Տարիներ առաջ, երբ իշխանությունը դեռ պատկանում էր նրանց, ովքեր ինչքան ուզում, այնքան խփում էին, ընդդիմադիր ուժերը, այդ թվում եւ այսօրվա պետական պաշտոնյաներից շատերը, մեղադրում էին կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանինՙ աշխատանքային ժամերին ֆեյսբուքում գրառումներ անելու համար: Իհարկե, ճշմարտություն կար այդ բողոքագրերի մեջ, բայց…
Բայց նոյեմբերի 25-ին բացեցի ֆեյսբուքյան էջս ու անակնկալի եկա. պատերազմական վիճակում գտնվող երկրի գերագույն-գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական էջը գովազդային գործակալության էր վերածել: «Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել» վերտառությամբ գրառման մեջ վարչապետը «սիրելի հայրենակիցներին» կոչ էր անում մետաղաձուլարաններ հանձնել ավտոմեքենաների, արդեն աղբ դարձած, թափքերը:
Լավ բան է երկիրը, բնությունը մաքրելը, բայց իր գրառմանը կից Փաշինյանը ժողովրդին «հուշել» էրՙ որտեղ կարող են հանձնել իրենց պատկանող թափքերը: Փաստորեն նա գովազդում էր այն ընկերությանը, որի հետ նախկինում կապել է Սերժ Սարգսյանի անունը:
Շրջանցենք այս փաստը եւ դառնանք թափքատեր քաղաքացու, որ մեկ է, տուժում է, որովհետեւ մեկ տոննա ջարդոնն արժենալու է առավելագույնը 12.000 դրամ, իսկ միջին վիճակագրական թափքի քաշը չի գերազանցում 400-500 կիլոգրամը, եթե բեռնատարի չէ: Դե, տեղափոխելու ծախսերն էլ հաշվենք ու, ինչպես բիզնեսմեններն են սիրում ասելՙ «տակ տանք»:
Տխուր է, երբ արվում է մի բան, որի քննադատությունը եղել է Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի իշխանության գալու կարեւոր ցատկատեղիներից մեկը: Ցավալի է, բայց Փաշինյանը միակը չէ: յուրաքանչյուր վայրկյան դուք կարող եք տեսնել, ասենք, երկրի Ազգային ժողովի նախագահի ֆեյսբուքյան գրառումը, աշխատանքային ժամին, օրինակՙ խաշ ուտելու եւ դրա հաշիվը փակելու հետ կապված, դուք հանգիստ կարող եք տեսնել նախարարական գրառումներ, որոնք ոչ միայն տեղին չեն, այլեւ անպատկառության դասական օրինակներ են:
«Մենք նախկիններից այսպիսի ժառանգություն ենք ստացել»,- արդեն հոգնել ենք այս եւ նման պատասխաններից, ժամանակն է, որ ինքներդ ժառանգություն թողնելու ուղղությամբ մտածեք: