Չենք ցանկանում վատատես լինել, բայց արձանագրենք, որ նոր տարին սկսվեց տխուր իրադարձությունով` ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում սպանվեց Իրանի ամենանշանավոր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Մարդ, որը կարողացել է արդյունավետ պայքարել Մերձավոր Արեւելքում միջազգային ահաբեկչության «Իսլամական պետություն», ալ-Նուսրա, ալ-Ղաիդա եւ այլ վտանգավոր կազմակերպությունների դեմ: Պետությանն ու սեփական ժողովրդին նվիրված, օրինավոր շիա, հմուտ հրամանատար, որի խելացի եւ մանրակրկիտ մշակված ծրագրերով հնարավոր դարձավ տապալել Սիրիան կործանելու Արեւմուտքի ծրագրերը եւ փրկել տարածաշրջանը խոշորածավալ բախումներից: Ուստի բոլորովին էլ պատահական չէր, որ գեներալի սպանության փաստը մեծ արձագանք առաջացրեց ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:
Մարդ, որը մահից հետո էլ միասնականության խորհրդանիշ է Իրանում, որի մահը լուրջ հարված է առանց այդ էլ տարածաշրջանի փխրուն իրավիճակին: Խելացի գործիչը բազմիցս էր հանդես եկել Արեւմուտքի հետ կառուցողական երկխոսություն սկսելու առաջարկներով: Իրանի ռեակցիան էլ է լիովին հասկանալի. կյանքից հեռացել է ժողովրդի բոլոր խավերի եւ նույնիսկ ընդդիմության կողմից ընդունված ու սիրված զորահրամանատար: Սակայն կարծում ենք, որ Իրանում լավ են պատկերացնում իրավիճակը, գնահատում են խաղաղության արժեքը եւ այն, որ մերձավորարեւելյան ճգնաժամը թեւակոխում է նոր փուլ ու հարկավոր է շատ զգույշ ու հավասարակշռված պահվածք դրսեւորել:
Այդ ցավալի իրողությունը մեզանում տարատեսակ ընկալվեց. եղան պատերազմի կանխատեսումներ, դատապարտվեց եւ անհեռատես համարվեց ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականությունը, ձայներ լսվեցին իրանական կողմնորոշման պարտադիր գերակայության եւ հայ-իրանական հարաբերությունները նորմալ պահելու անհրաժեշտության վերաբերյալ եւ այլն:
Այս առիթով ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք պարզապես պարտավոր ենք չմոռանալ, որ մեզ սահմանակից են պետություններ, որոնք կա՛մ Իրանի ու Ռուսաստանի բացահայտ թշնամիներն են, կա՛մ հարմար հենակետ են այդ երկրի դեմ գործողների համար: Նաեւ այն, որ Հայաստանն իր կամքից անկախ գտնվում է լարվածության աղեղում, հետեւապես անչափ վտանգավոր է, որ հերթական անգամ կողմնորոշումների հինգհարյուրամյա ախտը չի մաքրվում մեր հոգիներից: Ի՛նչ գործ ունենք երկու մեծ տերությունների հարաբերությունների հետ: Չխաբենք ինքներս մեզ եւ իրատես լինենք վերջապես. մեծ հաշվով ով է մեզ բանի տեղ դնում մեծ քաղաքական գործընթացների առումով: Վերջապես ժամանակն է, որ ըմբռնենք պարզ մի ճշմարտություն. մեծերի հարաբերություններն այսօր կարող են շատ փայլուն լինել, իսկ վաղը` վատանալ: Հիշենք, թե չեզոք չմնալով նախկինում ինչքան ենք տուժել եւ սրանից ելնելով պետք է հասկանանք ու ոչ թե մատնանշենք հակաամերիկյան կամ պրոիրանական ուղի կամ հակառակը: Մենք չենք կարող թույլ տալ մեզ դառնալ թույլ օղակ եւ մեր երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ պետք է աչքաթող չանենք պետության անվտանգության հարցերը, քանի որ մեզ ոչ այնքան հասարակ խնդիրներ են սպասում:
Իրանցի գեներալի սպանությունը ծայրահեղ լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում, որտեղ հիմնական խաղացողներն են Իրանը, ԱՄՆ-ի հենասյուններ Թուրքիան եւ Իսրայելը: Անկասկած ինչպես աշխարհի բոլոր մասերում, այս տարածաշրջանում եւս մեծ դերակատարություն ունեն Ռուսաստանը եւ Չինաստանը:
Իրանը 5000-ամյա պատմություն ունեցող պետություն է, որի պետականությունը երբեւէ չի ընդհատվել: Նույնիսկ այն ժամանակ, երբ Իրանը ձեռք բարձրացրեց շահի վրա, դարձյալ իր արժեքներն ավելի ամուր պաշտպանեց: Իրանը ազգաբնակչության առումով բազմաշերտ է, սակայն այդ երկրի հոգեւոր բռունցքը բոլորին պարտադրում է իր թրի տակով անցնել: Բազմիցս են փորձել Իրանում օտարածին գաղափարներ տարածել, բայց ամեն անգամ հանդիպել են ամուր, անսասան պատի: Իրանը հերոսի արժեքը մեծարող պետություն է, որովհետեւ իր հերոսը իր պետության ամուր պատն է: Իրանը երբեք կուլ չի տա ամերիկյան կամ հրեական խայծը եւ երբեք թույլ չի տալու, որ իրեն ոչնչացնեն:
Թուրքիան միջին տարիքի պետություն է, որը ձեւավորվել է բացարձակ նվաճողական քաղաքականության, ուրիշ ժողովուրդների հայրենիքները զավթելու եւ զոռբայության արդյունքում: Այն տարածվել է Միջին եւ Մերձավոր Արեւելքով մեկ ու դեռ պանիսլամիզմի ու պանթյուրքիզմի միջոցով ցանկանում է իրենով անել Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Մոնղոլիան ու Չինաստանի հյուսիսային շրջանները:
Իսրայելն անհամեմատ նոր պետություն է, որը հանուն իր կայունության եւ բարգավաճման, մեծ պահանջներ է ներկայացնում աշխարհին: Հրեաները, որոնք վեց միլիոն զոհերի գնով պետության տեր են դարձել, այսօր էլ չեն թաքցնում ընդլայնվելու իրենց նպատակները: Գաղտնիք չէ նաեւ, որ Իսրայելի մեջքին Սպիտակ տունն է կանգնած:
Չմանրամասնելով նշենք, որ այս ամենում Չինաստանի շահերը համընկնում են Ռուսաստանի եւ Իրանի հետ, քանի որ Մեծ Թուրանի ստեղծման հեռանկարը վնաս է իր քաղաքական շահերին: Օրինական հարց է առաջանում` իսկ մենք որտե՞ղ ենք այս անցուդարձում: Կարծում եմ, եթե էլի անխելք լինենք` ոտնատակում, իսկ եթե խելացի լինենք` խաչմերուկում:
Փորձենք պարզաբանել: ԱՄՆ-ի միջուկային հզորությունը բավական է Երկիր մոլորակը մի քանի տասնյակ անգամ ոչնչացնելու համար եւ նրա դեմ պատերազմ սկսելն ուղղակի անիմաստ է: Հետեւաբար Ռուսաստանն ու Չինաստանն ամեն ինչ պիտի անեն, որ զսպեն Իրանին: Իսկ ո՞վ է մեղավոր հարցին հիմնավոր պատասխան տալու համար անհրաժեշտ է ճշգրիտ եւ հավաստի տեղեկություն ունենալ, որը ցավոք չունենք: Հետեւապես, գոնեեւ այս պահին մեր շահը թելադրում է հնարավորինս չեզոք մնալ: Ոչ ոք չի ժխտում, որ Իրանը մեր բարեկամն է եւ մեզ միշտ աջակցել է: Միեւնույն ժամանակ գաղտնիք չէ նաեւ, որ ԱՄՆ դիրքորոշումից է նաեւ կախված ղարաբաղյան հակամարտության լուծումը: Իսկ պատմությունը վկայում է, որ ԱՄՆ-ը երբ զայրանում է, խիստ եւ անողոք է պատժում: Հիշենք որ 1941թ. Պերլ Հարլբորի համար Ճապոնիան դարձավ առաջին եւ դեռեւս միակ միջուկային աղետի ենթարկված երկիրը:
Ամփոփելով նշենք, որ հարկավոր է շատ չտրվել զգացմունքայնությանը, հանդես բերել զուսպ, հավասարակշռված դիրքորոշում եւ երբեք չմոռանալ, որ մեր հարեւանների մեջ կան նաեւ առիթից օգտվող եւ ինքնահաստատման մոլուցքով տառապողներ: