ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Այն բանից հետո, երբ անցյալ շաբաթավերջին ամերիկացիները Բաղդադի օդանավակայանում սպանեցին իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի եւ «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» զինված կազմավորման առաջնորդի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսին, հաջորդ օրը ամերիկյան օդուժը Իրաքի մայրաքաղաքի հյուսիսում հարվածներ հասցրեց այդ խմբավորման շարասյանը: Հարձակման հետեւանքով զոհվեց հինգ մարդ: Միեւնույն ժամանակ Baghdad Al Youm լրատվական հարթակը մանրամասնում է, որ զոհվածների թվում չի եղել աշխարհազորի հրամանատարներից մեկը, որին ձգտում էին ոչնչացնել ամերիկացիները:Ավելի վաղ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր ձեռնարկել իրաքյան «Ասաիբ Ահլ ալ-Հաք» խմբավորման եւ դրա ղեկավարների դեմ: Ինչպես հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն , այդ կառույցը Իրանի «դաժան դաշնակիցն» է: Սա ի՞նչ է նշանակում: ԱՄՆ-ի եւ Իրանի անուղղակի զինված դիմակայության էպիկենտրոնը տեղափոխվում է Իրաք: Ավելի վաղ դա կանխատեսել էին որոշ փորձագետներ: Մասնավորապես Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնի փորձագետ Սանամ Վաքիլը գրեց, որ դժվար չի լինի անկայունություն ստեղծել մի երկրում, որտեղ բազմամսյա հակակառավարական ցույցերից եւ վարչապետ Ադել Աբդել Մահդիի հրաժարականից հետո քաղաքական վակուում է ստեղծվել: Պատահական չէ Եվրոմիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեֆ Բորելի այն հայտարարությունը, որ Իրաքի տարածքում բռնությունների ներկայիս ալիքը պետք է կանգնեցվի, քանի դեռ այն դուրս չի եկել վերահսկողությունից: Նա առաջարկել է հաշտեցմանն ուղղված երկխոսություն ծավալել Մերձավոր Արեւելքում կայունություն ստեղծելու նպատակով:Բայց ո՞վ եւ ո՞ւմ հետ կարող է սկսել նման երկխոսություն: Այս կապակցությամբ այլ կերպ են ընկալվում The New York Times թերթի խմբագրությունում չգիտես ինչպես հայտնված եւ անցյալ տարեվերջին հրապարակված փաստաթղթերը, որոնք վերաբերում են 2014 եւ 2015 թթ. Իրաքի տարածքում իրանական հետախուզության եւ ԿՀՎ-ի գործունեությանը: Այդ փաստաթղթերը սկզբում ընկալվել էին որպես ապատեղեկատվություն: Դրանցում նշվում էր, որ իրանցի գեներալ Սուլեյմանին Իրաքում ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչների հետ է հանդիպել եւ նրանց հետ լուծել է «Իսլամական պետության» դեմ պայքարին առնչվող որոշ հացեր: Հայտնի չէ, թե որքան ժամանակ է գոյություն ունեցել կապի այդ միջոցը, բայց, ինչպես հաղորդում են քրդական որոշ կայքեր, Բաղդադի օդանավակայանում Սուլեյմանիին մահացու հարված հասցվեց այն ժամանակ, երբ նա այնտեղ էր ժամանել «Ալ-Խաշդ աշ-Շաբի» խմբավորման հետ բանակցելու ինչ-որ համաձայնության հասնելու համար: ԱՄՆ-ը պնդում է, թե Իրաքում իբր նախապատրաստվելիս է եղել իրադրության լուրջ սրացում: Բայց դա բնավ էլ փաստ չէ, կարող էր նաեւ այլ կերպ լինել:Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել-Մահդին վերոհիշյալ սպանությունները անվանել է երկրի ինքնիշխանության բացահայտ խախտում: Նա նաեւ խորհրդարանին կոչ է արել իրավաբանական միջոցներ ձեռնարկել Իրաքի արժանապատվությունը, ինքնիշխանությունը եւ անվտանգությունն ապահովելու համար: Առայժմ հայտնի չէ, Իրաքը խախտված կհամարի՞ արդյոք երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայության պայմանները: Գերմանական Der Spiegel շաբաթահանդեսի տվյալներով, ներկայումս Իրաքում տեղաբաշխված է մոտ 5000 ամերիկացի զինծառայող: Վաշինգտոնի եւ Բաղդադի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ԱՄՆ-ի խնդիրն է Իրաքի բանակին եւ ավտանգության ծառայություններին խորհրդատվություն տրամադրել եւ օգնել «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում: Վերջին հաշվով, արդյոք չի՞ ստացվի այնպես, ինչպես կանխատեսում է արեւմուտքի ռազմական փորձագետներից մեկը.«Կա՛մ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի դեմ պատերազմի, ինչը քիչ հավանական է, կա՛մ էլ սիգարետը բենզատարի մեջ նետելովՙ նա կհեռանաՙ Իրաքը թողնելով քաոսային վիճակում»:Հավանաբար Սուլեյմանիի սպանությունը կհանգեցնի նրան, որ Թեհրան-Վաշինգտոն փոխհարաբերություններում լարվածությունը կարող է հասնել աներեւակայելի չափերի: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել գեներալի մահվան համար: Իր հերթին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չի ձգտում փոխել Իրանի վարչակարգը եւ չի ուզում նոր պատերազմ, բայց պատրաստ է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, եթե Իրանը սպառնա ԱՄՆ-ին: Սակայն Իրանը հայտնվել է նեղ կացության մեջ, նա կարող է կորցնել հեղինակությունը: Այդ պատճառով նա կարող է հակազդեցության դիմել տարածաշրջանում սեփական կարգավիճակը պահպանելու համար: Այս կապակցությամբ ԿՀՎ տնօրենի նախկին պաշտոնակատար Մայքլ Մորելը կարծում է, որ Թեհրանը կարող է ահաբեկչական հարձակում գործել, որի հետեւանքով կզոհվի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնական անձ:Նրա խոսքերովՙ դա կարող է տեղի ունենալ աշխարհում որտեղ ասես եւ նույնիսկ ԱՄՆ-ի տարածքում: Սակայն գոյություն ունեն կարեւոր նրբերանգներ: Մորելը գտնում է, որ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնում է Իրանում կոշտ գծի հետեւորդների դիրքերի ամրապնդմանըՙ նրան դասելով իրանցի ազատական քաղաքական գործիչների թվին: Ի դեպ, 2017 թվականին երկրում ի հայտ եկավ շարժում, որը գեներալին կոչ էր անում իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանի բարձրագույն ղեկավարությունում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել: Եթե Թեհրանը որոշի դիմել պատասխան գործողությունների, ապա հարց կծագի, թե նա ինչպես կինտեգրվի ԱՄՆ-ում սկսված նախագահական ընտրարշավին, որտեղ Իրանի հարցում դեմոկրատների եւ հանրապետականների դիրքորոշումները սկզբունքորեն տարբեր են:Փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ, մեկ այլ տարբերակի համաձայն, ամերիկյան դիվանագիտությանը միջնորդական ջանքերի շնորհիվ կհաջողվի կանխել վրիժառության հնարավոր քայլերը եւ դրանց պատասխանները: Այդ ժամանակ Վաշինգտոնը ստիպված կլինի Իրանի համար գտնել ինչ-որ փոխհատուցողական որոշում: Դա մնացյալ աշխարհի համար պակաս ակներեւ է: Իսկ առայժմ Իրաքում հայտնի հոգեւոր առաջնորդ Ալի Սիստանին երկրի կառավարությանը հորդորել է հանդես բերել զսպվածություն եւ հիշեցրել, որ երկիրը հայտնվել է շատ բարդ վիճակում:Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության օգտին մշտապես հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ փոխնախագահ Մայք Փենսը: The Washington Post թերթի վարկածի համաձայն, հենց Պոմպեոն է ամիսներ շարունակ Թրամփին համոզել, որ հարկավոր է սպանել Սուլեյմանիինՙ դա կապելով նախագահի պաշտոնը պահպանելու Թրամփի հեռանկարի հետ: Ըստ որում, հստակորեն նշվում էին նաեւ հնարավոր վտանգներըՙ Մերձավոր Արեւելքում նոր պատերազմի սանձազերծումը, Թեհրանի պատասխան գործողությունները, «Իսլամական պետության» դեմ պայքարի ընդհատումը, Իրանի միջուկային ծրագրի փակման դիվանագիտական հնարավորությունների սպառումը, Իրաքի բացասական արձագանքը:Ներկայումս Պենտագոնը հայտարարում է, որ այդ վտանգները չափազանցված են եղել, բայց գործն արված է: Պոմպեոյի խոսքերով, իրենք մարտադաշտում վերացրել են «վատ տղային», եւ ինքը հպարտանում է Թրամփի ջանքերով: Ըստ որում, պետքարտուղարը զանգահարել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի ղեկավարներինՙ ԱՄՆ-ի հատուկ գործողությունը որակելով իբրեւ պաշտպանական միջոց: Սակայն գեներալ Սուլեյմանիի սպանությունն ուներ որոշակի նպատակՙ առնվազն ձախողել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի ձեռք բերած համաձայնությունը, իսկ որպես առավելագույն նպատակՙ Իրանին ներքաշել մեծ պատերազմի մեջ: Առաջին նպատակն ապահովված է: Երկրորդի առնչությամբ կան զգալի թվով բարդություններ, քանզի ենթադրվում էր, թե նախընտրական շրջանում Թրամփը չի համարձակվի պատերազմ սանձազերծել:Բայց հիմա կարող է պատերազմ ծագել: Մասնավորապես Իրաքում: Պարադոքսն այն է, որ ամերիկացիները իրենց ձեռքով Իրաքում իշխանության բերեցին իրանամետ շիա կազմակերպությունների ու խմբավորումների: Պատմության մեջ առաջին անգամ մի արաբական երկիր շիաների իշխանություն ունի: Ամերիկացիների մասնակցությամբ Մերձավոր Արեւելքում իրականացված «արաբական գարունը» Իրանին հնարավորություն տվեց ստեղծելու «շիաների կիսալուսին», այսինքնՙ առավելապես շիա բնակչությամբ երկրների դաշինք ընդդեմ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի աջակցությունը վայելող սուննի-վահաբիստական դաշինքի: Դա տարածաշրջանում համեմատաբար նոր, բայց բավական կայուն իրողություն է: Չպետք է մոռանալ, որ արաբական աշխարհում շիաներն իրենց համարում են առաջին հերթին շիաներ, եւ հետո միայն արաբներ, մինչդեռ սուննի արաբները կարեւորում են նախ իրենց արաբական ինքնությունը:Վտանգն այն է, որ Իրաքի ներկայիս քաղաքացիական պատերազմը կարող է վերաճել 1980 1988 թթ. իրանա-իրաքյան պատերազմի կրկնությանՙ ընդլայնվելով եւ ընդգրկելով ամբողջ տարածաշրջանը: Այնպես որ Թրամփը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մի կողմ կքաշվի, իսկ «արաբական գարնանից» բզկտված արաբական երկրները կանցնեն խուլ պաշտպանությանՙ հեռու մնալով նաեւ Իսրայելից:Կոնգրեսում դեմոկրատները վախենում են, որ Միացյալ Նահանգները կարող է ներքաշվել վարչակարգի տապալման մեջ, ինչպես դա արեց 2003 թ. Իրաքում եւ 2011 թ. Լիբիայում: Բացի դրանից, Իրանում փետրվարին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Սպասվում է, որ կհաղթեն կոշտ գծի հետեւորդները, իսկ նախագահ Ռոհանիի կողմնակիցների մանեւրելու հնարավորությունները կնվազեն: |