այոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչների համար ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել, գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղիՙ մթության մեջ գտնվող հատվածը: Գլխավոր փողոցն արջերին չի գրավել լուսավորված ու մարդաշատ լինելու պատճառով: Արփիում այժմ առաջնահերթ է դարձել նաեւ երկրորդական փողոցների լուսավորության խնդրի լուծումը:
Գյուղի գլխավոր փողոցըՙ գրեթե 2 կմ հատված, լուսավորվել է նախորդ տարիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցության շնորհիվ: Գործընկերներն այստեղ տեղադրել են 51 LED լուսարձակ: Մեկնարկել են ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները: Եվս 60 լուսատու անհրաժեշտ կլինիՙ գյուղի չորս փողոց լուսավորելու համար: Արդյունքում կլուսավորվի 2250 մ երկարությամբ տարածք: Կլուծվեն կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրի անվտանգության եւ համայնքային բյուջեի միջոցների խնայողության խնդիրները:
«Հեռավոր գյուղերում իրականացվող ծրագիրը միշտ դիտարկվել է էներգախնայողության, տնտեսապես արդյունավետ լինելու, քաղաքակիրթ պայմաններ ապահովելու եւ բնապահպանական տեսանկյունից: Անվտանգության թեման եւս շոշափվել է եւ ոչՙ պատահական: Սահմանամերձ գյուղերում կա հակառակորդի վարքագծից, իսկ մյուս բնակավայրերումՙ կենդանիների հարձակումներից պաշտպանվելու խնդիր: Այս ամենն ապահովելու համար, ենթադրվում է, որ գյուղը պետք է լուսավորված լինի գոնե 80 %-ով: Իսկ դա, իր հերթինՙ ավելի մեծ ծրագիր է: Շատերին հասնելու նպատակովՙ մենք խնդիրը հաճախ լուծում ենք մի քանի տարվա ընթացքում. նախՙ գլխավոր, ապա երկրորդական փողոցները լուսավորելով: Կարեւոր է զգալ, որ այդ ամենը ծառայում է նպատակին», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
Արդի տեխնոլոգիաներով երթակառուցվածքի զարգացման հնարավորությունն ու շինարարների աշխատանքը ոգեւորել են բնակիչներին: Գյուղում արդեն իսկ զգացել են LED համակարգի արդյունավետությունը: Վարչական տարածքի ղեկավարն արձանագրում է. ծախսը քիչ է, լուսավորությունըՙ գոհացնող:
«Ամռանը, լրահոսի զգալի մասը վերաբերում էր մեր գյուղին: Պատճառըՙ «հյուր» եկած արջերն էին, որոնք շատ վնաս հասցրեցին գյուղացուն: Կարծում եմ, որ ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո շատ բան կփոխվի: Այս լուսատուներն էներգախնայող են եւ հզոր: Դրանց տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս ունենալու լավ լուսավորություն եւ էապես կրճատելու էներգիայի ծախսը: Սովորական լուսատուների համեմատությամբՙ արդյունքն ակնառու է»,-ասել է գյուղի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանը :
Գործընկեր կառույցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Հայաստանի տարբեր բնակավայրերում ընթանում են խնդրի բացահայտման, պլանավորման եւ իրականացման աշխատանքներ: