ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ
Հայոց ցեղասպանության կարեւոր եւ անհերքելի վկայություններից են այդ տարիներին Օսմանյան կայսրությունում տարբեր առաքելություններով գտնված օտարերկրացիների հուշերը: Դրանցից առանձնանում եւ մեծ հետաքրքրություն են ներկայացնում 1913-1916 թվականներին Պոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը, որոնք առանձին գրքով լույս են տեսել 1918 թվականին, իսկ մեկ տարի անցՙ Ենովք Արմենի հայերեն թարգմանությամբ նաեւՙ Պոլսում: Այդ թարգամանությունից ուղիղ 100 տարի անցՙ 2019-ի դեկտեմբերի վերջին, Մորգենթաուի գիրքը թարգմանիչներ Դեյան Ացովիչի եւ Սլաջանա Մարինկովիչի ջանքերով լույս տեսավ Սերբիայում:
Հայերիս համար մեծարժեք այս գրքի թարգամանության ծնունդը պատահական չէր: Մեկ տարի առաջ բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ եւ Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանին Բելգրադից զանգահարում է իր գրչընկեր Դեյան Ացովիչը եւ հայտնում, որ առիթ է ունեցել կարդալու Հենրի Մորգենթաուի գիրքը Հայոց ցեղասպանության մասին, նաեւ տեղեկացնում, որ մտադիր է թարգմանել: Սիմոնյանի այն հարցին, թե ինչո՞ւ է որոշել թարգմանել այդ գիրքը եւ ներկայացնել սերբ հանրությանը, Ացովիչը պատասխանել է. «Երբ կարդացի գիրքը, սահմռկեցուցիչ զգացողություն պարուրեց ինձ, պարզ դարձավ, թե ինչ դաժանություն է ի գործ դրվել հայ ժողովրդի նկատմամբ: Եվ, բացի այդ, ցանկացա սերբ ժողովրդին ներկայացնել ամերիկացի դիվանագետի հուշերը, քանի որ սերբերից զատ հազիվ թե մեկ այլ ժողովուրդ խորությամբ հասկանա Հայոց ցեղասպանության ողջ հրեշավորությունը, սերբերից բացի երեւի թե ոչ ոք չհասականա հայերին ու նրանց ցավը»:
Պատասխանը, անշուշտ, անսպասելի չէր Բաբկեն Սիմոնյանի համար: Նա քաջատեղյակ է, որ սերբ ժողովուրդը շուրջ հինգ հարյուր տարի իր ուսերին է կրել օսմանյան լուծը, դարձել յաթաղանի զոհ, եւ գուցե դրա համար էլ սերբերը կարող են զգայուն լինել հայերի տառապանքներին ու կիսել նրանց ցավը:
Գիրքը անգլերենից սերբերեն թարգմանելու Դեյան Ացովիչի նախաձեռնությունը ոգեւորում է Սիմոնյանին: Ացովիչն իր հայ բարեկամին առաջարկում է գրքի խմբագրական աշխատանքից զատ նաեւ առաջաբան գրել: Բաբկեն Սիմոնյանը սիրով հանամաձայնում է: «Մորգենթաուն եւ հայերը». այսպես է կոչվում առաջաբանը, ուր հեղինակը պատմական նյութը շաղախում է Մորգենթաուի դիվանագիտական առաքելության կարեւոր շերտերինՙ դրանով ստեղծելով մեծ դիվանագետի պայծառ կերպարը:
Առաջաբանից զատ Բաբկեն Սիմոնյանը անձնանունների եւ տեղանունների խմբագրական ճշգրտումներ է կատարել, մի բան, որ առ այսօր, ցավոք, բացակայել է սերբական հրատարակչական պրակտիկայում: Նախկինում հայկական անունները հիմնականում լույս են տեսել թերություններով, որոնք սխալ տառադարձության հետեւանք են եղել: Մորգենթաուի գիրքը, կարելի է ասել, լույս է տեսել անթերի, հայկական անունները հստակ են ու ճշտված:
Շուրջ կես տարի տեւած ստեղծագործական համագործակցությունը հրաշալի արդյունք է տվել: Կատարվել է որակյալ թարգմանություն, անթերի խմբագրական աշխատանք, գրվել է փայլուն առաջաբան…
Ստեղծագործական համագործակցությունից գոհ են եւ՛ թարգմանիչները, եւ՛ Բաբկեն Սիմոնյանը: Գիրքն արդեն դրվել է սերբ ընթերցողի սեղանին: Այս բացառիկ հրատարակությունը սերբերին առավել քան հասկանալի ու ընկալելի է դարձնում հայ ժողովրդիՙ աշխարհին պատմական անարդարությունը ներկայացնելու տասնամյակների պայքարի խորհուրդը: Հասկանում են, որովհետեւ իրենք էլ հայրենիք կորցրած ժողովուրդ են, իրենցից խլել են սերբական միջնադարյան պետության բնօրրանըՙ Կոսովոն: Երկու ժողովուրդներն էլ նույն թուրքական յաթաղանի զոհն են եղել, մարտիրոսվել, բայց կրկին հառնել ու գոյատեւել են:
Մորգենթաուի գիրքը, հիրավի, պիտի խթան հանդիսանա հայ-սերբական դարավոր դաշինքն ավելի ամուր դարձնելուն: Ի վերջո, պիտի հասկանանք, որ մեզ հզոր ու հոգեհարազատ դաշնակիցներ են պետք, իսկ հայերիս բախտակից սերբերը, իրոք, եղել եւ շարունակում են իրենց հայասիրությունն ու հայանպաստ առաքելությունը, այսպիսի հրաշալի գրքեր են հրատարակումՙ աշխարհին ցույց տալով, որ կա իրենց ճակատագիրը կիսող մեկ այլ ժողովուրդ:
Գրական-մշակութային նման բնույթի առաքելություններով է ամուր մնում ժողովրդի պատմական հիշողությունը: Այսպիսի գրքերի միջոցով է անխախտ մնում հայ-սերբական դարավոր բարեկամության կամուրջը:
Բաբկեն Սիմոնյանն իրավացիորեն ավելի է արժեւորում Հայոց մեծ եղեռնի մասին օտարազգի հեղինակների հուշագրությունները, որոնցում անկողմնակալ է ներկայացված պատմական ճշմարտությունը:
Նշենք նաեւ, որ շուրջ 400 էջանոց գրքի վերջում կա անձնանունների եւ տեղանունների ցանկ, զետեղված են նաեւ Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարներ:
Ամերիկացի դիվանագետի եւ դեսպանի գիրքը օրերս ներկայացվել է սերբ ընթերցողին, եղել են հրաշալի արձագանքներ: Վաստակաշատ գրողը եւ սերբագետը համոզված է, որ սույն գիրքը հարատեւ կդարձնի բախտակից երկու ժողովուրդների բարեկամությունը: Մորգենթաուի հայանպաստ առաքելությանը վերաբերող իր առաջաբանը Բաբկեն Սիմոնյանն ավարտել է հետեւյալ նախադասությամբ. «Անունդ անմոռաց է, գործդՙ անմահ»: