ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
Ծնելիության աճի եւ միգրացիոն հաշվեկշռի ազգային ռազմավարության մշակման անհրաժեշտության հարցի շուրջ
Ինչպես եւ խոստացել էինք «Ազգի» նախորդ համարում, Եվրասիական փորձագիտական ակումբը շարունակում է հետազոտել մեր երկրի արդիական հնչեղություն ունեցող տնտեսական, սոցիալ-քաղաքական եւ ժողովրդագրական հիմնախնդիրները: Ակումբի անդամ, ճանաչված սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը հետազոտություն է անցկացրել «Հայաստանում ծնելիության եւ միգրացիայի հիմնախնդիրները եւ դրա լուծման միջոցները» թեմայով: Պատրաստելով նրա հետազոտության հիման վրա մեր այս վերլուծականը, փորձել ենք առավելագույնս պահպանել այդ հետազոտության ոգին եւ բովանդակությունը, լրացնելով այն քաղաքագիտական բնույթի մեկնաբանություններով, եզրակացություններով եւ կանխատեսումներով:
Բնակչության կրճատումը որպես գլոբալ թրենդ
Բազմաթիվ գործոնների ազդեցության ներքո (որոնք լավ հայտնի են թե՛ մասնագետներին, թե՛ լայն հանրությանը) զարգացած երկրներում ծնելիությունը նվազել է բնակչության բնական վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակից ցածր: Մյուս կողմից, երրորդ աշխարհի երկրներում մահացությունը կրճատող բազմաթիվ գործոնների ազդեցության պայմաններում պահպանվում է ծնելիության շատ բարձր մակարդակ, ինչը հանգեցրել է աշխարհի բնակչության թվի աննախադեպ աճին: Այս իրողությունները ստիպել են մտածել մարդկային քաղաքակրթության քանակական աճի սահմանների մասին: Սկսել են ձեւավորվել համաշխարհային դինամիկայի գլոբալ ռազմավարություններ, այդ թվում ծնելիության հետեւողական նվազեցման ռազմավարություններ: Եթե երրորդ աշխարհի երկրների մեծ մասում այդ ռազմավարությունները դրական նշանակություն ունեն, ապա այն երկրներում, որոնք վաղուց գտնվում են դեմոգրաֆիական անցման երրորդ կամ չորրորդ փուլերում, այդ թվումՙ նախկին սոցիալիստական ճամբարի եւ նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասի երկրներում (որոնք ունեն բնակչության բնական վերարտադրության լուրջ խնդիրներ եւ, միաժամանակ, միգրացիոն ճնշման են ենթարկվում երրորդ աշխարհի երկրների կողմից) այդ ռազմավարությունները ստիպում են մտածել սեփական քաղաքակրթական, ազգային (էթնիկ) եւ մշակութային ինքնության պաշտպանության հիմնախնդիրներում սկզբունքային մոտեցումների մասին:
Այդ հիմնախնդիրները սպառնում են ե՛ւ Հայաստանին, որը ԽՍՀՄ փլուզումից հետո դարձավ աշխարհահամակարգի (Վալերստայնի տեսության համաձայն) ծայրամասային մի երկիր: Դրա հետեւանքով, գլոբալ դասակարգումներում Հայաստանը նույնականացվել է իբրեւ զարգացող երկիր եւ դրա համար էլ ընկել է այն օբյեկտների շարքը, որոնց հանդեպ կիրառվում են երրորդ աշխարհի երկրների հանդեպ կիրառվող ռազմավարություններ: Դա վերաբերում է նաեւ բնակչության բնական աճի կրճատմանը: Անցած քառորդ դարի ընթացքում գործնականում բոլոր բարեփոխումների պետական ռազմավարությունները Հայաստանում, լինի դա տնտեսության ոլորտում, ֆինանսներում, սոցիալական պաշտպանության եւ ապահովության, կրթության, առողջապահության ասպարեզներում, որոնք իրականացվել են միջազգային ֆինանսական կառույցների վարկերի հաշվին եւ միջազգային զանազան հիմնադրամների ակտիվության պայմաններում, ունեցել են բաղադրիչներ, որոնք ուղղակի կամ անուղղակի նվազեցրել են մեր երկրում բնակչության բնական վերարտադրության ներուժը:
1970-1990թթ. ընթացքում ծնունդների թիվը աճել է 55700 տարեկանից մինչեւ 79000: Իսկ 1991-2018թթ. ծնելիությունը կրճատվել է տարեկան մինչեւ 36500:
Հայաստանում ծնունդների քանակի դինամիկայի առանձնահատկությունն այն է, որ նրա շատ ինտենսիվ անկումից հետո 1991-2001թթ., սկսվել է աճի ժամանակաշրջանը 2001-2011թթ.: Այնուհետեւ, եթե դիտարկենք 2011-2018թթ. ժամանակահատվածը, կրկին սկսվել է ծնունդների քանակի անկում, չնայած ոչ այնքան մեծ չափով, որքան 1991-2001թթ.ին:
Հարցեր են առաջանում. կշարունակվի՞ արդյոք ծնունդների կրճատումը: Որքա՞ն դա կտեւի: Ինչպե՞ս ավելացնել ծնելիությունը:
Գործընթացի ավելի ճշգրիտ եւ բովանդակային ընկալման համար օգտագործվում է, այսպես կոչված, պտղաբերության գործակիցը, այսինքն մեկ կնոջ կողմից ծնունդների թիվը նրա ամբողջ կյանքի ընթացքում յուրաքանչյուր տարիքում ծնունդների գոյություն ունեցող մակարդակների պահպանման պարագայում: Այգ գործակիցը մինչեւ 1993թ. 2.15-ից բարձր է եւ սա այն սահմանն է, որը երկարատեւ հեռանկարում ապահովում է կայուն, չկրճատվող բնակչության թիվ: Հայաստանում այդ ցուցանիշը անհրաժեշտից ցածր է դարձել սկսած 1993թ. եւ հաջորդ 25 տարիներին շարունակել է ցածր մնալ: 1993թ. այդ գործակիցը 2.08 էր, իսկ 2017թ.ինՙ 1.58:
Հայաստանում առաջին երեխայի ծննդյան ժամանակ կնոջ միջին տարիքը կազմել է 1995թ.ին մոտավորապես 22.5 տարեկան եւ 22 տարվա ընթացքում աստիճանաբար աճել է մինչեւ 25 տարեկանը:
Մինչեւ 2014թ. հիմնականում ծննդաբերում էին կանայք, ովքեր ծնվել էին մինչեւ 1991թ.: Չնայած այդ կանայք շատ էին, ծննդաբերությունների թիվը 1991-2001թթ. արագ կրճատվում էր հիմնականում հասարակության շատ վատ սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով: Սկսած 2001թ. սկվեց Հայաստանի տնտեսության աճ, ապա երկու տարի անց հետեւեց նաեւ ծնունդների թվի ավելացում, որովհետեւ շարունակում էին ծննդաբերել կանայք, ովքեր ծնվել էին մինչեւ 1990թ.:
Ծնունդների թվի կրճատումը վերսկսվեց 2014թ., երբ սկսեցին ծննդաբերել 1991թ. հետո ծնված կանայք (որոնց թիվը տարեց-տարի արագ կրճատվում էր): Ծնունդների ինտենսիվ կրճատումը 1992-2002թթ. սկսեց իր ազդեցությունն ունենալ 2014թ. սկսած եւ, հետեւաբար, մնացած հավասար պայմաններում 2014-2024թթ. ընթացքում ծնունդների թիվը Հայաստանում կշարունակի ինտենսիվ կերպով կրճատվել:
2015թ. Ս.Մանուկյանի կողմից արված հետազոտություններում կանխատեսում էր արված, որ 2016-2020թթ. ընթացքում ծնունդների թիվը կկրճատվի 1000-ով: Սակայն իրական կրճատումը տեղի ունեցավ շատ ավելի ինտենսիվ եւ 2018թ. ծնունդները կրճատվեցին մինչեւ 36500: Այս թիվը կանխատեսված էր 2020թ. համար:
Ի՞նչ է սպասում 2024թ. հետո: Քանի որ 2002-2018թթ. ծնունդների միջին թիվը կազմել է մոտավորապես տարեկան 40000 երեխա, այլ հավասար պայմաններում կարելի է մոտավորապես կանխատեսել, որ ծնունդների տարեկան թիվը կմնա այն մակարդակին, որին կհասնենք 2024թ.:
Սակայն կլինե՞ն արդյոք այդ պայմաններն անփոփոխ: Այս հարցի պատասխանը պարունակում են այն հետազոտությունները, որոնք արվում են Հայաստանում արժեքային փոփոխությունների հարթություններում:
Ինչո՞ւ է նվազել երեխա ունենալու պահանջը մեր հասարակությունում
Ընտանիքում մեծ թվով երեխաներ (երեք եւ ավելի) բնորոշ է այն հասարակությունների համար, որոնք ունեն ավանդական արժեքային համակարգեր, իսկ երեխաների փոքր թիվ (մեկ կամ երկու), կամ էլ գիտակցված անպտղությունը բնորոշ է այն հասարակությունների համար, որոնք ունեն լիբերալ (պոստինդուստրիալ) արժեքային համակարգեր: Հայտնի է, որ վերարտադրության նկատմամբ վերաբերմունքը, մասնավորապես երեխաների հանդեպ պահանջմունքը (այլ կերպ ասածՙ ընտանիքում երեխաների ցանկալի թիվը) մշակութային արժեքային դիրքորոշում է, որը ձեւավորվում է վաղ տարիքում եւ կյանքի ընթացքում աննշան է փոխվում: Ս.Մանուկյանի հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում վերջին 60 տարվա ընթացքում նվազել է երեխաների պահանջարկը: 60 եւ ավելի տարեկան բնակչության շրջանում երեխաների ցանկալի թիվը 4.52 էր, 46-60 տարիքային խմբումՙ 4.31, 30-45 տարեկանների տարիքային խմբումՙ 3.69, իսկ 18-29 տարեկանների խմբումՙ 3.12: Սա ցույց է տալիս, որ ավանդական արժեհամակարգերի փոխարեն աստիճանաբար ուժեղանում են պոստինդուստրիալ համակարգերը: Ընդ որում, երեխաների պահանջարկը կանանց շրջանում ավելի ցածր է, քան տղամարդկանց շրջանում բոլոր տարիքային խմբերում: Սա նշանակում է, որ եթե ավանդական արժեհամակարգերում արժեքների պահապանը կանայք էին, ապա ժամանակակից հասարակության մեջ կանայք ընթանում են արժեքների փոխատեղման ավանգարդում: Սա պատահական չէ եւ չունի տարերային բնույթ: Բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ուղղված են առաջին հերթին կանանց շրջանում դեպի արժեքների փոխակերպում:
Երեխաների նկատմամբ պահանջարկի իրականցման աստիճանը ժամանակի ընթացքում նույնպես նվազել է: Բավարար հիմքեր չկան կարծելու, որ տեսանելի հեռանկարում, այլ հավասար պայմաններում, պտղաբերության գործակիցը կաճի: Այն, ըստ ամենայնի, նվազելու է: Ծնելիության մեծացման համար հարկավոր են խորապես մտածված միջոցներ հասարակության մեջ այնպիսի մշակութային-արժեքային փոխակերպումների համար, որոնք կպարունակեն երեխաների հանդեպ պահանջարկը մեծացնող տարրեր եւ, մյուս կողմից, սոցիալ-տնտեսական քաղաքական եւ տեղեկատվական բնույթի միջոցառումներ, որոնք կմեծացնեն երեխաներ ունենալու պահանջմունքը:
Հայաստանում ծնելիության իրողությունները. իրավիճակը, դինամիկան եւ բարելավման գործոնները
Սամվել Մանուկյանը կարծում է, որ Հայաստանում ծնելիության դինամիկայի վրա ազդող երկու հիմնական գործոններն են ընտանիքներում երեխաների պահանջարկը եւ այդ պահանջարկի իրականանացման աստիճանը: Մնացած գործոնների ազդեցությունը կամ ածանցյալ է այս առաջին երկուսից կամ զգալիորեն զիջում է դրանց:
Խորհրդային վերջին շրջանում (1970-1990թթ) դե յուրե Հայաստանի բնակչությունը աճել է 2492 հազար մարդուց մինչեւ 3574 հազար մարդը: Այնուհետեւ, անկախության շրջանում (1991-2018թթ.) բնակչությունը կրճատվել է մինչեւ 29725 հազար մարդ: Հետազոտության հեղինակի կարծիքով, դե ֆակտո, Հայաստանի բնակչությունը 2018թ. կազմել է 2690 հազար մարդ:
Բնակչության կրճատումը անկախության շրջանում բնորոշվել է ծնելիության զգալի նվազմամբ եւ բնակչության ինտենսիվ արտահոսքով: Մահացության հիմնախնդիրը մեր երկրում կրիտիկակական չէ, որովհետեւ այն Հայաստնում պայմանավորված է հիմնականում բնակչության ծերանալու հանգամանքով, այլ ոչ թե առողջության կորստի:
Հայաստանում միգրացիոն հաշվեկշռի դինամիկան
Ետխորհրդային Հայաստանում միգրացիոն հաշվեկշիռը չափազանց անբարենպաստ է եղել: 1992-1997 թթ. երկրի բացասական միգրացիոն սալդոն կազմել է մոտ 586000 մարդ: 1998-99թթ., երբ քաղաքականություն վերադարձավ Կարեն Դեմիրճյանը եւ ստեղծվեց ալյանս Վազգեն Սարգսյանի հետ, արտագաղթը Հայաստանից շեշտակիորեն նվազեց (1999թ. բացասական միգրացիոն հաշվեկշիռը կազմեց ընդամենը 7000 մարդ): 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, երբ սպանվեցին ազգի առաջնորդներ Կ.Դեմիրճյանը եւ Վ.Սարգսյանը, միգրացիոն հաշվեկշիռը կտրուկ վատթարացավ եւ 2000թ. կազմեց 57000 մարդ, իսկ 2001թ. 60000 մարդ:
2002-2007թթ. ընթացքում, երբ համաշխարհային տնտեսությունը վերելքի միտում ուներ, եւ երբ Հայաստան սկսեցին հոսել ռուսաստանաբնակ հայազգի գործարարների ֆինանսները, տարեկան միջին միգրացիոն հաշվեկշիռը դարձավ դրականՙ +3400 մարդ: Մասնավորապես, 2005թ. եւ 2006թ. միգրացիոն դրական հաշվեկշիռը կազմեց, համապատասխանաբար, +12500 եւ +21700 մարդ:
2008թ. ֆինանսական ճգնաժամը համընկավ Սերժ Սարգսյանի նախագահության սկզբին: 2008թ. բացասական միգրացիոն հաշվեկշիռը կազմեց 23000 մարդ եւ սկսեց աճել: 2010-2017թթ. ընթացքում տարեկան բացասական հաշվեկշիռը կազմեց միջինը 42500 մարդ (ինչը մոտավորապես հավասար է Հայաստանի բնակչության 1,44%):
2016թ. Հայաստանի վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը: Հայաստանի տնտեսությունը սկսեց վերականգնվել, հասարակության մեջ կտրուկ աճեցին դրական սպասումները եւ, եթե 2016թ. միգրացիոն բացասական հաշվեկշիռը կազմել էր 48200 մարդ, ապա 2017թ. այն կրճատվեց մինչեւ 26900 մարդը:
2018թ., չնայած ղեկավար պաշտոններից հեռանալու իր խոստմանը, Սերժ Սարգսյանը կրկին հաստատվեց վարչապետի պաշտոնում (ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո Հայաստանը դարձավ Խորհրդարանական հանրապետություն): Տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը եւ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը: Կ.Կարապետյանի կառավարման շրջանում 2018թ. առաջին եռամսյակի տվյալներով ՀՆԱ-ի աճը նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ աճել էր 11%: Բուռն քաղաքական տարվա ընթացքում աստիճանաբար նվազելով, այդ ցուցանիշը տարվա վերջում կազմեց 5,2%: ՀՆԱ-ի տարեկան նման աճը մասնագետները համարեցին բավարար, նկատի ունենալով բուռն քաղաքական տարվա ցնցումները:
Հայաստանում միաժամանակ կտրուկ բարելավվեց հոգեբանական մթնոլորտը: Կտրուկ աճեցին դրական սպասումները: Արդյունքում, 2018թ. միգրացիոն հաշվեկշիռը դրական էրՙ +15300 մարդ:
Սոցիոլոգիական հետազոտությունների տվյալների բազաների բացակայության հետեւանքով հնարավորություն չկա առանձին-առանձին գնահատելու միգրացիոն հաշվեկշռի գործոնի վրա Հայաստանի տնտեսական իրավիճակի կտրուկ բարելավման իներցիայի գործոնը, ինչպես նաեւ հասարակության մեջ աճած դրական սպասումների գործոնի ազդեցությունը:
2019թ. մայիսի դրությամբ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ԱՄՆ) հետազոտության արդյունքներով Հայաստանի հասարակության մեջ դրական սպասումները շարունակում են շատ բարձր մնալ: Մյուս կողմից, դեռեւս չկան երկրի տնտեսական վիճակի արագ բարելավման բացահայտ նշաններ:
Ելնելով այն բանից, որ Հայաստանում այսօր տեղի են ունենում տարամետ ուղղություն ունեցող գործընթացներ, ազգային վիճակագրական ծառայության կողմից հրատարակվող միգրացիոն վիճակագրությունը օգնում է բավականաչափ հիմնավորված կողմնորոշվել միայն դեկտեմբերի 31-ի վրա հիմնված ցուցանիշների վրա: Իրադարձությունների, այդ թվում միգրացիոն գործըթացների կանխատեսումը դժվարացած է եւ չի կարող բավարար չափով հիմնավոր լինել: Կարելի է լոկ նկատել, որ Հայաստանում միգրացիոն սալդոն 2016թ. հունվար-մարտին կազմել է -19165, 2017թ. նույն շրջանումՙ -16330, 2018թ. նույն շրջանումՙ -577, իսկ 2019թ. առաջին եռամսյակում -2463, հետեւաբար կարելի է ենթադրել, որ մեր երկրում միգրացիոն իրավիճակը մնում է բավականաչափ կայուն եւ բարենպաստ եւ բնակչության մեծ արտահսսք չի սպասվում:
Այս հետազոտությունը հերթական անգամ ապացուցում է, որ մեր օրերում նոր իշխանությունները վճռականորեն պետք է մերժեն այն միջոցառումներն ու երաշխավորությունները, որոնք հանգեցնում են բնակչության կրճատմանը: Սա մեր օրերի պահանջն է: Ստամբուլյան կոնվենցիան եւ դրա հետ կապված նեոլիբերալ օրենքները պետք է վստահորեն մերժվեն: Դրա հետ մեկտեղ հարկավոր է լրջորեն զբաղվել բնակչության աճի նոր ռազմավարությունների մշակմամբ: Դրա համար, նվազագույնը, հարկավոր է ըստ ամենայնի աջակցել նրանց, ովքեր հանդես են գալիս ավանդական, այդ թվում ընտանեկան արժեքների պահպանման եւ ամրապնդման օգտին: Մեր վերլուծականը հրավեր է համատեղ մտածելու այն միջոցների մասին, որոնք կնպաստեին մեր երկրում ժողովրդավարական աղետը կանխելուն:
Կարծում ենք, որ կառավարությանը անգնահատելի օգնություն կարող էին ցուցաբերել մեր երկրի ակադեմիական, համալսարանական, գիտափորձագիտական շրջանակները, որոնց պետք է մղել համազգային շահագրգիռ քննարկման: Պետք է խոստովանել, որ մինչեւ այժմ այս ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները եղել են անհաջող: Նոր համազգային ռազմավարությունը կարող է մշակվել իշխանություն-հասարակություն փոխադարձ վստահության եւ շահագրգիռ քննարկման արդյունքում: Եվրասիական փորձագիտական ակումբը ոչ միայն պատրաստ է նման քննարկումների համար հարթակ դառնալ, այլեւ պատրաստ է մասնակցել հնարավոր բոլոր այլ հարթակներում ծավալվելիք քննարկումներին: