Օրերս զրուցեցինք մի մարդուՙ Արմեն Մելքոնյանի հետ, որի որդին, վրաերթի ենթարկվելով, մահացել էր մեր զրույցից մեկ շաբաթ առաջՙ հոկտեմբերի 28-ին: Կիսելով նրա եւ մյուս հարազատների վիշտը, որոշակի կրճատումներովՙ ստորեւ ներկայացնում ենք նրա պատմությունն իր որդու մահվան կապակցությամբ:
«Տղասՙ Մելքոն Արմենի Մելքոնյանը, հոկտեմբերի 28-ին Տիգրան Մեծ պողոտայում, «Տաշիր» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ վրաերթի ենթարկվեց: Ականատեսների վկայությամբՙ այդ պահին փողոցն ազատ է եղել, մեքենաներ չեն եղել, տղաս փորձել է անցնել, բայց հանդիպակաց գծով շատ մեծ արագությամբ ընթացող 17 SS 286 պետհամարանիշով BMW մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել նրան: Տղայիս վրաերթի ենթարկելուց հետո վարորդը դիմել է փախուստի:
Երեկոյան 22:40-50-ի սահմաններում ինձ զանգահարեցին եւ ասացին, որ տղաս վրաերթի է ենթարկվել, բայց մահվան մասին այդ պահին ոչինչ չհայտնեցին, ասացին, որ ոտքն է կոտրել: Տեղ հասնելուն պես ասացին, որ տղայիս արդեն տարել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Բարձրացա այնտեղ, մարդիկ էին կանգնած, ուշադիր ինձ էին նայում: Ցանկացա տղայիս տեսնել, բայց ասացին, որ վնասվածքը լուրջ է, եւ գտնվում է դատազննական բաժանմունքում: Մտածելով, որ տղաս օգնության կարիք ունի եւ չպատկերացնելով, թե ինչ է այդ բաժանմունքը, արագ գնացի այդտեղ, փորձեցի ներս մտնել, բայց դռան մոտ կանգնածներից մեկն ասաց. «Եղբա՛յր, սառնարանում է, օգնելու ոչինչ չկա»: Այդ պահին ոտքերս թուլացան, հասկացա ամեն ինչ. տղաս մահացած էր:
2 տարի Արցախում պատվով ծառայելուց հետո նա 3 ամիս էր, ինչ վերադարձել էր բանակից, խնջույք արեցինք, ուրախացանք, որ վերջապես հետ էր եկել… Տնտեսագիտական համալսարանում էր սովորում, բանակից վերադառնալուց հետո որոշեց ուսումը հեռակա դարձնել, որպեսզի նաեւ աշխատի եւ հոգա իր կարիքները: Տղաս աշխատանքի անցավ «Շերեփ» ռեստորանում: Ամեն ինչ բնականոն հունով էր ընթանում, մինչեւ չարաբաստիկ դեպքը:
Նրա թաղմանը հազարավոր մարդիկ էին եկելՙ հարյուրավոր ծաղկեպսակներով, թե՛ իր ծառայած զորամասից, թե՛ համալսարանից, թե՛ աշխատավայրից, թե՛ նույնիսկ այնպիսի տեղերից, որտեղ նա ընդամենը մի քանի օրով էր գտնվել: Բոլորը սգում էին նրա մահը, հիացմունքով եւ ափսոսանքով էին խոսում նրա մասին:
Թաղման արարողությունից հետո մենք որոշեցինք հետաքրքրվելՙ վրաերթի մեջ որքա՞ն է տղայիս մեղավորությունը, որքա՞նՙ վարորդինը: Ես լավ գիտեմ տղայիս, նա ուշադիր էր, աչալուրջ, խելացի ու դաստիարակված, բազմաթիվ պարգեւներ էր ստացել Հանրապետության առաջին դեմքերից, նույնիսկ նախագահական նստավայրում էր եղել…
Դեպքի ականատեսները պատմում էին, որ մեքենան շատ արագ է սլացել, արգելակման հետագծեր չեն էլ եղել, եւ վարորդը նույնիսկ չի փորձել կանգնեցնել մեքենան: Ես մեծ ցավ եւ վիրավորանք ապրեցի. տղայիս վրաերթի ենթարկած ու մի քանի ժամ անց, ինչ-որ մեկի ուղղորդմամբ ոստիկանություն ներկայացած վարորդն անգամ չէր ընդունել իր մեղքը, իրեն մեղավոր չէր ճանաչել:
Մենք նույնիսկ փորձեցինք տարածքում գտնվող խանութների տեսախցիկների տեսագրությունները նայել: Ոմանք թույլ տվեցին նայել, եւ որոշակի տեղեկություններ ստացանք: Բայց այնտեղ, որտեղ որ կատարվել էր դեպքը, այդ տարածքի տեսախցիկների տեսագրությունները զարմանալիորեն անհետացել էին: Այդ խանութի տնօրենը մեզ «ներկայացրեց», որ խանութի տեսախցիկները «մեկ աշխատում են, մեկ չեն աշխատում»: Երկար զրուցելուց հետո նա անկեղծացավ, որ մեզնից առաջ էնտեղ եղել են վրաերթի ենթարկողի մտերիմները: Հետո միայն հասկացանք, որ մինչ մենք սգացել ենք մեր երեխայի մահը, վարորդի մտերիմները զբաղվել են հետքերը թաքցնելով ու «ապահովագրել են» նրան:
Մենք զրուցեցինք պետավտոտեսուչի հետ, որը դեպքի ժամանակ հերթապահություն էր իրականացրել այդտեղ: Հարցրեցինքՙ երբ վարորդը նստած էր ոստիկանական մեքենայում, խմածության հոտ գալի՞ս էր: Նա պատասխանեց, որ փակ տարածքում ավելի ուժեղ էր գալիս հոտը: Դրանից ելնելով խոսել է վրաերթ իրականացնողիՙ Բաբկեն Ս.-ի հետ, եւ վարորդն արտահայտվել է, որ վիսկի է խմած եղել: Պետավտոտեսուչի հետ զրուցելուց հետո մենք համոզվեցինք, որ վարորդին ուղղորդել է դեպքի վայր ներկայանալ նրա հորեղբայրը, ով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է եղել, մեջբերում եմ պետավտոտեսուչի խոսքերըՙ «հորոխպերը վզից բռնել-բերել ա»:
Քննիչ Վարդան Սարգսյանի արձանագրություններում նույնպես մի շարք տարօրինակություններ կան. մեզ հայտնի է, որ վարորդը վիսկիի ազդեցության տակ է եղել, բայց քննիչն ասաց, որ նա ընդամենը երկու շիշ գարեջուր է խմել: Ժամեր անց արված հարբածության փորձաքննությունը նրա մոտ հարբածության նշաններ է ցույց տվել. ինչպե՞ս կարող է երկու շիշ գարեջուր խմած մարդու մոտ երկու ժամ անց արված փորձաքննությունն ինչ-որ բան ցույց տալ, դա խոսում է այն մասին, որ նա միայն գարեջուր խմած չի եղել: Նաեւ զարմանալի է, որ քննիչը սահմանափակվել է խմածության ստուգումով եւ չի վերցվել արյան անալիզ, որովհետեւ վարորդի կատարած գործողություններն ու փախուստը կասկածի տեղիք էին տալիս:
Քննիչի հետ զրուցելուց հետո մեզ մոտ կասկածներ առաջացան: Քննիչը նշել էր իր մոտ, որ պատահարը տեղի է ունեցել 22:30-ին, սակայն 22:30-ին շտապօգնությունն արդեն ժամանած էր եղել եւ արձանագրել էր որդուս մահը: Նաեւ ականատեսներն են պնդում, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 22:00-ին:
Ես չեմ կարող իմ վրա մեղք վերցնել եւ ասել, որ այս կամ այն անձը ինչ-որ բան է թաքցնում տղայիս գործի հետ կապված, բայց իմ կարծիքով այստեղ նաեւ տարօրինակություններ կան: Մնածացը ես թողնում եմ իրավապահներին:
Փաստացի, վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, մեծ արագությամբ ընթանալով հատել է 2 հոծ գիծ, դուրս է եկել հանդիպակաց գոտի, վրաերթ է կատարել, որի պատճառով մահացել է տղաս, օգնություն չի ցուցաբերել, դիմել է փախուստի, հիմա էլ ազատության մեջ զբաղվում է հետքերը կոծկելով, էլ ի՞նչ պիտի աներ վարորդը, որ իրեն ձեռբակալեին…
Օրենքով սահմանված կարգով վարորդը պետք է պատժվի, բայց ես սա ասում եմ ոչ թե վրեժխնդրությունից ելնելով, այլ հասկանալով, որ իմ դառը ճակատագրին կարող են արժանանալ նաեւ ուրիշները: Քաղաքը քաոսի կվերածվի, եթե նման կարգազանցները չպատժվեն:
Ես չեմ ուզում մեր ընտանիքի վիշտն ուրիշներին էլ պատի: Դրա համար կոչ եմ անում համապատասխան մարմիններինՙ բացահայտել այս գործն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Ես ուզում եմ, որ իմ տղայի մահվան դեպքը վերջինը լինի, դա մեծ դժբախտություն է, անտանելի ցավ, այդ ցավը ոչ մեկին չեմ ցանկանում, ուստիՙ թե՛ օրինապահ մարմիններին, թե՛ իշխանություններին կոչ եմ անում այս դեպքը վերջինը դարձնել:
Ես դիմում եմ նաեւ ընթերցողին, թող ինքը որոշիՙ արդարցի՞ է իմ պահանջը, թե՞ ոչ, ես վրեժխնդրության ծարավ չեմ, ես դահիճ չեմ, բայց գոյություն ունի օրենք, որը պարտավոր է կանխել այն, ինչ տեղի ունեցավ որդուս հետ: Թող ոչ մեկի ընտանիքին նման ցավ չպատի»:
Խմբագրությունս կրկին ցավակցություն հայտնելով տարաբախտ երիտասարդի ծնողներին, հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին, խոստանում է հետամուտ լինել համապատասխան մարմինների հետագա գործողություններին :