Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻԴԼԻԲՈՒՄ ՍՐԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

07/02/2020
- 07 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դա ԱՄՆ-ի առջեւ բացում է Սիրիայում կորցրած դիրքերը Ռուսաստանից ետ ստանալու հեռանկարներ

Հունվարի 24-ին Էլյազիգում եւ Մալաթիայում տեղի ունեցած երկրաշարժը ցնցել էր Թուրքիային: Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը երկիրը ցնցվեց Իդլիբում սպանված թուրք զինվորների բոթով: Առավոտյան Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Իդլիբի մերձակայքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը հրետակոծել են թուրքական շարասյունը, ինչի հետեւանքով զոհվել է 4 թուրք զինվոր, 9-ը վիրավորվել է, մեկըՙ ծանր: Այնուհետեւ նախարարությունը զոհվածների մասին նոր հայտարարություն տարածեց, թե սպանվել է 5 զինծառայող եւ 1 վարորդ, որը քաղաքացիական անձ էր: Զոհված քաղաքացիների թիվը բարձրացավ նաեւ 3-ի, փետրվարի 4-ին միայն վերջականապես պարզվեց, որ իրականում զոհվել է 8 մարդ, մեկը վարորդ, մնացածներըՙ զինծառայողներ:

Սա թուրքական զինված ուժերի հետ Սիրիայի կառավարական զորքերի անմիջական առաջին բախումն էր, սիրիական բանակի առաջին ուղղակի հարձակումը թուրքական հենակետերի վրա: Ուստիեւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Որոշ թուրք փորձագետներ նշեցին, որ Իդլիբում թուրք զինվորների սպանությունը վերջ կտա Ռուսաստանի նախաձեռնությամբ սկզբնավորված Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթացին, լուրջ վնաս կհասցնի Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, սրելով միաժամանակ Իրանի հետ վերջինի հարաբերությունները: Նրանք միահամուռ ընդգծեցին, որ առանց Ռուսաստանի համաձայնության Ասադի զորքերը չէին հանդգնի հարձակվել թուրք զինծառայողների վրա:

Մինչ փորձագետները 2017 թ. մայիսի 4-5-ին սկզբնավորված Աստանայի գործընթացից զատ նաեւ Սոչիի համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողման հետեւություններ էին անում, որը կնքվել էր 2018-ի սեպտեմբերի 17-ին, պարտավորեցնելով Թուրքիային մինչեւ 2019-ին զինաթափել Իդլիբում տեղակայված ահաբեկիչներին, Ռուսաստանի հետ առճակատման մտավախությամբ, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասաց, որ թուրքական զինված ուժերն հակահարված են տալիս Ասադի զորքերին, որոնց դիրքերը Հաթայից (Ալեքսանդրետի սանջակ) հրետակոծվում են, իսկ F-16 ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցնում, արդեն վնասազերվել է ավելի քան 30 սիրիացի բանակային: Վնասազերծվածների թիվն այնուհետեւ բարձրացավ 73-ի, ինչը հաստատեց նաեւ Էրդողանը :

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց զոհերի մասին Աքարի տվյալները, մատնանշելով միաժամանակ, որ թուրքական ռազմական որեւէ ինքնաթիռ չի խախտել Սիրիայի օդային տարածքը: Երբ երկու երկրների նախարարությունները շարունակում էին իրարամերժ հայտարարություններ անել, Էրդողանը նախ չարանենգ արարք համարեց Իդլիբում թուրք զինծառայողների սպանությունը, ապա սպառնաց նախագահ Ասադին, որ պատասխան է տալու դրա համար եւ իրենք վճռական են հակահարվածները շարունակելու հարցում: Նա Իդլիբի միջադեպին անդրադարձավ նաեւ Անկարայի օդակայանում , նույն օրը պաշտոնական այցով Կիեւ ուղեւորվելիս, ասելովՙ «Մեր զինվորականների սպանության պատասխանը մենք տասնակի ենք տվել:

Առավոտյան սիրիական բանակի 46 օբյեկտների ուղղությամբ հասցվել է 122 հրետանային եւ 100 ականանետային հարված, գործի են դրվել F-16 կործանիչները: Նրանք, ովքեր թուրքական վճռականության մասին կասկածներ ունեն, կհասկանան իրենց սխալը»:

Նա,պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ իրենք խնդիր չունեն ռուսների հետ, թող նրանք մի կողմ քաշվեն, քանի որ իրենց խնդիրն Ասադի հետ է, պաշպանության նախարարն ու արտգործնախարարը Մեւլութ Չավուշօղլուն արդեն հեոախոսակապ են հաստատել իրենց ռուս գործընկերների հետ, եթե նրանք արդյունքի չհասնեն, ապա ինքը անձամբ կդիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի հետ առճակատման կարիքը չկա եւ Թուրքիան չի պատրաստվում հետքայլ կատարել ռուսական S-400 համակարգերի առումով: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանն անդրադառնալիս Էրդողանը Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին անվանեց «ապօրինի բռնակցում»:

Նա Կիեւում այդ նույն արտահայտությունը կրկնեց նաեւ Զելենսկու հետ հանդիպմանը, այնտեղ հանդիպեց նաեւ Ղիմի թաթարների ներկայացուցիչ Մուստաֆա Աբդուլմեջիլ Քըրըմօղլուին, ապա ընդունեց թուրք-մեսխեթների եւ գագաուզների (որոնք ունենալով հանդերձ թուրքական ծագումՙ քրիստոնյա են) ներկայացուցիչներին: Էրդողանի այս հանդիպումներին, ինչպես նաեւ Ղրիմի մասին խոսքերին, ինչպես «Ինտերֆաքսն» է նշում, բուռն հակազդեցությամբ արձագանքեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը , ասելով. «Մենք բացարձակ դեմ ենք թուրք գործընկերոջ ձեւակերպումներին, բազմիցս ընդգծել ենք, որ բոլորովին հիմնազուրկ են Ղրիմի թաթարների կացության վերաբերյալ մտահոգությունները»:

Հունվարի 4-ին վերադառնալով Անկարաՙ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ: Թուրքական լրատվամիջոցները դա լուսաբանեցին առանց մանրամասնելու: Ըստ նրանց, Էրդողանը նշել է, որ Սիրիայում թուրք զինվորների հրետակոծությունը խափանում է այդ երկրում խաղաղություն հաստատելու համատեղ ջանքերը եւ Անկարան կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը, եթե լինեն նոր զոհեր:Ռուսական լրատվամիջոցների վկայությամբ էլ կողմերը Իդլիբում իրավիճակի սրման առնչությամբ մտահոգություն են հայտնել, Պուտինը Էրդողանի ուշադրությունը հրավիրել է ահաբեկչական խմբավորումների շեշտակի ակտիվացման վրա, նշել է, որ դա բազմաթիվ զոհեր է պատճառել խաղաղ բնակչությանը, պահանջելով թուրք գործընկերոջից անշեղորեն հետեւել Իդլիբի առնչությամբ ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածություններին:

Այդ ընթացքում, «Ռոյթերի» տվյալներով, Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել է, որ թուրք զինծառայողները փետրվարի 3-ի լույս գիշերն ընկել են ահաբեկիչների վրա հարձակվող Ասադի զորքերի հրետակոծության տակ, որովհետեւ թուրքական կողմը չէր նախազգուշացրել սիրիացիներին: Թուրքերն էլ ճիշտ հակառակն են պնդում: Ի՞նչ է եղել իրականում: BBC News-ը նշում է, որ Իդլիբը ներկայումս ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող միակ նահանգն է Սիրիայում: Վերջին 2 տարում Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությամբ Հալեպի, Համայի, Դումայի պես Ասադի վարչակարգին հանձնված բնակավայրերից ահաբեկիչներին տեղափոխել են Իդլիբ, որտեղ բացի 12 թուրքական ռազմական դիտակետից, ստեղծվել էին նաեւ ռուսական դիտակետեր, կանխելու համար հնարավոր բախումները կառավարական զորքերի հետ: 2018-ի սեպտեմբերի 17-ին Սոչիում ստորագրված համաձայնագրով Թուրքիան պարտավորվել էր 2019-ին զինաթափել Իդլիբի ահաբեկչական խմբավորումներին: Քանի որ նա չէր կատարել ստանձնած պարտավորությունը, ավելինՙ այդ խմբավորումներից Հեյաթ-ի Թահրիր աս-Շամն ու Թուրքիայի հովանավորությամբ կազմավորված «Սիրիայի ազգային բանակի» հրոսակները, համաձայնության գալով Դամասկոսի իշխանությունների դեմ համատեղ պայքարելու հարցում, հարձակումներ էին գործում շրջակա բնակավայրերի վրա, ուստի Ասադի զորքերը հունվարի վերջերին ռազմական գործողություններ ձեռնարկեցին , որ ճնշեն նրանց:

Կառավարական զորքերի առաջխաղացումը խիստ մտահոգել էր թուրքերին, որովհետեւ Իդլիբի ազատագրումը չեզոքացման վտանգի առջեւ էր կանգնեցնում թուրքական դիտակետերը, որոնցից 3-ը արդեն պաշարված էին: Ստեղծված իրավիճակում Թուրքիան որոշում է Սիրիայի սահմանին զորքեր կուտակել եւ դիտակատերը համալրելու համար Իդլիբ է ուղարկում ռազմական 2 շարասյուն, տանկերով, զրահամեքենաներով հագեցված: Ըստ երեւույթին ռուսական կողմը նախազգուշացվում է շարասյուների մասին, հայտնելով դրանց անցուղու կոորդինատները, սակայն ընթացքից դրանք փոխում են անցուղին, ապա ընկնում հրետակոծության տակ:

Խնդիրը սակայն թուրքական շարասյուների հրետակոծությունը չէ,այլ Իդլիբում ռազմական ներկայությունը պահպանելու Թուրքիայի համառությունն ու դրա իրագործման պայմանավորումն այդ ահաբեկիչնեչի պահպանմամբ: Դրանում, ըստ ամենայնի, շահագրգռված է նաեւ ԱՄՆ-ը, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն թուրք զինծառայողների սպանությունից հետո հիշեց ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի մասին եւ ցավակցություն հայտնեց զոհվածների համար: Թուրք դիտորդները նշել են, որ Իդլիբի ահաբեկիչներին, ի դեմս Թահրիր աս-Շամի, աջակցում է նաեւ ԱՄՆ-ը, այլապես դրանք ամերիկյան տարրերին թույլ չէին տա մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտվող տարածքներ: Ըստ ամենայնի ԱՄՆ-ի խնդիրն էլ ահաբեկիչները չեն, այլ Սիրիայում կորցրած դիրքերը Ռուսաստանից ետ ստանալու համար ահաբեկչական խմբավորումներին հնարավորինս արդյունավետ օգտագործելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՏԱՀՈԳ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Մեկ անձ է ձերբակալվել Երևանի ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու համար

12/05/2025

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ Երևանի ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու գործով մեկ անձ է ձերբակալվել։ «Մայիսի...

ԿարդալDetails

Կյանքից հեռացել է Արմեն Հովհաննիսյանը

12/05/2025

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 12.05.2025

12/05/2025

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը. Տիգրան Աբրահամյան

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական