Կամ ինչպես մսխել մի ամբողջ սերնդի հաղթանակ
Արցախյան պատերազմի ավարտից, ավելի ճիշտՙ ժամանակավոր հրադադարի կնքումից անցել է 26 տարի: Ու չնայած այդ հարցի «լուծման» շուրջ ընթանում է բանակցային գործընթաց, այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնրդությամբ, սակայն ակնկալել որեւիցե առաջանթաց այս հարցումՙ գոնե տեսանելի ապագայում անիմաստ է:
Սակայն հենց Հայոց պատմության տեսանկյունից է կարեւոր այս հարցի շարունակական վերհանումը, քննարկումը եւ հայության ու նրա կողմից պետականության կառուցման հերթական փորձի տեսակետից դրա արժեւորումը: Սա կարեւոր է, քանի որ հարկավոր է այդ հաղթանակը բյուրեղացնել, ներկայացնել դրա պատմական կարեւորությունը հայ ժողովրդի պատմության, հայության կայացման, ազգային-էթնիկ ձեռագրի ձեռք բերման եւ վերջապեսՙ որպես հաղթանակած ազգ ներկայանալու համար, որը ազգային արժանապատվության վերակերտման, հատկապես Ցեղասպանությունից հետո, կարեւոր պայման է: Սակայն դա էլ ավելի կարեւոր է ազգային պետության կառուցման ու դրա ապագան նախանշելու տեսանկյունից:
Հանուն ճշմարտության պետք է շեշտենք, որ վերը նշված գնահատականները պետական մակարդակով մինչեւ օրս չեն հնչել, ո՛չ ներկա եւ ոչ էլ նախկին իշխանությունների կողմից, իսկ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սկսվել է թերարժեւորվել դրա նշանակությունը: Արցախյան պատերազմի դիտարկումը որպես միայն այդ տարածքի շուրջ առճակատումՙ խնդիրը խորքային կերպով չհասկանալու, տարածաշրջանում վերջին 500 տարիներին ընթացող գործողությունները չիմանալու արդյունք է:
Իսկ վերջին 500 տարիները տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհը հայությունից մաքրելու գործընթաց, որին ակտիվ կերպով ներգրավված են մեր բոլոր հարեւանները ու հատկապես դրա թյուրքալեզու հատվածը: Արցախյան պատերազմը այդ գործընթացի հերթական հատվածն էր, հատկապես Ցեղասպանությունից հետո, որը սակայն ի տարբերություն նախկին դեպքերի ավարտվեց հայության հաղթանակով:
Ու երբեմն այնպիսի տպավարություն է, որ ռազմի դաշտում մեր ազտամարտիկների, նրանց հրամանատարների ու սպաների կերտած հաղթանակը այն աստիճան անակնկալ էր հատկապես հայ քաղաքական էլիտայի համար, որ վերջինս չկարողացավ այն ինչպես հարկն է գնահատել ու ինստիտուցիոնալացնելՙ ռազմական այդ հաղթանակը վերածելով հայ ժողովրդի հոգեւոր ու բարոյական վերածնունդի կարեւոր գործոն, որի շուրջ էլ պետք է կերտվեր հայկական նորօրյա պետականությունը:
Արցախյան հաղթանակը մինչ օրս էլ դիտարկվում է որպես հայ-ադրբեջանական լոկալ հակամարտություն, բայց ոչ մի կերպՙ որպես ազգային ազատագրական պայքար: Մինչդեռ իրականում, այն ինչ տեղի ունեցավ 1991-94թթ-ին, հենց իրական պայքար էր հայության գոյության եւ հայկական պետականության վերստեղծման համար:
Մենք հաճախ ենք շեշտում, որ ՀՀ անկախացավ ԽՍՀՄ-ի քայքայման հետեւանքով, սակայն չենք նշում, որ հայկական պետականությունը ստեղծվեց հենց այդ պատերազմում կերտված հաղթանակի արդյունքում: Պարտությունը Արցախյան պատերազմում վերջնականապես կավերեր Հայկական պետականության գաղափարն անգամ, նրանից թողնելով միայն հուշեր պատմության դասագրքերում:
Սակայն հաղթանակը մեզՙ հայերիս մեկ անգամ եւս շանս տվեց լծվելու անկախ պետականության կառուցման դժվարին ու բարդ գործին: Հայկական հերթական անկախ պետության կառուցման գործում չգիտես ինչու հաշվի չառնվեց Արցախյան պատերազմում գրանցված հաղթանակը եւ դրա կարեւորությունը նորանկախ պետության կառուցման գործում:
Մենք փորձեցինք պետություն կառուցել եվրոպական մոդելի, բանակՙ սովետական օրինակով եւ այդ բոլոր գործընթացներում էլ հաշվի չառնվեց Արցախյան հաղթանակի պատմական նշանակությունը եւ դրա փորձը: Նույնիսկ մեր բանակը չդարձավ Արցախում հաղթանակ գրանցած ազատամարտի ջոկատների իրավահաջորդը:
Ինչպես ռազմական գործի մասնագետներն են պնդում, Արցախում հաղթանակ գրանցեց մի բանակ, որը կազմված էր ֆիդայական ջոկատներից, հիմնականում կամավորության սկզբունքով հավաքված տղաներից եւ աղջիկներից, ինչը կարելի էր գնահատել որպես հայկական ազգ-բանակի օրինակ, իսկ հետագայում կառուցվեց մեկ այլ տիպի զինված ուժեր, որը սկզբունքորեն շատ քիչ առնչություն ուներ Արցախյան հաղթանակի հետ: Պատերազմի ավարտից ու նույնիսկ կնքված ժամանակավոր հրադադարից հետո էլ չհասկացանք, որ ընդամենը սկսվել է նոր պատերազմի նախապատրաստման երկարատեւ ժամանակաշրջան:
Իսկ ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ այդ պատերազմը սարերի հետեւում չէ, եւ այն կարող է սկսել ամեն րոպե, անսպասելի ու այն ժամանակ, երբ բոլորից քիչ ենք սպասում: Մենք այդպես էլ չգնահատեցինք ու չհասկացանք, որ Արցախյան պատերազմը դա պատերազմ էր ողջ հայության դեմ, 100 տարի առաջ սկսված Ցեղասպանությունը վերջնականապես ավարտին հասցնելու համար:
Ու, ցավոք, այդ պատերազմը չդարձավ համահայկական, կամավորության սկզբունքով այդ գոյամարտին մասնակցեց 30 հազար մարդ, որն այդ պահին կազմում էր ՀՀ-ի ու Արցախի բնակչության հազիվ մեկ տոկոսը: Յոթ միլիոնանոց սփյուռքահայությունից այդ հերոսամարտին մասնակցեց, ըստ պաշտոնական տվյալների, ընդամենը մոտ 100 մարդ:
Համեմատության համար նշենք, որ ռուսազգի կամավորները այդ պատերազմում մոտ 300-ն էին: ԽՍՀՄ-ի քայքայման պահին խորհրդային բանակում ծառայող 3 հազարից ավելի հայ սպաներից Հայաստան եկավ միայն հարյուրը:
Ու ստեղծված այս պատկերի պատճառը համընդհանուր ազգային գաղափարի բացակայությունն էր, Արցախյան պատերազմի իրական պատճառները եւ դրա մասշտաբը չհասկանալը: Հայկական այդ հաղթանակը բացառիկ էր ու մինչ օրս ըստ արժանվույն չգնահատված, ինչը արտահայտվում է նրանում, որ ի վիճակի չենք ինչպես հարկն է գնահատել այն կերտած հերոսներին:
Այդ հաղթանակը մեզ տրվեց մոտ 6 հազար 6 հարյուր հայորդինների արյան գնով, սակայն երբ համեմատում են Ցեղասպանության զոհերի թվի հետ հասկանալի է դառնում, որ հայ կամավորները իրենց կյանքի գնով կանխել են հայության հերթական ցեղասպանությունը եւ հաղթանակ պարգեւել: Սակայն, ինչպես նշեցի, այդ հաղթանակը այդպես էլ չի գնահատվել հավուր պատշաճի, չի ինստիտուցիոնացվել, դրա շուրջ չի կառուցվել ո՛չ նորօրյա հայկական բանակը, ո՛չ էլ հայկական պետականությունը:
Ու այսօր, երբ ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» հետեւանքով փորձ է արվում մոռացության տալ այդ հաղթանակը, նվաստացնել նրա կենդանի մնացած հերոսներին, որոնցից շատերի դեմ քրեական գործեր են հարուցվել, պրոպագանդվում են արժեքներ, որոնք ոչ միայն ոչ մի առնչություն չունեն հայության հետ, այլեւ վտանգում են Հայոց պետականության ապագան: Այդ «արժեքները», որոնք կեղծ ու միակողմանի խաղաղասիրություն, բայց իրականում պարտվողականություն են քարոզում, փորձ է արվում ոչնչացնել ինքնապաշտպանական այն բնազդը, որը գոնե հայության առողջ մասի մոտ դեռ արթուն է:
Մենք չկարողացանք եւ չցանկացանք արժեվորել ու գնահատել Արցախյան հաղթանակը, չհասկացանք, որ դրա փորձի ու ստեղծած արժեքների հիման վրա պետք է կառուցվեր հայկական պետականությունը, քանի որ այդ հաղթանակը կերտվել էր հայության լավագույն հատվածի, նրա գենոֆոնդի արյան գնով: Մենք չհասկացանք ու չգնահատեցին այդ հաղթանակի կարեւորությունը, մսխեցինք այդ հաղթանակի արժեքները, եւ այդ գործընթացը, ցավոք, շարունակում ենք մինչ օրս: