Ինչպես բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում, այնպես էլ մեզանում հասարակությունը միաշերտ չի եւ հիմնականում բաղկացած է երեք մեծ խմբերից` հարուստներ, աղքատներ եւ սրանց արանքում լողացող միջին խավերից: Իհարկե, դրանք էլ իրենց հերթին, կախված ունեցվածքի չափից, ունեն իրենց ենթաշերտերը: Հենց ունեցած տնտեսական հնարավորություններով են պայամանավորված դրանցից յուրաքանչյուրի վերաբերմունքը գաղափարական դաշտում եւ իշխանությունների նկատմամբ: Քանի որ գոյություն ունեցող համակարգն ու խաղի կանոններն իրենց բոլոր առումներով ձեռնտու են, սովորաբար հարուստները ցանկանում են, որ ամեն ինչ անփոփոխ մնա, այսինքն` նրանք պահպանողականներ են: Իսկ աղքատները որպես կանոն լավ չեն ապրում, հետեւապես դժգոհ են լինում տիրող կարգերից եւ անում են ամեն ինչ այն փոխելու համար, հետեւապես հեղափոխականներ են: Իսկ միջին խավերը թեքվում են մեկ այս, մեկ այն կողմ ու ցանկանում են անարյուն, առանց ցնցումների, պառլամենտական պայքարի միջոցով բարելավել, ազատականացնել ու ավելի ժողովրդավար դարձնել հասարակությունը: Այդ պատճառով էլ կոչվում են ռամկավար ազատականներ (դեմոկրատ լիբերալներ):Ոչ մեկի համար ու ամենեւին էլ գաղտնիք չէ, որ մերօրյա հասարակությունում կա մի շերտ, որը ոչ միայն ցանկանում է, այլեւ անում է ամեն ինչ հնին վերադառնալու համար: Քանի որ ցանկանում է նախկինի նման ապրել օրենքը շրջանցելով, ճարպկությամբ, պետության հաշվին հարստանալով, մարդկանց կեղեքելով ու իրավազուրկ պահելով, ապրի եւ ղեկավարվի այնպիսի ենթամշակույթով, որի «նորմերը» ձեռնտու են միայն բացառիկներին եւ նրանց շուրջ բոլորված ձրիակերներին: Հետեւաբար ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ նաեւ, որ նրանք ապավինելով այդ շերտի աջակցությանըՙ ապրում են «առաջ պոռալով, ետ-ետ երթալ», ինչի մասին է վկայում այդ մարդկանց վերջին 15-20 տարվա ընթացքում նրանց հասարակական, քաղաքական վարքագիծը:Հասարակության մեջ կա նաեւ մի շերտ, որը լավ-վատ կրթված է, լեզուներ գիտի, համարձակ է, նպատակասլաց, թարմ ձգտումներ ունի, բայց նաեւ կենսափորձի պակաս եւ ձգտում է, որ մենք դառնանք զարգացած հասարակություն, ունենանք զարգացող տնտեսություն, ունենանք արժանապատիվ քաղաքացիներ եւ լուսավոր ապագա: Հստակ է, որ այս շերտին է պատկանում ապագան, որ հենց այս շերտն իր հետեւից պետք է տանի ողջ հասարակությանը: Կա նաեւ մի շերտ, որը ցանկանում է, որ ամեն ինչ իսկապես փոխվի, որ կյանքի բոլոր բնագավառներում օրենքը գերակայի, որ բոլորն իսկապես հավասար լինեն օրենքի առջեւ, բայց ամբողջ ցավը նրանում է, որ իրենք դեռ պատրաստ չեն փոխվելու: Այնպես որ, այսօր մեր երկիրն ու ժողովուրդը հետաքրքրական ընթացքի մեջ են, եւ եթե ոչ հենց այսօր, եթե ոչ ամբողջ ծավալով, սակայն վաղ թե ուշ հասարակությունը կգիտակցի, կընկալի եւ հստակ կհասկանա, թե ովքեր են փորձում ետ շրջել պատմության անիվն ու երկիրը հետ տանել եւ ովքեր են փորձում առաջ տանել պետությունը: Վերջին հաշվով հենց սա է հիմնական խնդիրը եւ պայքարն էլ սրա շուրջ է:Անչափ կարեւոր է հստակ գիտակցել նաեւ, որ քիչ չեն հին համակարգին վերադառնալու կողմնակիցները, որոնք համախմբվում են այդ երազանքի շուրջ: Հին համակարգում թե՛ ընդդիմություն լինելն էր ձեռնտու, թե՛ իշխանություն լինելը, քանի որ նրանք բոլորն էլ մի կերակրատաշտի շուրջ էին համախմբված: Հիմա այդ կերակրատաշտը վերացել է: Մի կարեւոր դիտարկում էլ` հներն այնպես էին ձեռնածության ենթարկել, այնքան էին շարունակաբար խաբել ժողովրդին, որ դարձրել էին նրան պարզապես իրավունքի օբյեկտ: Իսկ նոր իշխանությունները փորձում են փոխել այդ տխուր ու անպատվաբեր իրողությունը եւ ժողովրդին դարձնել իրավունքի սուբյեկտ: Ավելին, ձգտում են ժողովրդին վերադարձնել ամենակարեւոր առաքելությունը եւ դիտարկել նրան որպես իրավունքի ակունք եւ սկիզբ: Հենց այստեղ էլ պայքարը թեժանում է:Հներն օգտագործելով ունեցած բոլոր ռեսուրսները, իրավական գիտելիքները, կենսափորձն ու գրագետ լեզվամտածողությունը անընդհատ փորձում են ժողովուրդ-սուբյեկտին կրկին դիտել որպես օբյեկտ ու կրկին ենթարկել զանազան մանիպուլյացիաների: Չի ստացվի: Հների դժբախտությունը նրանում է, որ իրենք այդպես էլ չեն կարողանում հավատալ մեր վերափոխված հասարակությանը, որն իսկապես կարող է եւ ի վիճակի է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը: Ավելին, նրանք վախենում են դրանից, քանի որ դա նրանց ձեռք չի տալիս, որովհետեւ իրենց ապրելակերպը բացառում է ինքնուրույն հասարակության գոյությունը, որովհետեւ այդ պարագայում նրանք դառնում են անգործ: Սակայն այս ամբողջ տխուր գործընթացում կա նաեւ դրական կողմ. հասարակության ապագայի հիմնախնդրի շուրջ հասարակությունը բեւեռացել է եւ հստակ երեւում է վերջապես, թե ով ով է:Ամենավտանգավորն այս ամենում այն է, որ սկսված անզիջում պայքարում երկու կողմերն էլ երբեմն կորցնում են չափի զգացումը, տրորվում են կարմիր գծեր, որն իմ խորին համոզմամբ հատկապես պետական անվտանգության տեսակետից խիստ վտանգավոր է: Քաղաքագետի ու վերլուծաբանի մասնագիտական հմտություններ պետք չեն հասկանալու համար, որ մեր թիվ մեկը մեզ համար Արցախյան հիմնախնդիրն է: Դրա արդարացի լուծման համար մեր հասարակության բոլոր շերտերը պիտի համախմբվեն, առժամանակ մի կողմ դնեն տարաձայնությունները, որպեսզի հնարավոր լինի դրական արդյունք ապահովել: Պատմաբանի մասնագիտական դիրքերից կարող եմ վկայել, որ բոլոր այն դեպքերում, երբ համախմբվել, միակամվել ու խելացիորեն բռունցքվել ենք, միշտ հաղթել ենք (օրինակ` Ավարայրը, Վանի երկու ինքնապաշտպանությունները, Սարդարապատը, Արցախյան ազատամարտը):Շատ չմանրամասնելով ուզում եմ կոչ անել`- Իշխանություններին` հանուն պետության անվտանգության, պետականության ու ժողովրդի, հանդես բերել ավելի սթափ, խելացի պահվածք եւ հանդուրժող կեցվածք,- Ընդդիմությանը` չկորցնել չափի զգացումը, հանդես բերել արժանապատիվ կեցվածք: Ոչ թե անխնա ու ոչնչացնող քննադատության ենթարկել կամ ուրախանալ իշխանությունների թույլ տված սխալներից ու ոչ ճիշտ քայլերից, այլեւ օգտագործել հարուստ կենսափորձն ու գիտելիքները եւ անկեղծ խորհուրդներով զորակցել նրան,- Արցախին` չտարվել քաղաքական անիմաստ խաղերով, չենթարկվել տարատեսակ պրովակացիոն բնույթի թելադրանքների եւ միասնական ու հաստատուն քայլել դեպի պետականության հետագա բարելավում եւ միջազգային ճանաչում:- Սփյուռքին` հեռվից անափ կարոտի ու Մասիս սարի նկարների նկատմամբ սիրո զեղումներին զուգընթաց ավելի սերտացնել կապերը Հայրենիքի հետ, փորձել լուրջ ու նպատակային ներդրումներ կատարել տնտեսության մեջ, անհատական ու անվանական օժանդակություններով զարգացնել կարող ուժեր` ի շահ հայրենիքի:- Մտավորականությանը` հանդես բերել քաղաքացիական կեցվածք, մասնագիտական կարողություններն ի սպաս դնել երկրի ու հասարակության հզորացման, հաշտեցման ու առաջընթացին ծառայեցնելու համար եւ ոչ թե նախորդ անգամների նման զբաղվել «պատերիտակային» բամբասանքներով:- Հայաստանյայց առաքելական եկեղեցուն` իրապես կանգնել պետական իշխանության կողքին, միասնության ու համախմբման քարոզներ հնչեցնել եւ չբավարարվել միայն որոշ արարողակարգերին ոչինչ չասող մասնակցությամբ:- Համաշխարհային հանրությանը` միշտ հիշել, որ հայ ժողովուրդը մոլորակիս հնագույն քաղաքակրթության կերտողներց է, չհամեմատել արհեստածին, ընդամենը մի քանի տասնամյակ հանդես եկած անդեմ, անանցյալ հանրույթների հետ, չմոռանալ, որ պարտք ունի ժողովրդիս հանդեպ եւ 21-րդ դարը լավագույն հնարավորություն է ընձեռել հայ ժողովրդի նկատմամբ արդարացի լուծումներով այդ պարտքը փոխհատուցել: |