Մեր երկու բարեկամ երկրներում` Իրանում եւ Վրաստանում, որոնց հաղորդուղիներով Հայաստանը կապվում է աշխարհին, կորոնովիրուսի դեպքեր կան: Մեր մյուս երկու հարեւանների սահմաններն անկախ ամեն ինչից փակ են: Այնպես որ կորոնավիրուսի` Հայաստանում դեռեւս չհաստատվելը մեր պրոբլեմներն ամենեւին չի թեթեւացնում եւ մեզ դուրս չի դնում վարակի պատճառով ամեն օր նոր իրավիճակում հայտնվող աշխարհի հոգսից, քանի որ հենց մեր փոքրիկ երկիրը շատ լավ գիտե` ինչ է շրջափակումը եւ ինչ տեսք ունի նա:
Բայց կարծես այդ հարցը միայն առողջապահական մարմիններին է հետաքրքրում, մենք բոլորս կարծես չենք ուզում կտրվել մեր ամենօրյա մուկնուկատուից: Ինչ լավ է, չէ, երբ լրիվ քեզ դուրս ես դնում աշխարհից ու ողջ ազգով գլխովին խրվում քաղաքականության մեջ, փիլիսոփայում ես ֆեյսբուքում, սպառնում եւ ատում, անվանարկում եւ վարկաբեկում օնլայն: Թիվ մեկ բժիշկն ես քեզ երեւակայում ու խորհուրդներ ես տալիս առողջապահության նախարարին` ինչ անել կորոնավիրուսի դեմ, մեկ էլ զարմանում ես, որ մարդիկ Չինաստանից ներկրած բժշկական դիմակները տասնակի գնով հետ են ուղարկել Չինաստան ու բիզնես արել: Մեկ (զանգվածաբար) խորհուրդ ես տալիս վարչապետին, թե բալամ, Իրանի սահմանը փակի, հաշվեցի` 2,5 հազար մարդ իրեն իրավունք էր վերապահել անմիջապես սահմանը փակելու պահանջ ու խորհուրդ ներկայացնել վարչապետի էջում. դե հա, Լուսնի վրա եք ապրում, օդային տրանսպորտն էլ դռանը կանգնած, հաղորդակցությունը մեր ինչին է պետք, հիմա էլ Վրաստանի սահմանը կպահանջեն փակել: Սոսկ սահման վերահսկելուն հավան չեն, կամ ուղղակի չեն հավատում, քանի որ հայերս ինքներս մեզ հո ճանաչո՞ւմ ենք` այսօր դիմակը թանկ գնով հետ կարտահանենք Չինաստան, վաղը վերահսկողը սահմանին փողը կառնի ու կորոնավիրուսին ներս կթողնի: Այս մտայնության կրողն ենք` ոչ մեկս մեղավոր չէ ոչ մի բանում, բոլոր մյուսներն ամեն ինչի համար մեղավոր են, մենք ընդամենը ճարպիկներ ենք, ամեն գնով փող աշխատող, բա:
Հետն էլ` խորհրդատու, ազգովին ամենագետ ենք, ամեն բանից հասկանում ենք, ամեն ինչի մասին խորհուրդ կարող ենք տալ: Դե` խորհուրդը ոչ պատասխանատվություն է պահանջում, ոչ էլ խորհրդատուի ազնվության ստուգում ստի դեդեկտորով: Սա` ազգիս գրաճանաչ մասը: Գրաճանաչ էլ չլինի` սոցցանցի լատինատառը կա ու կա` barev dzez, xorhurd ktam sahman pakel, օֆ…
Բայց մյուս կողմից` ազգի մեծամասնություն խեղճ պողոսները զբաղված են իրենց ամենօրյա դժվար կյանքով, մեկ-մեկ հայացքներն ուղղում են վարչապետի կողմը` մի բան լսեն իրենց կյանքը թեթեւացնող, ու շարունակում են իրենց դժվար կյանքը: Ազգիս սերուցքը պողոսների հավեսը չունի` զբաղված է միմյանց բզկտելով, վիրտուալ եւ ԶԼՄ-ական պատերազմներով, պարգեւատրելով եւ պարգեւ ստանալով (թե ինչ տարբերություն կաշառքի ու պարգեւի մեջ), դատելով եւ դատվելով, ու հասարակ պողոսների զահլան ով ունի:
Որ կողմ նայում ես` մինչեւ վերջ անհասկանալի ինչ-որ բաներ են կատարվում, որոնք դուրս են բոլոր տեսակի` դասագրքային, սովորութային կամ հանրային կյանքի` մինչեւ այժմ հայերիս համար ընդունված պայմանավորվածություններից: Նախկինները սիրտ են հովացնում «ադեկվաԴական» գրառումները լայքելով եւ իրենց կողմից էլ «դզեց», «դուզ աչքին» կամ նման իրենց գրառումները թողնելով, նորերը` նույն բանը մի այլ պատուհանից են անում` երկու կողմում էլ անսալով«Հարձակվիր» հրահանգին: ԶԼՄ-ները, խոսքի ազատության վեհ կարգախոսով, ամեն օր մի քանի մարդ են փչացնում`ոչ մի բան անհայտ չթողնելով նրանց անձնական կյանքից, հասարակության շահին հղում անելով: Կացնում, քլնգում, սղոցում ու շամփրում են` ըստ սույն վեհ նպատակերի եւ վարձատրության չափի (աղբյուրի), ձեռքի հետ էլ ինքնագովազդի «մաստեր -կլասներ» ցուցադրում, իրենք իրենց ուռեցնում, իրենք իրենց գովում: Նարցիսների ինչ փաղանգ աճեց այս երկու տարին` գրագետ, անգրագետ, իր անգրագիտության մասին իմացող, իր անգրագիտության մասին չիմացող (երջանիկ-անգետ) , «շտապ», «ցնցող» ու «պայթեցնող»: Մեկը մի բան է գոռում, մյուսը` դրա հակառակը, երրորդը դուրս է պրծնում մի անկյունից ու ծղրտում` բա ես, ու այսպես շարունակ:
Այսքան վիրուսակիր, քաղցկեղապատ եւ հոգեխանգարմունքով պատած սոցցանցալրատվատիրույթ դեռ չենք ունեցել երբեւէ, որի ազդեցության գոտում մեկ-երկու ժամ գտնվողը կա՛մ իրեն բարոյապես հիվանդ է զգում, կա՛մ վիրուսակիր` նվազագույնը թեթեւ գրիպով, առավելագույնը` կորոնավիրուսով վարակված (փոխաբերաբար): Ու այսպես էլ ապրում ենք ամեն օր` վիրուսի ու ատելության մեր դոզան ստացած, պողոսներին միայն տեղ-տեղ վիրտուալ տարածքի հազվադեպ առկայծումներում կամ համբերահատ բողոքի պոռթկումներում նկատելով, անառողջ խլրտումներով, ատելության` երբեմն անտանելի չափաբաժիններով մի լավ խառնված Հայաստան անունով այս տակառում: Չնայած` բռնության կոչերն ու ատելության քարոզը քրեականացնող օրինագիծ է քննարկվում ԱԺ-ում, ատելության քարոզի համար այդ նախագծով քրեական պատիժ է սահմանվում, սակայն մեր կարծիքով ավելի կարեւոր է հանրության ներքին առողջացումն անկախ օրենքներից, դրա համար մթնոլորտի առողջացման նախադրյալների ստեղծումը, քան այնպիսի օրենքների ընդունումը, որով, ինչպես խորհրդարանականներից մեկը սրամտորեն նկատեց, Նիցշեին էլ կարելի է դատել մեր օրերում իր գրքերի համար, որպես ատելության տարածողի: Որեւէ օրենք մեր հոգեվիճակը չի կարող կարգավորել:
Ինչ ուզում ես նայիր եւ լսիր, ինչին ուզում ես մասնակից եւ դիտորդ եղիր` ամեն ինչ անցյալ եւ ներկա Հայաստանների փոխհրաձգության տիրույթում է, միմյանց հայտարարված չավարտված (անգամ` նոր սկսվող) պատերազմի կանոններով: Խեղճ պողոս, ոնց է հոգնել այդ բոլորից, ու վերջը չի երեւում:
Առջեւում հանրաքվեն է, նրա «այոն» ու «ոչը»` հայերիս պատկերով ու նմանությամբ. «Թող քո այոն` այո լինի, ոչը` ոչ» աստվածաշնչյան պատգամը լրիվ ոտնիգլուխ է մեզ մոտ, լիարժեք «ոչ», պարզվում է, ոչ ոք չի ուզում ասել, տակից` հա, երեսանց` ոչ, «Յիս էդ պարը չիմ պարում» սկզբունքով: «Այո» ասողները հայտնի են, «ոչ» ասողները թաքնվում են հանրաքվեին չմասնակցելու տակ, «այո» ասող պողոսների վախից: «Այոն» ու «ոչն» ամբողջովին լյուստրացրեց մեր ընդդիմադիր դաշտը, առարկայաբար պարզվեց` իրական ընդդիմություն խորհրդարանում չկա, այլ միայն հանրաքվեի հազարավոր տեղամասերին հանձնաժողովական մատակարարողներ կամ չմատակարարողներ: Լրիվ անհասկանալի մնաց ԲՀԿ դիրքորոշումն իր ընտրողների համար` բա ինչպես է կողմնորոշվելու ԲՀԿ ընտրողըՙ «այո» կամ «ոչ» քվեարկելիս, թե զրկում են քաղաքացու իրավունքն իրացնել ու քարոզում եք չգնալ ընտրատեղամասեր:
«Այոյի» լոգոն, պարզվեց, պլագիատ է, ինչպես մեր կյանքում հիմա ամեն բան, հեղինակային իրավունքն ինչ է, որ հաշվի առնվի: Գողացել էին իննսունականների տպագրված մի գծանկար ու անամոթաբար որպես նոր բան` ուղարկել էին հայտարարված մրցույթին: Բայց գողության համար պատիժ կա, չէ՞: Լավ է գոնե` լավատեսական ելք եղավ, իննսունականների լոգոն պատվիրած ու տպագրած «Երեկոյան երեւանի» աշխատակիցների բախտը բերեց` նրանք կստանան երեք միլիոն դրամ մրցանակ (Նորիկ Ենգիբարյան, Ցոլակ Կանթեղ,ականջներդ կանչի):
Գնում ես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» լսումներին, ու հասկանանում ես` դատաիրավական բարեփոխումները դեռ հեռու են, մարդիկ զանազան օրենքների փոփոխությամբ հազիվ թե փոխվեն, ոլորտում դիմակայությանը վերջ չի ունենալու, քանի որ տեսնում ես դատաիրավական բարեփոխումներից խոսող կառավարություն, ու իրեն ութսուն-իննսուն տոկոսով արդեն իսկ բարեփոխված զգացող դատական համակարգ, համենայնդեպս` նրա առանցքային պաշտոնյաների կարծիքով. բա էլ ո՞ւր եք դատական բարեփոխումների օրենք մեջգցում ու դրա մասին խոսում, որ այդքան (ութսուն տոկոսանոց) բարեփոխված ու ազնվագույն եք, ոչ մի համակարգ հարյուր տոկոսով բարեփոխել հնարավոր չի, եւ վնասկար էլ է, դե որ բարեփոխված եք` այդպես էլ շարունակեք, էլ ինչ` գիտահետազոտական-միտահետազոտական…
Ու լրիվ անհասկանալի է դառնում վարչապետի այն ասածը, թե իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով եւ այլ հանձնարարություններով:
Գնում ես ՀՀ-ԵՄ գործընկերության պայմանագրի (համապարփաաա~կ եւ ընդլայնվաաա՜ծ) համաձայնագրի կիրարկումը քննարկող ԱԺ լսումների, տեսնում ես ՀԿ սեկտորի հաշվետվությունները ( իրենց իրացրած ֆինանսների մասին) `ՀՀ-ում ԵՄ պատվիրկության ղեկավար Անդրեա Վիկտորինին, որոնք թվում են ենթակաների հաշվետվություն շեֆին, ու հասկանում ես, որ մի բան սխալ է, մեր հանրության իրական դերակատարներն այնքան էլ մասնակից չեն այս կարեւոր գործընթացին: Պետության ձայնն էլ աշխատում են խլացնել իրենց էլիտայի տեղ դրած ու ժամանակին ճարպկորեն հանրությանը ներկայացնողի նիշան գրաված, միայն վճարովի դրամաշնորհներով գործընկերությունը իբր կիրարկող հասարակականները` նախկին իշխանությունների ժամանակ պաթոսի հարկավոր չափաբաժին որդեգրած իրենց ելույթները նոր ժամանակի մեջ սղղացնելով: Է, լավ, գործընկերությունը պետության պարտավորությոնների՞, թե՞ ՀԿ-ներ խցկված զանազան հովանավորյալների ինքնադրսեւորման մասին է: Մանավանդ` համաձայնագրի իրական գործարկումն էլ դեռ չի սկսվել, նախագործարկման միջոցառումների մասին է խոսքն ընդամենը, քանի որ ԵՄ 28 երկրների մի մասը դեռ չի վավերացրել այն:
Չէ, դժգոհ չենք պետության քայլերն ու մարտահրավերներն այս ուղղությամբ լսումներում ներկայացնող ԱԺ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանից , կամ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից , կամ, ասենք, փոխնախարարներ Վարոս Սիմոնյանից , Ավետ Ադոնցից , ՄԻՊ-ից, նրանք պետության արածն ու անելիքը հասկանալի ներկայացրին: Զարմանալին հանրային սեկտորի նույն «մուննաթն» է` ինչ անցյալում, դեռ մի բան էլ ավելի, կարծես եվրոպական ամեն ինչը իրենք են` ոչ ժողովուրդը կապ ունի, ոչ էլ այս ամենին անվճար, իրենց անշահախնդիր կեցվածքով նպաստող լայն շերտերը: ԵՄ համաձայնագրի շահառուն, հիշեցնեմ, ժողովուրդն ու պետությունն են, ՀԿ-ների վճարովի ծեքծեքումներն այստեղ օժանդակ, անգամ տասներորդական աստիճանի ֆունկցիոնալ աղմուկ պիտի լինեն միայն: Ինչ մի կոտորում էիք ձեզ` ամեն կերպ աչքի ընկնելու, խոսակցությունը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընտրելու դաշտ փոխադրելու առումով, երեւի որոշների պատգամավորական փառավոր կարիերան կրկնելու ցանկությունն է վարակիչ: