Բուն թեմային անցնել հնարավոր չէ` առանց Փաշինյան-Ալիեւ մյունխենյան բանավեճին շատ փոքրիկ արձագանքի: Չնայած միգուցե դրա հարկն էլ չկա, քանի որ ամեն ոք այդ հանդիպման վերաբերյալ իր հեղինակավոր կարծիքն արդեն լայնորեն հայտնել է ու շարունակում է հայտնել, բայց երկու թեմաների կապը պարտադրում է:
Մեր դիտարկմամբ` հետմյունխենյան համաշխարհային աղմուկը մեր ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում վկայում է որոշակի հանրույթի կողմից նվեր ստացած առիթը մինչեւ վերջ քամելով լայնորեն օգտագործելու քաղաքականաշահ հակվածության մասին: Ոչ մի անդառնալի բան այդ հանդիպմամբ չի եղել, ոչ բանակցություններ կան, ոչ փաստաթուղթ է սեղանին, պետք չէ ըստ քաղաքական խմբի պատկանելության` դրամատիկացնել եղածը: Մանավանդ` Ալիեւի գավառամիտ պահվածքը եվրոպացիներից որեւէ մեկի մոտ չէր կարող համակրանք առաջացնել, իսկ Փաշինյանից սպասում դեռ եվրոպացիներն ունեն: Ուրիշ բան, որ դիվանագիտական անփորձություն, այո, վարչապետն ունի, բացի այդ` նման հանդիպումներում ասվող ամեն փաստ պետք է առավելագույնս ճշգրիտ ստուգված լինի` սխալմամբ չտալու համար «Аргументы и факты»-ի անունը, երբ Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցը տպագրվել է «Независимая газета»-ում, այդպիսով հեգնանքի տեղ թողնելով մեր չուզողների համար փաստերի մոտավորության առումով:
Եւ ճիշտ է ամեն անգամ հստակ հասկացնելը, թե հայերս մերժել ենք-մերժում ենք հակամարտության լուծման փուլային տարբերակը, այդ տարբերակով Արցախի անվտանգությունը չի՛ կարող ապահովվել, անվտանգության տարածքներ ասվածն էլ ուղղակի մեր հայրենիքն է, ինքնորոշման իրավունքն էլՙ թիվ մեկ եւ գերադաս կողմնորոշիչը:
Քանի որ եթե այս բոլորը պետք է կուլ գնա արցախյան խնդրում միկրոհեղափոխություն անելու առարկայորեն ոչինչ չպարունակող մտքին, ապա ավելի լավ է հրաժարվել մյունխենյան եւ համանման ձեւաչափերից, Արցախի հարցը էքսպերիմենտների նյութ չդարձնել, ավելի ընդունելի համարել պահպանողական- դիվանագիտական, ամեն բառը դիվանագիտորեն հղկած արտասանելու ձեւաչափերը, մանավանդ` դիվանագիտական անգլերենին հարյուր տոկոսով տիրապետելու պայմանով: Ադրբեջանի խորհրդարանական խայտառակ ընտրություններից հետո Ալիեւին մեր հաշվին իր ժողովրդի մոտ լեգիտիմանալու որեւէ շանս չտալով այդպիսով: Իսկ մնացյալն ընկալելի էր, թերություններն` ուղղելի, վարչապետն էլ բաց է սովորելու առումով, դրամատիկ կամ անդառնալի ոչինչ չի կատարվել: Ուղղակի բանավեճի հայկական ու ադրբեջանական արձագանքները համադրելով` հասկանում ենք վերստին Դերենիկ Դեմիրճյանին, թե հայերի չափը չափազանցն է: Այս անգամ մտադրվելով գրել Արցախի նախագահի թեկնածունեի մասին` ԶԼՄ-ներում փնտրեցինք նաեւ նրանց տեսակետը Մյունխենյան հանդիպման մասին` բացի Դավիթ Իշխանյանից ու Վիտալի Բալասանյանից մյուսներն այս իմաստով լռել էին, «լռությունը ոսկի է» տարբերակով:
Մարտի 31-ին Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են: Ոչ Հայաստանում, ոչ Արցախում մինչեւ հիմա այսպիսի համընկնում չի եղել` երեւի Արցախում ավելի ռացիոնալ մտածողություն ունեն ավելորդ ծախսեր չանելու, քաղաքական ուժի եւ քաղաքական ուժ ներկայացնող նախագահի ընտրությունները եւս համադրելի դարձնելու տեսակետից: Թե այդ բոլորի հետ ինչու է սինքրոնացել ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի սահմանադրական հանրաքվեն, ինչից ինչ է բխելուՙ դա էլ հիմա դժվար է ասել, ժամանակը պետք է ցույց տա:
Իսկ Արցախում որպես նախագահի թեկնածու գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է`14 մարդ, այդ թվից մի չորս զրո ավելի բնակչություն ունեցող Արցախում 14 մարդ ուզում է նախագահ դառնալ: Արցախի բնակչության թվի, պատերազմական վիճակում գտնվող երկրի ժողովրդի ներսում տրամադրությունների չմասնատման եւ առհասարակ` ընտրողին ողջամիտ թվով այլընտրանք ներկայացնելու առումով մի քիչ շատ չէ՞: Սակայն ինչ արած` հայկական առավելապաշտությունը դրսեւորվել է նաեւ Արցախի նախագահի ընտրութուններում: Չնայած` միգուցե նաեւ նույն հայկական նախաձեռնողականությամբ, մեր դիտարկումներով, թեկնածուներից նվազագույնը կեսը մի շարք այլ նպատակներով են առաջադրվել, համենայնդեպս` Արցախի մեր աղբյուրների հասցրած լուրերով: Այդ նպատակներն սկսվում են ճանաչելի դառնալու պարզագույն ցանկությունից (երկու կին թեկնածուների ինքնաառաջադրումը բոլոր դեպքերում խրախուսելի է), ավարտվում տարբեր նյութական կամ քաղաքական շահերի հետապնդումով, դա հատկապես նկատելի կլինի, երբ թեկնածուները սկսեն այս կամ այն թեկնածուին ընտրելու կոչով ինքնաբացարկներ ներկայացնել:
Ամեն դեպքում բոլորն էլ հասկանում են, որ 14 թեկնածուից երկու-երեքն են իրական հավակնորդ: Արդյոք այդքան շատ թեկնածու ունենալը չի՞ պառակտի փոքրիկ Արցախը: Ընտրությունների պատճառով պառակտված եւ միմյանց դեմ տրամադրված արցախցիների պարագան հայկական անվտանգային շահից չի բխում: Սա` մեկ: Երկրորդ` կարեւոր է, որ Արցախի նախագահական ընտրություններից հետո անէանա թեկուզ այն փոքրիկ լարվածությունը, որ կա Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ: Բացի այդ` հատկապես այնպիսի նախագահ ընտրվի, որի թեկնածությանը իրենց կյանքի բարելավման առումով հավան լինեն արցախցիները: Քանի որ միայն բարեկեցիկ կյանքով ապրող, կոռուպցիայով չխեղդված ու ապագա բարելավման հույս ստացած արցախցին է Արցախի անվտանգության երաշխիքը:
Դիտարկենք, թե հիմնականում ովքեր են հավակնում դառնալ Արցախի նախագահ` հատկապես կանգ առնելով իրական հավակնորդների վրա:
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ստացել է մի շարք քաղաքական միավորների (օրինակ`«Վաղվա Արցախ» կուսակցության եւ Սամվել Բաբայանի) աջակցությունը: Ներկա փուլում, երբ անվերջ խոսվում է ղարաբաղյան բանակցություններում Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին, թվում էՙ անգլերենին եւ դիվանագիտական նրբություններին հիանալի տիրապետող Մայիլյանը, որի անվան հետ կոռուպցիոն երեւույթներ կամ այլ անբարենպաստ տեղեկություններ չեն կապվում, ամենալավ թեկնածուն պիտի լիներ Արցախի նախագահի պաշտոնի համար, հավակնելով նաեւ բանակցողի դերին: Բացի այդ` նա Հայաստանի նոր իշխանության հանդեպ դրական է տրամադրված: Սակայն այս վերջերս նրա անվան շուրջ եւս բացասական երանգով ինչ- որ հնարքներ են սկսել բանեցնել (դե, ասենք, եթե ոչինչ չլինիՙ սորոսական պիտակ կպցնելը միշտ հերթապահ մեղադրանք որպես կա ու կա, բոլորին դրանով կարելի է նախշել), բացի այդ` Արցախի հասարակ քաղաքացին դեռ արտահայտված կողնորոշում չունի` ում ընտրի, նա կարծես շփոթված է այն նորությունից, որ կարող է ազատորեն ընտրել, իսկ մյուս հիմնական ֆավորիտներն էլ ձեռքերը ծալած չեն նստում: Այնպես որ Մայիլյանին դժվարին քարոզարշավ է սպասում:
Արցախի խորհրդարանում իշխող «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը համարվում է հիմնական, եթե ոչ ամենահիմնական ֆավորիտներից: Նրա կուսակցությունը մեծաթիվ խմբակցություն ունի Արցախի խորհրդարանում` 16 պատգամավոր` 33-ից: Նա տասն տարի եղել է Արցախի վարչապետ, ու 2018 թվականին, երբ հրաժարական ներկայացրեց նախ վարչապետի, ապա նաեւ Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից, դեռ այն ժամանակ լուրեր կային, որ դա արվում է հեռահար նպատակով, հետագայում Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ու հրաժարականի իմաստն այն էր, որ իր անվան հետ չկապվեն սովորաբար իշխանություններից դժգոհ ընտրողների տրամադրությունները: Արցախի ընտրողներն իրարամերժ տեսակետներ են հայտնում նրա առաջադրման հետ կապված` մի մասը հակված է նրան ապագա նախագահի պաշտոնում տեսնել, մինչդեռ ուրիշները նրան համարում են կոռուպցիոն բարքերի առկայությամբ իր հսկայական կապիտալը կուտակած անձ, վարչապետության շրջանում նրա անվան հետ էին կապում մի շարք բիզնեսներ ու նրան համարում անցյալում իշխանության ղեկին լինելով հարստացած: Այսպես, թե այնպեսՙ նա այն թեկնածուների թվին է պատկանում, որ չեզոք, անգամ բարեհաճ է Հայաստանի իշխանության եւ անձամբ Հայաստանի վարչապետ Փաշինյանի նատմամբ:
Արցախի Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը նույնպես Արցախի նախագահի թեկնածու է: Նրա անձնական բարձր որակները դեր են ունեցել, որպեսզի չնայած նրա ղեկավարած կուսակցության համեստ ներկայությանն Ազգային ժողովում` նա բոլորի համաձայնությամբ ընտրվի ԱԺ նախագահ: Ինչու ոչ` նա կարող է հավակնել Արցախի նախագահ դառնալ, հավասարակշռված քաղաքական գործչի համբավ ունի: Թեեւ` չենք կարող ասել, թե նրա ընտրվելու շանսերը որքան են, արցախցիները փոփոխություններ են ուզում, նոր դեմքեր….
Արցախի ինքնապաշտպանության հրամանատարներից մեկը` Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը համարվում է Արցախի եւ Հայաստանի նախկին իշխանություններին մոտ կանգնած թեկնածու: Նա նախորդ նախագահական ընտրություններին էլ մասնակցել էր, նրա օգտին այն ժամանակ քվեարկել էին ընտրությունների մասնակիցների մեկ երրորդը: Նա հաճախ է խոսում Ռոբերտ Քոչարյանին դատելու անթույլատրելիության մասին, իսկ Մյունխենյան հանդիպումից հետո կոշտ արտահայտվեց Մյունխենյան ձեւաչափի մասին, մի բան, որ նախագահի մյուս թեկնածուները չեն արել (արտահայտվել է մեկ էլ ՀՅԴ թեկնածուն)` հավանաբար ընտրություններից առաջ հավելյալ լարվածության առիթ չստեղծելով իրենց ու Հայաստանի վարչապետի միջեւ: Չգիտենք, թե Հայաստանի փոփոխությունների վերջին ալիքն ինչ աստիճան է անդրադարձվել Արցախում, դրանից էլ կախված են Բալասանյանի ստանալիք քվեները:
ՀՅԴ-ն, որ Արցախում կայուն ընտրազագված ունի, նույնպես հանդես է գալիս նախագահի իր թեկնածուով, դա Դավիթ Իշխանյանն է:
Վահան Բադասյանը վերջերս ստեղծված «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարն է, սակայն նա առավել հայտնի է Հայաստանի լրատվամիջոցներին բազմիցս տված եւ նախկիններին քննադատող հարցազրույցներով: Նա պատերազմի մասնակից է, մեկ անգամ ՀՅԴ ցուցակով պատգամավոր է դարձել Արցախի խորհրդարանում:
Արցախի ներկա իշխանությանն ընդդիմադիր է առաջադրված թեկնածուներից «Ազգային վերածնունդ» կուսակցության (ԱՎԿ) նախագահ Հայկ Խանումյանը: Նրա ղեկավարած կուսակցությունը 2015 թ. Արցախի խորհրդարանական ընտրություններում հաղթահարեց հինգ տոկոսանոց շեմը եւ մտավ Արցախի Ազգային ժողով:
Նախագահի թեկնածու է Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանըՙ առնվազն լրագրողներիս լավ վերաբերմունքն իր հանդեպ նա վաստակել է:
Նախագահի թեկնածուներից է «Անկախության Սերունդ» (ԱՍԿ) կուսակցության նախագահ Ռուսլան Իսրայելյանը , նա եւս նախկինում պատգամավոր է եղել «Ազատ Հայրենիք» կուսակցությունից, ապա դարձել է անկախ պատգամավոր:
Մնացած անուններն անձամբ ինձ անհայտ անուններ են, Սամվել Բաբայանն էլ, ինչպես գիտեք, չկարողացավ հաղթահարել սահմանադրական արգելքն ու գրանցվել որպես նախագահի թեկնածու:
Տեղեկացնենք նաեւ, որ խորհրդարանական ընտրություններին մեծ թվով քաղաքական ուժեր են մասնակցելու, այդ թվում` նորաստեղծ: Բայց հավանաբար նաեւ նախագահական ընտրությունների արդյունքների առումով որոշ լույս կսփռի Արցախում տարածված այն տեսակետը, որ հիմնականում խորհրդարանի տեղերի համար մրցակցելու են «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքն ու Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը: