Պուտինն ուզում է վերականգնել ԽՍՀՄ-ը` ՄԱԿ-ում փորձելով մեծ պետությունների հետ քննարկել ԽՍՀՄ փլուզման հիմքերը: Որպես պետություն մեր անվտանգությանը վերաբերո՞ւմ է դա, իհարկե` այո: Թրամփն առաջարկում է իր կարծիքով դարի գործարքը` իր պատկերացումներով (շահերով) կառուցելով Պաղեստինի եւ Իսրայելի սահմանները: Դա նույնպես մեզ հետ ի վերջո կապ ունի, քանզի Մերձավոր Արեւելքի ու մեր տարածաշրջանի գործընթացները հաղորդակից անոթներ են, էլ չասած` ուղիղ կապ եւս կա, եթե նկատի առնենք հայկական Երուսաղեմի փաստը: Մի օր էլ Թրամփն ու Պուտինը երեւի առաջարկեն Արցախի սահմանների իրենց տարբերակը, ինչ իմանաս, ամեն ինչ հնարավոր է , աշխարհի մեծ խաղացողների պարագայում խաղի մեկ կանոն է գործում` սեփական շահերիՙ իբր մյուսների անվտանգություն անվան տակ:
Ինչ ունենք մենք այդ բոլորին որպես հակադրում, մանավանդ հենց այս երկու օրը Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ժնեւում Մնացականյան-Մամեդյարով ժամեր տեւող հանդիպումները եղան, որի մասին շունչները պահած հաղորդագրության են սպասում մեր նախկինները, որ գրիչն առնեն, ստորակետ առ ստորակետ ընկնեն հաղորդագրության ջանը`տարածքները «հանձնում են» ոգով բառ ու տառ գտնելու հույսով:
Ինչ ունենք հակադրելու արտաքին բոլոր տեսակի նենգ խաղերին` որպես պետություն, ինչ անվտանգային համակարգ է մեր ունեցածը եւ իրոք կարո՞ղ ենք այն անվտանգային համարել:
Հարցեր, որոնց պատասխանը մամուլի մակարդակով չէ, որ պետք է հնչեն, բայց քանի որ ակնհայտ եւ բազմակետանի պատասխան որեւէ տեղ ըստ էության դժվար է գտնել, է, մամուլով էլ որոնենք դա:
Ռուսաստանում աշխուժորեն քննարկում են անցյալ դարավերջի` 90-ականների ընթացքում տեղի ունեցած Ելցին-Բիլ Քլինթոն հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որոնք առարկայորեն հաստատում են , թե ժամանակին ինչպես է ԱՄՆ-ի նախագահն օժանդակել ինչպես Ելցինի իշխանության գալուն, այնպես էլ հետագայում իշխանությունը պահպանելուն` Ելցինին դարձնելով սեփական քաղաքականության դրածո: Այդ վերծանումներից պարզ է դարձել նաեւ, թե ինչպես է օգտագործվել Գորբաչովը` Խորհրդային Միությունը փլուզելիս: Դե պատկերացրեք` եթե Ռուսաստանում եղել է դրածո իշխանություն, ապա ի՞նչ է կատարվել, ուրեմն, Հայաստանի հետ:
Մի օր, իհարկե, մեր մասով էլ վերծանումներ կլինեն, եւ մենք կիմանանք այն, ինչ ենթադրվել է միայն: Սակայն խոսքն այստեղ այլ բանի մասին է:
Ինչ ենք անում, որպեսզի տարածաշրջանային անվտանգության պատկերացումներից զատ իրոք բովանդակություն ունենա ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆԸ, միս ու արյուն, կարեւոր հարցերի մասին նախապես ձեւակերպած պատասխան, որ որեւէ իշխանություն դրանք չկարողանա շահարկել` մյուսի հանդեպ առավելության հասնելու համար, այլ լինի դրանց անառարկելի իրականացնողը: Բացի այդ` վստահություն լինի այն կադրերի ու մասնագետների նկատմամբ, որոնք իրականացնելու են մեր ազգային անվտանգությունը: Հստակ իմանանք, թե ինչ պատրաստվածությամբ, ինչ գիտելիքների բագաժով են նրանք պետության թիվ մեկ խնդիրն իրացնելու:
Երբ նայում ես, թե ինչպես է աշխարհի ուժեղներից կազմված խումբը բաժնետիրական ընկերության սկզբունքով կառավարվում աշխարհը, ըստ բաժնետերերի ունեցած բաժնեմասի` լուծում այս կամ այն ժողովրդի խնդիրը` անկախ նրա շահից, ու ակամա քննիչ հայացք ես գցում հայկական քարտեզին ու մեր հայկական իրականությանը`մեր ֆիգուրանտների առումով, եզրակցությունն ամենեւին էլ հանգստացնող չէ, քանի որ այդ բաժնետերերի ներկայությունը մեր հանրային կյանքի վրա, անզեն աչքով էլ թե դիտարկենք, չափից ավելի է եւ ամեն ինչում:
Այսօր, երբ արտերկրի տարբեր լրատվամիջոցներում հանգիստ կարելի է պատվիրել Հայաստանի կամ նրա ղեկավարների մասին որեւէ արատավորող նյութ, երբ Հայաստանի հանրային կյանքին հետեւողը առանց դժվարությամբ նկատում է այլ պետությունների շահերը սպասարկողներին, երբ իբրեւ թե ինտեգրման, բարի-դրացիության, դիվանագիտական շփման անվան տակ իրականացվում է այլ շահերի լոբբիինգ` հրամայական է դառնում հայկական անվտանգության բովանդակային առկայությունը, որի վերաբերյալ հաճախ թղթի վրա գրված ձեւակերպումներից այն կողմ առարկայական քիչ բան կարելի է հայտնաբերել:
Որտեղ է այդ բովանդակությունը, եթե հենց մեր տեղական լրատվամիջոցում կարող է արտահոսեցնել (իսկ ավելի ստույգ` հորինել), թե Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են եւ կոշտ են խոսել Մնացականյանի հետ` վարչապետի ասուլիսում հնչած նախկին բանակցային նյութը բացահայտելու համար: Ջհանդամ թե մտահոգված չեն, թե՞ միայն Ալիեւը պետք է միակողմանի արտահոսքեր անի եւ միջազգային վերաբերմունքի չարժանանա, համ էլ` ինչ գիտեք փափուկն ու կոշտը, սեղանի տակ թաքնված էի՞ք: Հիմա այս տեսակ լուրերի ճիշտն ու սխալը կապ ունի՞ անվտանգության հետ, թե՞ չունի: Կամ որ Սամվել Բաբայանը ասում է, թե նախկինները 5 միլիարդ դոլարի դիմաց Արցախը սկուտեղի վրա մատուցում էին Ադրբեջանին` անվտանգության մարմինները ստուգո՞ւմ են այդ փաստը, թե՞ լուրջ չեն վերաբերվում, եւ ո՞վ պետք է սահմանի` ինչին լուրջ վերաբերվել, ինչին` ոչ:
Հայաստանի անվտանգային պատվարը ձեւավորելու հարցը շատ մեծ է, բազմատարր, մենք այսօր կխոսենք նրանցից միայն մի տարրի` մասնագետների պատրաստման մասին, որի վրա, ի դեպ, կառուցվում են մյուս անվտանգային բաղադրիչները, ու կադրերից է կախված այդ անվտանգության մյուս բաղադրիչների լրջությունն ու մակարդակը:
Միայն այն, որ Հայաստանի անվտանգության ծառայության կադրերը շարունակում են ուղարկվել Ռուսաստանի անվտանգության ծառայության ակադեմիայում եւ ռուսական անվտանգային այլ կառույցներում սովորելու, արդեն իսկ կասկածի տակ է դնում այդ կադրերի` ուղնուծուծով հայկական լինելու բովադակությունը: Ի՞նչ են սովորեցնում այնտեղ` ինչպես իրականացնել Ռուսաստանի ազգային անվտանգությունը, վատագույն դեպքում` կարող են հավաքագրել որպես այդ երկրի անվտանգության գործակալներ: Իսկ որքան հավաքագրվածներ կան Խորհրդային Միության ժամանակներից մեր երկրում, որեւէ մեկը ցուցակագրե՞լ է նույնիսկ պարտադիր էլ չէ` թղթով ու վճարո՞վ, թե՞ առանց դրանց, կարեւորը` մտածողությամբ այդպիսին լինելն է:
1991-ի դեկեմբերին խորհրդային ՊԱԿ-ից անջատված հայկական ՊԱԿ-ը վերանվանվեց Հայաստանի ազգային անվտանգության վարչություն, այն ժամանակից տարին տարվա վրա սպասվում էր անվտանգության ինքնաբավ համակարգի կառուցումը, եւ որ ավելի կարեւոր է` սեփական անտանգային դպրոցի ստեղծումը` դրա համար ահռելի միջոցների ներդրումով, սեփական բազմակողմանի զարգացած, անվտանգությանը սպառնացող բոլոր մարտահրավերների համար պատրաստված, թող որՙ թանկարժեք ու մրցունակ կադրերի պատրաստմամբ: Ասենք` ոնց է, կարելի է ունենալ Դիլիջանի միջազգային դպրոց, Եվրոպայի խորհրդի քաղաքագիտական դպրոց` ըստ պատվերի ուղղվածության երիտասարդ մարդկանց պատրաստմամբ, դրանով ոգեւորվել, իսկ ահա որեւէ իշխանություն չուզեցավ Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ եւ անհետաձգելի` ընտրյալ երիտասարդներին դեռ մանկուց որպես անվտանգության մասնագետ լավագույնս պատրաստելու գործը հիմնադրել:
Մեր օրենսդիրներն, ով զարմանք, այսօր էլ փորձում են հարցը ոչ թե տանել ազգային անվտանգային բովանդակային տիրույթ, այլ`միմյանց հետ մենամարտում են, թե ԱԱԾ ղեկավարը կուսակցական պաշտոն լինի, թե՞ ապակուսակցական:
Կարծես չի գիտակցվում, որ որեւէ երկրի անվտանգության մակարդակը նրա կադրերի մակարդակից է կախված, ու հատկապես` ապակուսակցական, վերկուսակցական անվտանգության մասնագետներից:
Ինչ ունենք հիմա մենք: ԽՍՀՄ-ից ժառանգած անտանգության դպրոց (շկոլա ասվածը), որտեղ դեռ ներկա են նախկին ՊԱԿ-ի աշխատակիցներն ու նախկին ՊԱԿ-ի հայեցակարգերը, որտեղ սերնդափոխությունը նույնպես կատարվում է Ռուսաստանի անվտանգային ակադեմիաներում վերապատրաստված կամ ուսանած կադրերով, կամ ծայրահեղ դեպքում` ֆլետչերի դպրոցն ավարտածներով: Հասկանում եք, չէ՞, ինչ է սա, երբ մի երկրի անվտանգությունն ապահովում են այլ երկրի լսարաններով, անվտանգային համակարգերով անցած մարդիկ: Հիմա երբ նայում ես, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, ինչպես են դեսպանատների, միջազգային կառույցների աշխատակիցներն անընդհատ հանդիպում այս ու այն քաղաքական ուժի, այսուայն հանրային աղմուկ ստեղծողի հետ, որին հաջորդում են տարբեր իրադարձություններ, շատ մեծ փորձագետ լինել պետք չէ` հասկանալու համար, որ աշխարհը կառավարող բաժնետերերն ուղղակի բացահայտ խառնվում են մեր ներքին գործերին: Եւ առհասարակ` նայեք բոլոր նորահայտ փորձագետներին, վերլուծաբաններին, քաղաքական հայտ ներկայացնողներին, հետեւեք վերջին տարիների նրանց գործունեությանը, եւ կտեսնեք, որ նրանք այս կամ այն կերպ կապված են արտերկրյա դեսպանատների հետ, նրանց հայտի կամ գործունեության մեջ նրանց հովանավոր շրջանակների շահերն անթաքույց երեւում են: Նույն կերպ խորհրդարանում հայտնված «Իմ քայլի» պատգամավորների մի զգալի մասի հետեւում են ականջներ երեւում`նրանց խորհրդարան տարած դեմքերը նկատեն դա, թե ոչ: Տեսեք, թե որքան ակումբներ կան` այս կամ այն առաքելությամբ` նրանք հաճախ աննկատ սպասարկում են ռուսական, ամերիկյան, մասոնական , այլեւայլ շահեր, քանի որ նրանց տրամադրվող ֆինանսական աջակցության ուղղվածության մեջ անգամ բացահայտ դրված է այս կամ ուղղվածությանը հետեւելը: Հիմա այսպիսի երկրում, որտեղ բոլոր առանցքային կառույցներում աննկատ կամ նկատելի կարող են սողոսկած լինել տարբեր շահեր, կամ այսպես ասենք` աշխարհը կառավարող բաժնետերերի ներկայացուցիչները, որոնք կարող են որոշել ե՛ւ երկրի ղեկավար փոխել, ե՛ւ արժեզրկել` իրենց «պատրոն» երկրի ազդեցությանը ենթարկելու համար, ինչպես կարող են մաս կազմել նույն կառույցների` օրենսդիր, գործադիր ճյուղերին: Եւ ո՞վ պիտի նրանց բացահայտի` եթե մեր անվտանգության մասնագետներն էլ պատրաստման նույն ճանապարհն են անցնում: Զարմանալի է, որ մինչեւ հիմա նախկին կառավարությունները, հիմա էլ նոր կառավարությունը չի մտահոգվում սեփական անվտանգության «շկոլան» ստեղծելու մասին, դրա համար չի առանձնացնում միջոցներ, խոսքը մեծ գումարների մասին է, որոնք կներդվեն սեփական անվտանգային մասնագետներին պատրաստելու գործում, նրանց կընտրեն դպրոցական տարիքից եւ կպատրաստեն ֆիզիկապես, հոգեբանորեն, մի քանի լեզու կսովորեցնեն, կսովորեցնեն հայկական անվտանգության գերխնդիրը, կուսուցանեն հայոց պատմությունը`անցյալ դարերում պարսկական, բյուզանդական արքունիքներից ներդրված տրոյական ձիերի միջոցով մեր պատմության մեջ գործված ավերները սերտելուց սկսած, վերջացրած մինչեւ այժմ Հայաստանում առկա եւ չլյուստրացված ՊԱԿ գործակալների պատմությունները: Անկախ իշխանության փոխվելուց`մենք այսօր պետք է ունենայինք հարյուրավոր երիտասարդ կադրեր, որոնք պատրաստված կլինեին հայկական անվտանգային կանխավարկածով, նրանցից յուրաքանչյուրի վրա պետությունը ծախսած կլիներ միլիոնավոր դոլարներ`միայն երկրին ծառայելով դրանք հետ վերադարձնելու պայմանով: Այսինքն` համարյա անգին մասնագետներ կստեղծեր, որոնք կհամալրեին մեր անվտանգային համակարգը ոչ թե պատահական ընտրությամբ, սրա-նրա քրոջ, եղբոր տղան լինելու հանգամանքով, այլ օրինաչափորեն, որպես ոլորտի բարձր պրոֆեսիոնալներ: Իսկ այլ երկրերի հատուկ ծառայություններՙ նրանք միայն փորձի փոխանակման պայմանագրերով կմեկնեին: Բայց չէ, այդպիսի բան չենք արել, ու մերոնք շարունակում են սովորել Ռուսաստանի անվտանգության ակադեմիայում: Ինչ են սովորում, կամ որքան պիտի անատամ լինի որեւէ երկիր, որ իր կառույցներում սովորող անվտանգության մասնագետին չհավաքագրի: Սա՛ է կոչվում Հայաստանի անվտանգություն: Է, լավ, այս կամ այն երկրում ուսում ստացածները, այդ երկրներին իրենց ուսմամբ պարտք մնացածները կնկատե՞ն այդ երկրների անկանոն շարժումները մեր երկրում, թե՞ աչք կփակեն:
Եւ հրատապ է այդ մասին մտածելը` որքան շուտ, այնքան լավ:
ՍՏԵՓԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ