Վիրտուալ իրականության արձագանքները թատրոնում
Կյանքային ազդակները, տեղաշարժերը, անգամ առօրեական փոփոխությունները օրինաչափորեն արձագանք են ունեցել եւ հիմա էլ ունեն արվեստում, հաճախՙ ուղղակի: Տեխնոլոգիական հեղափոխության թվայնացման շրջանը փոխել է ոչ միայն գիտակցություն ու մտածելակերպ, ակնհայտորեն մեր հոգեբանության, կենսաձեւի վրա է ազդել: Ինտերնետային անսահմանափակ տեղեկության հասանելիության գայթակղությունը մարդուն հոգեբանական կախվածության է հասցրել դրանից: Սոցցանցային հարթակերը, որոնցում սեփական կարծիքների, առաջարկների արտահայտման անկաշկանդ միջավայր է ստեղծված յուրաքանչյուրի համար, վերածվել են մի երկրորդ կենսական տարածքի, որտեղ աստիճանաբար ձեւավորեց մարդկային հարաբերությունների յուրատեսակ, նաեւ ներքին մտերմիկ վիճակների դրսեւորման դաշտ: Այսպիսի երեւույթները չէին կարող արձագանք չգտնել արվեստումՙ գրականության մեջ, կինոյում եւ թատրոնում մասնավորապես:
Ինքնամեկուսացման, սոցիալական հեռավորություն պահելու նորմերը փոխեցին հարաբերությունների մեր ընկալումները: Փակված մարդկային կյանքը ինքնարտահայտման ելքեր սկսեց փնտրել, մտքի ստեղծագործական որոնումներ նույնպես, սահմանափակ դրսեւորման ձեւերով իհարկե: Ստեղծագործական ամեն արտահայտություն կյանք է առնում հաղորդակցումից, այն պետք է մոտենա մարդուն, գտնի իր հանդիսատեսին, իր ընթերցողին, այլապես ինքնանպատակ է եւ անպտուղՙ առաջին հերթին ստեղծողի համար:
Համընդհանուր մեկուսացման այս վիճակը ավելի ընդգծեց, ակնհայտ դարձրեց վիրտուալ տարածքի, սոցցանցային իրականության նշանակությունը մեր կյանքում, թեկուզ ժամանակավորապես մեր կյանքը տեղափոխվեց այնտեղՙ դառնալով ակտիվ հաղորդակցումների ու փոխանակումների հիմնական վայր, իսկ այստեղՙ արվեստն ու արվեստագետը անհրաժեշտաբար ներկա են: Բեմական արվեստն այդ պայմաններում որոնումների ավելի սուղ վիճակների մեջ է: Սեփական տան պատշգամբում երգի սիրողական կատարումը, թեկուզ պրոֆեսիոնալ երաժշտի տնային փորձերը, մանավանդ ասմունքի հնացած ձեւերըՙ կառչած – մնացած անցյալ դարակեսի մաշված տողերին, կատարողի համար ինքնամխիթարություն է, արվեստասերի համար գուցե պահի ուրախություն, արվեստ գնահատողի համարՙ ժամանակի անտեղի կորուստ:
Փարիզաբնակ մեր հայրենակից, ֆրանսիացի մնջախաղաց, ռեժիսոր, խորեգրաֆ եւ պրոդյուսեր Վահրամ Զարյանը մեր շուրջը կատարվող երեւույթները, մարդու գիտակցության եւ հոգեբանության մեջ տեղի ունեցող փոփոխություններըՙ արվեստագետին բնորոշ ժամանակից նաեւ դուրս լինելու, ապագան կանխազգալու զգայականությամբ, ավելի վաղ էր արձանագրել դրանց արվեստի դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը, մտահղացել վիրտուալ թատրոնի իրականացման թվային ձեւաչափեր: Նրա հետ երկար զրույցները ներկայիս անսովոր ու տագնապոտ, միաժամանակՙ ինքնահայեցումների եզակի հնարավորություն ընձեռած ու դրա հետեւանք ստեղծագործական որոնումներով լի օրերի մասին էին. կորոնավարակ, դրա հետեւանքով առաջացած իրավիճակներ, նոր մտահղացումներ ու դրսեւորման եղանակներ, նաեւ խոսքի «վարակ», այս համատեքստումՙ հեղինակային իրավունքի պաշտպանություն: (Չէ՞ որ շատերն են խոսում մտքի, գաղափարիՙ բավական տարածում գտած անամոթ գրագողությունների մասին. եւ սա նոր երեւույթ չէ):
Վահրամ Զարյանը ներկայացնում է գեղարվեստական այն նոր տարրերը, ձեւերը, մեթոդները, որոնք այսօր մուտք են գործում թատերական արվեստ եւ դրանց փոխհարաբերումները թվային տեխնոլոգիաների, մուլտիմեդիա դաշտի հետ: Անցած տարվա հունիսից հայաստանյան իր հերթական այցելության օրերինՙ համագործակցությամբ դրամատուրգ եւ արվեստաբան Սառա Նալբանդյանի, նա հիմնադրեց Yerevan”Perf միջազգային մուլտիմեդիա թատրոնի փառատոնը, որը հայկական թատերական մշակույթի միջազգայնացմանն ուղղված նախաձեռնություն էՙ հայ հանդիսատեսին եվրոպական հեղինակավոր, առաջատար թատերախմբերին, ռեժիսորներին, պրոդյուսերներին, դրամատուրգներին եւ նրանց բարձրարժեք գործերը ներկայացնելու նպատակով: Սա հնարավորություն էՙ թվային հարթակներում ծանոթանալու բեմական արվեստի ժամանակակից հիմնարտահայտչամիջոցներինՙ ինչպես ժամանակակից դրամատուրգիայի, նաեւ ավանդական թատերգության նորովի ընթերցումների միջոցով: Yerevan”Perf-ը արվեստային արձագանքն է արդի հասարակություններին հուզող կենսական կարեւորությամբ խնդիրներիՙ մարդու եւ նորագույն տեխնոլոգիաների փոխհարաբերություններ, անձի օտարում միջավայրից, մարդու մենակության դրամա եւ ինտերնետ, պատերազմ եւ արտագաղթ, անհանդուրժողականություն, էկոլոգիական փոփոխություններ ու աղետներ:
Սառա Նալբանդյանի (նա նաեւ փաստագրական թատրոնի եւ կինոյի մասնագետ է) «Վիրտուալը» պիեսը արձագանքն է ժամանակակից մարդու կյանքում տեղի ունեցած հոգեբանական, սոցիալական, կոմունիկացիոն շարժերին: «Ինձ համարՙ որպես ժամանակակից արվեստագետի, յուրաքանչյուր ստեղծագործություն սկսվում է փնտրտուքից եւ հետազոտությունից, – պատմում է Վահրամ Զարյանը: Պիեսը կարդալուց հետո հասկացա, որ գործ ունեմ կարեւոր մի ստեղծագործության հետ, որ խոսում է մեր մասին, մեր առօրյայի մասին, մեզ շրջապատող տեխնիկական միջոցներիՙ ինտերնետային վեբ շփումների, սոցցանցային հաղորդակցման մասին: Այս թեմայով հայալեզու ինձ հայտնի առաջին պիեսն էր. շարադրանքի լեզուն, դիալոգների թեթեւությունըՙ գրված վիրտուալ թատրոնի հենքով, համապատասխանում են այն փնտրտուքներին, որոնցով զբաղված է յուրաքանչյուր ժամանակակից արվեստագետ այս պահին: Որպես նոր դրամատուրգիական ժանրՙ ձեւաչափով գրված է սոցիալական թվային տարածքի համար, կառուցվածքի առումով համապատասխան մուլտիմեդիա թատրոնին: Հետազոտական աշխատանքների բնույթը մուլտիմեդիան թատրոնի հետ երկխոսության մեջ դնելու հնարավորությունների բացահայտումն էր, թվային սոցտարածքի համապատասխանեցնելը պիեսի ռիթմինՙ չհեռանալով դրամատուրգիական հիմքից ու ասելիքից, ինչպես նաեւ հանդիսատեսին առավել ընկալելի լինելու առումով: Ժամանակակից աշխարհում եւ առավել եւս ժամանակակից թատրոնում բեմադրական կանոնները, դրամատուրգիական հիմքը, ռեժիսորական աշխատանքները պահանջում են երկխոսություն տեխնիկայի, մուլտիմեդիա երեւույթների հետ, ատրիբուտներ, որ սեղմում են քո տարածքը, բայց դու ոչ թե օգտագործում, այլՙ երկխոսության մեջ ես մտնում այս դաշտիՙ մուլտիմեդիա գործիքների հետ»:
Ո՞ւր է գնում ժամանակակից թատրոնը, որքանո՞վ է իրագործելի թատրոնիՙ որպես կենդանի արվեստի ներկայությունը մուլտիմեդիա տարածքում, ինչպիսի՞ դրամատուրգիայով, ի՞նչ ձեւաչափով կենդանի թատրոնը կարող է տեղափոխվել վիրտուալ աշխարհ: Կարելի է ասել, որ Վահրամ Զարյանն ու Սառա Նալբանդյանը ստեղծում են թատերական նոր ժանր, որում առկա են վերը նշված հարցադրումները: Համատեղ բեմադրության մեջ հեղինակները ստեղծել են մետատեքստ: Խոսելով համացանցի միջոցով համացանցի մասինՙ օգտագործել են տարբեր սոցկայքերի եւ ուսուցողական պլատֆորմների յուրահատուկ ոճավորում, որը վերածվել է ներկայացման ակտիվ մասնակցի: «Պիեսում արդեն իսկ նկատելի են կենդանի շփման սահմանափակումներՙ պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների առկայությամբ: Իսկ Վեբ-բեմադրությունում այդ սահմանափակումը դառնում է առավել շոշափելի, քանի որ հերոսները, իրենց հատկացված առանձին վանդակներում պարփակված, անկարող են ճեղքել դրանց սահմանները. հանգամանք, որ ավելի է ընդգծում եւ բացահայտում գործող անձանց ողբերգական, միաժամանակ զավեշտալի կեցությունը»:
Մուլտիմեդիա թատերական ժանրի առանձնահատկությունը չի պայմանավորում միայն գրական գործի սյուժետային, բովանդակային կողմը, այլՙ ավելի երկխոսության բնույթը, խոսքի ճկունությունը, ռիթմը, թե որքան է այն ակտուալ, եւ ինչպես կհարաբերվի նորՙ մի երկրորդ պերսոնաժիՙ մուլտիմեդիայի հետ: Առանձնահատկությունը նաեւ սոցիալական կայքերին, ժամանակակից տեխնոլոգիաներին ստեղծագործական թիմի վերաբերմունքի մեջ է: «Ներկայացման մեջ մուլտիմեդիան վերածվում է յուրատեսակ պերսոնաժի, թատրոնը դիալոգի մեջ է մտնում տեխնիկայի հետ, տեխնիկան շնչավորվում է, թատրոնը դառնում է ինֆորմատիվ թվային եւ մուլտիմեդիա. տեղի է ունենում երկկողմանի փոխանակում»:
Պիեսում ներկայացված է մարդկանց չափազանց կախվածությունն ինտերնետից, սոցցանցերից: Սա իրականություն է, եւ հեղինակներն այս առումով քննադատության որեւէ ակնարկ չեն անում. Պատճառը չկա պարզապես: Կան մտահոգության սոցիալական խորքային խնդիրներ: Շեշտադրումը դրված է մարդուՙ հետզհետե ավելի խորացող մենակությանը: «Իրականում նրանք այնքան էլ միմյանց հետ չեն, յուրաքանչյուրն ինքն իր հետ է, ինքն իր մեջ, այնքան խորացած, սուզված իր մեջ, որ կորցրել է սեփական ես-ի զգացողությունը: Նման կախվածության պատճառը սոցիալական կայքերից մենակ չմնալու վախն է, եւ սա արդարացված կախվածություն է, որը սակայն այնքան էլ միակողմանի չէ: Մե՞նք ենք արդյոք ավելի կախված իրենցից, թե՞ հակառակը: Սա դրամա էՙ մարդուն քայքայող, երբեմն կործանման տանող հոգեվիճակ: Այս մարդիկ խորը սեւ կետեր ենՙ հաճախ հոգեբանական ոչ առողջ դրսեւորումներով, այս պատճառով երբեմն նրանք կոմիկական վիճակների մեջ են հայտնվում»:
Համավարակից ու դրա հետեւանք ինքնամեկուսացման ապրելաձեւից ավելի վաղ Վահրամ Զարյանի սկսած մուլտիմեդիա թվային ներկայացման փորձերը այսօր ավելի ակտուալ են. «Եվ քեզ ասում են պիտի մնաս տանը, ու դու հասկանում ես, թե պատահական ոչինչ չի լինում, ինքըՙ կյանքը, կենցաղը բերում են քեզ այն խնդիրներին, որով սկսել էիր հետաքրքրվել, հետազոտել եւ ըստ էության արդարացնում են այդ մտահղացումները, անհանգստությունները, որ ունեցել էիր վաղուց:
Թատրոնն այսօր փոխվել է, – շարունակում է իմ զրուցակիցը,- թատրոնը փոխվել էՙ բեմական պատերից դուրս գալով, մենք բոլորս մոտենում ենք իրար: Թատրոնը հանդիսատեսին մոտենում է հանրային վայրերում, փողոցում, պատկերասրահներում, թանգարաններում լինելու առումով, երկխոսության մեջ է մտնում մարդկանց հետ, հայտնվում հասարակության մեջ, իսկ այստեղ նաեւ սոցցանցերն են, մուլտիմեդիան: Լինելով ջատագովը ժամանակակից թատրոնիՙ ես չէի կարող չանդրադառնալ մեր շուրջը կատարվող փոփոխություններին, ձեւավորվող նոր հարաբերություններին, որոնք հիմնովին փոխում են մեր կյանքը: Իսկ եթե փոխվում է կյանքը, կնշանակի, որ թատրոնն արդեն փոխվել է վաղուց…
Սա բոլորովին չի նշանակում, թե չեն պահպանվելու թատրոն գնալու ավանդական մշակույթը, ծեսը, դրանք անկասկած մնալու են: Վերեւում ասվածը նույնպես չի նշանակում, թե արվեստագետը զբաղված է զուտ կոմունիկացիայով, եւ ոչՙ թատրոնով, որովհետեւ հենց նա է առանձնաշնորհյալ այն անձը, որ հարստացնումՙ գեղարվեստականություն ու երեւակայություն, երանգ է հաղորդում մեր շուրջը ծավալվող կյանքային սովորական երեւույթներին»:
Հ.Գ. Մուլտիմեդիա հայկական թատրոնի առաջին փորձիՙ «Վիրտուալը» ներկայացման պրեմիերան կկայանա շուտովՙ Arm Mono+, Yerevan Perf Festival, Est Nova Production (Francia) եւ Iammedia օնլայն հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջերումՙ ուղիղ հեռարձակմամբ, միեւնույն ժամին: Պիեսի WEB ձեւաչափի հեղինակներն են Վահրամ Զարյանը եւ Սառա Նալբանդյանը:
Նախագիծն իրականացվել էՙ համագործակցությամբ Est Nova Production (Ֆրանսիա), Yerevan Perf” եւ Arm Mono+ թատերական փառատոնների, Compagnie Vahram Zaryan թատերախմբի (Ֆրանսիա), Iammedia օնլայն հեռուստաընկերության, Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, «Սարեր» մշակութային ՀԿ-ի: