Դա ընդգծեց ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հակասությունները, դարձնելով վիճարկելի Հյուսիսատլանտյան Դաշինքի գոյությունը
Դեկտեմբերի 3-4-ին, կազմավորման 70-ամյակին, Լոնդոնից ոչ հեռու Ուաթֆորդ քաղաքում գումարվեց ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, մասնակցությամբ ռազմական այս կառույցին անդամ 29 երկրների ղեկավարների: Չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի ՙ անդամ երկրների միասնականության, ներդաշնակության եւ համերաշխության մասին հավաստիացումներին, գագաթաժողովն անցել լարված մթնոլորտում, որտեղ ավելի է ընդգծվել ԱՄՆ-ի հետ Եվրոպական Միության առաջնակարգ երկրների, հատկապես Ֆրանսիայի եւ Գերմանիայի հակասությունները: Դրանք աննախադեպ սրել են ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունները, դա հանգեցրել է անդամ երկրների հարաբերությունների սրմանը, ինչի հետեւանքով գագաթաժողովի շրջանակներում, ինչպես BBC-ն է մատնանշել, սկսել է արծարծվել «մի՞թե վերջի ավարտն է» հարցը:
Իրականում հարցադրումը նոր չէր, հարուցվել էր դեռեւս 1991-ին, Խորհրդային Միության փլուզումով: Սակայն, Արեւելյան Եվրոպայի երկրներում, որոնք կազմում էին «Վարշավյան ուխտը», ԽՍՀՄ-ի իրավաժառանգորդ Ռուսաստանի ազդեցության հնարավոր վերականգնումը կասեցնելու առաջադրանքը ինքնաբերաբար օրակարգից դուրս էր մղել ՆԱՏՕ-ի լուծարման հարցը: Ավելինՙ անդամ երկրները համախմբվել էին աշխարհի միակ լիարժեք գերտերությանՙ ԱՄՆ-ի շուրջը, որ նպաստեն ՆԱՏՕ-ի դեպի Արեւելք ծավալմանը: Անդամ երկրների թիվը հասել է 29-ի, նույնքան անդամ ունի նաեւ ԵՄ-ը: Որպես կանոն ՆԱՏՕ-ին անդամակցող երկրները շուտափույթ ընդգրկվել էին ԵՄ-ի կազմում: Այսպիսով ՆԱՏՕ-ին զուգընթաց ԵՄ-ն էլ հետն ընդարձակվեց:
Քանի որ նոր անդամակցողները տնտեսական զարգացման մակարդակով եւ ռազմական կարողություններով էապես զիջում էին Արեւմտյան Եվրոպայի երկրներին, ուստի նրանց անդամակցությունը չհանգեցրեց ՆԱՏՕ-ի հզորացմանը: Ոչ էլ շնորհիվ դրանց ԵՄ-ը հզորացավ: Ընդհակառակը, ընդարձակմանը զուգընթաց հետզհետե դժվարացավ ՆԱՏՕ-ի, առավել եւս ԵՄ-ի կառավարումը: Այս կառույցների ներսում առաջացան խժդժություններ, որոնք ՆԱՏՕ-ի պարագայում խաթարում են միասնությունը, իսկ ԵՄ-ին թույլ չեն տալիս, որ դառնա ինքնուրույն բեւեռ: Դրան միանշանակ նպաստում է ԵՄ-ի կազմավորումը խրախուսող ԱՄՆ-ը, այնպես, ինչպես անկառավարելի դարձնելու նկրտումով նպաստել էր եվրոպական այդ կառույցի ընդարձակմանը :
Ի՞նչ նկատառումով: Այն, որ ինքնուրույն բեւեռ դարձած ԵՄ-ին կամք թելադրելն անհամեմատ դժվար էր լինելու, քան ընդարձակվելու հետեւանքով հետզհետե կառավարման բազում խնդիրների առջեւ կանգնող կառույցին, տնտեսական ճգնաժամերն ու սոցիալական պոռթկումները ներառյալ, էլ չենք խոսում Մերձավոր եւ Միջին Արեւելքում, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ-ի վարած անփառունակ քաղաքականության, սանձազերծած հարատեւ ու անմիտ պատերազմների հետեւանքով առաջացած ահաբեկչության մշտական սպառնալիքի, Աֆդանստանից, Իրաքից, Սիրիայից, Եմենից, Սուդանից, Սոմալիից, Թունիսից, Լիբիայից դեպի ԵՄ-ի երկրներ սուրացող փախստականների հոծ զանգվածների մասին, որոնցից շատերն առ այսօր խեղդամահ են լինում Միջերկրականի եւ Էգեյան ծովի անհյուրընկալ ջրերում: Ի դեպ, ԱՄՆ-ի միջինարեւելյան քաղաքականության ձախողման մասին օրերս գրել էր «Վաշինգտոն փոստը» եւ հրապարակել այդ ձախողումն հիմնավորող բազմաթիվ փաստաթղթեր, ընդ որում CIA-ի արխիվից:
Օգտվելով առիթից, նշենք, որ ահաբեկչությունը վերստին գլուխ է բարձրացրել Աֆղանստանում եւ Իրաքում, իսկ Սիրիայումՙ Թուրքիայի թեթեւ ձոռքով ակտիվանում են Իսլամական պետության, Ան Նուսրայի վարձկան ահաբեկիչները, որոնցից «Սիրիայի ազգային բանակում» ընգրկվածներին, ըստ «Halk TV-ի», թուրքական իշխանությունները «Խաղաղության աղբյուր» գործողություններին մասնակցելու համար ամսական 400 դոլար են վճարում:
Միջազգային մամուլը անգլիականի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթաժողովի լարված մթնոլորտը պայմանավորում է Էրդողանի. Թրամփի կամ Մակրոնի «անկապ ելույթներով», թե կարող են տակնուվրա անել գագաթաժողովը, սակայն դա ճիշտ չէ: Ելույթներն ընդամենը կարող են դառնալ լարվածության շարժառիթը, այլ ոչ թե բուն պատճառը: Դրանք առավել եւս տեւական չեն դարձնի առկա լարվածությունը: Հետեւաբար լարվածությունը պետք է պայմանավորվի գագաթաժողովում ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի առաջնակարգ երկրներիՙ Ֆրանսիայի ու Գերմանիայի հակասությունների ընդգծումով: Ի դեպ, դրանք նոր չեն, ոչ էլ աշխարհն է առաջվանը, այսինքն միաբեւեռ չէ այլեւս, ինչպես նախորդ դարի 90-ականներին էր: Ի դեմս Ռուսաստանի ու Չինաստանի ի հայտ են եկել նոր գերտերություններ, որոնք ձեռք են բերում ինքնուրույն բեւեռի հատկանիշներ եւ սերտորեն համագործակցում:
Չինաստանի տնտեսական վերելքի պատճառով աշխարհում տնտեսության ծանրության կենտրոնը Արեւմուտքից հետզհետե տեղափոխվել է Հեռավոր Արեւելք: Դա նպաստել է, որ Չինաստանը դառնա գերտերություն ոչ միայն ռազմական եւ քաղաքական առումներով, այլեւ տնտեսության ու տեխնոլոգիայի: Նրա քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ եւ այդ համագործակցության արագորեն հզորացումը աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծել, ինչի հետեւանքով ԱՄՆ-ի առաջնահերթությունները սկսել են տարբերվել ԵՄ-ի առաջնահերթություններից, ինչը սպառնալիքի տակ է դնում ՆԱՏՕ-ի ապագան: Վաշինգտոնի վարչակարգը վաղուց արդեն Չինաստանին դիտարկում է որպես գլոբալ սպառնալիք: Թերեւա այդ պատառով է, որ ԱՄՆ-ն դեռեւս Բարաք Օբամայի օրոք իր քաղաքականության վեկտորը Մերձավոր եւ Միջին Արեւելքից, ինչպես նաեւ Եվրոպայից սկսել էր ուղղել դեպի Հեռավոր Արեւելք: Այս միտումը Դոնալդ Թրամփի նախագահությամբ է՛լ ավելի զարգացավ:
ԱՄՆ-ի դիտարկումով, ինչ խոսք, սպառնալիք է նաեւ Ռուսաստանը, սակայն Չինաստանի համեմատ ոչ այնքան վտանգավոր: Ուստի ԱՄՆ-ը իր ռազմավարական ծրագրերում մտածում է Չինաստանի առաջխաղացումը կասեցնելու դեր հատկացնել ՆԱՏՕ-ին, պահանջելով որ այդ մտքի հետ համակերպվեն նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի պես ԵՄ-ի առաջնակարգ երկրները: Բայց ինչպե՞ս: Այս երկրները էներգետիկայի բնագավառում մեծ կախում ունեն Ռուսաստանից, իսկ Չինաստանի հետՙ տնտեսական լուրջ կապերու նաեւ հետաքրքրություն չինական շուկայի հանդեպ: Այս ամենից զատ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում կարեւորագույն դաշնակից համարվող քրդական ուժերին վճռական պահին լքելու, առանց ՆԱՏՕ-ի հավանությանը Սիրիայում ռազմական ներկայություն ապահովելու, Թուրքիային այս երկրում ռազմական գործողությունների հնարավորություն տալու գործելակերպը սասանել է ԱՄՆ-ի հանդեպ ԵՄ-ի վստահությունը:
ԱՄՆ-ը սոսկ այդ գործելակերպով չի սահմանափակվում, այլ որեւէ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշում ընդունելիս պարտադրում է, որ որոշումը հարգեն նաեւ մյուս երկրները, դաշնակիցներըՙ առավել եւս, ինչպես կամքից անկախ հարգել էին Իրանի եւ Ռուսաստանի պարագայում: Թերեւս ԱՄՆ-ի այս կարգի պարտադրանքներն ու նրա հանդեպ վստահության նվազումն էր պատճառը, որ 2017-ի մայիսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայտարարել էր. «Մենք եվրոպացիներս այսուհետեւ ինքներս պետք է տնօրինենք մեր ճակատագիրը»: Նույն թվի սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սորբոնի համալսարանում առաջ էր քաշել «իսկական Եվրոպական բանակ ստեղծելու» գաղափարը, պատճառաբանելով դա «անվտանգության եւ պաշտպանության բնագավառներում Եվրոպայի ռազմավարական անկախությունն ապահովելու» անհրաժեշտությամբ:
Նախագահ Մակրոնի գաղափարը պաշտոնական բնույթ ստացավ 2018-ի հունիսին, երբ Ֆրանսիայի, Բելգիայի, Դանիայի, Էստոնիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարները ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս համագործակցելու հուշագիր ստորագրեցին: Դրանով ստեղծվեց ռազմակամ նոր կոալիցիա Եվրոպայում, որի նախաձեռնությունն ստանձնած Մակրոնը նոյեմբերի վերջին «Էկոնոմիստ» շաբաթահանդեսին տված հարցազրույցում ասել էր. «Իրականացավ ՆԱՏՕ-ի ուղեղային մահը»: Նրա այս խոսքերը, դրանց նախագահ Թրամփի բուռն հակազդեցությունը, թե խիստ վիրավորական են ՆԱՏՕ-ի համար, վկայում են ԵՄ-ի ՆԱՏՕ-ից անկախ ռազմական միավոր ստեղծելու մտադրության մասին, իսկ դա ավելի իրատեսական է դարձնում գագաթաժողովի առնչությամբ հնչած «մի՞թե սա վերջի ավարտն է» հարցադրումը :
Անգլիական մամուլը ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթաժողովի լարված մթնոլորտը Էրդողանի. Թրամփի կամ Մակրոնի անկապ ելույթներով պայմանավորելիս նկատի էր ունեցել Ֆրանսիայի նախագահի վերոհիշյալ խոսքերը: Դրանց դեկտեմբերի 3-ին Անկարայի օդակայանում արձագանքել էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը , ասելով. «Դու նախ մտածիր քո ուղեղային մահվան մասին»: Այս սանձարձակությունից հետո Էրդողանը պահանջել էր որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ժողովրդի պաշտպանական ստորաբաժանումներինՙ քրդական YPG-ին, սպառնալով, թե վետո կդնի «Լեհաստանի եւ Մերձբալթյան հանրապետությունների պաշտպանությունը բարելավելու» ՆԱՏՕ-ի հատուկ ծրագրի վրա:
Լոնդոն մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի գլխավորությամբ դատապարտել է ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք քննադատել էին թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա, նրանց կրկին հիշեցրել է Թուրքիայում ապաստանած 4 մլն սիրիացի փախստականների մասին, գանգատվել է ԵՄ-ից, թե զլանում է ֆինանսական միջոցներ տրամադրել վերջիններիս համար, ապա անդրադարձել է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին, ընդգծելով, որ դրանք դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն:
Նախքան գագաթաժողովի բացումն Էրդողանը քառակողմ հանդիպում է ունեցել նախագահ Մակրոնի, կանցլեր Մերկելի եւ Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Հանդիպմանը քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակին, քրդական YPG-ին, հավանաբար նաեւ ռուսական S-400 համակարգերին առնչվող հարցեր, քանի որ Մակրոնը հանդիպումից առաջ ասել էր, որ այդ մասին կհարցնի Էրդողանին: Ավարտին Էրդողանը, միջազգային մամուլի տվյալներով, դրական է գնահատել մեկժամյա այդ հանդիպումը, իսկ ըստ թուրքականիՙ «կողմերի երեսին է շփել» Թուրքիային հուզող բոլոր հարցերը եւ կարգի է հրավիրել նրանց, ովքեր հարցրել են, թե ի՞նչ գործ ունեք Սիրիայում:
Ապա էրդողանը հանդիպել է նաեւ Թրամփին: Մինչ Էրդողանի հաղորդակցության տնօրեն Ֆահրեթդին Ալթունը դա արդյունավետ էր համարում, Սպիտակ տան խոսնակը հայտարարեց, որ երկու երկրների նախագահները կենտրոնացել են Հյուսիսատլանտյան Դաշինքի հանդեպ Թուրքիայի պարտավորությունների կատարման վրա: Ի դեպ, այդ հարցում ԱՄՆ-ի պաշպանության նախարար Մարկ Էսփերը , նախազգուշացնելու համար Էրդողանին, «Ռոյթերին» նախապես ասել էր, որ բոլորը պարտավոր չեն շարժվելու Թուրքիայի օրակարգով:
Ինչ վերաբերում է գագաթաժողովի աշխատանքներին, ապա դրանց մասին մասնակի տեղեկություններ է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգը, մատնանշելով անդամ երկրների համերաշխության եւ միասնության կարեւորությունը: Ի դեպ, գագաթաժողովում յուրաքանչյուր զեկուցողին ելույթի համար տրամադրվել է ընդամենը 4 րոպե: Նա ասել է, որ հակառակ Էրդողանի սպառնալիքներին Լեհաստանի եւ Մերձբալտյան երկրների պաշտպանության բարելավման ՆԱՏՕ-ի ծրագիրը նույնությամբ ընդունվել է, գագաթաժողովում առհասարակ չի քննարկվել քրդական YPG-ի հարցը եւ նշվել է, որ ռուսական S-400 համակարգերը երբեւէ չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգին: Այլ կերպ, «Halk TV-ի» դիպուկ արտահայտությամբ, «Թուրքիայում առյուծի պես մռնչացող Էրդողանը դրսում կրկին կատու է դարձել»:
Գալով գագաթաժողովի ընդունած ընդհանուր հայտարարությանը, ապա դա 9 կետանոց է, որտեղ Ռուսաստանը շարունակում է դիտարկվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության սպառնալիք, պատրաստակամություն է հայտվում Հյուսիսատլանտյան Դաշինքում առանձին քննարկել Չինաստանի հարաճուն ազդեցությունը եւ վճռականորեն պայքարել ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ:
Գագաթաժողովի արդյունքների առումով խիստ հատկանշական է Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերի գնահատականը. «ՆԱՏՕ-ի ապագան պատմության մեջ երբեք այսքան անորոշ չի եղել»: Ըստ երեւույթին այս անորոշությունը պետք է պայմանավորել ոչ թե միջազգային մամուլիՙ Էրդողանին, Թրամփին եւ Մակրոնին վերագրած գագաթաժողովը տակնուվրա անելու պատրաստակամությամբ, այլ որպես ռազմական կառույց ՆԱՏՕ-ի գործառույթի աստիճանաբար սպառումով: