջանի օկուպացված տարածքներ: Բնականաբար շրջանցելով միջազգային իրավունքի նորմն ու օրենքը»: Թեպետ ադրբեջանական լրատվական աղբյուրը նշում է, թե «ներկայացուցչությունն» իրականում գրանցված է եղել որպես «Արցախյան ուսմանց եւրոպական կենտրոն» ոչ կառավարական անվամբ»: Անշուշտ կարելի է շնորհակալ լինել «Հաքքին.ազ»-ինՙ ադրբեջանական մտքի եւ գործի հետեւողական ընթացքը գաղտնազերծելու համար, երբ գրում է, թե բազմիցս են դիմել նույն հարցով: Թեպետ նրանց գործելակերպը միշտ նույնն էՙ «կաթիլը քար է ծակում» հայտնի բանաձեւը եթե բնության մեջ ժայռ է քայքայում, ինչո՞ւ չի կարող քաղաքական ասպարեզում լուծման տարբերակ չլինել: Ճնշման բոլոր հնարավոր միջոցներով ԳԴՀ պաշտոնատարներին, արտգործնախարարությանը հարց են ուղղելՙ «ճանաչո՞ւմ է դիվանագիտական այս հաստատությունը Գրիգորյանի «դիվանագիտական» գործունեությունը, եւ եթե այո, ապա իրավական ո՛ր հիմնավորմամբ»: Այդուհետ հաջորդ հարցըՙ «Հակառակ պարագայում ինչու ղարաբաղյան անջատականը (սեպարատիստը) չի ենթարկվում իրավական պատասխանատվությանՙ իր ոչ լեգալ գործունեության համար»:
Այս հարցապնդումները, որ փոխանցում ենք հարազատ մնալով «Հաքքին.ազ»-ի տեքստին, չեն կարող անհետեւանք մնալ: Վերջապես, գրում է ադրբեջանական աղբյուրը, ԳԴՀ ԱԳՆ մայիսի 20-ին պատասխանեց: Ըստ նույն աղբյուրի, գրավոր շարադրանքը հետեւյալն էՙ ԳԴՀ չի ճանաչում այսպես կոչված «Արցախի Հանրապետությունը», համապատասխանաբարՙ գոյություն չունեն ո՛չ հավատարմագրված դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններ, ո՛չ էլ այդ կազմավորման ճանաչված ներկայացուցչություններ: ԳԴՀ ՔՕ 132 պարագրաֆի համաձայն, տիտղոսներ կամ արտասահմանյան պաշտոնական կամ ծառայողական կոչումներ, այդ թվումՙ անվանումներ գործածելը, որ կարող են նույնանմանության շփոթ ստեղծել, քրեորեն պատժելի են: Դրա մեջ են մտնում նաեւ այն տիտղոսները, որ գործածողը պատրվակում է, թե գոյություն չունեցող պետության պաշտոնատար է: ԱԳՆ հորդորում է անհապաղ թողնել ԼՂ միջազգային սուբյեկտ լինելը ներկայացնող ցանկացած առերեւութականություն, ինչպես նաեւ դրա հետ առնչվող դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն: Այլապես հակառակ պարագայում ՙստիպված ենք կիրառել իրավական միջոցներ :
Համոզված լինելով, որ ադրբեջանական աղբյուրը Գերմանիայի ԱԳՆ-ի ձեւակերպումներն այս անգամ չի խեղաթյուրել, դրանք ներկայացրեցինք «Հաքքին.ազ»-ի ռուսերեն տեքստին հարազատ, մուգ տառատեսակով, կռահելով, թե գերմաներեն պաշտոնական լեզվում ինչ բառապաշար է այդուհանդերձ կիրառվել: Բնագիր գերմաներենը ձեռքի տակ չունենալով, նախընտրեցինք չակերտների մեջ չառնել վերոբերյալը:
Մայիսի 23-ին նույն հարթակը, հղում անելով «Ազերթաջ» պետական գործակալության տեղեկությանը, ծանուցում է, թե «Գերմանիայում փակել են հայ անջատականներիՙ arzach.de կայքը, «Արցախի ուսմանց եւրոպական կենտրոնը»: Որոշումն ընդունել են Գերմանիայի իշխանություններըՙ ի պատասխան ադրբեջանցիների համառ դիմումների, որոնցում մատնանշել են «կայքում տեղ գտած անջատական, օկուպացիոն քարոզի, խաղաղ բնակիչներին իրենց հայրենի տուն վերադառնալու արգելքի մասին»: Հեռացվել են Հարություն Գրիգորյանի ֆեյսբուքի, թվիթերի պրոֆիլը, ըստ որի նա ներկայացել է որպես ԳԴՀ-ում Արցախի ներկայացուցիչ: Ադրբեջանական լրատվամիջոցը հարկ է համարում գովազդել իր ուրախությունն առ այն, որ նախՙ Հարություն Գրիգորյանին Գերմանիան «պատժեց» այն օրը, երբ նրա « նախագահը» երդվում էր զավթված տարածքներում»: Եւՙ Գերմանիայի նախադեպային որոշումը ազդակ կլինի Եվրոմիության մյուս երկրների համարՙ սատարելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Վերջում երդման ձեւակերպումն է ներկայացնում «Հաքքին.ազ»-ըՙ Կասկածից վեր է, որ Գերմանիայում ունեցած հաջողությունից հետո ադրբեջանական կողմը կհասնի նրան, որ աշխարհի որեւէ վայրում գոյություն չունենա ղարաբաղյան անջատական որեւէ ներկայացուցչություն:
Մայիսի 23- ին Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից գրավոր արձագանք եղավ. «Արցախի ժողովրդի օրինական շահերը Գերմանիայում պաշտպանում է մի կազմակերպություն, որը գրանցվել եւ իր գործունեությունն է իրականացնում նստավայր երկրի օրենսդրությանը համապատասխան: Կազմակերպության նպատակների թվում հարկ է նշել Գերմանիայի հասարակության իրազեկումն Արցախի մասին, ինչպես նաեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության հաստատումը: Գերմանիայում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը թափանցիկ բնույթ է կրում ու կլինի շարունակական»:
Առայժմ դժվար է միանշանակ եզրակացության հանգել, թե ինչն է պատճառը, որ անցյալ տարի Ֆրանսիայի տարբեր քաղաքներում սառեցվեցին Արցախի տարբեր բնակավայրերի հետ համագործակցության ծրագրերը, ադրբեջանամետ իրավական թղթիկներ են հրապարակ գալիս ամերիկյան նահանգային, քաղաքային խորհուրդների գրասենյակներում, իսկ Գերմանիայում ավելի բաց ցուցադրեցին այն, ինչը, մեր կարծիքով, պայմանավորված է Ռուսաստան- Ադրբեջան-Թուրքիա, Արեւմուտք-Ադրբեջան-Թուրքիա, Արեւմուտք- Ռուսաստան մրցակցային շահերով: