ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ
Կենտրոնական բանկի հրապարակածՙ ՀՀ բանկերի միջոցով արտերկրից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց միջոցով կատարված դրամական փոխանցումների ցուցանիշները փաստում են, որ ֆինանսների արտահոսքը մեր երկրից աճում է: Խոսքն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրված երեւույթի մասին է: Ընդ որում, հրապարակված վերջին երկու ամիսներից հատկապես օգոստոսին այս տարվա ամենաբարձր արտահոսքն է արձանագրվելՙ 157 մլն դոլար:
Ինչ վերաբերում է հունվար-սեպտեմբերին, ապա բանկերի միջոցով դրամական փոխանցումների տեսքով Հայաստանից դուրս է եկել 1 մլրդ 67 մլն դոլար: 2018 թ.-ի նույն ժամանակահատվածում դուրս էր եկել 829 մլն դոլար: Այսինքն, այս տարվա ինը ամիսներին Հայաստանից դուրս է եկել 238 մլն դոլարով ավելի գումար, քան 2018 թ.-ի ինը ամիսներին:
Հակառակ ուղղությամբՙ արտերկրից դեպի Հայաստան կատարվող փոխանցումներն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են 1 մլրդ 401 մլն դոլարՙ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 1 մլրդ 279 մլն դոլարի դիմաց: Այսինքն, Հայաստան մտնող գումարները նույնպես աճել ենՙ 122 մլն դոլարով: Սակայն Հայաստան մտնող եւ Հայաստանից դուրս եկող գումարների տարբերությունըՙ կամ մեր երկիր մտնող գումարի զուտ ներհոսքը նվազել է: Այս տարվա հունվար-սեպտեմբերին այն կազմել է 334 մլն դոլարՙ անցած տարվա նույն ժամանակահատվածի 449 մլն դոլարի դիմաց: Այսինքն, այս տարի նույն ժամանակահատվածում որպես զուտ ներհոսք մոտ 115 մլն դոլարով ավելի քիչ գումար է մտել Հայաստան, քան անցյալ տարի: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ Հայաստանից գումարների արտահոսքը շարունակում է աճել ավելի մեծ տեմպով, քան Հայաստան մտնող գումարների ներհոսքը :
Կենտրոնական բանկը Հայաստանից ֆինանսական արտահոսքի ավելացումը բացատրում է «ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով»: Ինչ խոսք, այս տարի իսկապես կա ավտոմեքենաների ներմուծման աննախադեպ աճ: Հիշեցնենք, որ դա պայմանավորված է ԵԱՏՄ մտնելիս Հայաստանի նախկին կառավարության կողմից ավտոմեքենաների ներմուծման համար մաքսատուրքերի հնգամյա արտոնություն ձեռք բերելու հանգամանքով: Նման մեծ ծավալի ներմուծումը նաեւ էապես նպաստել է տնտեսական ակտիվության խթանմանը եւ պետական բյուջեի համալրմանը (60-70 մլրդ դրամ ինը ամիսների ընթացքում): Բայց վարչապետ Փաշինյանը երբ հպարտանում է տնտեսական այս ցուցանիշներով, չի նշում, որ ինքն ու իր կառավարությունը կապ չունեն դրա հետ:
Այդուհանդերձ, հիշեցնենք, որ գումարների այս հոսքերի մասին տեղեկատվությունն առնչվում է միայն հիմնականում փոքր գումարներ ստացող եւ ուղարկող ֆիզիկական անձանց (բացառությամբ ավտոներկրողների կողմից մեծածավալ գործարքներ կատարելը): Ինչ կլինի, եթե ԿԲ-ն փորձի ներկայացնել, թե «հեղափոխության» պատճառով եւ դրանից հետո որքան գումար է դուրս եկել Հայաստանից տեղի եւ արտերկրի խոշոր գործարարների կողմից: Բնականաբար չի փորձի դա անել, քանի որ այս անգամ ավտոմեքենաների ներմուծման պատճառաբանության նման պատճառաբանություն չի գտնվի, իսկ իրական պատճառն էլ չի ուզենա ասել…