Ստեփանակերտում կարող են հայտնվել ռուս զինվորականներ
Ադրբեջանն ու Հայաստանը միասին հայտնվել են անսովոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Նրանց սահմանակից երկրներումՙ Վրաստանում եւ Իրանում ներկայումս սուր ճգնաժամեր են սկսվել: Պատճառները տարբեր են: Վրաստանում դրանք կապված են ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ խորհրդարանում ձախողված քվեարկության հետ: Իրանում սկսված անկարգությունների պատճառը բենզինի գների բարձրացումն է:
Սակայն կան նաեւ ընդհանուր կանխատեսումներ: Եթե Թբիլիսիի եւ Թեհրանի իշխանություններին չհաջողվի համաձայնության գալ «փողոցի» հետ, ապա ներքաղաքական ապակայունացման գործընթացները կսկսեն ուժեղանալ եւ ունենալ շատ անսպասելի հետեւանքներ: Բայց կոնկրետ ինչպիսի՞ հետեւանքներ: Վրաստանում «Դեմոկրատական շարժում. միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն (եւ ոչ միայն նա) օգտագործում է «ապակայունացում» եզրույթը, սակայն հասկանալի չէ, թե նա կոնկրետ ինչ վտանգներ նկատի ունի: Ենթադրենք, թե ներկայումս կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը դուրս է գալիս քաղաքական ասարեզից: Իսկ ո՞վ կփոխարինի նրան, եւ վրացական նորահայտ ընտրախավը հնարավորություն կունենա՞ արդյոք պահպանել իշխանությունը անչափ տարանջատված հասարակության պայմաններում, որը պահպանում է կլանային-ավատական մտածելակերպը:
Ինչպես գրում է թբիլիսցի փորձագետ Զուրաբ Բեջանիշվիլին , պատահական չէ, որ Վրաստանն անկախացումից ի վեր ավելի շատ պատերազմներ է տեսել, քան մյուս հետխորհրդային հանրապետությունները, եւ այդ բոլոր պատերազմներն առնչվել են երկրի ամբողջ հասարակությանը: Եղել են երկու քաղաքացիական պատերազմ, պատերազմներ Հյուսիսային Կովկասի եւ Ռուսաստանի հետ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջաններում, քրեական աշխարհի հետ պետության պատերազմը «Վարդերի հեղափոխությունից» հետո, Ռուսաստանի հետ 2008 թ. կովկասյան պատերազմը, որը հանգեցրեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերահսկողության կորստին: Ներկայումս չի կարելի բացառել, որ Վրաստանը կշարժվի դեպի հերթական քաղաքացիական պատերազմը եւ որ երկրում իրադրությունը կսկսի շիկանալ: Նման սխեմայի իրականացումը անմիջականորեն կառնչվի Բաքվին ու Երեւանին:
Ադրբեջանի համար Վրաստանը միակ միջանցքն է սեփական էներգառեսուրսները համաշխարհային շուկաներ հասցնելու համար, չխոսելով արդեն ուրիշ տրանսպորտային հաղորդակցությունների մասին: Ո՞վ կապահովի այդ միջանցքի անվտանգությունը եւ, առհասարակ, կապահովի՞ արդյոք: Բացի դրանից, գոյություն ունի Վրաստանի տարածքում ապրող ադրբեջանցիների խնդիր: Հայաստանի համար նույնպես Վրաստանի ապակայունացումը սպառնում է արտաքին աշխարհի եւ, առաջին հերթին, Ռուսաստանի հետ նրա տրանսպորտային-առեւտրային կապերին: Դրան գումարվում է նաեւ Վրաստանի հայկական համայնքի գործոնը: Ինչպես տեսնում ենք, այս ուղղությամբ Բաքվի ու Երեւանի համար ի հայտ է գալիս ընդհանուր սպառնալիքների գործոնը, այլ ոչ թե հակամարտությունը:
Բավական բարդ է նաեւ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող Իրանի վիճակը: Այնտեղ բազմաթիվ քաղաքներում ծավալված բողոքի հերթական ալիքը անշուշտ ունի տնտեսական պատճառներ, բայց երկրի ներսում եւ արտերկրում նույնպես կան ուժեր, որոնք քաղաքականացնում են իրավիճակը եւ անկայունություն ստեղծում: Ինչպես գտնում է բաքվեցի փորձագետ Զարդուշտ Ալիզադեն , տվյալ իրավիճակում Թեհրանի ամեն մի նահանջ հղի է նրանով, որ զանազան շարժումների կազմակերպիչները կընդլայնեն իրենց պահանջները: Այնպես որ Իրանի իշխանությունները ներկա պահին կանգնած են ընտրության առջեւ, եւ Թեհրանի կատարելիք ընտրությունից կախված կլինի Իրանի իշխանության ապագան:
Բացի դրանից, ԱՄՆ-ը Իրանի համար արդեն նախատեսել է տարբեր սցենարներ: Երկիրը կարող է բոցավառվել աշխարհաքաղաքական կրակովՙ բաժանվելով տարբեր մասերի: Ընդսմին Հայաստանը կարող է կորցնել «երկրորդ կյանքի ճանապարհը», բայց ամենամեծ դժվարություններին կբախվի Ադրբեջանը, դեպի ուր անխուսափելիորեն կհորդա փախստականների ալիքը, կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Հարավային (իրանական) Ադրբեջանումՙ Ատրպատականում, ապրում են ավելի քան 20 միլիոն ադրբեջանցիներ, եւ Բաքուն կամա թե ակամա կարձագանքի այն բանին, թե ինչ է տեղի ունենում իր հարավային սահմաններում: Ի հայտ կգան նաեւ այլ գործոններ, որոնք բացասաբար կազդեն տարածաշրջանի իրադրության վրա: Ուստի, ինչպես Բաքուն, այնպես էլ Երեւանը շահագրգռված են Իրանում կայունության պահպանմամբ:
Պատահական չէ այն փաստը, որ Բաքուն բավական հանգիստ ընկալեց Գյումրիում ռուսական ռազմակայանի ուժեղացման փաստը: Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է մինչեւ օրս չլուծված Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որը կարող է այլ ուրվագծեր եւ բնութագրեր ստանալ տարածաշրջանում ապակառուցողական սցենարների ծավալման դեպքում: Կարող է այնպես պատահել, որ երկու կողմերը հակամարտությունից ավելի կարեւոր համարվող տարբեր դրդապատճառներով համաձայնեն Ստեփանակերտում ռուս զինվորականների հայտնվելուն: Բայց դա մեծ չափով կախված կլինի Մոսկվայի ապագա դիրքորոշումից: